ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մնացած բոլորը հեքիաթներ են

Մնացած բոլորը  հեքիաթներ են
02.07.2013 | 01:44

Ձեզ չի՞ թվում, որ այս ամենն արդեն եղել է: Եղել է ոչ մեկ անգամ, բայց մոռացվել ու անցել է, ինչպես տարվա ընթացքում ոչ ոք չի հիշում ձմռանը եկած ձյունը: Լավագույն դեպքում ասում են` ձյունն առատ էր, կամ` մի կարգին ձյուն էլ չեկավ ձմռանը: ՈՒ` վերջ: Հունիսի 29-ին նախագահականում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ խորհրդակցություն է կայացել: Այս երկար պաշտոնական վերտառության տակ Վերահսկիչ պալատի աղմկահարույց հաշվետվության վերջակետումն է: Հունիսի 16-17-ից հետո, երբ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը հնչում էր Ազգային ժողովում իր հայտնի մանրամասներով, ինչ-որ պահի թվում էր, որ նույնիսկ ԱԺ նախագահի ճշմարտության որոնումներում աննահանջ կամքը չի հերիքի գործին ընթացք տալու համար: Թեպետ Հովիկ Աբրահամյանը, ի վերջո, բոլորովին էլ պարտադրված չէր հաշվետվությունը դատախազություն ուղարկել: Ավելին` ուղարկեր, կարող էր հարվածի տակ հայտնվել ¥ինչն արդեն ակնհայտ է¤, չուղարկեր, վերստին հարվածի տակ էր հայտնվելու` իբրև անհետևողական և անպատասխանատու քաղաքական գործիչ, որ իր խոսքի տերը չէ: Բայց իր ճանապարհն ինքն է ընտրել: Ինչպես իր գործելակերպն ինքն է ընտրել գլխավոր դատախազը: Աղվան Հովսեփյանը ի պաշտոնե պարտավոր էր ընթացք տալ ՎՊ-ի հաշվետվությանը: Բայց նա սպասում էր հրահանգի: Բոլորն էին սպասում: Հենց դա է իրավիճակի ամբողջ անհեթեթությունը: Պետական կառավարման համակարգը գործում է հրահանգով: Այսինքն` իշխանության սահմանադրական տարաբաժանումը Հայաստանում ձևական է, իրականում ամբողջ իշխանությունը ունի գործադիր կառավարում` նախագահականից: Սա երեկ չի սկսվել ու վաղը չի վերջանալու: Ցավոք: Իսկ ամենացավալին այս ողջ պատմության մեջ այն է, որ Վերահսկիչ պալատի հաշվետվության բովանդակությունը դրվեց մի կողմ և հասարակական քննարկման կենտրոնում հայտնվեցին գործող անձինք ու նրանց հետագա ճակատագրերը, իրավիճակը բնորոշվեց «կոմպրոմատների պատերազմ»: Կշարունակի՞ պաշտոնավարել Իշխան Զաքարյանը` սեպտեմբերին լրանում է նրա ընտրության ժամկետը: Կշարունակի՞ պաշտոնավարել Աղվան Հովսեփյանը: Առաջին դեպքը չէ, երբ դատախազությունը քննադատվում է ամենաբարձր մակարդակով: Ավելին` քննարկման առանցքը մեծացավ ու ընդգրկեց ընդհանրապես ներիշխանական փոխհարաբերությունները: Երբ իշխանությունը մեկ կուսակցության ձեռքում է, ցանկացած իրադարձություն պետության ներսում կարող է գնահատվել իբրև ներիշխանական բախում, նվազագույնը` փոխհարաբերությունների պարզաբանում և հիերարխիկ վերադասավորման փորձ կամ հետևանք: Թեպետ բոլորովին պարտադիր չէ, որ իրադարձության հիմքում լինեն ներիշխանական հակասություններ: Բայց դա Հայաստանի դեպքը չէ:
ՀՀ նախագահը միանգամայն ճիշտ է, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը չպիտի քաղաքական գնահատական ստանար ՎՊ նախագահի շուրթերից: Նա պիտի խոսեր թվերի ու փաստերի լեզվով, քաղաքական գնահատականը քաղաքական ուժերի իրավասությունն է: ՀՀ նախագահը միանգամայն ճիշտ է, որ Վերահսկիչ պալատի գործունեությունը պետք է տարբերվի ֆինանսների նախարարության վերստուգիչ, վերահսկող վարչության աշխատանքից, պետք է լինի աուդիտորական գործունեություն: ՀՀ նախագահը միանգամայն ճիշտ է, որ աշխատանքի տեմպը, անկախ քննարկումներից, չպետք է գցել, և բոլորը պիտի զգան ՎՊ-ի հավասարապես օբյեկտիվ ներկայությունը, թերություններն էլ հայտնաբերվեն ոչ թե 1-3 տարի հետո, այլ ընթացքում:

Բայց ճիշտ է նաև այն, որ ՎՊ-ն ինքն իր գործառույթները չի կարող փոխել օրենսդրական մակարդակում, ավելին` ՎՊ-ի գործունեությունը աուդիտորական մակարդակում տեսնելու համար քայլեր պետք է ձեռնարկվեն ոչ թե ՎՊ-ում, այլ իշխանության բոլորովին այլ օղակներում, իսկ քանի դեռ այդպես չէ, ցանկացած հաշվետվություն քաղաքականացվելու է: Իշխան Զաքարյանն այդ պաշտոնում բավականաչափ աշխատել է, որպեսզի տիրապետի իր աշխատանքի ոչ միայն մասնագիտական, այլև քաղաքական նրբություններին, և կարողանա մնալ չեզոք` չփորձելով պաշտոնական գործունեությամբ ազդել ուժերի հարաբերության փոփոխությանը: Դա վտանգավոր ու ոչ բոլոր դեպքերում հաջողություն երաշխավորող գործընթաց է: Ի վերջո, եթե ամառային ամիսները լինեն ՎՊ ներկա նախագահի պաշտոնավարման վերջին ամիսները, պալատն անդառնալի կորուստ չի ունենա, Իշխան Զաքարյանն էլ հաստատ չի բարձրացնի աղքատության տոկոսը Հայաստանում: Կառույցը կշարունակի գործել: Եվ գուցե ՎՊ-ի նոր նախագահը այլևս իշխանական ներհակ թևերի խայծերը կուլ չի տա` նախորդի փորձից ելնելով: Իսկ եթե շարունակի պաշտոնավարել, կաթից վառված` ջրին էլ կփչի:
Դատական իշխանության սերտաճումը գործադիր իշխանության հետ Հայաստանում արդեն ավանդույթ է, ինչպես քրեաօլիգարխիկ համակարգի սերտաճումը իշխանության հետ: Եվրոպացիներն իրենց բանաձևերով, մոնիթորինգներով ու որոշումներ-հորդորներով եկան ու գնացին, եկան ու գնացին, առավելագույնը թղթի վրա ստացան իրենց ակնկալածը, մենք էլ պետականորեն հրճվանք ապրեցինք նրանց տեղը դնելու համար: Միամտորե՞ն չհասկացանք, որ եվրոպացիներին ոչ տաք էր, ոչ պաղ մեր աչքակապությունից, մեզ էր պետք նրանց առաջարկների կատարումը: ՈՒ եթե մենք իսկապես ժողովրդավարության ոչ թե ձևական, այլ իրական ճանապարհով գնայինք, այսօր կունենայինք անկախ Սահմանադրական դատարան, անկախ Վերահսկիչ պալատ, անկախ դատական համակարգ, հասարակության մեջ քաղաքական ուժերի իրական դասավորությանը համարժեք խորհրդարան և համապատասխանաբար կազմված կառավարություն: Որովհետև մեր Սահմանադրությունը մեզ չի սովորեցնում օրենքները փոխարինել հրահանգներով ու կարգադրություններով: Որովհետև մեր Սահմանադրությունը երկրի գլխավոր դատախազից չի պահանջում հոգեխանգարմունքի մասնագետ լինել, ընդամենը սահմանում է նրա և նրա ղեկավարած ոլորտի գործունեության շրջանակները: Եվ այս դեպքում ակնհայտ է, որ դատախազությունը, ինչպես նախագահն ասաց, ուսումնասիրելու է գործը ու պարզի, որ «Եթե ՎՊ նախագահը հայտարարում է, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը` 701 միլիարդ, վտանգված է, ակնհայտ է, որ դա շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է»: Որ 2-3 օր հետո հայտարարություն է լինելու` «ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են»: Այդ ընթացքով այնքան անկարևոր է` ո՞վ է գլխավոր դատախազը` Աղվան Հովսեփյա՞նը, թե՞ Հովսեփ Աղվանյանը, և ընդհանրապես գործո՞ւմ է, չի՞ գործում այդ հիմնարկը: Իսկ ընդհանրապես հունիսի 27-ին մուտքագրելով գործը, դատախազությունը հունիսի 29-ին հաստատ հայտարարություն անել չէր կարող, եթե աներ էլ, այդ հայտարարության գինը մեկ լումա իսկ չէր լինի: Իրավականորեն: Մյուս հարթությունները չարժի քննարկել, որովհետև հավատը հեռացել է, հույսը գործընկեր չէ:
Տեսնո՞ւմ եք` մեկ խորհրդակցությանը որքան հարակից հանգամանքներ կան: Իսկ եթե հավելենք, որ այս խորհրդակցության վերաբերյալ պաշտոնական հրապարակման մեջ ընդհանրապես անդրադարձ չեղավ օֆշորային ոչ պակաս աղմկահարույց իրադարձությանը, եթե նաև արձանագրենք, որ խորհրդակցությանը ներկա չէր ԱԺ նախագահը, թեպետ նա ՎՊ-ի հաշվետվության այսպիսի ընթացք ստանալու հարցում գործող անձ է` իբրև խորհրդարանի ամբիոնից ամենաընդդիմադիր ելույթի հեղինակ ¥ճիշտ է, Հովիկ Աբրահամյանը Երևանում չէր, բայց փաստը, որ նման կարևորության խորհրդակցությունը կարող է կայանալ նրա բացակայությամբ, վկայում է նրա ներկայության ոչ այնքան անհրաժեշտությունը, իսկ դա մտածելու տեղիք է տալիս¤, եթե նաև հաշվի առնենք, որ ՎՊ-ի հաշվետվության ընթացքին նաև կուսակցական գնահատական է տրվելու, կպարզվի, որ ո՛չ հասարակությունը, ո՛չ լրատվամիջոցները չէին սխալվում, երբ խնդրո առարկան մի կողմ դրած, քննարկում էին գործող անձանց ներկա ու հետագա ճակատագրերը: Իշխանության ներսում երկրի կառավարման հարցերում սկզբունքային հակասություններ չկան, չկան տարաձայնություններ պետության կառավարման մոդելի հարցում, ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ այլընտրանքային տեսակետներ չկան: Կան իշխանական ու տնտեսական լծակների վերաբաժանման հարցեր և գլխավորը` շարունակվում է իշխանության համար պայքարը: Բարեհաջող դաշտից դուրս բերելով ընդդիմությանը, չեզոքացնելով ինքնամեկուսացած այլընտրանք ԲՀԿ-ին, ՀՀԿ-ին այլևս ոչինչ չի մնացել անելու, քան իշխանության պայքարը իր ներսում կենտրոնացնելն է: Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան հակամարտություն իրականում չկա, նրանք խորհրդանիշներ են այս դեպքում, որ հարկադրված են գլխավորել իշխանության տարբեր թևերը: Բազմազանության, իշխանության համար պայքարին քաղաքական հանդերձներ տալու համար նրանց հաճախ է տրվում ռուսամետ, արևմտամետ, գործող նախագահի, նախորդ նախագահի մարդ բնորոշումները, բայց իրականում վերստին պատճառն ու հետևանքը խառնվում են: Նրանք այդպիսին դարձել են ի հետևանս իշխանության համար մղվող պայքարի, ոչ թե իրենց սկզբունքների ու գաղափարների թելադրանքով: Ցավոք: Որովհետև սկզբունքներն ու գաղափարները ենթադրում են խաղի կանոններ, իսկ իշխանակռիվը ոչ մի կանոն չունի: Հաղթողին չեն դատում, պարտվողին չեն ներում` սա է օրենքը այս մարտերում: Այս ամենն արդեն եղել է, եղել է բազմիցս և ամեն անգամ, ձմռան ձյան նման, հետևանքներ չի ունեցել: Ժամանակն է իրավիճակ փոխելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- «Մեկը մի քիչ էմոցիոնալ է, մյուսը մի քիչ ավելի հանգիստ, հանդարտ է: Բայց դա չի նշանակում, որ մենք տարբեր ամբիոններից, տարբեր տեղերից պետք է փորձենք մեր անձնական փիարն անել: Բացառվում է: Ես այդպիսի մոտեցումներին կատեգորիկ դեմ եմ»,-ասաց Սերժ Սարգսյանը: Հունիսի 29-ի նախագահականում հրավիրված խորհրդակցության մեխը սա էր: Սա վերջին նախազգուշացում էր, որ կրկնության դեպքում «փիարն» անիմաստ է դարձնելու: Իսկ այն, որ նախագահը պաշտոնատար անձանց կոչ էր անում ելույթ ու հարցազրույց տալիս աշխատել ելույթի ու հարցազրույցի վրա, դրությունը չի փրկի, այս երկրում կարևորվում է ոչ թե ասվածը` իր ձևով ու բովանդակությամբ, այլ ասողը: Ապացո՞ւյցը` դեռ որևէ սկանդալից հետո պետական որևէ պաշտոնյա հրաժարական չի տվել և շարունակել է բարեհաջող պաշտոնավարել: Մնացածը, իրոք, հեքիաթներ են ու հեքիաթներ էլ կմնան, եթե գրագետ կամ անգրագետ արտաբերված ու շարադրված խոսքին չեն հետևում գործեր: Այս դեպքում` Վերահսկիչ պալատի հաշվետվության և իրականության պարզաբանման ու օրենքի սահմաններում որոշումներ կայացնելու:

Դիտվել է՝ 2005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ