Թյուրիմացությու՞ն, թե՞ օրինաչափություն
24.04.2020 | 00:34
«Երջանիկ» ազգ պետք է լինես, որ վեց հարյուր տարի պետություն չունենալուց հետո մի կերպ ավերակներից երկիր հյուսես, պետական ինստիտուտներ կառուցես, վեց հարյուր տարիե ի վեր առաջին անգամ պատերազմով հողեր հետ բերես, մեկ ազգ երկու պետություն ունենաս (թեկուզ` մեկը չճանաչված), ու մեկ էլ` հո՛պ, քո իսկ երանքից գալարվելով մեկը վեր բարձրանա, սկսի քանդել այն ամենը, ինչը սերունդների կյանք, հոգու «արյուն» է արժեցել, հատ առ հատ գլոբալիստիական-անբարո դետոնատորներ դնի բոլոր արժեքներիդ տակ` հանուն ուրիշի, գերագույն նպատակ ունենալով սրբություն սրբոց Արցախը:
Կարողացա՞վ իր ծրագիրն իրականացնել ապազգային լիդերը: Ո՛չ: Մակերեսը քանդեց, բջջին չհասավ: Ապացու՞յցը: Իր արդեն «դիակ» լինելը: Արժեքները գլխատողների բանակի դեմ էթնոսի բանակի ամենօրյա հոծացումը: Այդ ամենի «արանքում», չերևացող, սակայն խորքում իր գործը իմացող ու որոշակիորեն նավը խորքային հատակներում անխափան տանողների լուռ առկայությունը:
Հա, շատ բան քանդվեց-քայքայվեց: Հա, նյարդերի պայքարը գրեթե սերնդի ողնաշարին հասավ: Հա, դրան էլ գումարվեց համաշխարհային աղետը` կորոնավիրուսը: Հա, թշնամացանք ինչ-որ չափով միմյանց: Հա, քանդվեցին ինստիտուտները, սակայն երկու մեծ արձանագրում պարտավոր ենք անել.
1. Որոմը բաժանվում էր ցորենից. Ասել է` նրանք, ովքեր պետք է դիմակայեին, դիմակայելու ու հաղթելու են` իրենց հետևից տանելով արժանիներին, թեկուզ` մոլորված:
2. Ղարաբաղի խնդրում ինչ-ինչ զարգացումներ եղան, սակայն գիծը հստակ պահվեց:
Արցախում` խաղատախտակին որևէ մեծ շեղում չկա` դեռ (ու դա` Աստված շատ չհամարի). անչափ գրագետ ընտրություններ տեղի ունեցան` անգամ կորոնավիրուսի պայմաններում.
ա) Սորոսականները, Նիկոլ Փաշինյանի «համահունչը» Ղարաբաղում փռվեց ասֆալտին: Անչափ գրագետ մանյովրով սորոսականների թեկնածուին կցեցին այնպիսի մեկի հետ, որից հետո մնաց միայն սորոսականության հուշը:
բ) Ընտրվեց այնպիսի թեկնածու, որը նույնքան ճկուն մանյովրով խաղաց բոլորի հետ. ընթացքում ցուցանեց, թե Ղարաբաղի հարցում առանձնապես օրթոդոքս չէ, սակայն դեռ պաշտոնը չստանձնած` Լավրովի հայտարարությունից հետո, բավականին հետաքրքիր «սալդո» կատարեց:
Իրականում անելով այն, ինչ պարտավոր էր Լավրովի հայտարարությւոնից հետո անել Նիկոլը, բայց քանի որ նա այնպիսի մի քաոս է ստեղծել Ղարաբաղյան հարցում, բանակցային սեղանի, ԵԱՀԿ համանախագահների, այդ թվում և Ս. Լավրովի «մոտ», որևէ հոդաբաշխ բարձրաձայնում անել չէր կարող. անմիջապես բերանը կխցեին, այդ դերակատարությունը ստանձնեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդ որում` բավականին հաջող. արձանագրելով, որ ոչ միայն վերջին խոսքը Արցախինն է, այլև իրենք իսկապես «բանակցային կողմ» են, մանավանդ` հայաստանյան կիսատ-պռատ մոտեցումների կողքին:
Արցախյան կողմի այդ հայտարարությունը (հասկանալի է` այն առանց հայաստանյան խորքային խաղացողների մոդելավորման չէր կարող լինել) լուրջ հայտ-պոկում էր բանակցային գործընթացի այս փուլի համար, և եկավ հավաստելու, որ այնքան էլ այնպես չէ, թե բանակցային գործընթացը, ի դեմս գլոբալիստական լաբիրինթոսում շշկռված Փաշինյանի, անտեր է մնացել հայկական կողմից, և «մնացյալք» ինչ ասես կարող են պարտադրել ամբիցիաների կծիկ, ոչ հավասարակշիռ, անլուրջ թավշին:
Խնդիրը նուրբ է մեկ այլ առումով. Լավրովը, բանակցային սեղանի գաղտնիքը նետելով ասպարեզ, ինչ հարց էր լուծում. Ռուսաստանն շտապու՞մ է, որովհետև կորոնավիրուսը սրբագրում է աշխարհաքաղաքական զարգացումները, վերադասավորությունները, և ինչ-որ մի պահի կարող են ամերիկյան «Փեթրիոթները» իսկապես հանուն Թուրքիայի մուտք գործել տարածաշրջան` փոխելով խաղը, բալանսը, և Ռուսաստանը բաց թողնի թե՛ տարածաշրջանում, թե՛ Իրան-Անդրկովկաս «մետաքսե» ճամփի վրա իր վերահսկողությունը։
Թե՞ Լավրովը դրդում էր հայկական կողմին (հանած Նիկոլ), այն է` իրական քաղաքականություն անող-մոդելավորող-խորքային խաղացողներին հստակեցնել իրենց դիրքորոշումը, որպեսզի հասկանալի լինեն ապագա քայլերը:
Չմոռանանք` Ռուսաստանը ևս իր լավ օրերը չի ապրում, և «մեծ» աշխարհը կորոնավիրուսով վերջին մարտն է մղում Չինաստան, Ռուսաստան, Իրան, մի քիչ էլ ԵՄ տիրույթի դեմ:
Պետք է աչալուրջ լինել. մենք ևս մեր ռեսուրսներն ու փայաբաժինն ունենք այս մեծ խաղում, ու էնպես չէ, որ մի Նիկոլի շուրջ է ամեն բան պտտվում:
Մանավանդ որ ինքը, ասացինք, դեֆակտո այլևս չկա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ