«Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական և տեղեկատվական պատերազմ է տարվում. նա խանգարում է վարչապետ Փաշինյանին»
08.10.2019 | 00:38
Խորհրդարանն օրեր առաջ հավանության արժանացրեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու նախաձեռնությունը, թեև վերջնական որոշում կայացնողը Սահմանադրական դատարանը պետք է լինի՝ 30-օրյա ժամկետում: Խորհրդարանական «Իմ քայլը» մեծամասնությունից զատ, այս նախագծին կողմ էր նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: «Բարգավաճ Հայաստանը» թեև մասնակցում էր հարցի քննարկմանն ու նշում, որ նախագիծն իրավաբանորեն թերի է, ոչ հիմնավոր, փակ, գաղտնի քվեարկությանը, ինչպես նախապես հայտարարել էր, չմասնակցեց: «Իրատեսը» փորձեց հասկանալ, թե հարցի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն արտախորհրդարանական ուժերը:
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության փոխնախագահ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՅԱՆԻ կարծիքով՝ եթե կենտրոնանանք ոչ թե Հրայր Թովմասյանի անձի, այլ երևույթի վրա, ապա անհնար է չնկատել՝ իշխող քաղաքական ուժը, որ միահեծան ղեկավարում է օրենսդիր և գործադիր մարմինները, այժմ էլ որոշել է դատական համակարգն իրեն ենթարկեցնել:
«Իշխանությունների ձևավորման ներկա մոդելով ստեղծվել են բոլոր պայմանները, որ կառավարման բոլոր մարմինները ենթարկվեն մի ուժի: Անկախ դատական համակարգ ունենալու միակ ռեալ տարբերակը դատավորների վերին օղակների ուղիղ ընտրություններն ու երդվյալ ատենակալների ինստիտուտ ունենալն է։ Ժողովուրդը պիտի գիտակցի, որ, անձեր փոխելով համակարգ փոխելն անհնար է, և ներկա իշխանություններից պահանջի քաղաքական կամք դրսևորել ու համակարգային փոփոխությունների գնալ, ոչ թե ծափահարի իր համար էական ոչինչ չփոխող պաշտոններում անձերի փոփոխություններին»,- ասում է Հարոյանը:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության մամուլի քարտուղար ՎԱՀԱԳՆ ԱՎԱԳՅԱՆԸ նշում է, որ Սահմանադրական դատարանը լուծարվելու ենթակա է որպես հակասահմանադրական մարմին, իսկ դրա անդամները իշխանության յուրացմանը մասնակցելու համար պետք է քրեական հետապնդման ենթարկվեն: «Ազգային ժողովի մեծամասնությունը փորձում է խնդրի մասնավոր լուծման հասնել՝ հեռացնելով, ըստ իրենց, ամենավտանգավոր սուբյեկտին։ Արդյո՞ք Հրայր Թովմասյանը մեր իշխանությունը յուրացնողներից մեկն է և ենթակա է պաշտոնազրկման ու քրեական հետապնդման, միանշանակ՝ այո։ Արդյո՞ք Ազգային ժողովը գործում է մեր ժողովրդի կողմից իրեն տրված մանդատի և երկրում սահմանադրական կարգի ու ժողովրդի իշխանության հաստատման անհրաժեշտ գործողությունների բավարար գիտակցությամբ, միանշանակ՝ ոչ։ Մի կողմից, բոլորս հասկանում ենք, որ նախկին հանցավոր ռեժիմի մնացորդներից պետք է ժամ առաջ ազատվել և լծվել նոր Սահմանադրության և այդ նոր Սահմանադրությամբ նախանշված ինստիտուտների ստեղծման գործին, մյուս կողմից, երկրում քաղաքական համակարգի չկայացածության հետևանքով ստիպված ենք լինում համակերպվել իշխող ուժի կողմից բոլոր ինստիտուտներում իշխանության կենտրոնացման գործընթացի հետ։ Հաջողված երկրներում այս խնդիրը լուծվել է առնվազն երկու քաղաքական բևեռների առկայությամբ։ Դա թույլ չի տվել որևէ կողմի հասնել բացարձակ իշխանության, և հասարակությանը հնարավորություն է տվել պաշտպանել իր ֆունդամենտալ ազատություններն ու իրավունքները։ Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ առանց առնվազն երկու բևեռի հնարավոր չէ երկրում ստեղծել սահմանադրական վիճակ, իսկ դա նշանակում է, որ առկա Ազգային ժողովը պետք է հեղափոխության օրակարգն ավարտին հասցնի, ընտրությունների և կուսակցությունների մասին նոր օրենքներ ընդունի, նաև նոր Սահմանադրություն անցկացնելու նախաձեռնություն հանդես բերի, անցկացնի նոր ընտրություններ՝ նպատակ ունենալով ոչ թե հնարավորինս շատ ձայն տանել, այլ հնարավորինս առողջ Ազգային ժողով ձևավորել։ Իսկ միաբևեռ քաղաքական համակարգերում անկախ դատական համակարգեր չեն լինում»,- ասում է Վահագն Ավագյանը:
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ ՀԱՅԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ համոզմամբ՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությունը, միանշանակ, քաղաքական գործընթաց է, որը սկսվել է 2018-ի գարնանը: Հեղափոխության ժամանակ, ասում է նա, իրենք ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ համակարգ են մերժել՝ իր բոլոր դրսևորումներով: «Սա պարզապես կիսատ մնացած քաղաքական գործընթացի տրամաբանական շարունակությունն է: Մենք ունենք մի դատական համակարգ, որը վերջին մի քանի տասնամյակներում զբաղված է եղել մեզ՝ քաղաքացիներիս, պատժելով, այն գործում էր մեր դեմ, ոչ թե հանուն արդարության: Եվ եթե անգամ դատական համակարգն այսօրվա տեսքով իշխող ուժից անկախ լինի, ապա այն շարունակելու է կախվածության մեջ լինել նախկիններից և ծառայելու է նրանց շահերի սպասարկմանը: Հետևաբար, մեզ պետք են դատական համակարգի իրական ու հիմնարար բարեփոխումներ, ինչի արդյունքում կունենանք մի ինստիտուտ, որի առաքելությունն է լինելու իրավունքի գերակայության հաստատումն ու արդարադատության իրականացումը,- նշում է ՔՈ անդամը:- Քաղաքական իրողություններից ելնելով՝ գուցեև օրենքներ լինեն, ըստ որոնց՝ Հրայր Թովմասյանի շուրջ կատարվողը որակվի որպես քաղաքական հետապնդման մեղադրանք իշխող ուժին: Այս խնդիրը պետք է լուծվեր հեղափոխական տրամաբանությամբ՝ անցումային արդարադատության շրջանակներում: Ցավոք, այսօրվա իշխող ուժը կիսատ է թողել հեղափոխությունը և իրեն բնորոշ կիսատ-պռատ գործելաոճի համաձայն էլ լուծում է նաև ՍԴ նախագահի և անկախ դատական համակարգի կայացման խնդիրը»:
Ինչ վերաբերում է անկախ դատական համակարգ ունենալուն, ապա, ըստ մեր զրուցակցի, հետհեղափոխական Հայաստանում որևէ էական քայլ չի կատարվել այդ համակարգի ձևավորման ու կայացման ուղղությամբ, բացի այն պնդումից, որ վարչապետը դադարեցրել է դատավորներին զանգելու պրակտիկան, ինչն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթացում իրական որևէ տարր չի տեսնում: «Միանշանակ քաղաքական հարց է, և նոր իշխանություններն ամեն գնով ցանկանում են ազատվել նրանից: Փաշինյանի ղեկավարած երկրում ոչ մի համակարգ չի կարող անկախ լինել, դա ֆանտաստիկայի ժանրից է: Պետության կենսական խնդիրները վերջին պլան են մղված, փոխարենը իշխանությունն ամեն գնով պահելու խնդիր կա: Ավելին՝ քաղաքական կուրսի հետ անհամաձայնություն հայտնողներին դավաճանի պիտակավորում են տալիս: Այս ընթացքում ինչ ասես, որ չտեսանք՝ աղմկոտ դատավարություններ, հրաժարականներ, ինքնասպանության դեպք, ատելության մթնոլորտ, փոխադարձ մեղադրանքներ, հարձակումներ ԶԼՄ- ների վրա և այլն: Բայց երբ ինչ-որ բանի չափաբաժինը շատ է լինում, նույնիսկ ամենաազդու դեղամիջոցը չի դարմանում: Այս պարագայում դժվար չէ հասկանալ, թե Հայաստանն ուր է գնում: Ամենուր հանդիպող բացասական այդ էներգիան իր ճանապարհին հանդիպող ամեն ինչ կործանելու է: Եվ այս ամբողջ նեգատիվի հեղինակն ու սնուցողը մեկ անձ է՝ Նիկոլ Փաշինյանը: Նա չի համակերպվում իրականության, քննադատության ու արդեն ինքն իր հետ»,- ասում է Վահե Բաբայանը:
Նա վստահ է՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական և տեղեկատվական պատերազմ է տարվում, քանի որ նա խանգարում է վարչապետ Փաշինյանին, քանի որ չի դարձել թավշյա իշխանության դատավոր:
«Դատարանները շրջափակելուց, այսպես կոչված, վեթինգից և դատական համակարգում մյուս գործողություններից հետո իշխանությունը փորձելու է ՍԴ-ն իր ձեռնածու դատարանը դարձնել: Դրա համար անելու են հնարավորը, որ ազատվեն Հրայր Թովմասյանից. ինչքան շուտ ազատվեն, այնքան իրենց ծրագրերն ավելի արագ կյանքի կկոչեն»,- շեշտում է Վահե Բաբայանը:
Ինչ վերաբերում է դատական անկախ համակարգ ունենալուն, «Ռեֆորմիստների» առաջնորդը հռետորական հարց է բարձրացնում՝ դատական համակարգն ինչպե՞ս կարող է անկախ գործել, երբ վարչապետի կոչով շրջապատում են այն, խաթարում դատավորների աշխատանքը: Դա վառ ապացույցն է այն բանի, որ այդ օրվանից Հայաստանում դադարեցին անկախ դատարաններ լինել: «Համոզված եմ՝ հաջորդը լինելու են 4-րդ իշխանությունը, ՀԿ-ներն ու կուսակցությունները: Բոլոր նրանք, ովքեր հակասահմանադրական գործողություն են իրականացրել, վաղ թե ուշ պատասխանատվության են կանչվելու: Այս էյֆորիան, այս իշխանություններն անցողիկ են, բայց Սահմանադրությունը, պետությունն ու օրենքները՝ մնայուն»,- ամփոփեց Բաբայանը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ