Երկու տարվա ատելությունը դուրս է հորդել փողոց ու սպառնում է բոլորին
01.05.2020 | 00:30
Գավառում տեղի ունեցած ողբերգական ու սահմռկեցուցիչ դեպքերի հիմքում առօրյա կենցաղային հարց է, ինչը սակայն իրավիճակը վենդետայի է հասցրել: Քաղաքացիները որոշել են՝ հանցագործություն կատարած անձի նկատմամբ իրենք պետք է դատաստան տեսնեն: Կարծես 90-ականների քրոնիկոնը լինի, ամեն մեկը, որ այս կամ այն ճանապարհով զենք է ձեռք բերել, անձամբ է հարցեր լուծում: Երևույթը վտանգավոր է, անգամ սարսափեցնող, քանզի որևէ մեկը երաշխավորված չէ, որ կույր գնդակի զոհ չի դառնա: Ամենաթողությունն ամենուր է, քաղաքացիները չեն վստահում ոստիկանությանը, շատերը կարծում են, թե ոստիկանները հանցագործներին հայտնաբերել ու պատժել չեն կարողանալու: Այս ամենն էլ հանգեցնում է ինքնադատաստանի, վարչապետի սիրելի բառով ասած` «սամասուդի»:
Քաղաքացին, երբ երկրի առաջին դեմքից լսում է «ասֆալտին փռելու, թաթիկներ կտրելու» մասին, ինքնաբերաբար մտածում է՝ արարքը նաև իրեն է թույլատրելի: 2 տարի անընդմեջ բարձրաձայնում ենք՝ ատելությունն ու մաղձը, որ գեներացվում է հասարակության ներսում, ու դա վերացնելու համար իշխանությունը որևէ քայլ չի անում, ավելին՝ խրախուսում է այն, այժմ փողոց է դուրս եկել ու սպառնում է բոլորին: Ի՞նչ են անում իշխանությունն ու հանրային, քաղաքական գործիչները, որ նվազեցնեն լարվածությունը: Ոչինչ էլ չեն անում: Քաղաքական գործիչներից շատերը հաճախ անպարկեշտ ու հրահրող բառապաշարով են հանրային ելույթներ ունենում, իսկ դա, ինքնին, պարարտ հող է քրեական ենթամշակույթի համար: Կարճ ասած՝ խոր վիհի առջև ենք կանգնած. խոսում ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, բայց որևէ գործուն քայլ դրա դեմ չենք ձեռնարկում:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ