Արդյոք վարչապետը ցուցմունք կտա՞
10.12.2019 | 01:09
Նախ վերհիշենք դեկաբրիստների՝ «Կայծից բոց կբռնկվի» (Из искры возгорится пламя) հայտնի ասույթը, որը ժամանակին դարձավ Լենինի ստեղծած համառուսական քաղաքական, մարքսիստական առաջին անլեգալ «Իսկրա» պարբերաթերթի բնաբանը։ Լենինյան այդ «կայծը» մեր օրերում ևս կրկին փորձում է բոց դառնալ, քանի որ ի հայտ են եկել զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամի շուրջ եղած թվային անհապատասխանության փաստերը։ Հարցը նոր թափ է հավաքում ու բոցի վերածվելու միտում դրսևորում։ Որքան էլ ոմանք փորձում են «փչել-հանգցնել» պատմությունից բոլորիս լավ հայտնի «կայծը», այն շարունակում է մլմլալ։
Փաստենք՝ հիշյալ անհամապատասխանությունն առաջինը բարձրաձայնեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Հայտնի «փչող-հանգցնողները» հաջողացրին մեկուսացնել նրան։ Սակայն, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, հիմնադրամի անդամներից Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը դիմել է գլխավոր դատախազություն` պահանջելով նյութեր նախապատրաստել զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամ չփոխանցված գումարների վերաբերյալ։ Խոսքը շուրջ մեկ միլիարդ դրամի մասին է։ Ինչպես փոխանցում են մեր իրազեկ աղբյուրները, դատախազությանը տրամադրված նյութերի մեջ է նաև վարչապետի հայտարարությունը, որը հիմնված է պաշտպանության նախարարության տված տեղեկանքի վրա։ Հետաքրքիրը, թերևս, այն է, որ տեղեկանքում նշված գումարները բացակայում են հիմնադրամի պաշտոնական հաշվետվությունում, իմա՝ «կախարդական փայտիկի» զորությամբ ի չիք են դարձել։
Նաև հավելենք՝ Տիգրան ՈՒրիխանյանը դատախազությանն է տրամադրել վարչապետի օգնականի փոխանցած տեղեկությունները, համաձայն որոնց հիմնադրամ չի փոխանցվել ավելի մեծ գումար՝ շուրջ 1,9 միլիարդ դրամ։ Ասել է՝ կամ վարչապետն է սխալ տվյալ հրապարակել ԱԺ ամբիոնից, կամ պաշտպանության նախարարության տեղեկանքն է սխալ։ Ճիշտն ու սխալը հստակեցնելու մտադրությամբ էլ ԱԺ պատգամավորը դիմել է դատախազություն։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Մեկնաբանություններ