Պատճառը քո մեջ որոնիր
04.10.2019 | 01:30
Այսօրվա իշխանությունը հազվագյուտ կերպարների պակաս չունի։ Իշխանափոխության ալիքի վրա կառավարությունում ու խորհրդարանում հայտնվեցին այնպիսի մարդիկ, որոնք նույնիսկ ամենավառ երազում նման բան չէին էլ կարող պատկերացնել։ ՈՒ փոխանակ իրենց կարգավիճակին համապատասխան վարք դրսևորեին, գործունեություն ծավալեին, սկսեցին աջ ու ձախ անպատասխանատու հայտարարություններ շաղ տալ ու անմիտ քայլեր անել։ Սեփական վարքով աչքի ընկնող ամենակարկառուններից մեկը՝ Հայկ Սարգսյանը, օգտվեց իշխանության տված բարիքներից, բայց չընդունեց այդ մասին մամուլի բարձրաձայնումները։ ՈՒ սկսեց նոր զբաղմունք գտնել՝ դատի տալ բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք անդրադառնում են իր գործունեությանը։ Հերթն այս անգամ «Իրատեսինն» է։ Պատգամավորը մեզ ևս դատի է տվել «զրպարտության և վիրավորանքի համար»։ Բայց ամեն ինչ հերթով։
Մամուլի դեմ արդեն 7 դատական հայց ներկայացրած Հայկ Սարգսյանը զրպարտություն է անվանում այն, որ, օրինակ, նյութի հետ հենց իր նկարն է դրված, մինչդեռ ԱԺ-ում մեկ այլ Հայկ Սարգսյան չկա։ Եթե, օրինակ, մի ծաղրանկար դնեինք, տեսնես ինքն իրեն կճանաչե՞ր։ Սույն հայցվորը զրպարտություն է համարում նաև այն, որ Աննա Հակոբյանն իրեն ասել է, թե ընդամենը Նիկոլի շիշ բռնողն է, ինչպես մենք մեր լուրում էինք գրել։ Հիմա հարց՝ Հայկ Սարգսյանն ինչի՞ց է ավելի շատ նեղվել, որ Աննա Հակոբյա՞նն է իրեն այդպիսի բան ասել, թե՞ «Նիկոլի շիշ բռնող» արտահայտությունն է վիրավորական։ Բայց մենք ոչ մի նոր բան չենք գրել մեր նյութում, զրպարտության մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ Սարգսյանը նախ նոր չէ, որ հանրությանն այդպես է հայտնի, իսկ որ ամենակարևորն է, ինքը ևս անձամբ խոստովանել է. «Լավ եմ արել, շիշ եմ բռնել»։ Փաստորեն, վատ չի զգում դրանից, ուրեմն ինչու՞ է ծանր տանում, երբ մամուլն իրերն իրենց անուններով է կոչում։
«Սա ենթադրում է, որ հենց դա է հայցվորի նշանակալից գործունեությունը, որի համար նա պատգամավոր է դարձել»,- նշված է հայցադիմումում։ Հազար ներողություն, որ մենք միայն այդ «նշանակալից» որակումն ենք հիշել։ ՈՒղղում ենք մեր սխալը, քրքրեցինք ու գտանք Ձեր նշանակալից գործունեության փայլուն օրինակներ տարբեր լրատվամիջոցներում։ Ահա մի քանիսը. Հայկ Սարգսյանը Բաղրամյան 26 էքսկուրսիա է տարել մի քանի աղջիկների (սրա անգամ ապացույցը կա՝ լուսանկարներ և տեսանյութ), Հայկ Սարգսյանը իր օրենսդրական գործունեության ընթացքում «Գուդվին» ընկերության շահերն է պաշտպանել և դրա սեփականատիրոջից ստացել թանկարժեք մեքենա, 20 մլն գոլդ համարով հեռախոս է նվեր ստացել, դեբոշ է արել Երևան-Մոսկվա ինքնաթիռում... Սա մենք չենք ասում, չենք զրպարտում, չենք վիրավորում, ընդամենը մամուլի տարբեր լրատվամիջոցներից մեջբերումներ ենք անում։ Համա թե պատգամավորի նշանակալից գործունեություն է, չէ՞։
Շարունակվում է «օդիոզ» հայցվորի (սա էլ մեր որակումը չէ, էլի մամուլը վաղուց նրան այդպես է կնքել) մեզ դատելու մղումը։ «Հոդվածի հեղինակը պատգամավորի հասցեին խոսելիս նշում է, որ նա ունեցել է «վարչապետի շիշ բռնողի» կարգավիճակ։ Հոդվածի հեղինակի հայտարարությամբ վարչապետն ունեցել է իրեն տարբեր ծառայություններ մատուցող անձինք, այդ թվում այնպիսի անձ, որն իր շիշն է բռնել։ Ըստ այս հոդվածի, հայցվորը եղել է վարչապետին այս ծառայություններ մատուցող անձը»։ Պահո՜, էս ինչքան հեռու է գնացել հայցվորը։ Ինչի՞ց է ենթադրել, որ ընդամենը մի արտահայտության համար մենք պետք է դիտարկեինք վարչապետին այս կամ այն ծառայություն մատուցողների կազմը։ Բայց որ այդքան խորացել է, մի բանով էլ մենք հուսադրենք՝ լավ է միայն շիշ բռնելու ծառայություն մատուցողն է եղել։ Ո՞վ իմանա՝ էլ ինչ ծառայություններ մատուցողներ կան։ Եվ ընդհանրապես, հայցվոր, ինչու ես անընդհատ քո հայցում մեկ հիշում վարչապետի կնոջը, մեկ վարչապետին, չլինի՞ միտքդ ծուռ է։ Օրինակ, վարչապետն ու իր տիկինը քո ծառայություններից են օգտվում՝ անցանկալի լրատվամիջոցներին դատելու համար։
Մի դրվագի ևս անդրադառնանք. հայցադիմումում հանգամանորեն նշվում է, որ այսպիսի արտահայտությունը ատելություն է սերմանում վարչապետի և նրա թիմի նկատմամբ` նպատակ ունենալով թուլացնել վարչապետի և նրա թիմի հեղինակությունը հանրության շրջանում։ «Նման խոսք հնչեցնողները հատուկ ֆինանսավորվում են գաղտնի աղբյուրներից, որպեսզի Հայաստանում սերմանեն ատելություն, խտրականություն, թշնամանք և բռնություն»,- ասված է հայցում։
Նախ ձեր թիմից լավ ձեզ ոչ մեկը չի կարող հեղինակազրկել, այդ գործում դուք օգնողների կարիք չունեք։ Ինչ վերաբերում է ատելության խոսքին, Հայկ Սարգսյանին կառաջարկենք գնալ Ազգային գրադարան (հավատացեք, լավ տեղ է), խնդրել սեփական վարչապետին պատկանող թերթի արխիվը, բացել մինչ իշխանափոխությունը տպագրված ցանկացած համար ու հասկանալ, թե որն է ատելության խոսքը, թշնամանք ու բռնություն տարածելը։ Իսկ ֆինանսավորման գաղտնի աղբյուրների մասին կարող է հետաքրքիր զրույց ունենալ վարչապետի և նրա տիկնոջ հետ, թեկուզ մեկ շիշ ջրի սեղանի շուրջ։ Հաստատ շա՜տ ուշագրավ տեղեկություններ կիմանա։
Եվ վերջում «հաջողված ու ճանաչված» պատգամավոր-հայցվոր Հայկ Սարգսյանին մի խորհուրդ. եթե մի մարդ բոլորի՝ առնվազն 7 լրատվամիջոցի հետ խնդիր ունի, պետք է նախ դրա պատճառներն իր մեջ որոնի ու իր «նշանակալից գործունեությունը» փորձի սրբագրել։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Մեկնաբանություններ