ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սիրիահայերի 2012-13 թթ. դիմադրությունը փրկեց հայերին նոր ցեղասպանությունից

Սիրիահայերի 2012-13 թթ.  դիմադրությունը փրկեց հայերին նոր ցեղասպանությունից
10.11.2013 | 14:22

Շուտով երեք տարի կլինի, ինչ կատաղի պատերազմ է Սիրիայում։ Բոլորին վաղուց հասկանալի է` հարցն այն չէ, որ քաջ հայտնի համաշխարհային ուժերն ուզում են «ժողովրդավարացնել» այդ երկիրը և հանուն դրա ամեն գնով մտադիր են հասնել Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի տապալմանը։ Միանգամայն ակնհայտ է, որ այդ պատերազմի գինն ամենևին էլ ժողովրդավարությունը չէ, քանի որ դեպի Արևելք իր հերթական «խաչակրաց արշավանքում» արևմտյան աշխարհը աջակցել է և շարունակում է աջակցել այն ուժերին, որոնց համար «գործընթացի» շարժիչ ուժն ամենևին էլ ժողովրդավարության հասնելու ձգտումը չէ։
Իսկ չէ՞ որ Սիրիայում «ընդդիմադիր շարժումների» և հանրահավաքների սկզբին Արևմուտքին, ինչպես և մնացած աշխարհին, այդ թվում` Հայաստանին, ակնբախորեն ցույց տրվեց, թե ինչ կարգի «ժողովրդավարություն» են ուզում այն ուժերը, որոնց վրա Սիրիայում որոշել են հենվել արևմտյան պետություններն ու Արևմուտքի ձեռքին գործիք հանդիսացող երկրները։ Փաստորեն, Սիրիայում, ամենաառաջին հակաասադական հանրահավաքներից սկսած, ընդդիմության ներկայացուցիչների կողմից Ասադի տապալում պահանջող կարգախոսների կողքին նույնքան ակտիվորեն հռչակվում էին նաև մոտավորապես այս ոգով պահանջներ. «Քրիստոնյաներին` Բեյրութ, ալավիներին` գերեզման»։ Հակաասադական ուժերը չէին թաքցնում, որ իրենց նպատակը ցեղասպանությունն է, և փարիզներում, վաշինգտոններում ու լոնդոններում ո՞ւմ հասկանալի չէր, որ խոսքը նաև բազմահազարանոց սիրիահայ համայնքի մասին է, ամբողջ Մերձավոր Արևելքի հնագույն քրիստոնյաների` ասորիների, արամեացիների ու խալդերի մասին։
Մեջբերենք միայն 2013 թ. ընթացքում Սիրիայից ստացված տեղեկությունների շատ հաճախ հանդիպող վերնագրերը. «Սիրիական Հոլմսում սպանվել է վերջին քրիստոնյան», «Սիրիայում սպանվել է հերթական քրիստոնյան», «Սիրիական ապստամբները գլխատել են մի քրիստոնյայի և մարմինը նետել շներին», «Սիրիայում իսլամականները բռնաբարել են 13 քրիստոնյա կանանց և սպանել», «Ընդդիմադիրները սպանել և գլխատել են ֆրանցիսկյան հոգևորական Ֆրանսուա Մուրադին», «Սիրիայում իսլամականները երկու շաբաթ բռնաբարել, ապա սպանել են քրիստոնյա մի կնոջ»: Սիրիայի քրիստոնյաների, այդ թվում` հայերի, այս ողբերգական մարտիրոսագրությունը կարելի է երկար շարունակել։ Դեռ մարդկանց հիշողությունից չի ջնջվել Դամասկոսից ոչ հեռու գտնվող արամեական հնագույն սրբազան քաղաք Մաալյուլի ողբերգությունը։ Հիսուս Քրիստոսի լեզվով «քաղաքակիրթ աշխարհին» դիմող տանջահար կնոջ տեսակադրերը ամբողջ հավատացյալ աշխարհին ստիպեցին սահմռկել։ Ինչ-որ տեղ սյանը գամված ծվատված քրիստոնեուհու լուսանկարը` նույնպես։ Աշխարհի հավատացյալները, անկախ դավանանքից, սարսռում էին այդ ամենից, անհավատները զբաղված էին դատարկախոսությամբ։
Ահա 2012 թ. դեկտեմբերի վերջի իրադրությունը, ուր Հայ առաքելական եկեղեցու ծխականների վիճակը բնութագրվում է հետևյալ կերպ. նրանց հետ կատարվողը որոշ հրապարակախոսներ, անգամ Արևմուտքում, անվանում են ոչ այլ կերպ, եթե ոչ «հայերի նոր ցեղասպանություն»։ 2012 թ. օգոստոսին Սիրիան ցնցվեց Զամալկա քաղաքում մի ամբողջ հայ ընտանիքի սպանության ահավոր լուրից. բոլորն սպանվել էին գազանաբար` գլխատվել էին։ Իշխանության և «ընդդիմության» բախումների ընթացքում միայն Հալեպում ¥ամբողջ նահանգի վերաբերյալ անգամ տվյալներ դեռ չկան¤ «ընդդիմության» գրոհայինների գործողություններից զոհվել է Հայ առաքելական եկեղեցու առնվազն 40 ծխական։ Դեր Զորում ¥Դեյր էզ Զոր¤, որտեղ համարյա 100 տարի առաջ հայերի եղեռն արդեն եղել էր երիտթուրքերի կառավարության ձեռքով, ահաբեկիչները ոչնչացրել են հայերի ցեղասպանության զոհերի հուշակոթողը։
Տողերիս հեղինակը դեռ 2012 թ. օգոստոսի սկզբին հանդես եկավ նախազգուշացմամբ` այն առնչությամբ, որ տխրահռչակ «սիրիական ընդդիմության» գաղափարախոս հայրերի անուղղակի նպատակներից մեկը, առնվազն, Սիրիայի լիակատար հայաթափումն է։ Այն ժամանակ բուն Սիրիայում կտրուկ սաստկացել էին «ընդդիմադիրների» պատժիչ գործողություններն ընդդեմ հայերի։ Իսկ Հայաստանում և... ԱՄՆ-ում միանգամայն որոշակի շրջանակների կողմից հազար ու մի անբարո քաշքշուկներ էին հարուցվում։ Անցած տարվա հունիսի կեսերին Երևանում այդ շրջանակներն սկսեցին «պահանջել», որ կազմակերպվի սիրիահայերի «հայրենադարձությունը» Հայաստան։ Թեև այս պարագայում տեղին կլիներ ասել` «արտաքսումը», քանի որ սիրիահայերի ճնշող մեծամասնությունը ոչ մի առնչություն չուներ և չունի «անդրկովկասյան» Հայաստանի հետ, հիմնականում լինելով կիլիկիահայերի ու Մեծ և Փոքր Հայքերի հայրենակիցների ժառանգներ, ովքեր ողջ էին մնացել ցեղասպանության ողբերգալից ժամանակներում։ Մեղադրանքներ էին հնչում Հայաստանի ղեկավարության, «Արմավիա» ավիափոխադրողի տնօրենության հասցեին, լրատվամիջոցները գրում էին. «Սիրիայի հայերը բախտի քմահաճույքին են թողնված» և այլն։ Այդ իրարանցմանը մասնակցում էին նաև Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, ծագումով սիրիահայ Վարդան Օսկանյանը և վաշինգտոնյան «The Armenian Reporter» թերթի խմբագիր Էմիլ Սիմոնյանը, ով առհասարակ առաջարկում էր Հայաստանն ապաստան դարձնել Մերձավոր Արևելքի բոլոր քրիստոնյաների համար, և որ ՀՀ-ն իր ժողովրդագրական խնդիրները լուծեր նաև սիրիահայերի հաշվին։
Եվ այս ամենը հարաճուն ձևով տեղի էր ունենում դեռ մինչ այն, երբ սալաֆա-վահաբական խմբավորումները ներխուժեցին սիրիական քրիստոնեության կենտրոն` Հալեպ, որտեղ էլ հիմնականում ապրում են հայերը։ Ընդ որում, 2012 թ. հուլիսի 26-ին իրենք` հալեպահայերը, հայտարարում էին, որ թեև իրավիճակն օրհասական է, և քաղաքում մարտեր են ընթանում, այդուամենայնիվ, առայժմ «Հալեպի հայկական թաղամասերը ապահովության մեջ են» և «կրոնական բախում Սիրիայում չկա»։ Միաժամանակ հալեպահայերը, փաստորեն, անօգնական վիճակի մեջ հայտնվեցին և դարձան օտար խաղերի անզոր մասնակիցներ։ Այսպես, գործարար Վազգեն Մեսրոպյանը, վկայակոչելով Հալեպի իր ծանոթներին, քաղաքի հայ համայնքի դիրքորոշման մասին հայտարարեց. «Մենք քաղաքականությանը չենք միջամտում»։
Այդ ժամանակ ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ նորից իրենց երկրի ղեկավարությանը կոչ արեցին մարդասիրական օգնություն ցուցաբերել սիրիահայերին, ինչպես նաև աջակցել վերաբնակեցման հարցում։ Եվ հենց այդ ժամանակ էլ պարզվեց, որ դեռ երկու ամիս առաջ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել 2013 թ. արտաքին օգնության բանաձևին, որտեղ առաջին անգամ առանձին տողով նշված է Սիրիայում ապրող հայերին օգնելու անհրաժեշտության մասին։ Կոնգրեսականները պետդեպարտամենտին կոչ էին անում աշխատել Սիրիայի սահմանակից երկրների հետ, որպեսզի նրանք սահմանները բաց պահեն բռնությունից փախչող անձանց համար և նրանց հնարավորություն ընձեռեն օգտվելու դպրոցներից ու բուժհիմնարկներից։ 2012 թ. օգոստոսի սկզբին հայկական մի շարք լրատվամիջոցներ առանձնահատուկ լրատվական սադրանք սարքեցին, ամենայն հավանականությամբ, հենց ԱՄՆ-ի թելադրանքով։ Դրա էությունն այս էր. «Հայաստանը սիրիահայերին անուշադրության է մատնել և պետական օգնության ձեռք չի մեկնում` Ռուսաստանի թելադրանքով»։ «Մի խումբ սիրիահայերի» նամակ էլ կար, որն արձանագրում էր, թե, իբր, Ռուսաստանը «սիրիական հակամարտության առաջին իսկ օրերից Հայաստանի ղեկավարությանը ստիպում էր սիրիահայերին դարձնել Սիրիայի նախագահի կողմնակիցներ», կարծես սիրիահայերն այնքան անխելք են, որ չեն հասկանում, որ հենց կառավարությունն է կռվում ու նաև հայերի անվտանգության համար, որ հենց հայր և որդի Ասադների ժամանակ են հայերը Սիրիայում ամենաբարվոք կենսապայմաններն ունեցել։
Իհարկե, և բարեբախտաբար, ոչ բոլոր հայերն են այսչափ կույր ամերիկամետներ, կային նաև հատուկենտ դեպքեր, երբ այլ կարծիք էր արտահայտվում։ Մասնավորապես, արաբագետ Սուրեն Մանուկյանը դեռ 2012 թ. հունիսի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում կոչ էր անում պաշտոնական հայկական պատվիրակություն գործուղել Սիրիա` ցուցադրելու մեր «աջակցությունը սիրահայերին ու Բաշար Ասադին», քանի որ «Ասադի կառավարման ժամանակ սիրիահայ համայնքը ոչ մի խնդիր չի ունեցել»։ Ի դեպ, հենց նա էլ նկատել էր, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալը դեռ չի նշանակում, թե սիրիահայերը «վերադարձել են հայրենիք»։ Դա սոսկ հնարավորություն է հիմնվելու այլ երկրներում։ Մեկ այլ արաբագետ` Արմեն Պետրոսյանը, 2012 թ. հուլիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում առաջին անգամ կոշտ ընդգծում էր, որ անհրաժեշտ է պահպանել հայ համայնքը Սիրիայում և այդ երկրում նրա ունեցած լուրջ դիրքերը։ Դարձյալ արաբագետ Սարգիս Գրիգորյանը, իր հերթին, նշում էր, որ ոչ բոլոր սիրիահայերը կցանկանան «վերադառնալ հայրենիք», շատերը կմնան Սիրիայում, ուստի անհրաժեշտ է ապահովել այդ երկրի հայ համայնքի կենսագործունեությունն ու անվտանգությունը։ Հենց վերոնշյալ երեք մասնագետներն էլ անցած տարի Հայաստանին հնարավորություն տվեցին այնքան էլ «սևերես չմնալ» խորացող սիրիական ողբերգության, միաժամանակ և սիրիահայերի վիճակի տագնապալիության պայմաններում։
Երևի Հայաստանի ամբողջ հասարակայնությանը մեկ անգամ ևս պետք է հիշեցնել, թե ինչպես և ինչու է հայրենակիցների համայնքը Սիրիայում ստացել «մայր համայնք» կարգավիճակ-անվանումը։ Սիրիայի և Լիբանանի ներկա հայերի շատ նախնիներ առհասարակ այնտեղ գնացել են զենքը ձեռքներին` այդպես էլ չպարտվելով թուրքերի հետ մարտերում։ Օրինակ` նույն մուսալեռցիները։ Կամ Հայկական (Արևելյան) լեգեոնի մարտիկները, որոնք 1917-19 թթ. ակտիվորեն օգնում էին Ֆրանսիային` Կիլիկիայում ջախջախելու թուրքերին և պատրաստվում էին այնուհետև դառնալու ծրագրվող Կիլիկյան Հանրապետության հայոց բանակի մարտիկներ։ Դեռ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Ֆրանսիայի կառավարության հետ կնքված համաձայնագրի համաձայն, Կիլիկիայի հայերից կազմվել էր Հայկական (Արևելյան) լեգեոնը, որն Օսմանյան Թուրքիայի դեմ պետք է կռվեր միայն Կիլիկիայում, իսկ պատերազմի հաղթական ավարտից հետո դառնար ապագա Կիլիկյան Ինքնավար Հանրապետության բանակի կորիզը։ Հայկական լեգեոնը Արարայի ճակատամարտում (1918 թ.) իր քաջարի գործողություններով պատերազմի ելքը վճռեց հօգուտ ֆրանսիական զորքերի։ Առաջին համաշխարհայինում Թուրքիայի կրած պարտությունից և 1918 թ. Մուդրոսի զինադադարի կնքումից հետո նույն տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Հայկական լեգեոնը (մոտ վեց հազար մարտիկ) ֆրանսիացիները տեղակայեցին Կիլիկիայում, սակայն թուրքերի հետ դավաճանական դավադրությունից հետո ֆրանսիացիները հայ լեգեոնականներին տեղափոխեցին Սիրիա։ Շուտով նրանց հետևից հարկադրված էին փախչել նաև Կիլիկիայի այն բոլոր հայերը, որոնք ողջ էին մնացել 1915-18 թթ. ցեղասպանությունից հետո։ Այսպես սկսեց ձևավորվել Սիրիայի ներկա հայ համայնքը։ ՈՒ եթե համեմատելու լինենք 1914-39 թթ. ժամանակահատվածի իրավիճակը 2011-12 թթ. իրադրության հետ, ապա պարզ երևում է, որ Սիրիայի ալավիներին ու քրիստոնյաներին վերստին սպառնում է զանգվածային հաշվեհարդարների ու ցեղասպանության վտանգը։ Կրկնվում են թե՛ Ֆրանսիայի և Թուրքիայի հերթական «մասնակցությունը», թե՛ վահաբականացման փորձերը։
(շարունակելի)


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ