Ձեռներդ հեռու մեր Հոգուց, մեր Աստծո տնից, կաթողիկոսից
17.04.2020 | 00:05
Աշխարհը տենդագին որոնումների մեջ է` ովքե՞ր են եղել զրոյական հիվանդները, որոնց միջոցով տարածվել է կորոնավիրուսը: Կարելի՞ է հարցնել` վասն որու՞ են այդպես տենդի մեջ հայտնվել: Պատճառն անչափ տրիվիալ է. հետկորոնավիրուսյան աշխարհում գերակա դիրք կունենա նա, ով մյուս գերտերություններին անկյուն քշած կլինի, կորոնավիրուսի լաբորատոր` կենսաբանական զենք լինելու-տարածելու մեղքը բարդելով նրա վրա, որպեսզի կարողանա ապագա աշխարհը գծել ի պատկեր յուրում: Վեճը դեռ «լուծում» չի գտել, չի էլ գտնի, ինչն էլ իր հերթին մարտն էլ ավելի անողոք է դարձնում:
Մարտն անողոք դառնալու առաջին ծիծեռնակներն արդեն իսկ առկա են: Նկատեք, ոչ ոք չի խոսում ամեն գնով վակցինան գտնելու, արհավիրքի դեմը համայն ուժերով առնելու մասին, հակառակը, ասվում է` եթե անգամ բնական ճանապարհով (ամառվա շոգ, որին չի դիմանում վիրուսը) կորոնան նահանջի, աշնանն այն կկրկնվի, ձմռանն էլ, գարնանն էլ: Ասել է` Օվերտոնի պատուհանը միմյանց համար բաց են պահում: Ասել է` բոլոր կողմերն էլ պատրաստ են վիրուսի մոդիֆիկացմանը, տարածմանը, մինչև կհասնեն իրենց ցանկացած արդյունքին… մարդկության հաշվին:
Մարտը թեժ է այնքանով, որ գերտերություններից մեկում` Ռուսաստանում, սեղանին է մնացել սահմանադրական փոփոխությունների` պուտինյան հանրաքվեն, որին զուգահեռ խոսվում է կորոնավիրուսի ֆոնին Պուտինի դեմ հեղաշրջման «ընդհատակյա» նախապատրաստությունների մասին (ի դեպ. Ռուսաստանում, հատկապես Մոսկվայում, կորոնավիրուսն ահավոր մեծ թափ է հավաքում), իսկ ԱՄՆ-ում` կորոնավիրուսին զուգահեռ, թափ է հավաքում անկյուն քշված դեմոկրատ Բայդենը, որն այս պահին ոչ մեծ, սակայն առավելություն ունի Թրամփի նկատմամբ։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ավելի լոյալ է Թրամփի և ոչ Բայդենի նկատմամբ։ Ընդ որում, ԱՄՆ-ում ներքաղաքական առումով նույնպես «հանգիստ» չէ. Պենտագոնին առանձնապես շատ սիրելի չէ նույն Թրամփը, այնպես որ` ամերիկյան ապագա զարգացումների սպասելիքներն այս ամենում նույնպես անչափ էական են:
Իսկ այդ նույն ընթացքում, ինչպես միշտ, Հայաստանում վեր է «խոյանում» Նիկոլ Փաշինյանի «չոբան-բայաթին», որը կրկին առնչվում է հայկական ոգուն, մենթալ պլանին, գոյատևաման աղբյուրին` հայոց եկեղեցուն, նրա սպասավորներին, կաթողիկոսին:
Գլոբալիստ Նիկոլը և իր թիմը հարմար պահ են գտել` կորոնավիրուսի դեմ պայքարի ու արտակարգ ռեժիմի պահը իրենց «սակրալ» նպատակների համար օգտագործելու համար. խորհրդարանում զանազան-զարմանազան գլոբալիստական օրենքներ` մարդկանց տեղորոշման, գույքի բռնագանձման կյանքի կոչելուն զուգահեռ, նրանց ամենահաս «թաթը» կրկին մեկնվեց դարերի, պետության չգոյության պայմաններում միակ խարիսխ եկեղեցուն:
Սխեման նույնն է. եկեղեցուն «բազում մեղքերի» մեջ մեղադրող` խոստովանահայր, համատեղությամբ «Քրիստոս»-Նիկոլը հավատաքննություն է իրականացնում արդեն Մայր աթոռում. այնտեղ կառուցելով իր հերթական Բաբելոնի աշտարակը: Մոռանալով, որ.
ա) խախտում է երկրային կարգը. եկեղեցին առանձին կառույց է, աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին: Իր նյու-Հուդայի (Ալեն Սիմոնյան) ձեռքով «մատնելով» կաթողիկոսին, գլոբալիզմը հավաստում է` «հազարավոր» ժողովրդով կփոխենք կաթողիկոսին, նոր կաթողիկոս կունենանք:
Հենց միայն այս խոսքերի համար պետք է համապատասխան այրը, և առաջին հերթին նրա «բոսը» իրավական պատասխանատվության ենթարկվեն` եկեղեցու գործերին միջամտելու, մասամբ էլ սահմանադրական կարգ խախտելու համար համար: Ինչը դատարանների դռները «հազարավոր ժողովրդով» փակելու, ՍԴ անդամների նկատմամբ հանրաքվե իրակացնելու սահմանադրական կարգի տապալման հաջորդ սերիան է:
Արդեն հոգևոր ոլորտում:
բ) «Նյու-Հիսուսը», ինչպես տեսնում ենք, և ինչպես գրված է Սուրբգրային ճշմարտությոուններում, խախտում է նաև տիեզերքի աստվածային կարգը. պատրաստվում է մտնելու տաճար, «նստելու» տաճարում, մոռանալով, որ կա հոգևոր կանոն` ես եմ կարգել իմ ծառային, նա ունի իմ օծումը, ես նրան կկանգնեցնեմ, ես նրան կգցեմ… Մարդը այնտեղ անելիք չունի:
գ) Այս ամենում հետաքրքիր էր մեկ այլ բան. երբ նույն գլոբալիստ Նիկոլը եկավ իշխանության, և «Նոր Հայաստան` Նոր հայրապետ» շարժումը նախ մտավ սուրբ Գայանե եկեղեցի, ապա Վեհարանը պաշարեց, կերավ, միզեց, ապրեց այնտեղ մի քանի օր, երբ շրջափակեց եկեղեցիներից մեկից վերադարձող Վեհափառին ու նրա ավտոմեքենան, բացի մի քանի հավատացյալներիցս, այլք իրենց ճիչը դեպ երկինք չբարձրացրին, մնացին անտարբեր:
Այսօր վիճակը բոլորովին այլ է: Աղաղակում են բոլոր հնարավոր քարերն ու սարերը Հայաստանում, զգուշացնում գլոբալիստներին.
-Ձեռներիդ հեռու մեր Հոգուց, մեր Աստծո տնից, կաթողիկոսից:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ