ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հակաիմպերիալիստական գաղափարի» ջատագովը, ռուսների մտահղացմամբ, կդառնա ՇՀԿ-ն

«Հակաիմպերիալիստական գաղափարի» ջատագովը,  ռուսների մտահղացմամբ, կդառնա ՇՀԿ-ն
13.10.2013 | 11:29

Թեև քանակը միշտ չէ, որ որակ է ապահովում, սակայն ռուս քաղգործիչներն ու ամեն կարգի փորձագետները, ասես սրբազան հմայախոսք, չեն հոգնում շարունակ կրկնելուց. «Ահա կընդլայնենք աշխարհագրությունը, նոր միություններ կստեղծենք, քաղաքական առանցքներ կքաշենք, Ռուսաստանը կդառնա առանցքային դերակատար և, իհարկե, շատ լուրջ օգուտներ կքաղի»։

Նոր Ռուսաստանի պատմության ընթացքում բազմիցս լսել ենք նաև, թե ուր որ է կձևավորվի Մոսկվա-Բեռլին-Փարիզ կամ երևակայական Մոսկվա-Թեհրան-Ստամբուլ առանցքը կամ էլի մի ինչ-որ ոչ պակաս տարաշխարհիկ բան։ «Աշխարհագրությունն ընդլայնվել է» ի հաշիվ BRICS-ի (Բրազիլիա-Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան-ՀԱՀ), ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպության)... Էլ չենք խոսում տնաբույծ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի կամ Եվրասիական միության մասին։ Դրանք «ընդգրկում են Երկիր մոլորակի բնակչության գրեթե կեսը, և ամենուր Ռուսաստանը, կրեմլյան երազկոտների թունդ համոզմամբ, դարձել է կազմավորման միջուկ»։
Հիմա էլ շրջանառության մեջ է Մոսկվա-Պեկին-Դելի դաշինքի հերթական նախագիծը։ Հարկ է հիշել, որ իրականում նման եռանկյան կառուցման հնարավորությունն արդեն մեկ դար է, ինչ քննարկվում է, և առաջինն այդ գաղափարն ասպարեզ է նետել Լենինը՝ որպես ապագայի ծրագիր, որովհետև Հնդկաստանն այն ժամանակ Անգլիայի գաղութն էր, իսկ Չինաստանում քաղաքացիական պատերազմ էր մոլեգնել։ Այսինքն, այն ժամանակ էլ, հիմա էլ, փաստորեն Արևմուտքի հանդեպ այլընտրանքային ուժի կենտրոն ստեղծելու մտադրություն կար։ Իսկ ի՞նչ ստացվեց դրանից։ Վերհիշենք թեկուզ կոմունիստական Չինաստանի հետ ԽՍՀՄ-ի ռազմական ընդհարումը։ Այս անգամ այդ մոռացված, բայց դեռևս կենդանության նշաններ ցույց տվող «հակաիմպերիալիստական գաղափարի» ջատագովը, ռուսների մտահղացմամբ, կդառնա ՇՀԿ-ն։ Եվ այն, որ ո՛չ Չինաստանը, ո՛չ առավել ևս Հնդկաստանը, մտադիր չեն փչացնելու իրենց շատ սերտ հարաբերություններն ԱՄՆ-ի կամ Եվրոպայի հետ, և այն, որ դեռ մեծ հարցականի տակ է ՇՀԿ-ի առաջիկա ընդլայնումը, և անգամ այն, որ Պուտինը Ղրղզստանի մայրաքաղաքում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում կարծիք հայտնեց, թե կազմակերպությանը նոր պետությունների անդամակցության հետ կապված աշխատանքը պետք է շարունակվի, բայց «պետք է գործել զգուշորեն, առանց շտապելու», ամենևին չի խանգարում ռուս դիվանագետներին կանոնավորապես զեկուցելու «ձեռք բերած հաջողությունների» մասին։ Օրինակ, օրերս Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարեց, թե «ՇՀԿ-ն միայն կշահի Հնդկաստանի և Պակիստանի անդամակցությունից»։ Նա մասնակիցներին կոչ արեց բավարարել կազմակերպությանն այդ երկու պետությունների միանալու հայտը և ասաց, որ այդ հարցում Հնդկաստանի շահագրգռությունը կքննարկվի երկրի վարչապետ Սինգհի Մոսկվա կատարելիք այցի ժամանակ։ Այսինքն, «աշխարհագրության ընդլայնման» հարցը, կարծես, շուտով և հաջողությամբ կլուծվի։ Սակայն շատ հետաքրքրական է նաև այն, թե նախարարը հիշեցրել է, որ նոր են միայն «հանձնարարականներ տրվել պատրաստելու նորմատիվ փաստաթղթերի մի փաթեթ, որոնք անդամության չափանիշներ կբովանդակեն»։ Իսկ դա, համաձայնեք, մեկ օրվա գործ չէ։ Ասենք, Բիշքեկի վերջին գագաթնաժողովում էլ անկախակալ շատ դիտորդներ նկատեցին, որ դիտորդ երկրները՝ Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը, Մոնղոլիան կամաց-կամաց կորցնում են հետաքրքրությունը կազմակերպության նկատմամբ, որ բարձր մակարդակի գագաթնաժողովներում Հնդկաստանը լավագույն դեպքում ներկայացնում է փոխվարչապետի մակարդակի ինչ-որ մեկը, որ Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանին այնտեղ էր, քանի որ ընտրվելուց հետո դա նրա առաջին հնարավորությունն էր հանդիպելու միանգամից մի քանի գերտերությունների ղեկավարների հետ, որ Թուրքիայի մասնակցությունն ավելի քան տարօրինակ է, իսկ այնպիսի դիտորդներ, ինչպիսիք են Մոնղոլիան կամ Բանգլադեշը, ավելի շուտ պարզապես բազմազանության համար են։
Մինչդեռ, Հնդկաստանի ու Պակիստանի լիարժեք անդամակցության համար խոչընդոտ է և այն, որ, կազմակերպության կանոնադրությամբ, անդամ երկրները չպետք է միմյանց հետ ունենան չկարգավորված հակամարտություններ, սակայն, ինչպես հայտնի է, Պակիստանն ու Հնդկաստանն արդեն մի քանի տասնամյակ, 1947 թ. Հնդկաստանի բաժանումից ի վեր, չեն կարողանում կարգավորել Քաշմիրի խնդիրը, և արյունալի բախումներն էլ այստեղ սովորական բան են դարձել։ ՈՒ թեև ռուս փորձագետները հավատացնում են, թե պետք չէ «բացարձակացնել պակիստանա-հնդկական հակասությունները», նրանց փաստարկները, ըստ երևույթին, առայժմ քիչ նշանակություն ունեն հակամարտող կողմերի համար։ Բացի այդ, Հնդկաստանն ու Պակիստանն ընդամենը երկու տարի է, ինչ վերականգնել են հարաբերությունները, և առայժմ բացահայտորեն վաղ է խոսել համագործակցության մասին։ Այսպիսով, իրավիճակն այնտեղ, չնայած միջազգային ընկերակցության ու նախ և առաջ ԱՄՆ-ի բոլոր ջանքերին, պետական մակարդակով էլ է շարունակում պայթյունավտանգ մնալ։ Իսկ ՇՀԿ կանոնադրության մեջ արձանագրված է, որ կազմակերպության մեջ մտնելու ցանկություն հայտնած պետությունը պետք է ակտիվ առևտրատնտեսական ու հասարակական կապեր պահպանի ՇՀԿ անդամ պետությունների հետ։ Այնպես որ, ինքներդ հետևություններ արեք։
Էլի մեկ բան։ Ռուսաստանը պատրաստ է պաշտպանելու Հնդկաստանի անդամակցությունը։ Չինաստանը, հնարավոր է, հաշվի առնելով Դելիի հետ ունեցած բարդ հարաբերությունները, չառարկեց երկրի անդամակցությանը, միայն նշեց, որ այդ դեպքում հարկավոր է Պակիստանը ևս ընդունել։ (Այս տարվա գարնանը, օրինակ, Հնդկաստանը Չինաստանին մեղադրել էր պետական սահմանի խախտման մեջ. հնդկական իշխանությունների ասելով, ՉԺՀ-ի զինվորները սահմանն անցել էին Հիմալայներում և, խորանալով Հնդկաստանի տարածք, ճամբար էին խփել։ Այն ժամանակ լարված դիվանագիտական շփումները միայն օգնեցին խուսափելու բախումից)։ Հետևաբար, եթե նախկինում լավից-վատից կարելի էր քննարկել ՇՀԿ-ն քաղաքական դաշինք դարձնելու որևէ հնարավորություն, ապա այժմ դա կարող է է՛լ ավելի լուրջ խնդիրներ հարուցել։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ՇՀԿ-ի ներսում հակասությունների հիմնական առանցքն ընդլայնումից հետո կանցնի Պակիստան-Հնդկաստան-Չինաստան գծով։ Ավելին, եթե Հնդկաստանը Ռուսաստանի ավանդական գործընկերն է, ապա Պակիստանի հետ Մոսկվայի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն եղել, հատկապես աֆղանական պատերազմի ժամանակ, ինչը չի կարելի ասել Իսլամաբադի ու Պեկինի կայուն կապերի մասին։ Արևմուտքի ազդեցությունն էլ երկու երկրներում դեռ մեծ է, ընդ որում, եթե անգամ ՇՀԿ-ին այդ երկրների անդամակցությունն իրականություն էլ դառնա, ամենևին չի նշանակում, թե ռուսական դիրքերն այնտեղ կամրապնդվեն, առավել ևս, կգերիշխեն չինական դիրքերի նկատմամբ։
Այն, որ Չինաստանը եղել է և հնարավոր է դեռ երկար ժամանակ կլինի ՇՀԿ-ի առաջատար ուժը, արդեն ակնհայտ է։ Ավելին, այն, որոշ գնահատականների համաձայն, արագորեն վերածվում է «ՉԺՀ-ի արտաքին տնտեսական գործունեության նախարարության»։ Այսպես, օրինակ, չնայած Մոսկվայի բոլոր ջանքերին և նրա կողմից դեռևս մոռացության չմատնված ձեռնարկմանը՝ այդ կազմակերպությունից սարքելու «հակաՆԱՏՕ»-ի նման մի բան, Պեկինը հակված չէ ՇՀԿ-ն վերածելու քաղաքական, առավել ևս, ռազմական կազմակերպության։ Ասենք, դա Չինաստանին ամենևին չի խանգարում զուգահեռաբար (գոնե առայժմ և համեմատաբար սահմանափակ չափերով) մեծացնելու կենտրոնասիական պետություններին ցուցաբերվող ռազմատնտեսական օգնությունը (այդ համագործակցության մասին կաշխատենք պատմել առաջիկայում)։ Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն անզոր է փոխելու նաև այն, որ Չինաստանը ՇՀԿ-ն համարում է բացառապես իր տնտեսական (առայժմ տնտեսական) ազդեցության տարածման միջոց։ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի ներկա այցը տարածաշրջան, ապա՝ Բիշքեկ, ասվածի լավագույն ապացույցն է։ Այդպիսով, ձախողվում է ՇՀԿ-ի հիմնադիր հայր Վ. Պուտինի ևս մեկ հղացումը, այն է՝ կազմակերպությունը, ՀԱՊԿ-ի հետ մեկտեղ, դարձնելու Կենտրոնական Ասիան Ռուսաստանին կապող ևս մեկ շղթա, այսինքն` գերիշխող դիրքերի հաստատման գործում «մայր երկրի» ինչ-որ ոստնակ։ Փաստորեն, տարածաշրջանի բոլոր երկրները, ներառյալ «հավատարիմ» Ղազախստանը, իրավիճակին զուգընթաց, խուսավարում են ՉԺՀ-ի ու ՌԴ-ի միջև, ու հաճախ ՇՀԿ-ն օգտագործում են չինական ներդրումներ ստանալու համար։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, Շանհայի կազմակերպությունն այդպես էլ չի դառնա Կրեմլի առաջադրած խնդիրների լուծման գործիք։ Եվ ծրագրվող ընդլայնումը, անգամ եթե իրականանա, չի կարող փոխել իրավիճակը։ Առհասարակ, դատելով ըստ ամենայնի, այստեղ էլ Մոսկվան մնաց որպես չկայացած «հեգեմոն»։ Անգամ հեռանկարում ՇՀԿ-ն ռուսական կառույց կարող է համարել կա՛մ միայն անհուսալի լավատեսը, կա՛մ կեղծարարը։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ