ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Էրդողանը որոշել է դառնալ նոր «մեսիա»

Էրդողանը որոշել է  դառնալ նոր «մեսիա»
03.12.2013 | 11:38

Մինչ Պետերբուրգում Էրդողանն ու Պուտինը մանրամասնորեն քննարկում էին ադրբեջանա-հայկական հակամարտությունը և որոշում, թե «ինչ կերպ կարելի է ընդհանուր ջանքերով հող նախապատրաստել այդ տարածաշրջանում ժողովրդավարական պետական կազմավորումների համար», փուլ եկավ թուրքական քաղաքական վերնախավի ևս մեկ նվիրական երազանք, այն է՝ երկիրը դարձնել տարածաշրջանի առաջատար և արաբական աշխարհի ձգողական կենտրոն։ Եգիպտոսի արտգործնախարարությունը Կահիրեում Թուրքիայի դեսպանին հրամայեց շտապ կարգով հեռանալ երկրից, միաժամանակ Անկարայից հետ կանչեց իր դեսպանին։ Հայտարարվեց, որ թուրքական կողմն աղավաղում է Բուրգերի երկրում տիրող իրադրությունը և, ավելին, գործում է ընդդեմ եգիպտական ժողովրդի կամքի։ Իրենց հերթին, թուրքերը հայտարարեցին, որ իրենք «դառնացած են», միաժամանակ Թուրքիայում Եգիպտոսի դեսպանը հայտարարվեց անցանկալի անձ, իսկ արաբական խոշորագույն երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցվեց։

Այսպիսով, կարծես, նեոօսմանյան բոլոր ջանքերը՝ թե՛ պաղեստինցիների հետ սիրախաղը, թե՛ «Ազատության տորմիղի» շուրջ ծավալված հոգնեցուցիչ պատմությունը, թե՛ հանուն «մեծ նպատակի» հին բարեկամ Իսրայելի հետ հարաբերությունների զոհաբերումը, զուր անցան։ Եվ Անկարայից հնչած հավաստիացումները, թե «թուրքերն ու եգիպտացիները եղբայրներ են», և որ նրանք «կշարունակեն աղոթել Եգիպտոսի համար», ամենայն հավանականությամբ, իրադրությունը չեն փոխի։ Համենայն դեպս, եթե Կահիրեում նորից չսկսեն կառավարել «Մահմեդական եղբայրները»։
Եգիպտացիների կողմից նման կտրուկ քայլի ճիշտ պատճառը չի ասվում։ Սակայն, ինչպես հայտնի է, թուրք-եգիպտական հարաբերություններն սկսեցին միանգամից վատանալ նախագահ Մուրսիի տապալումից (ինչը հետևեց արյունալի բախումներին) և թուրքական ներկա կառավարության հետագա շատ կոշտ հայտարարություններից հետո։ Թուրքիան տեղի ունեցածն անվանեց ոչ ավելի, ոչ պակաս «սպանդ» և կոչ արեց ազատ արձակել Մուրսիին և մյուս «քաղբանտարկյալներին»։ Իսկ վարչապետ Էրդողանն առհասարակ որոշեց գլխավորել «բողոքի շարժումը». պահանջեց շտապ գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, իր սովորական հավակնոտությամբ հաջակցություն «եղբայրների» շտապ կազմակերպված հանրահավաքում չորս մատները ցույց տվեց (դա Եգիպտոսի տապալված նախագահի կողմնակիցների ողջույնն է) և լրագրողներին հայտարարեց, որ ինքը «երբեք չի հարգի նրանց, ովքեր իշխանության են եկել զինվորական հեղաշրջման միջոցով»։ Ավելին, նա չխորշեց երկրի նոր իշխանություններին «դաժան մարդասպաններ» անվանելուց, ավելացրեց, որ «դա պետական ահաբեկչություն է», եգիպտացի զորահրամանատար գեներալ Սիսիին համեմատեց Ասադի հետ, հայտարարեց, որ նրանք «մի սանրի կտավ են, ինչպես և նրանք, ովքեր աջակցում են նրանց», և որ Եգիպտոսը բաժանվել է «ժողովրդավարության կողմնակիցների ու հակառակորդների» երկու ճամբարի։ «Եգիպտոսում կան Փարավոնի հետևորդներ և կան Մուսայի (Մովսես) հետնորդներ», հայտարարեց նա։ Բացի այդ, Էրդողանը հերքեց քրիստոնյաների վրա հարձակումների՝ «Մահմեդական եղբայրներին» ուղղված մեղադրանքները, ասելով, որ «եղբայրները» պաշտպանում էին եկեղեցիները։ Իսկ հետո Էրդողանի զայրույթը՝ կապված Թուրքիայի նկատմամբ եգիպտական ամենաբարյացակամ, եթե ոչ միակ բարյացակամ վարչակազմի տապալման հետ, կարծես նրան ուղղակի խելագարության հասցրեց։ Նա սկսեց լրիվ զառանցել, լույս աշխարհ հանելով նույնիսկ «Սիոնական իմաստունների գրությունները», փորձելով վարկաբեկել եգիպտական բանակը, հայտարարելով, որ հեղաշրջումը եգիպտական զինվորականների ու Իսրայելի դավադրության հետևանք է։ Ընդ որում, ինչպես միշտ, Անկարային հատուկ ինքնավստահությամբ հայտարարվեց, որ Թուրքիան մտադիր չէ խզել հարաբերությունները Եգիպտոսի հետ, չի պատրաստվում փակելու դեսպանությունը Կահիրեում, և որ «ոչ մի խնդիր թուրք-եգիպտական առևտրական հարաբերությունների ոլորտում, Եգիպտոսի իրադարձություններից հետո, չի նկատվում»։ Նկատենք, Եգիպտոսը Թուրքիայի համար կարևոր առևտրական գործընկեր է, այնտեղ աշխատում է մոտ 260 թուրք ներդրող, և աֆրիկյան մայր ցամաքում 5-6 մլրդ թուրքական ներդրումների մեկ երրորդը բաժին է ընկնում Եգիպտոսին։
Ի դեպ, Եգիպտոսի նոր իշխանություններն իրենց հերթին բավական երկար են զսպվածություն հանդես բերել։ Թեև նրանք չեղարկել են համատեղ ռազմածովային զորավարժությունները, որոշել են վիզային անցակարգ սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար, պաշտոնական բողոք են հայտնել իրենց ներքին գործերին միջամտելու առնչությամբ և կոչ արել «մեծ զսպվածություն հանդես բերել հօգուտ երկու երկրների շահերի, որոնք պետք է վեր լինեն կուսակցական շահերից» (սա ուղղակի ակնարկ է Արդարության և զարգացման կուսակցության և «Մահմեդական եղբայրների» միջև եղած դաշինքի վերաբերյալ), սակայն քանի դեռ «գործընկերները չէին անցել ընդունելի սահմանը», իրավիճակի լուրջ սրման չէին դիմել։ Սակայն թուրքական իշխանությունները, ինչպես ասում են, թքած ունեին դիվանագիտության վրա և կորցրել էին չափի զգացումը. եգիպտական լրատվամիջոցները հաղորդել են, որ անվտանգության ուժերի ներկայացուցիչների վրա զինված հարձակմանը մասնակցել են «Թուրքիայի թևի տակ ծվարած» սիրիական ընդդիմադիրները, որ էրդողանյան կառավարությունը ֆինանսական աջակցություն է խոստացել եգիպտական իսլամականներին, որ թուրքական հետախուզությունն ու «Մահմեդական եղբայրներ» համաշխարհային կազմակերպությունը բռնություններով ուղեկցվող բողոքներ են հրահրել երկրի մի շարք քաղաքներում, քաղաքացիական անհնազանդության են կոչում և մտադիր են խոչընդոտել ծառայողներին՝ աշխատավայր գնալու ճանապարհին։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ «Մահմեդական եղբայրների»՝ ազատության մեջ գտնվող պարագլուխները Կահիրեում տեղաշարժվելու համար օգտագործում են Թուրքիայի դեսպանության ավտոմեքենաները, դրանցով հասնում են հանրահավաքների վայր, իսկ դրանք, միջազգային կոնվենցիաների համաձայն, ստուգման ենթակա չեն։ Մինչդեռ Էրդողանը, արդեն որերորդ անգամ, չի պատասխանում Եգիպտոսի փոխնախագահ Մուհամեդ Ալ Բարադեյի հեռախոսազանգերին, քանի որ նա «իշխանության է եկել ոչ ընտրությունների միջոցով»։ Այնպես որ, ոչ մի զարմանալի բան չկա, որ Եգիպտոսի ժամանակավոր կառավարության համբերությունը, վերջապես, հատել է։
Թուրքերը, իհարկե, այստեղ գնացել են «վաբանկ» և չարաչար սխալվել են։ Սակայն, ինչպես կարծում են փորձագետները, «Անկարան հայտնվել է իր ռազմավարության գերության մեջ», իսկ աշխարհը հոգնել է «եգիպտական կրքերից» և նոր մոտեցումներ է որոնում։ Թվում է, ամերիկյան վարչակազմի շարունակվող տատանումների մթնոլորտում, որն առայժմ պաշտոնապես չի հայտարարել Եգիպտոսին ցուցաբերվող օգնությունը սառեցնելու մասին, գեներալ Սիսիի կազմած «ուղեցույց քարտեզն» առաջ մղելու Սաուդյան Արաբիայի ու Ֆրանսիայի համաձայնագրերի, ժամանակավոր կառավարությանը «շանս տալու» եվրոպական մի շարք երկրների խոստումների, Ռուսաստանից եգիպտական բանակին զինամատակարարումների մասին պայմանագրերի, ինչպես նաև Պարսից ծոցի որոշ երկրներում «եղբայրության» նկատմամբ անսքող զզվանքի լույսի ներքո, Էրդողանի դիրքորոշումը, մեղմ ասած, շատ ինքնատիպ է։ Թվում է, որ ներկայումս այդ իսլամական շարժումն ունի միայն մեկ հուսալի գործընկեր, որի հետ կարելի է հույսեր կապել. դա Թուրքիան է։ Բայց, հնարավոր է, Էրդողանը, որի հռչակագրերը միայն խորացնում են կողմերի պառակտումը, կարծում է, թե Անկարան այստեղ այլևս կորցնելու ոչինչ չունի։ Եվ նա, ասես սևեռված, դեռ շարունակում է մեղադրել թե՛ արևմտյան երկրներին, թե՛ ամբողջ իսլամական աշխարհին։ «Նրանք, ովքեր այսօր լռում են Եգիպտոսում տեղի ունեցած պետական հեղաշրջման դեմ-հանդիման, այլևս չեն կարող ժողովրդավարություն քարոզել ապագայում»,- հայտարարել է նա։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրոպական միությունը և Իսլամական համագործակցության կազմակերպությունն իրենց խայտառակ դրսևորեցին Եգիպտոսում կատարված զինվորական հեղաշրջման հարցում»,- չի հոգնում պնդելուց Էրդողանը։ Այս մոլագարության հետևանքը, ամենայն հավանականությամբ, կդառնա այն, որ Թուրքիայի լիդերը, որը, անշուշտ, ուզում է ազդեցություն ունենալ Մերձավոր Արևելքի վրա և որն իր համբավի համար քիչ բան չի արել, ինքն իրեն դուրս կմղի տարածաշրջանում որոշումներ կայացնող անձանց շրջանից։
Նկատենք, որ բուն Թուրքիայում ոչ բոլորն են գոհ ստեղծված իրավիճակից։ Այսպես, թուրք քաղաքագետ պրոֆեսոր Իհսան Դագին կարծում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության ոճը խիստ տարբերվում է այդ տարածաշրջանի մյուս երկրներից։ «Նույնիսկ մահմեդական երկրների շրջանում ոչ մեկը մերի նման դիրքորոշում չունի եգիպտական հարցի առնչությամբ»,- «Զաման» թերթի իր սյունակում գրել է նա։ Դոգին ասում է, որ Թուրքիան պետք է վերադառնա Դավութօղլուի քաղաքական կուրսին՝ «զրո խնդիր հարևանների հետ», և կենտրոնանա երկխոսության ու փոխօգնության սկզբունքի վրա։ Բայց թուրքական կառավարությունը, դատելով ըստ ամենայնի, չի շտապում փոխել իր մեթոդները, անգամ եթե Թուրքիան ստիպված լինի իր ներկա դիրքորոշումը, արտաքին քաղաքականության գծով Էրդողանի խորհրդական Կալընի արտահայտությամբ, ներկայացնելու «հպարտ մենության մեջ»։ Բայց արդյո՞ք «քաղաքական ինքնասպան» է նա։ Ինչի՞ վրա է հույսը դնում՝ մարտահրավերներ նետելով և կատաղի պաշտպանելով արդեն անշեղորեն լուսանցք մղվող «եղբայրներին»։ Թվում է՝ այստեղ ոչ այնքան հույզեր են, որքան անձնական լուրջ հաշվարկ։ Համարձակվենք ենթադրել, որ, ամենայն հավանականությամբ, թուրք վարչապետն իրեն նոր դեր է ուզում վերագրել. երևի որոշել է դառնալ նոր «մեսիա» և ամբողջ մահմեդական աշխարհի «անշեջ ջահ»։ Օրինակ, հայտնի է դարձել, որ Թուրքիան Մյանմայում շարունակում է Արականայի նահանգի մահմեդականներին աջակցություն ցուցաբերել բուդդայական բնակչության դեմ պայքարում և այդ նպատակով 60 մլն դոլար է տրամադրել։ Այնպես որ, մինչ արևմտյան երկրներն ու ներքին ընդդիմությունը նախընտրում են Թուրքիայի ղեկավարությանը քննադատել Եգիպտոսի նկատմամբ նրա դիրքորոշման համար, շարքային մահմեդականները հենց դրա համար էլ հիանում են Էրդողանի կառավարությամբ։ ՈՒ նրանց է հիմա ապավինում թուրք վարչապետը։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ