Ալֆան և օմեգան
31.03.2020 | 01:32
Ներքին ձայնս վերջին շրջանում խիստ ակտիվացել է, ասես ինչ-որ բան է կանխազգում կամ թե վախից դաշն է կազմել սատանայի հետ և նրա դուդուկի տակ պարելով՝ խուճապահար ինքնապահովման ու նահանջի փորձեր է կատարում մեր որդեգրած ուղուց:
«Չդիմանա՛ք,- նա նյարդային բղավում է ականջիս մեջ,- չհավատա՛ք, չտոկա՛ք, չհանդուրժե՛ք…»:
«Դու արդեն ընկել ես ինքդ քո հետևից ու հակաքարոզչություն ես ծավալում: Ձայնդ կտրի՛ր ու խելոք վեր ընկիր տեղդ: ՈՒ խելքդ գլուխդ հավաքիր, քանի գլուխդ չես կերել քո ընդդիմադիր կեցվածքով»:
Ինձ լուրեր են հասել, որ հանրապետության մի շարք խոշոր բնակավայրերի կենտրոնական հատվածներում օրերս «Հեռացե՛ք» բովանդակությամբ թռուցիկներ են փակցվել, որոնցում առայսօր անհայտ, ընդհատակյա մի կազմակերպություն, որն իրեն հորջորջում է «Ինքնություն» ազգային ճակատ, անհնազանդության քարոզ և հակահեղափոխական ուժերի միաբանության կոչեր է հնչեցրել: Սրանք որդեգրել են մեր հեղափոխական գործելաոճը և ցանկանում են մեր սրած բիզը մեր քամակը կոխել: Թույլ չենք տալու, ես իրենց նման թույլիկ ու խոցելի չեմ: Ես խոստանում եմ, սիրելի հայրենակիցներ, որ շուտով, շատ շուտով դուք կլսեք ժողովրդի թշնամիների այդ հակապետական կազմակերպության չեզոքման մասին: Մենք թույլ չենք տա, որ ոմանք ոտնահարեն մեր սիրառատ հեղափոխության նվաճումները, որ իրենց բութ ածելիների սրությունը փորձարկեն մեր ժողովրդի և պետականության գլխին: Կրկնում եմ՝ թույլ չենք տալու: Սա պետություն է, ոչ թե փողոց ու քուչա, ու երկիրն էլ որբի գլուխ չէ, ոչ էլ արկածախնդիրների փորձադաշտ: Պետական դավաճանների ցանցն արդեն բացահայտված է: Որպես հիշեցում ընդգծեմ, որ սույնը դասվում է այն ծանր հանցագործությունների տեսակին, որը կատարվում է գիտակցաբար, ուղղված է պետության կամ միապետի դեմ (մեր պարագայում երկուսը մեկում է՝ ոչ թե կամ-կամ, այլ և-և), որի քաղաքացին կամ հպատակն է հանցագործը, կամ որին այս կամ այն կերպ ծառայում է նա: Մասնավորապես, պետական դավաճանություն է համարվում պատերազմի ժամանակ հակառակորդի կողմն անցնելը, պետական գաղտնիքը հայտնելը և լրտեսությունը, իշխանության կամքին հակառակ թշնամու հետ անհատական բանակցություններ վարելը և այլն: Ինչու՞ սպանվեց իմացյալը՝ որովհետև՝ Տվ րսՌՔՍՏՎ ՎվՏչՏ ջվՈս! Ի հակադրություն մեր մոտեցումների, ո՛չ Բոնապարտը, ո՛չ Կուտուզովը պատմությանը չեն թողել որևէ սկզբունքային ու նշանակալի միտք կամ գաղափար, ինչպես օրինակ հարգարժան Դանոն, որը ոչ գեներալ էր, ոչ գեներալիսիմուս, այլ սովորական հետախույզ գնդապետ: Մի զրույցի ժամանակ նա ինձ զգուշացրեց այն սպառնալիքների մասին, որոնց միջոցով թշնամական-հակահեղափոխական ուժերն ի վիճակի են ներսից փլուզելու երկիրը: Դա իր հրաշագործ հայտնությունների գանձարանն էր, որը ինձ հրամցրեց, ինչպես հեքիաթի հերոսը կբացեր աշխարհի ամենաճոխ գանձերով լեցուն սնդուկը և կտրամադրեր դիմացինին: Յուր դարակազմիկ աշխատության մեջ, անդրադառնալով մարդկության զարգացման պատմական միտումներին, նա ահազանգում է, որ պարտադիր չէ մարդուն կամ ժողովրդին պատերազմական գործողություններով կամ զենքով ոչնչացնելը: Այդ պարագաներում նրանք միավորվում են, նախապատրաստվում կենաց-մահու կռվի: Երկիրը կարելի է զավթել առանց մի կրակոցի, խաղաղ, անվրդով, որ նույնիսկ վայ հայրենապաշտները գլխի չընկնեն: ՈՒրեմն, գիտնականները հորինել են ժողովրդի միտքն ու մտածողությունը ձևավորելու և բարոյահոգեբանական, հոգևոր արժեհամակարգը վերահսկելու մի հզոր գործիքակազմ, որն ուղեկցվում է զանգվածային լրատվամիջոցներով ազգային արժեքներից ու բարոյական սկզբունքներից, հոգևոր հիմքերից շեղելու և ազգային մշակույթի նկատմամբ թերահավատություն սերմանելու և դրանք վարկաբեկելու միջոցով: Լրջագույն վտանգի տակ է հայտնվում մատաղ սերունդը՝ նոր դասագրքերի հեղինակները ջանք չեն խնայի հոգեպես, մտավորապես և մարմնապես թույլ և անկամ սերունդ դաստիարակելու գործում: Նրանք կվարժվեն բարոյազրկմանը՝ հանուն ազատության, կվերածվեն հլու կամակատարների, իսկ դեղնակտուց համակիրներին կմատուցվեն բարձր պաշտոններ, որպիսիք նրանք երազել անգամ չէին կարող, և նրանց կախվածությունը արտաքին հովանավոր ուժերից աստիճանաբար կմեծացվի: Դանը կարևորում էր դատավորների գործոնը, որոնք կգործեն ոչ թե օրենսդրության և սահմանադրության, այլ հասարակության մեջ անպատժելիության, անհուսության, դժգոհության մթնոլորտի ձևավորման շրջանակներում: Նորից գարուն չի գա, չի բացվի վարդը: Աշուն է, օ՜, շուն իմ: Կանձրևե, տղաս, անձրևանոց ու պլաշչ ալ չունինք… Նա թիրախավորում է նաև բանակում բարոյալքման, լեզվի և մշակույթի ապազգայնացման, անցյալի հերոսների անվանարկման, հարկային քաղաքականության մեջ գրպանահատության, բյուջետային միջոցների մսխման և այլ գործոններ, որոնց համակարգված ներգործությունը սերունդներին կմղի այն հայեցողությանը, որ իրենք նախընտրել են միակ գերադասելի ուղին դեպի ճշմարիտ ապագա՝ ամենևին չկասկածելով իրենց կործանմանը: Ասաց, ա՛յ տա, վարդն առանց փշի ու՞մ է հանդիպել, որ դու ես տենչում: Մի գլուխդ բարձրացրու, սպարապետ, ու սրանց ուզածիդ պես կրկնատփիր…
-Դանո ջան, դու վերջն ես, բայց սրա վերջը ո՞նց է լինելու,- հարցրի:
-Եթե ժողովուրդը չգիտակցի,- ասաց,- որ ծախված կառավարությունն ու իշխանությունը դավաճանել են իրեն ու չդիմադրի իր ինքնությունը պահպանելու համար, դա էլ հենց կլինի վերջը,- քմծիծաղ տվեց Դանն ու անհետացավ: Դա մեր միակ՝ առաջին և վերջին, բայց հայեցակարգային խորիմաստ հանդիպումն էր, որը նաև ուսուցողական նշանակություն ունեցավ՝ պետական համակարգի ներսում դիմադրության հնարավոր մարտահրավերներն ու սպառնալիքները ի հայտ բերելու և չեզոքացնելու առումով: Սա կարևոր դաս էր, որից մենք անպայման պետք է համապատասխան եզրակացություններ կատարենք և օգուտներ քաղենք…
Բայց ոնց գցում-բռնում եմ, էս Մեծն Տիգրանն էլ է կոռուպցիայի մեջ թաթախված եղել: Այդ ի՞նչը դրդեց հայոց ավագանուն, ութ հարյուր հեկտարից ավելի զբաղեցնող հայոց Յոթանասուն հովիտների երկրամասը Միհրդատ Երկրորդին զիջելու և նորին մեծություն արքայազն Տիգրանին ազատելու գերությունից ու հալած յուղի պես բազմեցնելու հայոց գահին: Թվում է, թե պարթևների համար հայոց գահի լավագույն թեկնածուն հենց Տիգրան Երկրորդը պետք է լիներ, քանզի մեծացել էր պարթևական արքունիքում, յուրացրել նրանց բարքերը, ամուսնացել պարթև արքայադստեր հետ, հետևաբար, մեր երկիրը պիտի գտնվեր պարթևների գերիշխանության տակ: Սակայն իշտահներիդ՝ քացախ, հարգելի պարթևներ, ձեր հաշվարկները փուչ դուրս եկան: Խորամանկ Տիգրանի գործողությունները առավել հաշվենկատ և արդյունավետ էին հենց ա՛յդ հիմքի վրա, քանզի նա պատանդ գտնվելու ընթացքում տիրապետել էր թշնամու էթնոհոգեբանական բազմաթիվ նրբությունների: Այդ մեթոդաբանությունը այժմ օգտագործում ենք նաև մենք՝ ճանաչելով մեր ներքին և արտաքին հակառակորդին: Գույք՝ պարտքի դիմաց, տարածքներ՝ ապահովության դիմաց, հնազանդություն՝ իշխանության դիմաց, հը, էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը, երբ ամեն մի թփի
տակ և՛ սեղան կա, և՛ օթյակ.
-ՈՒրեմն դու՞:
-Այո, ես:
-Երգու՞մ էիր մշտապես…
- Շատ բարի, այժմ էլ բռնի վեր-վերի, քամին ծափ տա, դու պարի:
Ըստ շրջանառվող լուրերի, որոնք ի դեպ հաստատում են նաև իմ գործակալական ցանցի աղբյուրները, որոշ հակապետական տարրեր և ժողովրդի թշնամիներ ցանկանում են դիմել արդարադատության նախարարություն՝ գործազուրկների միություն գրանցելու պահանջով, որը կարող է շատ արագ իրեն վերագրել արհմիությունների դերը, որպիսին, փաստացի մեզանում գոյություն չունի: Ըստ այդմ, համախմբել բոլոր դժգոհ անձանց և ուժերին, որոնք, ինչպես հայտնի է, երկրի բնակչության մեծամասնությունն են կազմում: Սա բավական լուրջ վտանգներ է պարունակում, քանզի նրանց շարքերում են նախկին և ներկա սերնդի լավագույն կադրեր և գործիչներ, ժողովրդի շրջանում հարգանք վայելող ծախու մտավորականներ և մասնագետներ, որոնց համախմբումը կարող է խարխլել մեր խաղաղ և արդյունավետ պետականաշինական գործունեությունը: Գրանցելը, իհարկե, կգրանցենք, բայց անհրաժեշտ է թիրախավորել դրանց ղեկավարներին, վարկաբեկել և զրպարտել մեր մեդիա դաշտում, խափանման միջոց կալանք կիրառել նրանց ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց դեմ, պառակտել նրանց շարքերը: Հարկավոր է այդ ուղղությամբ աշխատել օրնիբուն, որ վերացական դժգոհությունները չվերածվեն կոնկրետ քայլերի՝ նրանց վտանգը խելքի, բանիմացության և փորձառության մեջ է: Հիմա ես ցանկանում եմ իմ բարձր ամբիոնից պաշտոնապես հայտարարել և բարեկամական խորհուրդ տալ՝ իմ տրամադրության տակ են իշխանության բոլոր օղակները՝ ուժային բոլոր կառույցներով հանդերձ, օրենսդիր և գործադիր մարմինները, դատական համակարգի մեծ մասը, այնպես որ հույս չունենաք՝ հենց խանձարուրի մեջ եմ դրանց պարեցնելու կարապների պարը ու երգեցնելու կարապի արիան համանուն օպերայից: Հի՜, հի՜, հի՜…
Մի ջղաձգվեք, արտակարգ դրություն կմտցնենք ու կսաստենք բոլոր ըմբոստներին ու բողոքավորներին, մենք ունենք անհրաժեշտ գործիքակազմ մեր ժողովրդի անդորրն ու ստեղծագործ աշխատանքն ապահովելու համար՝ գերժամանակակից միջոցներ, որոնք կկիրառենք՝ ելնելով համաժողովրդական շահից ու պետական անվտանգությունից, որ հակահեղափոխականները չփորձեն անգամ գլուխները պատուհանից դուրս հանել և խաթարել խաղաղ պայմաններում ազգամիջյան պատերազմն ու հակամարտություններն իրենց ցանկալի ավարտին հասցնելու խաղաղարար ծրագիրը: Գաղտնիք չէ, և այս անգամ բոլոր սևհարյուրակայիններն ու կաթնագույն գվարդիականներն իրենց ականջներին թող օղ անեն, եթե ես ցանկացա, ապա արևը կծագի արևմուտքից և մայրամուտը կգուժի աևելքում: Կասկածող կա՞: Չկասկածե՛ք… ՈՒ չփորձեք հանկարծ ինձ հետ խոսել հաթաթաներով, սպառնալիքներով ու հայհոյանքով, բարի և հանդուրժողական, ուժեղ մարդիկ այդ ոճով չեն խոսում, քանզի հզոր են: Դա բնորոշ է թույլ ու վախկոտ, անկամ ու չար մարդատեսակին: Ասածներս օղ արեցի՞ք ականջներիդ…
Իմ մարգարեություններն ավելի ճշգրիտ են, քան Վանգայի և Նոստրադամուսի կանխատեսումները: Իսկ ես ձեզ ասում եմ, կգա ոչ միայն հոգու սով, այլև մարմնի, ու դուք կքաղցեք ոչ միայն ճոխ, այլև դատարկ սեղանների մոտ, քանզի աշխատատեղեր չեք ստեղծում ձեր իսկ համար, որովհետև ծույլ ու անբան եք և հույսներդ կապել եք միայն վայրի բնության հետ՝ շուտով գարուն կգա, կբացվի վարդը, բնությունը կարթնանա քնից ու կլցվեք դաշտերն ու անտառները, կարածեք ու կորոճաք սրտներիդ ուզածի չափ: Իսկ մենք կվառենք թոնիրը ու գառը կկախենք դրա մեջ, որ ձեզ օրինակ ծառայի, թե ինչ բան է աշխատանքի օգտակար գործողության գործակիցը, իսկ դուք առայժմ գնացեք, կուզեք՝ դես թռեք, կուզեք՝ դեն թռեք, քուջուջ արեք, գլուխներդ պահեք… Փառք մեր բնությանը` հարուստ ու բազմազան:
Շուտով մասնագետներ և հրահանգիչներ կժամանեն Սոմալիից ու Մոզամբիկից, որոնք այգեգործական և անասնապահական մասթեր քլասներ (վարպետության դասեր) կանցկացնեն մեր բնակչության շրջանում: ՈՒ բավական է այս ձրիակերությունը: Աղքատությունը ուղեղներիցդ հանեք: Լավ չես ապրելու, Պողո՛ս: Ես քաղաքական ենթադրություն եմ առաջ քաշում, գնացեք և լուծումները գտեք… Դա է՞լ ես պիտի անեմ: Բա դուք ինչի՞ համար եք: Դու ճիշտ էիր, Պողո՛ս, ես սխալվեցի: Ամբոխին սին խոստումներով են կշտացրել, սրանք ականջներով են խաբվել ու կշտացել, մնացածը տեխնիկայի հարց է: Յուրաքանչյուրն ինքն է պարտավոր հոգալ իր ապրուստը, հոգևոր-մշակութային-կրթական արժեքները ձեր մեջ պետք է կրեք ի ծնե, տվածուրի: Ոչ դպրոցը, ոչ համալսարանը չեն կարող ձեզ տալ այն ամենը, ինչ կյանքն է պահանջում: Գոյություն ունի առաջարկի և պահանջարկի լրջագույն թնջուկ, որը, որքան ես հասկանում եմ, շատերիդ խելքի բանը չէ: Չգիտեմ, դա լավ է, թե վատ, ոնց որ թե համ լավ է, համ վատ: Տանը պարապ վեր ընկած դիվան եք քշում ու սպասում, որ երկնքից երեք խնձոր ընկնի: Չի լինելու: Էդ խնձորներն էլ ձեզ չեն հասնելու, որովհետև դուք արժանի չեք դրան, որ երկնքից խնձորներ թափվեն գլխներիդ ու դուք էլ առանց Էվրիկա բացականչելու վայելեք այդ անաշխատ եկամուտը: Դուք դրան եք սովոր: Հետևաբար, խնձորներից մեկը իմն է, երկրորդն էլ է իմը, որովհետև ես եմ ամենից շատ վտանգել կյանքս, պատկերավոր ասած, ես եմ ղեկավարել այս խորդուբորդ ճանապարհի ասֆալտապատումը, իսկ երրորդը, լավ, օքեյ, եթե շատ եք խնդրում, դարձյալ ես կվերցնեմ: Կարծում եմ, գոհ ու բավարարված եք, թե չէ պարապությունից ժանգոտվում ու փչանում եք…
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ