ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պեկինում հիմա իրատես մարդիկ են նստած, ովքեր կարծում են, որ բացահայտ ռուսամետ դիրքորոշումը թանկ կնստի իրենց վրա

Պեկինում հիմա իրատես մարդիկ են նստած, ովքեր կարծում են,  որ բացահայտ ռուսամետ դիրքորոշումը թանկ կնստի իրենց վրա
20.03.2014 | 23:46

«Վերափոխումների ժամանակներում ապրես». չինական այս հին անեծքն ավելի ու ավելի է «գունազարդում» համատարած դիմակայության ներկա իրավիճակը մոլորակում։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ Կիևի ու Մոսկվայի միջև ընթացող կատաղի տեղեկատվական պատերազմի պայմաններում ծայրաստիճան դժվար է կանխագուշակել, թե ինչով այս ամենը կավարտվի։ Թեև, ռուս հրապարակախոսի դիպուկ դիտարկմամբ, «պատմության բեկումնային պահերը բեկումնային են հենց նրանով, որ դժվար է կանխագուշակել, թե որ կողմը կբեկվեն»։ Սակայն, անկասկած, կարևոր է փորձել գլուխ հանել քարոզչական հնարքների, իսկ հաճախ էլ պարզապես կեղծիքի հսկայական հոսքից։ ՈՒ հենց դրա համար էլ ուկրաինական իրադարձությունների նկատմամբ Պեկինի արձագանքի մասին պատմող նյութը ես մտադիր եմ կառուցել լրատվական հաղորդագրությունների, պետական պաշտոնատար անձանց հայտարարությունների և պաշտոնական փաստաթղթերից արված քաղվածքների վրա։ Եվ ընթերցողները թող որոշեն, թե որտեղ է ճշմարտությունը, իսկ որտեղ՝ քաղաքական խորամանկումներն ու քարոզչությունը։
Եվ այսպես, նախ նշենք. թեև ՈՒկրաինան շատ հեռու է Չինաստանից, այդուամենայնիվ, այնտեղի բոլոր իրադարձությունները գտնվում են ոչ միայն չինական լրատվամիջոցների, այլև շարքային քաղաքացիների սևեռուն ուշադրության կենտրոնում։ Ընդ որում, շրջակա մարդկանց հետ զրուցելիս նկատում ես կարծիքների լայն բազմազանություն. ավագ սերնդի ներկայացուցիչները հաճախ Ռուսաստանի կողմն են, իսկ երիտասարդներն ու կրթվածները հարցը դիտարկում են և՛ միջազգային իրավունքի շրջանակներում, և՛ սեփական խնդիրների տեսանկյունից, նկատի ունենալով անջատական տրամադրություններ ունեցող Սինցզյանի և Տիբեթի տարածաշրջանները։ Ինչ վերաբերում է պաշտոնական շրջանակներին, ապա այստեղ, ինչպես միշտ, Պեկինը ծայրաստիճան զգույշ է ու զուսպ։ Այսպես, մարտի 9-ին «Սինխուա» գործակալությունը հաղորդեց, որ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ Գերմանիա իր առաջիկա պաշտոնական այցի առիթով, նրան հրավիրել է այս տարի այցելել Չինաստան, իսկ ՈՒկրաինայի առնչությամբ նշել է, որ այնտեղ իրադրությունը չափազանց բարդ է, շատ զգայուն, և կարգավորման համար անհրաժեշտ է համապարփակ քննարկում ու հավասարակշռություն։ «Չինական կողմը ևս սևեռուն հետևում է իրադրությանը։ Չինաստանը բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն հանդես բերել իրավունքի ու կարգուկանոնի շրջանակներում և երկխոսության ու բանակցությունների միջոցով հասնել տարաձայնությունների քաղաքական կարգավորման, թույլ չտալ իրադրության հետագա սրում»,- ասել է ՉԺՀ-ի ղեկավարը։
Իսկ մինչ այդ, ՉԺՀ արտգործնախարարության ներկայացուցիչ Հուա Չունինը քանիցս հայտարարել էր, թե Չինաստանը չի միջամտում ՈՒկրաինայի ներքին գործերին և պատրաստ է չին-ուկրաինական երկկողմ փոխշահավետ համագործակցության շարունակմանը. «Մենք հարգում ենք ուկրաինացի ժողովրդի ընտրությունը, որ արվել է երկրի իրավիճակի առանձնահատկությունների հիման վրա։ ՈՒկրաինան համարում ենք կարևոր ռազմավարական գործընկեր և պատրաստ ենք աջակցություն ցուցաբերելու հավասարության և փոխշահավետության սկզբունքների հիմքի վրա բազմակողմանի համագործակցության զարգացմանը»։ Ապա, Ղրիմի իրավիճակի կապակցությամբ պաշտոնական Պեկինը հանդես է եկել հայտարարությամբ։ «Մենք խստագույնս դատապարտում ենք նախընթաց օրերին ՈՒկրաինայում տեղի ունեցած բռնի գործողությունները»,- նշել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Ցին Գանը, և ավելացրել, որ Չինաստանն ՈՒկրաինայի շահագրգիռ կողմերին միշտ կոչ է արել ներքին տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով՝ օրենքի շրջանակներում, պաշտպանել ՈՒկրաինայի տարբեր ազգություններից բաղկացած ժողովրդի օրինական շահերը և շուտափույթ վերականգնել սոցիալական կարգի բնականոն վիճակը։ «Սինխուան» հաղորդում է նաև, որ «Չինաստանը վաղուց հավատարիմ է ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, հարգում է ՈՒկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», և ավելացնում, որ «չինական կողմը ուշադրությամբ կհետևի իրավիճակի զարգացման ընթացքին»։ Ի դեպ, այս ամենը լիովին համահունչ է 2013-ի դեկտեմբերին ՉԺՀ-ի և ՈՒկրաինայի միջև կնքված ռազմավարական գործընկերության հետագա խորացման վերաբերյալ համաձայնագրերի ոգուն (դրանք ստորագրել էր նախագահ Յանուկովիչը, բայց ակնհայտ է, որ ՈՒկրաինայի նոր իշխանությունները մտադիր չեն չեղարկել դրանք)։ Կետերից մեկն ազդարարում է հետևյալը. «Կողմերն ընդգծում են, որ պետական ինքնիշխանությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանն առնչվող հարցերում փոխադարձ աջակցությունը կարևոր բաղկացուցիչ է երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների համար։ Կողմերը պաշտպանում են Կողմերից յուրաքանչյուրի ազգային առանձնահատկություններին համապատասխան զարգացման ուղու ընտրությունն ու անկախության, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը, սոցիալ-քաղաքական կայունության պահպանմանն ու առաջանցիկ տնտեսական զարգացմանն ուղղված ջանքերը։ Կողմերից ոչ մեկը, իր օրենսդրությանն ու միջազգային այն պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակիցներ են Կողմերը, թույլ չի տա իր տարածքում որևէ անջատողական, ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպության կամ խմբավորման ստեղծումը և կարգելի դրանց գործունեությունը, եթե դրանք վնաս են պատճառում մյուս Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։ ՈՒկրաինական կողմը հավաստում է իր անշեղ կողմնակցությունը միայն մեկ Չինաստանի քաղաքականությանը, ընդունում է, որ Չինական Ժողովրդական Հանրապետության կառավարությունն ամբողջ Չինաստանը ներկայացնող միակ օրինական կառավարությունն է, իսկ Թայվանը՝ Չինաստանի տարածքի անկապտելի մասը։ ՈՒկրաինական կողմը հանդես է գալիս Թայվանի «ցանկացած ձևի անկախության» դեմ, պաշտպանում է Թայվանի նեղուցի երկու ափերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացումն ու Չինաստանի խաղաղ միավորման մեծ գործը։ Չինական կողմը բարձր է գնահատում ուկրաինական կողմի միակողմանի հրաժարումը միջուկային զենքից և միջուկային զենքից զերծ պետության կարգավիճակով միջուկային զենքի չտարածման մասին 1968-ի հուլիսի 1-ի պայմանագրին միանալը։ Չինական կողմը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի N 984 բանաձևի դրույթներին համապատասխան և ՉԺՀ-ի կառավարության 1994-ի դեկտեմբերի 4-ի՝ ՈՒկրաինայի անվտանգության երաշխիքներ տալու մասին հայտարարության հիման վրա պարտավորվում է ոչ մի պայմանով միջուկային զենք չգործադրել ՈՒկրաինայի դեմ կամ դրա գործադրմամբ չսպառնալ ՈՒկրաինային՝ որպես միջուկային զենքից զերծ պետության, ինչպես նաև այն պայմաններում, եթե ՈՒկրաինան դառնա միջուկային զենքի գործադրմամբ ագրեսիայի կամ դրա սպառնալիքի զոհ, հավաստում է ՈՒկրաինային անվտանգության համապատասխան երաշխիքների տրամադրումը»։ Ներողամիտ եղեք այսքան մեծ մեջբերման համար, սակայն «երգի բառերը դուրս չեն նետում», առավել ևս, որ Պեկինի արտաքին քաղաքականությունը միշտ աչքի է ընկել առանձնակի, ընդգծված հետևողականությամբ։
Իսկ հրապարակվող մյուս բոլոր լուրերը, թե «Չինաստանն աջակցել է Ռուսաստանին», «Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին և վերջնականորեն աջակցել Մոսկվային», թե ինչ-որ անհայտ աղբյուր ՄԱԿ-ի կուլիսներում հաղորդել է. «Պեկինը վետո կդնի», կարծես ցանկալին իրականություն ներկայացնելու ձգտում է, ոչ ավելի։ Նույնն են նաև ռուսական լրատվամիջոցների կողմից շարունակաբար տարածվող տարբեր կարգի մեկնաբանությունները՝ քաղված չինական մամուլից, որ հաճախ ներկայացվում են որպես ինչպես տեղական, այնպես էլ, մեծ մասամբ, ռուսական փորձագետների հայտարարություններ։ Ընդ որում՝ այլ կարգի մեկնաբանություններ, որպիսիք նույնպես դժվար չէ գտնել չինական լրատվամիջոցներում, չգիտես ինչու լիովին անտեսվում են և չեն արտատպվում ռուսական մամուլում։ Այնուամենայնիվ, իրողությունն այս է. Պեկինում հիմա իրատես մարդիկ են նստած, և այդ իրատեսները կարծում են, որ բացահայտ ռուսամետ դիրքորոշումը թանկ կնստի իրենց վրա։ Այլ կերպ ասած, Չինաստանը ոչ մի ցանկություն չունի գժտվելու ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ մի իրավիճակում, երբ ինքը, ըստ էության, առանձին աշխարհաքաղաքական շահ չունի։ Առավել ևս, Ղրիմում Կրեմլի կողմից ներկայումս ստեղծվող նախադեպը կարող է լրջորեն վնասել նաև իրեն։ Այնպես որ, խոսակցությունն այն մասին, թե «Չինաստանը Ռուսաստանի դաշնակիցը կդառնա ՈՒկրաինայի համար մղվող պայքարում», ամենայն հավանականությամբ, հետայսու ևս կմնա իբրև նվիրական և անիրագործելի երազանք։
Բայց խոսակցությունը՝ խոսակցություն, իսկ տնտեսական առաջադրանքները ինչպես եղել են, այնպես էլ մնում են առաջնային խնդիրներ Պեկինի համար։ Չէ՞ որ ՈՒկրաինայում նա խոշոր ու երկարաժամկետ առևտրային ծրագրեր ունի։ Այստեղ վերստին անդրադառնանք ռուսական լրատվամիջոցներին։ Վերջերս նրանք ուրախացած հաղորդեցին, թե «Պեկինն սկսել է սնանկացնել ՈՒկրաինան» և Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել 3 մլրդ դոլար վնասի հատուցման պահանջով։ Ինչպես հետո պարզվեց, դա արվել էր Յանուկովիչի վարչակազմի հայտնի մերկացնող, ՈՒկրաինայի խորհրդարանի կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի ղեկավար Գենադի Մոսկալի խոսքերի հիման վրա, որը դրանով մեկ անգամ ևս խորհրդարանում մերկացնում էր նախորդ իշխանությունների հանցավորությունը։ Դրան հետևեց Կիևի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ իրենք ոչ մի դատական հայց չեն ստացել, որ չինական օպերատորը, որին պետք է հացահատիկ մատակարարվի, սկզբնապես համաձայնել է խույս տալ դատական վեճերից և բոլոր վիճելի հարցերը լուծել բանակցությունների ու կոնսուլտացիաների միջոցով, և, որ ամենագլխավորն է, 2013-2014 մարկետինգային տարվա համար պլանավորված 4 մլն տոննա հացահատիկից 2014-ի փետրվարի 25-ի դրությամբ ուկրաինական պետական ընկերությունը մատակարարել է 2,6 մլն տոննա հացահատիկ։ «Այսպիսով, հիմքեր չկան ասելու, թե վտանգ կա, որ ուկրաինական կողմը կարող է չկատարել ՉԺՀ-ի հետ կնքված վարկային ու առևտրական համաձայնագրերը», հայտարարում են Կիևում։ Իսկ ՈՒկրաինայում Չինաստանի դեսպանը հայտարարել է, որ «Չինաստանը ոչ մի դժգոհություն չունի ՈՒկրաինայի պետական պարենային-հացահատիկային կորպորացիայի կողմից այն 1,5 մլրդ դոլար գումարի դիմաց երկրին հացահատիկ մատակարարելու հարցում, որ որպես վարկ տրամադրել է չինական ներմուծական-արտահանական բանկը»։
Այնուհետև ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, որ խնդիրներ են առաջացել ուկրաինական նավաշինարարների հետ։ Բայց հայտնի է դարձել, որ մարտի առաջին օրերին ուկրաինական «Մորե» նավաշինական ընկերությունը շտապ կարգով Չինաստան է առաքել այդ երկրի համար 958 «Բիզոն» նախագծով կառուցված օդային բարձով երկրորդ փոքր դեսանտանավը։ Հաղորդվում է, որ նավը շտապ առաքվել է նրա հնարավոր զավթման կամ հավանական մարտական գործողությունների հետևանքով վնասման սպառնալիքի պատճառով։ Նկատենք. Ռուսաստանում պնդում են, թե կառուցելով ու վաճառելով այդ եզակի, դեռ սովետական ժամանակներում մշակված ռազմանավերը, ՈՒկրաինան խախտում է իրենց մտավոր ռազմական սեփականության իրավունքը։
Նշենք նաև բառացիորեն վերջին շրջանում Կիևում կատարված հեղափոխությունից հետո արդեն չին-ուկրաինական տնտեսական կապերում տեղի ունեցած մի շարք խիստ հատկանշական իրադարձություններ։ Ահա մի քանիսը։ Չինաստանը շարունակում է թափանցել ՈՒկրաինայի ագրոհատված։ Չինաստանն ուզում է ավելացնել ուկրաինական թռչնամսի մատակարարումները և մտադիր է առաջին փուլում ՈՒկրաինայից ներմուծել 600 հազար տոննա հավի միս։ Շուտով ուկրաինական խոզի ու տավարի միսը կարող է տեղ գտնել ՉԺՀ-ի վաճառասեղաններին, քանի որ արագ քաղաքակենտրոնացման պատճառով պարենամթերքի ինքնապահովման դժվարություններ են առաջացել։ Գյուղատնտեսության ասպարեզում երկկողմ համագործակցության խորացմանը նոր խթան կհաղորդեն չինական պատվիրակության այցի արդյունքները, որը ՈՒկրաինա էր այցելել փետրվարի 25-ին՝ ճգնաժամի ամենաթեժ օրերին։ Բացի այդ, անցած տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Չինաստանը ծրագրում է 50 տարով ՈՒկրաինայում վարձակալել մոտ 3 մլն հեկտար վարելահող՝ գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման համար օտարերկրյա հողատարածությունների օտագործման իր քաղաքականության շրջանակներում։ Նախագիծը մեկնարկում է Դնեպրոպետրովսկի մարզում, այնուհետև կշարունակվի Խերսոնի մարզում ու Ղրիմում։ Սկզբնական ներդրումների ծավալը գնահատվում է 2,6 մլրդ դոլար։ Չինաստանը մնում է նաև որպես հողերի ոռոգման համակարգի նորացման ծրագրում ներդրողի դերի հիմնական հավակնորդ։ Բացի գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունից, ՉԺՀ-ն ՈՒկրաինային 280 մլն դոլար վարկ է տրամադրել հիդրոէլեկտրակայանների արդիականացման համար և 450 մլն էլ՝ ճանապարհների նորոգման։ Առայժմ այդ համաձայնագրերի չեղարկման մասին ևս ոչ ոք չի խոսում։ Բացի այդ, անկայուն վիճակը չխանգարեց նաև ՈՒկրաինայում ավտոմեքենաների խոշորագույն արտադրող ու իրացնող «ՈՒկրավտո» կորպորացիային՝ պայմանագիր կնքելու չինական կողմի հետ՝ Զապորոժիեի ավտոգործարանում Չինաստանի համար E5 և Tiggo մակնիշի ավտոմեքենաների արտադրության վերաբերյալ։ Այսպիսով, ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, ԶԱԳ-ը դարձավ ուկրաինական երրորդ գործարանը, որը չինական գործընկեր է ներգրավում։ Նախկինում կնքված տնտեսական ծրագրերի կասեցման, այդ թվում՝ Ղրիմում խորջրյա նավահանգստի շինարարության ծրագրի չեղարկման մասին նույնպես առայժմ չի հաղորդվում։ Այնպես որ, մինչ Ռուսաստանը կռիվ է տալիս ՈՒկրաինայի համար, Չինաստանը, դատելով ըստ ամենայնի, յուրացնում է այն։
Եվ հասկանալի է, որ ճգնաժամի սրումն ՈՒկրաինայում Չինաստանին պետք չէ։ Չինական իշխանություններն ուզում են, որ այնտեղ դիմակայությունն ավարտվի հնարավորինս շուտ, իսկ չինական շահերն սպասում են, թե ՈՒկրաինայում երբ ամեն ինչ կխաղաղվի, որ կարելի լինի նոր եռանդով ներդրումներ անել տնտեսության մեջ։ Եվ այս իրատեսական գերակայությունների պայմաններում միանգամայն հասկանալի է նրանց թերահավատությունը տնտեսական պատժամիջոցների հարցում, որ գործադրում է Արևմուտքը քաղաքական հարցեր լուծելու համար։
Վերջում ներկայացնենք Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու շատ ուշագրավ հայտարարությունը, որը ոչ ոք չի հերքել։ Նա պնդում է, որ չինական իշխանությունները որպես ՈՒկրաինայում ներդրումների պայման առաջադրել են Եվրամիության հետասոցացման համաձայնագրի ստորագրումը. «Իմ իմանալով, նախագահ Յանուկովիչի այցի ժամանակ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ իրենց երկիրը շահագրգռված է ուկրաինական ագրարային ոլորտում ներդրումների կատարմամբ, բայց ասոցացման համաձայնագրի ստորագրման պայմանով»։ Նախարարն այդ պահանջը բացատրել է ներդրումների ավելի լավ պաշտպանվածության ցանկությամբ։ Եվ այստեղ նորից ավելացնենք՝ «մեկնաբանություններն ավելորդ են»։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ