Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Վարդան Խարազյան. Այն օրին էիք մեզ հասցրել, որ նախընտրեցինք դավաճաններին

Վարդան Խարազյան. Այն օրին էիք մեզ հասցրել, որ նախընտրեցինք դավաճաններին
20.02.2022 | 12:08

ՈՒ՞մ ասեմ, ու՞մ հետ խոսեմ: Զուր է:
Բայց ասեմ մի բան՝ օդի մեջ կրակված փամփուշտի պես:
Ինչի՞ց է ատելությունը առաջանում և սիզախոտի պես իր լկտի ու անպարտելի արմատներով, իր անողորմ մագիլներով տիրում հայրենիքի ընդերքը, բռնում հայրենիքի սիրտն ու հոգին:

Ինչի՞ց են զզվանքն ու գարշանքը առաջանում: Դրանք առաջ են գալիս ոչ թե անարդարությունից, այլ՝ խիստ անարդարությունից, ոչ թե արհամարհանքից, այլ՝ լկտի արհամարհանքից, ոչ թե անկարեկցությունից, այլ՝ կեղեքումից: Երբ ծեր կինը ձմռան ցրտին Աբովյան փողոցում դեմս է դուրս գալիս ու իր մենակ գիշերի ցրտահար ձեռքերով հացի փող աղերսում, ահա այդ ժամանակ Աստված թքում ու հեռանում է այդ հայրենիքից, և ինչպես Եսայի մարգարեն է ասում՝ լակոտներն են դառնում այդ երկրի իշխանները: Իսկ նրանք, խորթ զավակների պես, յուրաքանչյուրը իր յուրովի անգթությամբ, լլկում են մեկն իրենց խորթ հորը, մեկն իրենց խորթ մորը... Այդպես առաջանում են նույն ազգի մեջ երկու կամ երեք պետություն. մեկը՝ Հյուսիսային, մեկը՝ Հարավային, մեկը՝ Միջին: Այդպես հիմա բաժանված է իմ խեղճ ու ողբերգական հայրենիքը. Սյունիքը՝ թուրքերին, որպես ճանապարհ, Գյումրին՝ ռուսներին, Երևանն էլ՝ բոլոր ազգերին:

Եվ ինչու՞ են մարդիկ այս մեծ դավաճանությանը համաձայն. որովհետև դուք նվաստացրիք նրանց ու կեղեքեցիք, որովհետև հիվանդ ու լացակումած կինը աղաչեց երկրի նախագահին, որի կողքին կանգնած էր կաթողիկոսը, իսկ մյուս կողքին՝ մեծ օլիգարխը, և դուք այդ արցունքոտ հիվանդ կնոջը ասացիք՝ ի՞նչ ես եկել մեր տոնը խանգարում... Ահա այդ ժամանակ Աստված թքեց ու հեռացավ, և անեծքը եկավ՝ ահավոր թրերը պատյաններից հանած: Կոպեկներով ուզեցիք մարդկանց աշխատեցնել ու վերջում այդ կոպեկներն անգամ չվճարեցիք, հայ կնոջը գիշերները երեք հազար դրամով տասնչորս ժամ ամաններ լվանալ տվիք, հայ տղամարդուն գիշերները երկու հազար դրամով պահակ կանգնեցրիք ցրտում սոված, հայ մերիկները ձմռան սառույցներին ընկան-կոտրեցին ոտք ու ձեռք, և դա նորմալ համարեցիք: Աստված զզվեց, լսեց գիշերներում արձակված խեղճերի վրեժխնդրության հառաչանքը ու ձեռքը վերցրեց:


Հիմա նոկաուտների վերջին հարվածներն է տալիս մի մարդ, որից չեք փրկվելու, ծնկի է բերել ձեզ, չոքացրել է ու վիզ է կտրելու: ՈՒ լավ է անում: Չէ՞ որ դա ձեր սիրելին է, ձեր փրկիչը: Ձեր մեջ արյուն չկա, վրեժ չկա, ջուր է: Սիրում եք լռել, ձայն եք հանում միայն թրով գլուխներդ կտրելուց հետո: Տնքում եք վիզներդ թռցնելուց հետո միայն: Կորեաներից վատ մի երկիր է այդտեղ մնալու՝ Հյուսիսային Հայաստան, Հարավային Հայաստան, Միջին Հայաստան, որովհետեև ոչինչ չսովորեցիք, մնացիք Գիքոր ու Զիմզիմով, հիմա կերեք դա, ինչ ցանել եք՝ այն էլ հնձեք, խաբեբաներ: Այնքան ուժասպառ անելով բռնաբարեցիք ձեր ազգին, ձեր ժողովրդին, ձեր մայրիկներին, որ էլ չեն գա, կհանդուրժեն մի դավաճան սրիկայի, քան ձեզ, այնքան, որ դուք լլկեցիք ու չվճարեցիք, ես հո ՞գիտեմ ձեզ, անգիր գիտեմ: Ձեր խաչն էլ է զզվանք, ձեր հավատն էլ, ձեր ամեն ինչը զզվանք է: Էլի անտեր մնացին թշվառները, խեղճերը, տկլորները, անատամները, մեռածները լավ պրծան, դիակները երջանիկ են ավելի, քան դիակ հավաքողները: Նախկիններն էլ են հրաշալի, ներկաներն էլ են հրաշալի, էլի խեղճերն են տնավեր, սոված ու անտեր: Դուք սպանեցիք ձեր ժողովրդին, նա հիմա նստած է տանը՝ անփող, անապագա, անտեր, սոված-ծեծված շնիկների պես, վանդակներում սոված պահած անտեր շների պես, և դուք ուզում եք որ նրանք ելնե՞ն, ձե՞զ միանան: Պառլամենտում, ասի, մի օրենք մտածեք ի օգուտ մարդու, ժամավճար սահմանեք, որից ցածր չպիտի վճարվի հայը, իջեցրեք թոշակային տարիքը, դարձրեք վաթսուն, վաթսուներեքում արդեն մենք մեռնում ենք հենց միայն ձեզնից, ոչ՝ ասացիք դուք: Ո՛չ:


Հիմա կոտրված, կիսամեռ մի ժողովրդի ուզում եք ոտքի կանգնեցնել. նա սիրով կկանգներ, բայց ի վիճակի չէ, նրա թևերը կտրել եք դուք, եթե նա արծիվ էր՝ նրա մագիլները կտրել եք դուք: Բայց ես հուսահատ չեմ: Դուք տանուլ տվեցիք իմ հայրենիքը, վառել տվեցիք իմ մանուկների տները, այդ տղան ես էի, որ նայեցի իմ հոր ձեռքը բռնած մեր այրվող տան լուսամուտներին, այդ ես էի, ուրիշը չէր, դուք չէիք, ես էի: Եվ ես հուսահատ չեմ: Այդ դուք եք անտեր, հուսահատ... Հավատացնում եմ ձեզ, դուք, որ դավաճանեցիք մեզ: Ավելի դաժան խոսք, որ թուրքը գա Երևանում նստի՝ չկա, ու ես դա եմ ցանկանում ձեզ:
Ամո՛թ մեզ, ամո՛թ, որ դավաճաններին նախընտրեցինք, քանզի այն օրին էիք մեզ հասցրել, որ նախընտրեցինք դավաճաններին:

Դիտվել է՝ 7070

Մեկնաբանություններ