ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՈՒ՞մ դիմի մարդը, եթե խախտվում են նրա դատավարական իրավունքները

ՈՒ՞մ դիմի մարդը, եթե խախտվում են նրա դատավարական իրավունքները
23.04.2019 | 04:42

Պատճենը՝ ՀՀ գլխավոր դատախազ
ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻՆ

Բուն խոսքիցս առաջ պատմեմ հետաքրքիր մի դեպք։ Աղքատ ֆինն երեխան նամակ է ուղարկում առ Աստված, ասելով՝ կարիքի մեջ եմ, խնդրում եմ հարյուր դոլար փող ուղարկիր ինձ:
Միամիտ տղայի նամակը հանձնում են կապի նախարար ՈՒրխո Կեկոնենին, որը հետո դարձավ Ֆինլանդիայի նախագահ: Նախարարը ծրարի մեջ դնում է հիսուն դոլար և ուղարկում երեխային: Միամիտ տղան շատ է ուրախանում և գրում է երկրորդ նամակը, որտեղ նախ շնորհակալություն է հայտնում Աստծուն օգնության համար և խնդրում, որ փողն անմիջապես իրեն ուղարկի, ոչ թե Կեկոնենի միջոցով, որովհետև վերջինս անազնիվ է և փողի կեսը գողանում է:


Հարգելի վարչապետ, ես ոչ թե միամիտ երեխա եմ, այլ հասուն մարդ, բայց բոլոր դեպքերում խնդրում եմ Ձեզ նամակն ուղարկել ԲԴԽ-ի պետին, որովհետև նա ժամանակին եղել է Սահմանադրական դատարանի նախագահ: Լավ գիտեք, թե նրա ղեկավարած տարիներին ինչպես են լուծվել համարյա բոլոր ընտրությունների արդյունքներից ընդդիմադիրների բողոքները:
Ասեմ նաև, որ դատական համակարգում տիրող ապօրինությունների, քաշքշուկների մասին թերթում տպագրված ծավալուն հոդվածը ուղարկել եմ ՀՀ վարչապետին, նախագահին, ԱԺ-ի նախագահին, «Իմ քայլից» Հ. Տիգրանյանին և ԼՀ-ի ֆրակցիայի ղեկավար Էդ. Մարուքյանին, ճիշտ է, ոմանք տվել են իրենց ուժերից վեր պատասխան, այսինքն՝ բարձրացված հարցը մեզ չի վերաբերում, պատասխան չեմ ստացել վարչապետից և ԼՀ-ի ֆրակցիայի նախագահ Էդ. Մարուքյանից:


Հավատացած չեմ, որ, եթե վարչապետը կարդար հոդվածը, անշուշտ, կարձագանքեր:
Խնդիրը աշխատակազմի ղեկավարի մեջ է: Ինչու՞ եմ այդպես ասում, որովհետև վարչապետին հասցեագրված ևս մի քանի կարևոր հարցերի պատասխանը ¥ու՞մ են ուղարկվել նամակներս¤ դեռևս անցյալ տարվանից կախված են օդում: Եթե նամակներիս չպատասխանները կարելի է բացատրել վարչապետի, գուցե նաև աշխատակազմի խիստ զբաղվածությամբ, հաստատ այդպես չէ Էդմոն Մարուքյանի պարագայում: Հավանաբար Մարուքյանի ուղեղը չափից դուրս գերծանրաբեռնված է, մտածում է՝ ո՞նց եղավ, որ «Ելքում» միասին էինք քայլում, հետո… Երբ նա սկսեց մենակ քայլել, այսօր վարչապետ է արդեն: Եվ ինքն էլ որոշեց նոր կուսակցություն ստեղծել «Լուսավոր Հայաստան» անունով, գուցե մեկ տարի հետո ինքն էլ սկսի նույն մարշ-բրոսոկը Վանաձորից և հասնի Երևան ու Նիկոլին ստիպի ասել.
-Էդմոն, դու ճիշտ ես, ես սխալ եմ:
Գուցե... Գուցե որպես ընդդիմադիր ավելի շատ է մտածում, քան Նիկոլը և ժամանակ չունի իր ընտրողների նամակներին պատասխանելու:
Անցյալի կարճ շարադրանքից հետո հետ դառնամ բուն նյութին և ասեմ՝ պարոն վարչապետ, դուխդ հավաքիր, մանավանդ ապրիլի 23-ը «Քաղաքացու օր» սահմանելուց հետո, ինձ պատասխան տուր, թե ու՛մ դիմեմ:


Այժմ բուն նյութը: Սույն թվականի ապրիլի 16-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զատիկյանի վարույթում քննվում էր թիվ ՎԴ3/02.08/05/17 վարչական գործը: Նշված գործից երևում է, որ այն վարչական դատարանում սկիզբ է առել դեռևս 2017 թվականի աշնանից և հայցվորն է Արարատի մարզի դատախազության դատախազ Արմեն Գրիշայի Կարապետյանը: Անշուշտ, ընթերցողին կհետաքրքրի, թե ինչ գործ է, որ քննվում է մոտ երկու տարի: Հայցվորը դիմել է դատարան Արարատի մարզի Այգեստանի գյուղապետարանի կողմից 18.07.2017 թվականի կայացրած վարչական ակտը վերացնելու պահանջով: 21.02.2019 թվականին դատական նիստի ժամանակ դատավոր Զատիկյանը հարցրեց, թե ում անունով են գյուղնշանակության մոտ 4,5 հեկտար հողերի սեփականության վկայականները:
-Հիմնականում հանգուցյալ հոր՝ Գրիշա Կարապետյանի և մի փոքր մասն էլ համատեղ սեփականության իրավունքով հայցվորի և նրա հանգուցյալ տատի անունով,- ասացի ես:
Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի կադաստրից պարզվի պատասխանողի խոսքերի ճշմարտացիությունը, թեպետ ես առարկեցի, ասելով, որ դրա կարիքը չկա, քանի որ պատասխանողի ներկայացուցիչն էլ չէր առարկում նշված փաստի դեմ և, բացի դա, եթե այն շատ անհրաժեշտ է, գյուղապետարանը կներկայացնի անհրաժեշտ տեղեկանք: Դատավորն ասաց.
-Դու չպիտի սովորեցնես դատարանին, թե ինչ անի:
-Ես չեմ սովորեցնում, բայց անհարկի ձգձգվում են դատական նիստերը,- եղավ պատասխանս։
Ապրիլի 16-ին հերթական նիստի ժամանակ դատավորը հրապարակեց կադաստրից ստացված տվյալները և երբ ցանկացավ ասել դատարանի վճռի կայացման օրը, ես հարց տալու թույլտվություն խնդրեցի: Դատավորը թե՝ ընդունված չէ դատարանին հարց տալ, բայց այնուամենայնիվ ասեք։
-Պարոն դատավոր, խնդրում եմ հրապարակեք՝ ինչի մասին է հայցը:
-Ի՞նչ է,- եղավ պատասխանը,- դու կասկածում ես դատարանի ¥այսինքն՝ իր-Ս. Հ.¤ պրոֆեսիոնալությա՞նը:
- Այդ մասին Դուք ասացիք, ոչ թե ես։ Ձեր պատասխանից ելնելով պիտի տամ երկրորդ հարցը: - ՈՒ չսպասելով դատավորի պատասխանին, շարունակեցի,- խնդրում եմ ասեք՝ հայցվորն ի՞նչ է խնդրում դատարանից:
Զգալով դատավորի անակնկալի գալը, շարունակեցի,- հայցվորը խնդրում է դատարանին՝ վերացնել գյուղապետարանի կողմից 2017 թվականի հուլիսին կայացրած վարչական ակտը: Համոզված եմ, որ Դուք վարչական ակտը չեք կարդացել: Վարչական ակտով գյուղապետարանը պահանջել է հողօգտագործողին վճարել հարկերը ժամանակին չվճարելու պատճառով առաջացած տույժ-տուգանքները և ոչ թե հարկերը, պարոն դատավոր: Ճիշտ է, ոչ կանոնավոր, բայց Արմեն Կարապետյանը վերջին հաշվով վճարել է հարկերը, որով գյուղապետարանը զրկվում է Ձեր պահանջը կատարելու հնարավորությունից, հարկերը չվճարելու համար դիմել դատարան՝ հողը պետականացնելու պահանջով: Եթե գյուղապետարանը սեփականության իրավունքից զրկելու հայցով դիմի դատարան, Արմեն Կարապետյանը, կամ նրա ներկայացուցիչը դատարան կներկայացնի վերջին հաշվով վճարված հարկերի անորրագրերը և կփակի գյուղապետարանի բերանը: Այնպես որ Ձեր խորհուրդը գյուղապետարանի համար ընդունելի չէ: Հետևաբար, անգամ ժառանգություն չընդունելով, եթե Արմեն Կարապետյանը կամովին վճարել է հարկերը, ուրեմն նա փաստացի իր վրա է վերցնում նաև ժամանակին հարկերը չվճարվելուց առաջացած տույժ-տուգանքները: Իսկ Դուք գիտակցաբար, թե անգիտակցաբար շփոթում եք, պարոն դատավոր, և փորձում եք սխալ ուղղորդել գյուղապետարանին:


Նիստի ժամանակ Զատիկյանը միամտաբար հարցրեց հայցվորի շահերի պաշտպանին.
-ՈՒրեմն դուք ընդունում եք միայն համատեղ սեփականության իրավունքով Ձեր վստահորդի կողմից ժամանակին հարկերը չվճարելու պատճառով առաջացած տույժ-տուգանքը։
-Այո, -եղավ պատասխանը:
Այստեղ կուզենայի հարց ուղղել նաև շատ հարգելի ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին: Երբ Ձեր կառույցի աշխատողի վարքագծի մասին դեռևս անցյալ տարի և դրանից էլ առաջ դիմել էի գլխավոր դատախազություն և խնդրել տալ նրա՝ որպես դատախազի, վարքագծի իրավական գնահատականը, ստացել էի պատասխան, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չկան: Հանուն ճշմարտության ասեմ՝ ԽՍՀՄ-ի տարիներին, եթե որևէ դատախազ ցուցաբերեր նման անպատասխանատվություն պետության հանդեպ, ապա պատկերացնում եմ՝ ինչպիսին կլիներ դատախազ Օսիպյանի վերաբերմունքը: Հաստատ կարող եմ ասել, որ մեր օրերում շատ է բարձրացել իրավապահ մարմինների աշխատողներին պատասխանատվության ենթարկելու նշաձողը:


Վճիռը պիտի հրապարակվի ապրիլի 30-ին և, հավանաբար, միայն դատախազ Արմեն Կարապետյանի և իր համատեղ սեփականության մասով չվճարված հարկերից առաջացած տույժ-տուգանքի չափով: Կարևոր չէ, թե որքան, կարևորը դատարանի վճիռն է: Տեսնես ինչպե՞ս կարձագանքի արձակված վճռին ՀՀ գլխավոր դատախազը: Իսկ հարցը՝ դատարանի կողմից անհիմն աչքաթողության պատճառով դուրս մնացած 190 հազար տույժ-տուգանքի համար ո՞վ է վերջին հաշվով պատասխան տալու, թողնենք առայժմ օդում առկախ:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. 1. Վերոգրյալի հիման վրա և ելնելով տարիների իմ դատախազական փորձից, կարող եմ հաստատ ասել, որ էն ժամանակներում էլ կային դատախազներ, դատավորներ, որոնք դատարանի նիստերի դահլիճ մտնելուց առաջ չէին ուսումնասիրում գործերը և ամբողջ հույսը դնում էին դատական քննարկումների վրա: Հավատացած եմ, որ մեր օրերում այդ արատավոր երևույթը ավելի է խորացել: Այլապես ինչո՞վ բացատրել եվրադատարանի կողմից Հայաստանի մասով կայացրած վճիռները: Եթե ես սխալվում եմ, ապա ներողություն եմ խնդրում, բայց կոնկրետ այս վարչական գործով Զատիկյանը ապացուցեց, որը ինքը հայցվորի պահանջը չէր կարդացել և ոչ միայն նա, այլև այն բոլոր դատավորները, որոնց հետ առնչվել եմ այս վարչական գործով: Ապացույց՝ գործի անհարկի ձգձգումները: Եզրակացությունը մեկն է՝ դատարանների ծանրաբեռնվածության պատճառներից մեկն էլ նրանց ¥իհարկե ոչ բոլորի¤ ոչ պրոֆեսիոնալիզմն է:
Հ. Գ. 2. Պարոն վարչապետ, որ չեք խառնվում դատավորների գործերին, լավ է, բայց խնդրում եմ ինձ ասեք, ու՞մ դիմի մարդը, եթե խախտվում են նրա դատավարական իրավունքները: ԲԴԽ-ի պետի՞ն: Մի՞թե նրա՝ Սահմանադրական դատարանում անցած «փառավոր» ուղին մեզ դաս չէ:

Դիտվել է՝ 14138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ