ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կիևը Չինաստանին է հանձնելու Ղրիմի տարածքի մի մասը

Կիևը Չինաստանին է հանձնելու Ղրիմի տարածքի մի մասը
20.12.2013 | 00:08

Մինչ զանգվածային բողոքներն ՈՒկրաինայում սկսել են ոչ միայն ծավալվել, այլև իշխանությունների համար շատ վտանգավոր բնույթ կրել, երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ոչ միայն չհրաժարվեց Չինաստան կատարելիք այցից, այլև մեծ հույսերով մեկնեց այնտեղ։ Եվ դա, իհարկե, ոչ այն պատճառով, որ նրան քիչ էր անհանգստացնում երկրում սկսված «եվրահեղափոխությունը», և, անշուշտ, նաև ոչ այն պատճառով, որ նրա դիրքերը՝ կապված վերջին իրադարձությունների հետ, ամրապնդվել են, պարզապես ՈՒկրաինայի նախագահը Պեկին էր մեկնել ներդրումների շուրջ բանակցություններ վարելու համար, ընդ որում, այդ ուղևորությունից նա, ամենայն հավանականությամբ, մեծ սպասելիքներ ուներ։ Յանուկովիչի հաշվարկներով, Չինաստանը կարող է ՈՒկրաինային առաջարկել այն, ինչ չի կարող Եվրոպան, ասենք, Ռուսաստանը նույնպես՝ փող։ Այդ թվում այն բնագավառների համար, որոնք չեն համաձայնել ֆինանսավորել ուրիշները։ Նշենք, որ Չինաստանն անցյալ տարի ՈՒկրաինային արդեն 10 մլրդ դոլար վարկ է տրամադրել։ Մասնավորապես, ՉԺՀ-ն 3 մլրդ դոլար պարտք է տվել գյուղատնտեսության զարգացման համար, 3,7 մլրդ էլ՝ էներգետիկայի։ Բացի այդ, 2013-ի սեպտեմբերին Չինաստանի արտահանման-ներմուծման բանկը համաձայնեց Կիևին 3 մլրդ դոլար տրամադրել ոռոգման համակարգի վերականգնման համար։

ՈՒ թեև ուկրաինական ընդդիմությունն շտապեց հայտարարել, թե այցը, ամենայն հավանականությամբ, այնքան հաջող չի ընթանում, որքան պլանավորվել էր, և Պեկինը միտք չունի լրացուցիչ ֆինանսական օգնություն ցուցաբերելու (ինչը, ի դեպ, սեփականեցին նաև ռուսական լրատվամիջոցները), սակայն ամեն ինչ եղավ շատ ավելի կարևոր ու հեռանկարային, քան ակնկալվում էր։ Այդ թվում՝ աշխարհաքաղաքական դասավորության վրա ազդեցության առումով։ Իսկ ամենագլխավորը, թե՛ նախագծերը, թե՛ ներդրումների բաշխման ոլորտները, դրանց իրացման դեպքում, բավական բացասաբար կանդրադառնան Կրեմլի ինտեգրացիոն նախագծերի վրա։ Ընդ որում, ՉԺՀ կոմկուսի պաշտոնաթերթ «Ժենմին ժիբաոն» դա բացատրել է լիովին «մեղմ ուժի» ոգով. «Չինաստանը հստակորեն ցույց տվեց, որ ինքը չի ձգտում տարածաշրջանային գերիշխանության, չի ձգտում ազդեցության ոլորտներ սահմանել և չի միջամտում մյուս խոշոր պետությունների ներքին քաղաքականությանը։ Այս կապակցությամբ, Չինաստանի առաջադրած նոր հայեցակարգը չի վնասում Ռուսաստանի շահերին»։
Եվ այսպես, ի՞նչ է տեղի ունեցել, և արժե՞, արդյոք, որ Մոսկվան նոր արշավ սկսի, բայց հիմա արդեն Պեկինի և Կիևի մերձեցման դեմ։ Նախ, ինչը, իհարկե, ծայրաստիճան անսպասելի ու տհաճ է ռուսների համար, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը և ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դեկտեմբերի 5-ին կայացած հանդիպման ժամանակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեցին։ Համաձայն այդ փաստաթղթի, Պեկինը խոստացել է Կիևին միջուկային անվտանգության երաշխիքներ տալ, եթե երկիրը «հայտնվի միջուկային ներխուժման սպառնալիքի տակ»։ Եթե խիստ կասկածելի է, թե «միջուկային ներխուժումը» կարող է բխել Ֆրանսիայից, Բրիտանիայից կամ ԱՄՆ-ից, իսկ Հնդկաստանն ու Պակիստանն էլ, իհարկե, ուկրաինական լայնարձակությունների «հավեսը չունեն», ուրեմն ո՞ւմ են նկատի ունենում Կիևում ու Պեկինում։ Սա, ինչ խոսք, հետաքրքիր հարց է, իսկ պայմանագիրը, համաձայնեք, ամենալուրջ մտորումների տեղիք է տալիս։
Երկրորդ. Չինաստանում նախագահ Յանուկովիչը ՉԺՀ Պետխորհրդի նախագահ Լի Կեցյանին հավաստեց, որ ինքը շահագրգռված է Չինաստանի հետ ռազմավարական կապերի ամրապնդմամբ։ Ավելին, ակնկալում է, որ ներդրումներ կարվեն առավել «համեղ պատառներում»՝ ավիաշինություն, էներգետիկա, տիեզերական բնագավառ, ենթակառուցվածքների զարգացում։ Երկրներն ստորագրեցին ավելի քան 30 մլրդ դոլարի ավելի քան 20 ռազմավարական համաձայնագիր։
Արդեն գալիք տարի ՈՒկրաինան կստանա 18 մլրդ դոլար՝ վարկերի ու ներդրումների տեսքով։ Կա ռուսաստանյան էներգետիկ քաղաքականության համար անհաճո ևս մեկ համաձայնագիր. խոսքը սինթետիկ գազի արտադրության գործարանի կառուցման մասին է, որը, անշուշտ, կնպաստի, որ Կիևը զերծ մնա Կրեմլի «էներգետիկ ճնշումից»։ Նախագծի իրացման շնորհիվ 2000 նոր աշխատատեղ կստեղծվի հենց գործարանում և մոտ 100000-ն էլ՝ ածխարդյունահանման ձեռնարկություններում։ Բացի այդ, ստորագրվել է ՈՒկրաինայում մատչելի բնակարանների շինարարության հուշագիր, և այդ նպատակով Չինաստանը կհատկացնի 15 մլրդ դոլար՝ 15 տարի ժամկետով՝ այդ նախագծի տարկետման և ընդլայնման հնարավորությամբ։ ՈՒկրաինան քննարկել է Չինաստանի հետ մինչև 2013 թ. ռազմավարական համագործակցության հարցը։ Առաջիկա հինգ տարում Չինաստանը մտադիր է ներմուծել 10 տրիլիոն դոլարի արտադրանք, և այդ քվոտայի մի մասը կարող է բաժին ընկնել ՈՒկրաինային։ Կարևոր է նաև այն, որ ՈՒկրաինան կունենա ՉԺՀ-ում իր արտադրանքի երաշխավորված վաճառահանման քվոտա, ինչը «հայրենական արդյունաբերության ու գյուղատնտեսության բոլոր ճյուղերի առջև աննախադեպ հեռանկարներ է բացում»։ Նկատենք՝ այժմ ՈՒկրաինայի և Չինաստանի միջև երկկողմ առևտրի տարեկան ծավալը կազմում է 10 մլրդ դոլար։ Ապրանքաշրջանառության ծավալը երկրորդ տեղն է գրավում այն 217 երկրների շարքում, որոնց հետ առևտուր է անում ՈՒկրաինան, և կազմում է երկրի ընդհանուր ապրանքաշրջանառության 8 %-ը։ Այսպիսով, ՉԺՀ-ի հետ ստորագրված համաձայնագրերը այդ ցուցանիշները եռապատկելու հնարավորություն կընձեռեն։
Բայց ինչպես ռուսական իշխանությունների ծրագրերի, այնպես էլ ռուսաստանցիների ինքնասիրության համար ամենացավագինը, հավանաբար, եղավ այն, որ ՈՒկրաինան, ինչպես գրում են լրատվամիջոցները, «որտեղից որտեղ իրեն տեսավ որպես Չինաստանի կողմից վերածնվող «Մետաքսի ճանապարհի» մաս»։ Այդ նախագծի իրագործման համար նա Չինաստանին է հանձնելու Ղրիմի տարածքի մի մասը, ուր ստեղծվելու է «ճանապարհի» մեջ մտնող տնտեսական զարգացման գոտի։ Այն ներառելու է Սևաստոպոլը և Եվպատորիային հարող տարածքը։ Չինաստանն ու ՈՒկրաինան ստորագրել են նաև Ղրիմի Սակիի շրջանում խորջրյա նավահանգիստ կառուցելու հուշագիր։ Նավահանգստի շինարարությունը լիովին ֆինանսավորելու է չինական կողմը, շուրջը՝ 300000 քմ արտադրական տարածքներում, ստեղծվելու է ինդուստրիալ գոտի։ Այդ խորջրյա նավահանգստի շինարարությունը Պեկինին հնարավորություն կտա ամբողջ 6000 կիլոմետրով կրճատելու Եվրոպա տանող առևտրական երթուղին։ Չինաստանից առաքվող բեռները կանցնեն Սուեզի ջրանցքով և Միջերկրական ծովով, բայց, Ջիբրալթար ուղղվելու փոխարեն, նավերը կթեքվեն դեպի Սև ծով և կբեռնաթափվեն Ղրիմում։ Որոշված են նաև ժամկետները. շինարարությունն սկսվելու է գալիք տարվա վերջին, իսկ նավահանգստի ենթակառուցվածքի համար ներդրումները, միայն առաջին փուլում, կկազմեն մոտ 3 մլրդ դոլար։ Երկրորդ փուլում ներդրումները կհասնեն 7 մլրդ դոլարի։ Ենթադրվում է կառուցել օդանավակայան, նավաշինարաններ, նավթավերամշակման գործարան, հեղուկ բնական գազի արտադրական բազա, ուսումնական կենտրոններ, ինչպես նաև լողափերի կահավորանք։ Ընդ որում, ամեն ինչ կարվի արագ՝ իրացման ժամկետը կկազմի ոչ ավելի, քան երկու տարի, պարզաբանել է նախագծի չինական կողմի ներկայացուցիչ Վան Ցզինը։ Իսկ շահույթ ակնկալվում է բոլոր օբյեկտների շահագործումից մոտավորապես վեց տարի հետո։
Այնպես որ, ամենայն հավանականությամբ, շուտով «ռուսական փառքի քաղաք Սևաստոպոլին», ասենք, նաև ամբողջ Ղրիմին, կվիճակվի դառնալ չինական։ Բայց իրավիճակի գլխավոր զավեշտն այն է, որ Եվրոպա տանող «Մետաքսի ճանապարհի» այդ նախագիծը Ռուսաստանը չի ներառում։ Նկատենք, որ նախագիծը մեկնարկել է վերջերս։ Այդ մասին հայտարարվեց ս. թ. սեպտեմբերին, երբ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը, այցով գտնվելով կենտրոնասիական երկրներում, պատմեց «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ինտեգրացիոն խոշոր հայեցակարգի իրագործման մասին։ Չինացիները կարծում են, որ այն շատ ավելի հեռանկարային կլինի, քան Եվրասիական միությունը, որը նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ստեղծում է Ռուսաստանը։ Չինական ինտեգրացիոն պլանը կընդգրկի ոչ միայն Կենտրոնական Ասիան, այլև Հարավային Կովկասի երկրները՝ Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան, Հարավային Օսիան։ Եվ ահա հիմա պարզվում է, որ այնտեղ է մտնում նաև ՈՒկրաինան, որը դառնալու է գլխավոր փոխադրական և տնտեսական հանգույցը։ Եվ միանգամայն արդարացված է Յանուկովիչի ոգևորությունը, ով Պեկինում հայտարարեց. «ՈՒզում եմ ասել, որ ՈՒկրաինան ակտիվորեն կպաշտպանի ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի նախաձեռնությունը «Մետաքսի մեծ ճանապարհի» վերականգնման ուղղությամբ»։
Ի դեպ, «Ժենմին ժիբաո» թերթը վերհիշում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանման պլանները և նշում չինական նախագծի մի քանի առավելությունները ռուսական և ամերիկյան պլանների համեմատ։ Այն բազմակողմանի է և տարածվում է դեպի Արևելք, Արևմուտք, Հյուսիս և Հարավ։ Եթե այն զարգացում ստանա, ապա օգուտ կքաղի մոտ երեք միլիարդ մարդ։ Իսկ ռուսական նախագիծը կարող է միավորել 10-15 անգամ քիչ ժողովուրդ և, համապատասխանաբար, ավելի փոքր շուկաներ։ Բացի այդ, տնտեսական գոտու չինական հղացման շրջանակներում կարելի է ստեղծել Եվրասիական տնտեսական գոտի, որը կներառի Չինաստանը, Կենտրոնական Ասիան և Եվրոպան։ Ընդ որում, չինացիների մտահղացմամբ, ոչ մի հակասություն շահագրգիռ պետությունների միջև չի ծագում։ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» շրջանակներում Շանհայի համագործակցության կազմակերպությունն ու Եվրասիական տնտեսական ընկերակցությունը կարող են գործակցել իրար հետ, իսկ ամերիկյան «Մետաքսի նոր ճանապարհ» պլանը ևս չի բացառվում։ Բայց դա, ամենայն հավանականությամբ, «չար դևի միտք» է, առավել ևս, որ ամեն խելամիտ ինտրիգում ներդրումներ է պահանջում, իսկ առայժմ փող մտադիր են ներդնել միայն չինացիները։
Ռուս փորձագետները կարծում են, որ «Ռուսաստանի համար հեշտ չի լինի «Մետաքսի ճանապարհի» նմանակի ստեղծման գործում մրցակցել Չինաստանի հետ». թե՛ ժամանակն է ձեռքից բաց թողնվել, թե՛ բյուջեում արդեն անհրաժեշտ միջոցներ չկան, ու դժվար կլինի մասնավոր ներդրումներ ներգրավել։ Առավել ևս, ներկա համաշխարհային պրակտիկայում Չինաստանը օտարերկրյա ներդրողների համար ավելի կանխատեսելի գործընկեր է, որը գիտե և լավ է կարողանում իրագործել խոշորամասշտաբ նախագծեր։ Ռուսաստանի օգտին չէ նաև աշխարհագրությունը. չինական «Մետաքսի ճանապարհով» մատակարարումները կլինեն ավելի արագ ու հեշտ։ Չինական լրատվամիջոցները գրում են, որ Չինաստանը կարող է Կենտրոնական Ասիայի երկրներին օգնություն ցուցաբերել դեպի Եվրոպա հանրային ճանապարհների ու երկաթուղիների կառուցման գործում, և որ Ռուսաստանը, իբր, «նույնպես ուրախ է մասնակցելու դրան»։ Սակայն չինական նախագծին Ռուսաստանի մասնակցությունը դեռևս մշուշոտ է, ինչպես որ ամենևին պարզ չէ, թե նա ինչով պիտի «մասնակցի իրեն շրջանցող փոխադրական ենթակառուցվածքի վերածնությանը»։ Մյուս հարցը՝ «Կհամարձակվի՞, արդյոք, Կրեմլը խոչընդոտներ հարուցել այդ նախագծի իրացման ճանապարհին, և կբավարարե՞ն, արդյոք, նրա ուժերն ու ժամանակը դրա համար»։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ