Շաբաթն առանձնացավ երկու բնորոշումով. գրեթե հասկանալի դարձավ, թե ինչ կառավարություն ու ինչպիսի Ազգային ժողով ենք ունենալու: Պարզորոշվեց, ինչ է կատարվում քաղաքական, հատկապես` ընդդիմադիր դաշտում:
Սկսենք վերջինից: Այսպիսով, ՕԵԿ-ը Զատկին զուգահեռ զատվեց.
ա) Իշխանությունից. փորձելով քաղաքական դաշտում խաղալ այնպես, որ այսօր Հայաստանում հարցեր որոշող Ռուսաստանն ունենա իրական այլընտրանք. Արթուր Բաղդասարյանի ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահ դառնալը ոչ այլ ինչ է, եթե ոչ անչափ լուրջ գործառնական նշանակության քայլ: Հիշենք, որ ակադեմիան արևմտյան «Մարշալի» նման կառույց է Ռուսաստանի համար` լուրջ փողերով ու կադրերով: Այնպես որ, ասել` ՕԵԿ-ը այլևս իշխանություն չէ, դասական առումով, ճշգրիտ չէ: Այն «դեյուրե» է պատրաստվում այդպիսին դառնալու:
բ) Ընդդիմությունից: Այս զատումն ավելի հետաքրքիր է, որովհետև տևական ժամանակ բաց մնացած ընդդիմադիր դաշտը բարոյական ու գաղափարական, սակայն առաջին հերթին` կոնյունկտուրային մաշվածության մեջ էր, ինչը Հովիկ Աբրահամյանի «թռչկոտումներով» (մի օր թռիչք` «Դեմ եմ»-ի բնի վրայով, մեկ այլ օր` ԱԺ «չորս» ուժերի, որոնք ուղղակի հիացքով էին հետևում իրենց մեջ Աբրահամյանի «հայտնությանը», ոմանք էլ նույնիսկ ոտքի կանգնեցին): Այս պահին Արթուրը «չորսի» համար լուրջ ախոյան է` ոչ միայն ռուսական «գետնին» տված խաղերի, այլև Հովիկի նկատմամբ չունեցած որևէ պարտավորության, իսկ եթե ավելի անկեղծ, ապա` «личный неприязнь»-ի պատճառով։ ՈՒ ցանկացած կոնֆիգուրացիայի` Քոչարյան, Հովիկ, ապագա նախագահացման դեպքում Արթուրի հայտն ամենալուրջն է լինելու` վերը նշված ու մի շարք այլ պատճառներով, որոնց կանդրադառնանք ի տեղի:
գ) ՕԵԿ-ը զատվեց ինքն իրենից: Սա, անշուշտ, ամենակարևոր, ամենացավոտ, բայց դեռ չավարտված գործընթացն է, որովհետև ՕԵԿ-ը պետք է կարողանա գրագետ տրանսֆորմացվել ինքն իր ներսում. նոր որակ ձեռք բերել, ներքին հասունացում ու զարգացում ապրել: Կզորի՞ դա անել, կյանքը ցույց կտա: Բոլոր դեպքերում, ՕԵԿ-ն այս պահին ստարտային լավ վիճակում է:
Նոր կառավարություն: Չնայած հետզատկական այս օրերին շատ մեծ մեղք է այս կառավարությանը նոր անվանելը, որովհետև հանց Վանոն կասեր, «մի քանի փոր օգտագործված է» զայն: Այնտեղ են դեմքեր, որոնք ուղղակի դեժավյուի զգացողություն են առաջացնում և ոչ միայն կասկածի տակ դնում, ինչպես խոստացվել էր, «հանրության» կողմից ընդունված լինելու, այլև մարդկային, հասարակական, քաղաքական կանգն ու քարացումն ընդգծելու տեսանկյունից:
Այս կառավարության համար, ըստ ամենայնի, ճիշտ է աստվածաշնչյան հայտնի մեջբերումը. «Մեռելները թող թաղեն մեռելներին». նկատառելով այն հանգամանքը, որ որևէ կենդանի շունչ, հովիկ` քամի, զեփյուռ, այն ի զորու չեն ապահովելու: Իսկ Ջրհոսի այս դարում այսպիսի ղեկավարությամբ, Աստված գիտե, թե ուր կարելի է հասնել: Իսկ եթե կարճ, ապա տեսակի պատերազմ է պարզապես ու, հայտնի անեկդոտի նման` բոլորը հայտնվել են մեկ նավակում:
ՈՒ սա լավ է, որովհետև երբ մի կետում տեղի է ունենում կենտրոնացում, մյուս «կետում» նույնպես հավաքվում է տեսակը` բողբոջելու և պայթելու:
ՈՒ սա բավականին լավ կռիվ է էթնոսի ու տեսակի կյանքում` հայտնի չափաբանության հանգույն. «Թե հող էիր` հող կդառնաս, թե լույս էիր, կճառագես»:
Կամենք` նոր (մեղա-մեղա) կառավարությանը «լույս ճառագել» հողի չվերածվելու համար:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ