ՄԻԵԴ-ը որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որ պահանջել էին ՀՀ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և 3 անդամները Սահմանադրությունում վերջին փոփոխությունների առնչությամբ: Եվրադատարանի հաղորդագրության համաձայն՝ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորներն ակնկալում էին, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս 3 հայցվորները՝ դատավորների պաշտոններից:
ՄԻԵԴ-ը մանրամասնում է, որ 2015-ին փոփոխված ՀՀ Սահմանադրությունում ամրագրված է ՍԴ դատավորների պաշտոնավարման 12-ամյա և ՍԴ նախագահի պաշտոնավարման 6-ամյա ժամկետ: Այդուհանդերձ, անցումային դրույթներով նախատեսված էր, որ մինչև սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ դատավորները պաշտոնավարելու են հին կարգով՝ մինչև կենսաթոշակի անցնելը, նմանապես՝ ՍԴ նախագահն էլ մինչև կենսաթոշակի անցնելը պետք է պահպաներ իր մանդատը: Վերջերս որոշվել է փոփոխություններ կատարել Սահմանադրությունում և ՍԴ դատավորների համար սահմանել պաշտոնավարման 12-ամյա ժամկետ՝ անկախ նրանից, թե երբ են նշանակվել, սահմանափակել ՍԴ նախագահի պաշտոնավարումը 6 տարով: Նշանակվել էր հանրաքվե, որը, սակայն, չկայացավ համաճարակի պատճառով, և փոփոխություններն ընդունվեցին խորհրդարանի կողմից ու հունիսին մտան ուժի մեջ, նշված է հաղորդագրությունում: Եվրադատարանը որոշել է մերժել հայցվորների պահանջը որպես Դատարանի՝ միջանկյալ միջոցին վերաբերող 39-րդ կանոնի կիրառման շրջանակից դուրս գտնվող, քանի որ այն չի ենթադրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ, ասված է ՄԻԵԴ հաղորդագրությունում: