«5165» շարժումը և հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ ապրիլի 19-ից սկսում են անդադար ռեժիմի գործողություններ, որոնց նպատակն է հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Կարին Տոնոյանի խոսքով «5165» շարժումը իր բողոքի գործողություններով ձգտելու է համախմբել հանրությանը Արցախի ազատության օրակարգի շուրջ։
«Այսօրվանից «5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ։ Մենք կոչ ենք անում բոլոր կուսակցություններին հետևել մեր օրինակին, որ կարողանանք հավատ և վստահություն արթնացնել մեր ժողովրդի մեջ։ Սա խմբային պայքար չէ, սա վեր է բոլոր խմբային և անձնային շահերից, մենք պայքարի ենք դուրս գալիս հանուն Արցախի և հայրենիքի։ Մի՛ անձնավորեք այս պայքարը, այս հրապարակում յուրաքանչյուրդ ունեք ձեր տեղը, հայրենիքիդ առաջ յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտականությունը»,- ասաց Տոնոյանը։
Շարժման անդամներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Հովհաննես Ղազարյանը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը ևս մեկ անգամ խոսեցին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների գործողությունների, կառավարման ընթացքում թույլ տված ճակատագրական սխալների մասին շեշտելով , որ հիմա Հայաստանի և Արցախի փրկության սկիզբը կարող
է դառնալ Փաշինյանի հեռացումը։
«5165» շարժման անդամներն ու բոլոր մասնակիցներն իրենց ձեռքերին կապեցին կարմիր ժապավեն և մեկ մեծ կարմիր ժապավենով Ազատության հրապարակից երթ սկսեցին պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Կազմակերպիչների խոսքով այս քայլով ցույց են տալիս, որ Փաշինյանն անցել է հնարավոր բոլոր կարմիր գծերը։
Նշենք, որ կարմիր ժապավենների ակցիան շարունակական է լինելու, այն անցնելու է Երևանի, ինչպես նաև հանրապետության տարբեր քաղաքների փողոցներով։ Մասնակիցները նաև կոչ արեց բոլորին այսուհետ կապել կարմիր ժապավեն պահանջատեր լինելով իրենց ապագային։ Վաղը նրանք Երևանի տարբեր բուհերում կհանդիպեն ուսանողների հետ՝ կոչ անելով միանալ։