Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ «հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել» ֆեյբուքյան գրառումը քննարկումների առարկա է դարձել: Նախարարը գրառումը կատարել է՝ նշելով Վրաստանի Գորի քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի ժամանակ 3 մարդ է զոհվել: Պարզվել է՝ ավտոմեքնայի բեռնախցիկում անգամ մարդիկ են նստած եղել, իսկ վթարի հիմնական պատճառը ղեկին քնած վարորդն է: Իհարկե, նրա՝ ղեկին քնելու հանգամանքը որևէ աղերս չունի երթևեկության կանոններն իմանալու հետ, բայց այն, որ բեռնախցիկում ուղևոր տեղափոխելը խախտում է, ապացուցման կարիք չունի: Թորոսյանի առաջարկն ինձ համար մասամբ ընդունելի է: Ոչ միայն վարորդներին պետք է «քննության կանչել», այլև գտնել, պարզել ու պատասխանատվության ենթարկել այն կազմակերպություններին, որոնք տասնամյակներ շարունակ գումարի դիմաց վարորդական իրավունք են տրամադրել ու տրամադրում՝ այն էլ մի քանի ժամվա ընթացքում: Եթե իմ շրջապատում հարցում անեմ, թե վարորդական իրավունք ստացողներից քանիսն են առանց գումարի այն ձեռք բերել, ապա տխուր պատկեր կստացվի: Ընկերս, որ հանուն սկզբունքի որոշել էր առանց գումարի ստանալ իրավունքը, այսպես կոչված, «պջՊՈ»-ի ժամանակ խնդրի առաջ էր կանգնել: Շատ ուղիղ տեքստով ասել էին՝ մինչև չվճարես, չես ստանա: Ցավալին այն է, որ մարդիկ, որոնք իրապես տիրապետում են թե՛ ճանապարհային նշաններին, թե՛ օրենքներին, թե՛ լավ են վարում, ստիպված են «մաղարիչ» անել՝ ձեռք բերելու համար օրենքով հասանելիքը: Գուցե հարցը առողջապահության նախարարին չի վերաբերում ընդհանրապես, բայց որ այն առկա է, փաստ է, ինչի մասին բարձրաձայնել ու բարձրաձայնում եմ պատեհ բոլոր առիթներով: Թե ինչքանով է իրատեսական Թորոսյանի կարծիքը, քննարկելու, վերլուծելու հարց է: Նախ՝ պետք է հասկանալ՝ վթարների քանի՞ տոկոսն է երթևեկության կանոնների չիմացության արդյունքը, ապա որոշել՝ ի՞նչ կտա վարորդներին «վեթինգի» ենթարկելը, և արդյո՞ք կլինեն մարդիկ, որ, իրավ, մեքենավարելու իրավունքից կզրկվեն: Ճանապարհատրանսպորտային վթարներից հնարավորինս խուսափելու համար, առաջին հերթին, կարծում եմ, պետք է ուժեղացնել վերահսկողությունը: Ինձ համար բնավ ողջունելի չէր այն հանգամանքը, երբ նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ մի շարք օրինազանց վարորդների խախտում-տուգանքները ներվեցին: Դրանից հետո նրանցից շատերը գուցե մտածած կլինեն՝ եթե կարմիր լույսի տակով անցնելը ներվել է, ուրեմն ոչ սթափ վիճակում վարելը նույնպես կներվի: Ընդունելի չէր նաև կարևորագույն որոշ մայրուղիներից արագաչափ-տեսախցիկների ապամոնտաժումը: Դրանց առկայության պարագայում վարորդները, գիտակցելով, թե տեսախցիկը ֆիքսելու է խախտումը, ու տուգանվելու են, վարում էին ըստ սահմանված արագության: Պետք է ավելացնել ճանապարհային երթևեկության նշանները, ապահովել դրանց պատշաճ տեսանելիությունն ու հասանելիությունը: Նշաններ կան, որ ծառերի ճյուղերն են փակել, կամ ջնջվել են, կամ էլ՝ թույլատրված «50» արագությունը «խելամիտ» վարորդների ձեռամբ դարձել է «60» և այլն: Ճանապարհների որակի ու հետապնդող փոսերի մասին էլ այնքան է ասվել, որ հույս էլ չկա, թե մի օր հնարավոր կլինի երթևեկել առանց ցնցումների:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ