Ալֆան և օմեգան
01.05.2020 | 00:57
Ըստ շրջանառվող ասեկոսեների, սատանայական սև գույնն անընդունելի, անթույլատրելի, քրեորեն պատժելի է մեր իրականության մեջ, որպես պետական դավաճանության, հակահեղափոխականության, տարատեսակ ահաբեկչական գործողությունների խթան ու հանցանշան, մեր բոլոր ձախողումների և դժբախտությունների պատճառ, հետևաբար, քանի դեռ օրինապաշտպանները ջոկատայիններից չեն տրոհվել տխրահռչակ եռյակների, առաջարկվում է շուտափույթ ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ: Կապեք գունավոր բաբոչկաներ, հագեք գույնզգույն շորեր, որոնք նաև հաճելի են զբոսաշրջիկների համար՝ ակնահաճո… Առաջ անցնելով, նշեմ, որ մեզանում բոլոր ռիսկերը կառավարելի են: Պարզապես անհրաժեշտ է անհետաձգելի ձեռնարկվելիք գործողությունների վերահսկողությունը անհապաղ դնել հայտնի հասարակական կազմակերպությունների վրա, որոնք նախքան հեղափոխությունը ենթարկվել են համաժողովրդական արհամարհանքի, ճնշման և մարդու իրավունքների ոտնահարման, իսկ պաշտոնական վերընթաց տեղաշարժի ազատություններ են ստացել թավշյա, անցնցում, ժողովրդի կամքի ազատ դրսևորմամբ հաղթանակած հեղափոխության շնորհիվ: Արդյունքում երկիրը կթևակոխի հեղափոխության հերթական շրջափուլ՝ բարեկեցության և երջանկության հեղափոխություն, որը կամրապնդի երկրի արտաքին և ներքին անվտանգությունը, կվերականգնվի արդյունաբերությունը, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կարձանագրվի ՀՆԱ-ի եռանիշ աճ, կմեծանան ներգաղթի ծավալները, քաղաքացին կապրի ապահով և երջանիկ: Կվերանան չքավորությունը, չարն ու դավադրությունը, կվերանան բանսարկությունները, կվերանա մեր կյանքի և իրականության Սևը, և մենք հպարտ, սիրո և հանդուրժողականության մթնոլորտում քայլ կանենք ու մերժելով Սևին՝ դուխով կընթանանք դեպի պայծառ ու անսև ապագա: Կվերանա, ամեն ինչ և ամեն բան: Կվերանա... Եկել է Մտքի դարաշրջանը, իսկ մենք դեռ որքա՜ն փայլուն ու գունավոր մտքեր ունենք մեր քաղաքական մտքի գզրոցներում, որոնք սպասում են իրենց նվիրյալների գործնական քայլերին: Քայլ անենք. մերժենք Սևը՝ մեծագույն չարիքն ու հակահեղափոխականության խորհրդանիշը, և գեղեցկացնենք մեր կյանքը նոր երփներանգ գույներով: Թո՛ւ, թո՛ւ, թո՜ւ…
Մի կարգին Սև Հաց լիներ, մարդավարի ուտեինք: Թե չէ, մեր հողը, մեր հայրենին, մեր երկիրն ամայացավ, երկրի մեջ մարդ չմնաց, մարդ թաղեր մարդու նման:
-Սև՜ հագիր, սևսիրտ մարե, Հինավուրց տոհմիկ մի ազգ չմեռա՜վ, այլ... մահացա՛վ. ...
-Գարո՛ւն ա, ձո՜ւն ա արել...
Եվ ի՜նչ եք կարծում, արհեստականորեն, դրսի ուժերի ճնշման տակ հրահրված ողբ ու կականի մթնոլորտում, սպառնալիքներ պարունակող հաղորդագրություն եմ ստանում Ագռավաքարից, որի բովանդակության մեջ անթաքույց հնչեցված են ահաբեկչական տարրեր: Երկար ու ձգձգված նախաբանից հետո, մասնավորապես, նշվում է (մեջբերում եմ). «Քանի աշխարք չար է, հողն էլ ղալբցեր է, մեջ աշխարքին ես չեմ մնա։ Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի, եբոր ցորեն էղավ քանց մասուր մի, ու գարին էղավ քանց ընկուզ մի, էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն»։ (Մեջբերման ավարտը): Այնուհետև հեղինակը մեծամտաբար շարունակում է, որ թեև խռոված է աշխարհում տիրող անարդարություններից, ներկայիս վարք ու բարքից, բայց ամեն տարի, Համբարձման ու Վարդավառի գիշերը, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, նա իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրում, բայց համոզվելով, որ դեռ «գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը», նորից վերադառնում է իր զնդանը։ Իբր, իրավիճակի փոփոխության հետևանքով, պատրաստ է երդմնազանցորեն անտեսել իր խոստումը և մի խումբ կողմնակիցների հետ՝ Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Մեսրոպ Մաշտոց և ուրիշներ (հաղորդագրության տակ առկա են բազմաթիվ անուններ՝ ես ասեմ հազար, դուք բյուր հասկացեք, ներառյալ՝ Եռաբլուրը, և ծանուցված է, որ ստորագրահավաքը շարունակվում է) զորակոչ հայտարարել և Խաչակրաց արշավանքի դուրս գալ ինքնամեկուսացման ժայռախորշից՝ ազատելու «հայու աշխարհը» չար ուժերից և հիմնելու երջանիկ թագավորություն…
Զգուշացնում եմ, բախտներդ փորձեք, սա այլևս մեր, այլ ոչ թե ձեր աշխարհն է: Հին աշխարհը մենք թաղել, պրծել ենք: Չկա: Պրծավ: Հաշտվեք այդ մտքին ու վերջ տվեք ձեր հոգևարքային տվայտումներին…
Արա, դե մի հատ բախտներդ փորձեք ու դուրս եկեք ձեր թաքստոցից: Միացնե՛լ կենտրոնական խոսափողը:
Ձեր քարանձավը շրջապատված է: Առաջարկում եմ զինված դիմադրություն չցուցաբերել և հանձնվել: Դուրս եկեք մեկ առ մեկ, զենքերը դրեք գետնին և երկու, չէ, յոթ քայլ առաջ եկեք: Ես անձամբ երաշխավորում եմ ձեր անվտանգությունը…
Տիրեց կարճատև քար լռություն ու հանկարծ օդը լցվեց խլացուցիչ աղմուկով:
Երկնքում սավառնում էին ռմբակոծիչները: Լսվում էր տանկային զորքերի տեղաշարժի, հրետանու և ինքնաձիգների կրակահերթերի, ռումբերի պայթյունների անտանելի աղմուկ: Սա շատ նման էր գերմանա-ֆաշիստական հրոսակների մարտերին Մոսկվայի մատույցներում՝ Մոժայսկի շոսսեի վրա: Ես իսկույն հեռացա ապահով մի վայր՝ հրամանատարական դիտակետ և, անկարող դիմանալու այդ ամենին, փակեցի աչքերս ու ականջներս: Լռության մեջ լսվում էր միայն հեծելազորայինների ձիերի սմբակների մերթ խառն, մերթ համաչափ վարգը: Դոփո՛ւմ էին, դոփո՛ւմ էին, դոփում էին ձիերը, մոտիկ էին, հեռու էին, դոփում էին պայտերը, պայտերը դոփում էին քունքիս մեջ, անհա՜յտ էր աշխարհը՝ անցում էր ու մահ: Հողը դղրդում էր ոտքերիս տակ, ասես երկրաշարժ լիներ: Անծայր գիշերվա մեջ շանթեր էին բեկվում ճակատիս վրա՝ աջ ու ձախ թրատելով մութը, մահ չգիտեի՝ կա՞ր, թե՞ չկար: Շուրջս համատարած ահեր, մահեր և վարգող ձիերի վրնջոց: Ես խելակորույս փախչում էի: ՈՒ՞ր՝ չգիտեի: ՈՒր աչքս կտրեր: Միայն հեռու այդ ամենից, խաղաղ մի տեղ: Լինե՜ր հեռու մի անկյուն, լինե՜ր մանկան արդար քուն:
Ապրածս տարիները ժապավենի նման մեկ ակնթարթում անցան աչքերիս առջևով, ո՜վ դուք երջանիկ ու անհոգ օրեր՝ ընդունակ միայն ուրախացնելու: Հե՛յ գիտի, հա՜՝ համազգե՛ստը հագել էի, պատրոնդա՛շը կապել էի, կամուֆլյա՛ժը գցել էի, խրամատո՛ւմ կանգնել էի, պատկե՛րս սելֆի արել էի, համացա՛նցը գցել էի, ալա՛մ աշխարհին խաբել էի, ես՝ ազատության ու անկախության համաշխարհային հեղափոխությունների ջահակիրս… Բոմբա-լե՜ո, բամ-բամ-լե՜ա…
Առավոտ լուսո, արեգակն արդար, առ իս լույս ծագեա…
Բայց դուք դեմք եք, արա: Չեմ ասում՝ լավ կամ վատ, դրական ու բացասական, բարի ու չար, գեղեցիկ ու տգեղ: Ո՛չ Ապոլոն, ո՛չ Քվազիմոդո: Ո՛չ, ասում եմ բացասական, ո՛չ, ասում եմ պատմական և գեղարվետական դրական և բացասական հերոսների առանձնահատկություններին և օրինաչափություններին: Համայն մարդկության գերակշռող մասի հորիզոնում ամենահեռավոր կետը իրենց քթածայրն է: Դրանից դենը մութ անորոշություն է: Դրա համար ամբոխը մեծամասնական և մոլեռանդ ինքնամոռացությամբ է մարտնչում անձնական շահախնդրություններում, նետվում է շահի հետևից, ինչպես գազանը՝ որսի: Դրա համար միևնույն երևույթը շատերը որակում են եվրոպական արժեք, ոմանք՝ արտաքին մարտահրավեր: Բոլորիդ սիրում և ասում եմ՝ Ոչ: Այո՛, ասում եմ քե՛զ, և քե՛զ, նաև քե՛զ, քանզի դու դեմք ես քո բացառիկությամբ: Հասկանու՞մ ես, դու կարող ես մեկ-երկուսի համար լավը լինել, իսկ հարյուր հազարի համար՝ նողկալի, յուրայիններիդ համար պաշտելի ես, ընդդիմադիրներիդ համար՝ անընդունելի: Ամբոխի համար կարող ես անքննելի լինել, իսկ ժողովրդի համար՝ անտանելի: Բայց դա քեզ բնավ չի հուզում, դու անդավաճան ես քո տեսակին: Քաղաքական մի իմաստակ իր հրաժեշտի սրտաճմլիկ խոսքում խոստովանեց, թե՝ ցավում է, որ ժողովրդին պատշաճ չծառայեց, բայց ընկերներին լիովին բավարարել է: Ցինի՞զմ, թե պաշտոնի նշանակության գետնաքարշ արժեզրկում: Այդպիսիք անբասիր և անտրտունջ պաշտոնյաներին համարում էին յուղոտ աթոռ փչացնողներ: Մենք կոչված ենք գիտակցության հեղափոխություն իրականացնելու մարդու և հասարակության մտածողության մեջ, քանզի բազմաթիվ հասկացություններ նրան հրամցվել են ճիշտ հակառակը, որպեսզի որոշ ուժեր հնարավորություն ստանան ազատ խոթելու իրենց քիթն՝ ուր կամենան, վարվելու մարդու հետ, ինչպես կամենան, տնօրինելու մարդկանց հոգուն, մտքին ու կամքին, ինչպես կամենան: Ձևավորել են սարքովի ճշմարտություններ և համոզել մարդկանց, որ դա է իրական կյանքի հրամայականը, դա է սրբազանն ու մարդկայինը: Սրանք երկրներ են զավթել ու թալանել՝ մարդասիրական և ժողովրդի խնդրանքին ընդառաջելու քայլ ներկայացնելով իրենց նվաճողական քաղաքականությունը: Սրանք պատրաստ են միտումնավոր հրդեհելու իրենց իսկ տունը, որպեսզի ստորաբար մեղադրեն հարևանին հրձիգության և ահաբեկչության մեջ: Էդ տրամաբանությամբ, ըստ դրանց կարճ խելքի, նույնիսկ, հանուն իրենց ժողովրդի փրկության և ազատության մարտնչող Աբդուլլահ Օջալանը, Ջոխար Դուդաևն ու Բեն Լադենն ահաբեկիչներ են…
Ես քեզ շա՜տ-շա՜տ եմ սիրում, իմ հպարտ ժողովուրդ, հուսով եմ, բոլորդ լավ եք… Դե, լավ է, շա՜տ լավ է, որ լավ եք: Ես այս պահին ատելությամբ եմ լեցուն բոլոր ժամանակների բոլոր տեսակի պաշտոնյաների նկատմամբ: Դրանք բոլորը կոռումպացված գողեր են: Ահա, թե որտեղ է թաղված իշխանատենչության շան գլուխը՝ լավ ապրելու տենդագին ցանկության և ամեն գնով դրան հասնելու լայն հնարավորություններ ստանալու: Ոմանք թալանում են լպստելով մեղրի շերեփը, ոմանք մի կաթիլ մեղրի համար սուր են ճոճում միմյանց վրա, մյուսները ուտում են ամբողջ տակառն ու մի հատ օ՜ֆ չեն անում: Մոտեցումների խնդիր է: Կերել են՝ ով որքան կարող է: Կարելի է պաշտոնականացնել կոռուպցիան և ամեն բան կարգավորել ու տեղը գցել օրենքով, կարելի է ծրարով գումարներ ստանալ, կարելի է դրամը փոխանցել իրավաբանական անձի արտասահմանյան հաշվեհամարին կամ ձևակերպել որպես մարդասիրական օգնություն… Նայած, թե ով ինչ դուխ ունի, ինչպես է նպատակահարմար գտնում: Ի վերջո, ժողովրդին ի՛նչ, թե ով և ինչպես է իր հարստությունը գրպանում, կարևորն այն է, որ իրեն թալանում են…
Անունդ սև քարին գրելուց հետո, եթե մի գրագետ մարդ մնա էս երկրում, կենսագրությունդ ոսկե տառերով կքանդակի համաշխարհային բացառիկ արկածախնդիրների հուշամատյանում: Ամեն ինչ կախված է այն բանից, թե մեծ մրցամարտում ով կհաղթի՝ Ռոթշիլդնե՞րը, թե՞ Ռոքֆելլերները, իսկ միգուցե պատմությանն անհայտ որևէ իվանուշկա դուռաչոկ…
Ինչպես ասում էր իմ հին ծանոթներից մեկը՝ լավը շատ չի լինում, շատ ու մարտնչող լինում է մոլախոտը, որը խնամք չի պահանջում, իսկ բերք ու բարիք տվող պտղատու ծառերին արտակարգ և հետևողական ուշադրություն է անհրաժեշտ: Բացառիկը եզակի է, ինչպես դու, ինչպես դուք… Բացառիկ հերոսն ու բացառիկ հակահերոսն իրար նման են՝ բացառիկ են: Դե, մի բուռ ածու ենք, բոլորս գիտենք, թե ով, ում, երբ, որտեղ, ինչպես… և ինչով է շնչում: Երբեմն այլք ավելի տեղեկացված են քո մասին, քան ինքդ: Ապարանում կարող ես փռշտալ (բերանդ անպայման փակիր դիմակով, որ զանգվածային վարակ չտարածես) և առողջության մաղթանքներ ստանալ Գլենդելից ու Սիդնեյից, Փարիզից ու Կամչատկայից… Հետևաբար, թող ոչ ոք չփորձի ջայլամական հնարքներով ինքնախաբեությունը փաթաթել մյուսների վզին ու խեղդամահ անել՝ ներկայացնելով դահճին իբրև փրկությունը նորա, զոր հոգին ավանդեց ազատվելով երկրային ցավերից ու տառապանքներից, զոր հրաժեշտ տվեց մի իրականության, որտեղ միշտ մի աղետ, մի վնաս գալիս էր խեղճերին անպակաս: Իսկ ուժեղ և բարի մարդիկ, այսինքն, հզորները, երբեք չեն սպառնում, չեն ճղճղում ու կոկորդով մեկ հրապարակավ վիրավորում այլոց: Դա բնորոշ է չար ու թույլ արարածներին, որոնք դողէրոցքի մեջ են ընկնում վախից, ինքնամոռաց գոռգոռում են նույն վախից, անտեղի մատ թափ տալիս ու պատանեկան կռիվ-կռիվներ հրահրում՝ դարձյալ վախից, որովհետև վստահ չեն իրենց ուժերին: Հզորն անպարտելի է, քանզի նրան չեն կարող հաղթել նույնիսկ ֆիզիկական ոչնչացմամբ, վասնզի նրա հզորությունը գաղափարական և հոգևոր է, այլ ոչ՝ նյութապաշտական ու ֆիզիկական: Ականջդ կանչի, Վարդան Թովմասյան, քո բացառիկ գինեսյան Դյուցազնագրքի մատենաշարով: Պատրաստվիր ընդլայնելու գրքիդ ծավալները՝ առաջիկայում նորանոր հերոսներ են ի հայտ գալու… Հիմա երեսը կարմրել է, կարծում է իրեն ենք բամբասում: Չէ, այ ախպեր, գործդ արա, գիրդ շարունակիր, որ մնաս հիշատակվող:
Ես կուժ եմ ասում, բայց նկատի ունեմ կուլաներին, որ գլուխները մի բան մտնի…
Սրանք լավ չեն պատկերացնում, թե ում հետ գործ ունեն: Ստիպված եմ լինելու բաց նամակով առցանց հանդես գալու և քարը քարի վրա չեմ թողնելու, հանրությանն եմ տրամադրելու մի այնպիսի ցնցող տեղեկություն, որը ոչ մի ինքնակենսագրականում չի հիշատակվում, որևէ երկրի քաղաքացու անձնական գործում և զանազան թերթիկներում չի լրացվում, չի գտնվի ոչ մի գաղտնի թղթապանակում: Պատերա՞զմ եք ուզում՝ ընդունում և ինքս եմ սպիտակ ձեռնոց նետում, ինչպես ազնվականը՝ մենամարտի, եթե կցանկանաք` մարտավկաների ներկայությամբ: Ականջներիդ օղ արեք բոլորդ՝ դիմադիր և ընդդիմադիր: Իմ Հայտնությունը Երկրի վրա ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին պատահական չէ, այն պայմանավորված է տիեզերական ուժերի կամոք՝ մարդկության առջև ծառացած համաշխարհային հիմնախնդիրների հաղթահարման հանձնառությամբ (իմա. ՀՀՀՀ.- խմբ.): Այսինքն, եթե պարզ ու հանրամատչելի լեզվով արտահայտվեմ, ես երկնային տիրոջ պատվիրակն եմ երկրի վրա: Եվ երբ կտիրապետեք աշխարհի բոլոր գաղտնիքներին, ինչը, իհարկե, անկարելի է, եթե տերը չկամենա, նոր միայն կհասկանաք, թե ինչ մեծ խորհուրդ է թաքնված Ալֆայի և Օմեգայի մեջ, և այն տարածության, որը գտնվում է Սկզբի և Ավարտի, Արարման և Վախճանի միջնամասում: Ամեն մի ծննդով նաև մեկ մահով ավելանում է կորուստների քանակը: Չկա սկիզբ, որն ավարտ չունենա, գլխավորը դրանց միջև ձգվող օրերի բովանդակությունն է:
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ