ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դուք ուզուրպացրիք իշխանությունը, գողացաք ՀՀ նախագահի պաշտոնը

Դուք ուզուրպացրիք իշխանությունը, գողացաք ՀՀ նախագահի պաշտոնը
18.03.2014 | 12:01

Որ այս իշխանությունների հասցեին ուղղված բազմաբնույթ քննադատական ելույթներ կարելի է ունենալ, ակնհայտ է: Սակայն երկարատև ընդմիջումից հետո ձեռքս գրչին պարզելը թելադրված է ոչ այդ իրողությամբ, այլ այն հանգամանքով, որ հարթակում դարձյալ ՀՀՇ-ականներդ եք՝ Ձեզ հատուկ ամբարտավանությամբ, ստեղծված իրավիճակի շահարկմամբ, կեղծ արտիստիզմի դրսևորումներով, Ձեր անփառունակ իշխանությունը ռեանիմացիայի ենթարկելու անթաքույց նկրտումներով և այն քողարկված արհամարհանքով, որ ունեցել եք և ունեք ժողովրդի, պետության շահերի ու խնդիրների նկատմամբ:
Ձեր գործունեության տանող հրթիռը, Ձեր բոցաշունչ ելույթների միջուկը կազմված են Ձեր անսահման ինքնասիրահարվածության, փառասիրության, մշտապես «ընտրյալ» լինելու դարչնագույն որոմից:
Իսկապես, որքան արհամարհանքով պիտի լցված լինես սեփական ժողովրդի նկատմամբ, որ կասկածես նրա անցած մեկուկես տասնյակ տարիներին վերաբերվող հիշողությանը: Դա ակնհայտ քաղաքական հավկուրության ախտանիշ է: Խոսքը միայն մութ ու ցուրտ տարիներին չի վերաբերում, այլ այն համապարփակ ձևախեղումներին, որոնք կատարվեցին պետական մակարդակով աշխարհի ամենատառապած ժողովրդի կենսագործունեության բոլոր բնագավառներում: Եվ այսօրվա վիճակը, աներկբայելիորեն, այդ տարիներին Ձեր գործելաոճի օրգանական շարունակությունն է:
ՀՀՇ-ի և նրա գործիչների համար առաջին տեղում միշտ խոսքն է եղել, կեղծ պաթետիկան, ոչ թե գործը:
Եվ հիմա էլ ժամանակ առ ժամանակ անսպասելիորեն ասպարեզում կամ հարթակին Ձեր հայտնվելը, Ձեր վարքագիծը դա են ապացուցում:
Հիվանդագին վերամբարձությամբ տառապող պարոն, մինչ օրս էլ Ձեզ թվում է, թե կարևորը ստորակետը, վերջակետը, բութը ճիշտ տեղում դնելն է, խորհրդավոր պաուզաների «հրաշքը», իսկ երբ մատների արտիստիկ շարժումով դեպի ներկաներն եք նետում բազմակետերը, հոգեկան հոմերական խրախճանք եք ապրում, ենթադրելով, որ բազմության հոգիներում աննախադեպ հրավառություն տեղի ունեցավ:
Իհարկե, բարձրակարգ գրագիտությունը ոչնչի չի խանգարում, հակառակը, այն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է յուրաքանչյուր պետական, քաղաքական գործչի համար, սակայն խոր մոլորության մեջ լինել, կարծելով, թե դրանով ամեն ինչ ասված է, աններելի թյուրիմացություն է:
Գուցե ավելի պակաս գրագիտություն ունեին Աղասի Խանջյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Անտոն Քոչինյանը, Անդրանիկը, Նժդեհը, Ավոն և մեր ժողովրդի բազմաթիվ երախտավորներ, սակայն նրանք ունեին ամենակարևորը՝ անսահման սերը իրենց ժողովրդի նկատմամբ, նրա տառապանքով ապրելու, նրա բարեկեցիկ, ապահով ու անվտանգ կյանքը կերտելու անսահման նվիրումն ու վճռականությունը:
Լինել, դառնալ պետական գործիչ, որը երկիր կառավարելու իմաստնությունն ունենա, ժողովրդի բախտը տնօրինելու նուրբ զգացողությունն ունենա, խելացի, անսխալ որոշումներ կայացնելու խիզախությունն ունենա, անակնկալ իրադրություններում արագորեն կողմնորոշվելու ներշնչումն ունենա, աներևույթն ու գալիքը կանխատեսելու ձիրքն ունենա և այդ ամենի հետ լինի տիպար բարձր առաքինության, անբասիր մարդասիրության, անվրեպ արդարամտության, իհարկե գերխնդիր է:
Նշված որակներից որո՞ւմ Դուք քիչ թե շատ ցայտուն (գոնե նկատելի) դրսևորվեցիք: Անկեղծ լինենք... և ոչ մեկում:
Դուք եղաք ընդամենը առաջին նախագահի ապաշնորհ դերակատարը:
Իսկ մեր բարեհոգի ժողովուրդը առանձնապես էլ հակված չէ պետական, քաղաքական գործիչներին հիպերբոլիկ պահանջներ ներկայացնելու, սակայն ունի ակնհայտ կեղծիքը իրականից տարբերելու, տարրական բարեխղճություն չունեցողին, ծույլին ու անբարեհույսին, խամաճիկին ու կարիերիստին, հանգամանքների ու պատահականության բերումով կառավարման բուրգի տարբեր շերտերում հայտնվածներին, նրանց անկարողությունը նկատելու աստվածատուր շնորհ:
Եվ հենց այդ ժողովուրդն էլ արձանագրեց, որ Ձեր անփառունակ իշխանության տարիներին Ձեր գործունեությանը ամենաբնորոշը ինֆանտիլիզմն էր, թուլակամությունը, ճակատագրորեն մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների ոչ պատշաճ ըմբռնումը, ժողովրդին անսահման զայրացնող էյֆորիան, որում գտնվեցիք Դուք և Ձեր շրջապատը մինչև իշխանությունում Ձեր մնալու վերջին օրը:
Եվ ինչո՞վ էր պայմանավորված այդ չարաբաստիկ էյֆորիան, որը Ձեզ թույլ չէր տալիս նորմալ, մարդկային կեցվածք ունենալ այդ բարձր պաշտոններում: «Էս ո՜վ, ես՝ ո՜վ» հանրահայտ մտածելակե՞րպը, թե՞ մարդկության վաղնջական օրերից եկող և դեպի հավերժություն գնալու մշտական տոմս ունեցող քաջնազարությունը, Ձեր պարագայում՝ իշխանությունը սկուտեղի վրա ստանալու իրողությունը:
Երբ չվաստակած մեծարանքի արժանացած մեկի մասին հարցնում էի երջանկահիշատակ հորս, թե այդ ամենը ինչի դիմաց է, հայրս պատասխանում էր՝ ծովին թրով տվել է: Մեր մեջ՝ Դուք այդ էլ չէիք արել:
Պատմությունը Ձեզ բացառիկ առիթ էր տվել դրսևորվելու որպես քաղաքական գործիչ, որի համար առանձնապես տիտանական կարողություններ չէին պահանջվում:
Մեծ խելք պետք չէր հասկանալու համար, որ Հայաստանը խորհրդային հանրապետություններից միակն էր, որ անկախություն էր ստացել խիստ անբարենպաստ իրավիճակում (երկրաշարժի հետևանքներ, պատերազմ հարևան երկրի հետ):
Մինչ օրս չեմ կարողանում հասկանալ, թե Դուք ինչպես թույլ տվեցիք հանրապետությունում խորհրդային տարիներին մեր ժողովրդի մի քանի սերունդների քրտնաջան աշխատանքով, ահավոր զրկանքներով ստեղծված անչափելի հարստությունը քամուն տալ, շուն ու գելի բաժին դարձնել:

Հանրապետության հարյուրավոր գործարանների և ձեռնարկությունների պահեստները պայթում էին կուտակված շրջանառու ֆոնդերից: Ձեր հանցավոր ամենաթողության, տարրական վերահսկողության, կարգ ու կանոնի բացակայության պատճառով, բառիս բուն իմաստով, ավազակաբար թալանվեց այդ ամենը:
Ղեկավարի արժանիքները լավագույնս դրսևորվում են էքստրեմալ իրավիճակներում, իսկ Դուք չունեցաք վիճակին համարժեք որոշումներ կայացնելու և իրականացնելու ունակություններ։
Հնարավոր չէ՞ր, հաշվի առնելով երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը, Ձեր կողմից հանրապետությունում եղած նյութական արժեքները հաշվառող մի պետական մարմին ստեղծել, ունենալ երկրում եղածի ամբողջ ծավալի պատկերը, ապա այն օգտագործել հանրապետության կարիքների համար:
Ձեր հանցավոր անգործության պատճառով այդ արեցին հասարակության տականքները, գողերն ու ավազակները, որոնցից շատերը երրորդ դասարանից հետո գիրք չէին վերցրել ձեռքները, և որոնք դարի կողոպուտն ավարտելուց հետո ձեռնամուխ եղան իշխանական բարձունքները գրավելու «սրբազան» գործին, ինչում մեծապես հաջողեցին։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մեր ժողովրդին բացառիկ հնարավորություն էր ընձեռվել արցախյան հզոր համաժողովրդական շարժման նվաճումները, էներգիան, համաժողովրդական մաժորային տրամադրությունները, սահուն, նպատակասլաց կերպով ազգային դարավոր նպատակներն ու իղձերն իրականացնելուն ուղղված միասնական, միաձույլ ժողովուրդ ու պետություն ստեղծելուն ծառայեցնել՝ արդեն խորհրդային պետության կազմալուծման պատճառով անկախություն ստացած Հայաստանում:
Սակայն Դուք և Ձեր շրջապատը Ձեր եսակենտրոն բնավորությամբ ձախողեցիք այդ սրբազան գործը, քաղաքական ասպարեզ մտաք կարծես թե բարիկադների վրա երկարատև պայքարից ու անհաշիվ արյուն թափելուց հետո, ազգային միաբանության և միասնականության համար նոր-նոր պոզիտիվ ազդակներ ստացած ժողովրդին «մերոնցականի» և «ոչ մերոնցականի» բաժանելով, այն ժողովրդին, որը գրեթե հարյուր տոկոսով «այո՛» էր ասել Հայաստանի անկախության հանրաքվեին:
Հեղափոխությունում հաղթածի վարքագծով անթիվ ավերածություններ կատարեցիք երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական, կադրային և մնացած բոլոր բնագավառներում:
Մի հարցնող լինի՝ այդ ո՞ր հեղափոխությունում և ո՞ւմ էինք հաղթել: Որքան հիշողությունս ինձ չի դավաճանում, խորհրդային պետության լուծարումից հետո մեր հանրապետությունում որևէ քաղաքական ուժ, որևէ խմբավորում անկախության դեմ փոքր-ինչ նշմարելի որևէ դիմադրություն ցույց չի տվել:
Դրա հետևանքը եղավ տարատեսակ պատեհապաշտների, քամելեոնների, գաղափարազուրկ մարդկանց, նաև տականքների մուտքը Ազգային ժողով, կառավարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, և այսօր ունենք այն, ինչ ունենք:
Անցած նախագահական ընտրությունների նախընտրական արշավի ընթացքում ինձ համար հայտնություն դարձավ այժմ ԱԺ պատգամավոր, Ձեր իշխանության ժամանակ կառավարության նախագահ Հրանտ Բագրատյանը: Առինքնող մասնագիտական իմացությունները, պետական մտածողության անսպասելի դրսևորումները, ընդհանուր բարձր գրագիտությունը, մարդկանց հետ շփվելու պատշաճ կուլտուրան, արժանահավատ զանազան վերլուծություններ անելու կարողությունը, անհարմար իրավիճակներում հայտնվելիս, ինձ համար շատ գնահատելի, կարմրելու, շփոթվելու, նորմալ, մարդկային վարքագիծը հաճելիորեն զարմացրին ինձ:
Եվ դա այն Բագրատյանն էր, որին կնքեցին «որձ կովերի մասնագետ» մականունով: Իսկ` կարո՞ղ է որևէ միամիտ հանկարծ մտածել, որ Բագրատյանի նման ընդունակ մարդը չգիտեր «ցուլ» բառը: Անշուշտ գիտեր, բայց Ձեր շրջապատում տիրող, ինչպես վերևում ասացի՝ էյֆորիկ, անլուրջ մթնոլորտը պարտադրում էր, երևի, ամեն ինչում օրիգինալ երևալ, ինչի պատճառով ոչ միայն նա, այլև, ինչպես Դուք, այնպես էլ Ձեր շրջապատից շատերը, ակամայից հայտնվում էին զավեշտալի վիճակներում:
Եվ այժմ գերագույն բավարարվածություն եք զգում մեր երկրի ներկան «ավազակապետություն» բնորոշելով, չնայած դրա հեղինակային իրավունքը ևս Ձեզ չի պատկանում:
Ահավասիկ մի հատված 1997 թ. նոյեմբերի 29-ին ՀԿԿ 33-րդ համագումարում իմ ունեցած ելույթից. «...Այդ տարիները յուրատեսակ փորձաշրջան եղան ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ մեր կազմակերպության համար: Այս ընթացքում հանրապետության իշխանավորները վերջնականապես ցուցադրեցին իրենց հակաժողովրդական էությունը, իրենց հետ կապված լավատեսության չնչին հնարավորություն, պատրանքների համար փոքր-ինչ լուսանցք չթողնելով: Արդեն վաղուց մենք համոզված կարող ենք ասել, որ հայ ժողովուրդն ապրում է բռնատիրության, խունտայի, մի ոչ այնքան մեծ ավազակախմբի ղեկավարության պայմաններում: Ղեկավարություն, որը ոչ վաղ անցյալում, եթե ինչ-որ չափով իր իսկական դեմքը կարողանում էր թաքցնել ինչ-ինչ կարգախոսների հետևում, այսօր իր ամբողջ մերկությամբ, անսահման ցինիկ ու ամբարտավան կեցվածքով հակադրել է իրեն ամբողջ ժողովրդին, օր օրի քայքայելով մեր երբեմնի ծաղկուն տնտեսությունը, ամայացնելով մշակույթի, կրթության անդաստանները, դրանց փոխարեն մեզ հրամցնելով շուկայական հարաբերությունների ճիվաղային, աղճատված մի անբարո տարբերակ, լավագույն դեպքում բանանային երկիր դառնալու տխուր հեռանկար, անընդհատ սոցիալական ցնցումներ, ընչազրկություն, մուրացկանություն, արտագաղթ, մահացության բարձր, մանկածնության ցածր ցուցանիշներ, հազարավոր մարդկանց սոցիալական անապահովություն, վճարովի կրթության և բուժման համակարգ, գյուղատնտեսության տապալում, նաև բարոյական չափանիշների անկում, քրեածին իրավիճակ, կուսակցությունների արգելում, պարտադրված միապետական սահմանադրություն և ապազգային Ազգային ժողով, հասարակության սրընթաց բևեռացում, համաժողովրդական ունեցվածքի վայրենի սեփականաշնորհում, միջնադարին հատուկ չարչիական հարաբերություններ, համազգային դիվանագիտական պարտություններ, մասայական նիհիլիզմի՝ անկումային տրամադրությունների մթնոլորտ, կոռուպցիայի, գանձագողության հաղթարշավ, հասարակության մի շարք խավերի լյումպենացում, սոցիալական անարդարություն, իրավական ու օրենսդրական դաշտի թվացյալ առկայություն, բնապահպանական աղետի հասնող թերացումներ, կրթական, առողջապահական, սոցիալ-տնտեսական, հոգեբանական, օրենսդրական ու իշխանության ճգնաժամ, ամենակուլ դեպրեսիա...»:
Նկատեցի՞ք նման տերմին մեջբերման մեջ, թե՞ ոչ: Եթե նկատեցիք, ապա, անշուշտ, կռահեցիք նաև, որ այն Ձեզ ու Ձեր շրջապատին, Ձեր ղեկավարման ժամանակաշրջանին էր վերաբերում:
Համոզվեցի՞ք, սակայն ես մեծահոգաբար վերոհիշյալ հեղինակային իրավունքը Ձեզ եմ թողնում, գիտակցելով, որ դա վերջին տարիների Ձեր ամենակարևոր ձեռքբերումն է:
Հարգարժան պարոն, մի՞թե որևէ մեկը դեռևս Ձեզ չի ասել, որ Դուք և Ձեր մերձավոր շրջապատն եք այն ամենի ճարտարապետը, ինչ տեղի է ունենում այսօր հանրապետությունում:
Պրակտիկորեն 1990 թ. Գերագույն խորհրդի ընտրություններից հետո որևէ մակարդակի որևէ ընտրություն առանց աղաղակող կեղծիքների չի անցել:
1995 թ. ԱԺ խայտառակ ընտրություններին հետևեցին 1996 թ. պետական հանցագործության վերածված նախագահական ընտրությունները (փաստորեն Դուք ուզուրպացրիք իշխանությունը, գողացաք ՀՀ նախագահի պաշտոնը):
Ձեր՝ «ՀՀՇ-ական լինի, թեկուզ պոլի փետ լինի» կարգախոսը անվրեպ աշխատում էր:
Օրինական հարց՝ այս ամենում Ձեր մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք, ավելին՝ ընդունո՞ւմ եք այն:
Եթե ոչ, ապա ի՞նչ բարոյական իրավունք ունեք նորից ասպարեզ գալու, նորից Ձեր դեմագոգիկ մտավարժանքներով հանրությանը արջի ծառայություն մատուցելու:
Ինչ-որ չափով հասկանալի կլիներ Ձեր երկրորդ մուտքը, եթե հարթակից ունեցած Ձեր երկարաշունչ ելույթներում անդրադառնայիք նաև Ձեր թույլ տված հանցավոր արարքներին, հանրության առջև խոստովանեիք Ձեր բազմաթիվ մեղքերը, Ձեր հանցավոր բացթողումները, սխալները և ապաշխարեիք այդ ամենի համար:
Այլապես ամեն ինչ «հայտնի ուժերի» վրա բարդելը մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ Դուք և Ձեր շրջապատը անհրաժեշտ հետևություններ չեք արել: Իսկ այդ պարագայում, ինչպես հանրապետության նախագահը կասեր, եկել եք, որ ի՞նչ անեք:
Ի դեպ, կոմունիստներն ընդունեցին իրենց թույլ տված սխալները, բացթողումները, ցավոք, երբ արդեն ջուրը կամրջից անցել էր: Այնուամենայնիվ, ընդունեցին:
Չնայած իր բոլոր թերություններով, սխալներով, նաև հանցավոր արարքներով կոմկուսի 70-ամյա իշխանությունը ես և մեր հազարավոր հայրենակիցները համարում ենք դարերով պետականություն չունեցած մեր ժողովրդի ոսկեդարը: Բավական է միայն փաստել, որ 1920 թ. որբերից, գաղթականներից, ծայրահեղ աղքատության մեջ խարխափողներից բաղկացած 700000 բնակչություն ունեցող մեր երկիրը 1970-ականների կեսերին արդեն ուներ ավելի քան 3,5 մլն բնակչություն գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության մեջ ունեցած իր աննախադեպ նվաճումներով:
Խոսքն այսօր այդ մասին չէ, այլապես ասածս հիմնավորող բազում ապացույցներ կարող եմ ներկայացնել:
Այժմ էլ համազգային ինչ-որ դերի տենդագին փնտրտուքի մեջ եք և, կարծես թե, գտել եք այն՝ ընդդիմության համախմբողի դերը:
Խաղաղվե՛ք, հանգստացե՛ք, պարոն, և ընդմիշտ իմացեք՝ համախմբում հասկացության հետ աղերսվող Ձեր ցանկացած գործողություն ձախողման է դատապարտված: Այ, հակառակը Ձեզ ավելի է հաջողվում:
Խաղաղվեք և հաշտվեք այն մտքի հետ, որ Ձեր գնացքը վաղո՜ւց անցել է, որ Դուք բաց եք թողել հանգամանքների բերումով Ձեզ տրված անսահման մեծ հնարավորությունը և ընդունեք, որ ինչպես մեծն Թումանյանը կասեր՝ «Ձեր ամեն ընկերակցությունը հենց սկզբից իր մեջ ունի քայքայման բոլոր սաղմերը»:
Որոշ միամիտների մտքով կարող է անցնել, թե այս հոդվածով քար եմ նետում ընդդիմության դաշտը, ընդհակառակը՝ իմ մեծագույն ցանկությունը ամեն տեսակի անմաքրությունից ընդդիմադիր դաշտն ազատված տեսնելն է:
Դուք Ձեր, շատերի համար տհաճ, ներկայությամբ թույլ չեք տալիս, որ իսկական ընդդիմությունը (վերկուսակցական ընդդիմությունը) ասպարեզ իջնի, հարթակ բարձրանա: Վերկուսակցական ընդդիմությունը, քանի որ, իմ խորին համոզմամբ, բոլոր կուսակցությունների իրենց ժողովրդի հոգսով մտահոգ, սկզբունքային, «անանձնական ուրախություն» ապրելու կարողություն ունեցող անդամները մեկ շարքում են, իսկ բոլոր կուսակցությունների պատեհապաշտ, շահամոլ, կարիերիստ անդամները՝ մյուս շարքում:
Հեռացեք, դիպուկ է ասված, սուրբ տեղը դատարկ չի մնում:
Թեկուզ սկզբում վեհերոտ, անվստահ ու անվարժ քայլերով, սակայն կարճ ժամանակում այդ ընդդիմությունը կկայանա, կստեղծի արդեն իրականությանը համապատասխանող իր նոր «Հայ ազգային կոնգրեսը» և իր պատմական դերակատարությունը կունենա մեր ժողովրդի, մեր պետության կյանքում:
Այժմ Դուք և Ձեր մերձավոր շրջապատը հաճախակի մոմավառության արարողությունների եք մասնակցում:
Թե որքան եք ազնիվ Աստծուն ու աստվածայինին հարաբերվելիս, դժվար է ասել, լուրջ հարցականներ են առաջանում, սակայն, խնդրում եմ, հանգցրեք այդ մոմերը, Դուք դրանով արժեզրկում, վարկաբեկում եք նաև մոմավառության աստվածային խորհուրդը, ինչպես Ձեր հանցավոր ղեկավարությամբ մեր բազմաթիվ հայրենակիցների գիտակցության մեջ վարկաբեկեցիք անկախության սրբազան խորհուրդը, որը, ցանկացած պարագայում, յուրաքանչյուր ժողովրդի, պետության կյանքում (նաև ինքնին) բարձրագույն արժեքն է:
Շատ անհարմար բան կստացվի, եթե այս ամենի ապացույցը պահանջեք:


Սենիկ ԷՎԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 2274

Մեկնաբանություններ