Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Դեպի շնորհապետություն (քեզ համար կուռք մի ստեղծիր)

Դեպի շնորհապետություն (քեզ համար կուռք մի ստեղծիր)
04.05.2018 | 18:40

ՆԱԽԵՐԳ

Վերջերս հաճախ այցելում են կանաչ-կարմիր, դեպքից դեպք էլ` թունդ դարչնագույն երազները։ Երփնագիր երազներում ստորոտից մինչև գագաթ ձյունածածկ են Արագածը և Մռավը, Արա լեռն ու Ծիծեռնակաբերդի հուշաբլուրը։
Թունդ դարչնագույն երազներում Ամուլսար է ողջ երկիրը։

1 մայիսի, 2018 թվական, Երևան, Բաղրամյան 19, ՀՀ խորհրդարան։ Ընտրվում-մերժվում էր հանրապետության վարչապետը։ Հնչում էին կոչեր, հղվում էին ուղերձներ, որոնք, սակայն, սլրկուն սահում էին երկրի կողքով։ Զի ունայն էին և զավեշտալիցք։ Ճառաբանները, անկեղծ լինենք, գրեթե հավատում էին իրենց պետականափրկիչ զեղումներին և ակամա հուզվում էին։ Անխտիր բոլոր ելույթ ունեցողները (երկու հատվածներն էլ) դրամային միլիոնատերեր էին, նույնիսկ դոլարային մուլտիմիլիոնատեր։ Անխտիր բոլորը համոզված էին` այո՛, Հայաստանում կա ահագնացող արտագաղթ, ահարկու աղքատություն, դղրդացող կոռուպցիա և այլն, և այլն։ Անխտիր բոլորը ողջունում էին համաժողովրդական քաղաքակիրթ ընդվզումը։
Միով բանիվ, ԱԺ-ում պարզվեց, որ, այո՛, հերոսական մեր հայրենիքը օրհասական վիճակում է, բայց թե ով է այս ամենի մեղավորը, մնաց անհայտ։ Գուցե Սորոսի կապիտա՞լը։ Գուցե և Դրախտիկ գյուղի հոտաղները։ Վերջինիս կասկածում եմ։

Շնորհապետություն։ Սա մի երկիր է, որտեղ բարեկեցիկ են ապրում բոլորը, ավելի բարեկեցիկ` առավել շնորհալիները։ Ի դեպ, շնորհալին այն այրն է և տիկինը, որոնց նվիրական գործունեության արդյունքում բարգավաճում է պետությունը, լիաթոք է շնչում հանրությունը։ Իսկ շնորհապետական երկրի խորհրդարանը, առհասարակ, պետք է լինի այն մատյանը, որը օրենքներով կսահմանի շնորհապետական երկրի սահմանադրությունը։ ՈՒրիշ ոչինչ։

ԱՅՍՈՒՀԱՆԴԵՐՁ, ՕԼԻԳԱՐԽԻԱ՞, ԹԵ՞ ԵՐԿԻՐ


ԱԺ-ն և վերջինիս ձևավորած կառավարությունը պետք է քաջ գիտակցեն, որ համաժողովրդական ապրիլյան զարթոնքը տարիների ընթացքում կուտակված ահարկու անարդարությունների, երկրակործան քանդարարության և, չզարմանաք ամենևին, խմբիշխանության ալեկոծուն ամբարտավանության վերջնարդյունքն է, և արմատական բարեփոխումների անտեսումը վերստին կհորդա համաժողովրդական ընդվզման նոր ալիքով, այս անգամ ընդդեմ նորօրյա կուռքերի։ (Պատմության դատաստանն է սա, որից ոչ ոք չի խուսափել, ժամանակավորապես խուսանավել են, ուրիշ ոչինչ)։ Այսպիսով, արմատական բարենորոգումները չունեն այլընտրանք, ունեն սկիզբ և անխափան ընթացք։
Նախ և առաջ պետք է գալիք վարչապետը խիստ տեսանելի նկարագրի Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնության հայեցի ապրելակերպն իր հայրենիքում։ Ըստ ՀՀ Սահմանադրության` Հայաստանը սոցիալական պետություն է։ Բնականաբար, գալիք վարչապետն ու կառավարությունը պետք է սոցիալական արդարությունը դարձնեն իրենց գործունեության գերակայություն։ Եվ ահա ես, ծառան ձեր հեզ, անհամբեր սպասում եմ, թե օրեր անց յուր վարչապետական ճառում ինչ ճանապարհներ կնշի գալիք կառավարության ղեկավարը, որոնք առնվազն կկրկնապատկեն կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձը, զուգահեռաբար էապես կիջեցնեն գազի և էլեկտրաէներգիայի սակագինը և այլն, և այլն։ Եվս մեկ, այս անգամ ռազմավարական, գերխնդիր նշենք։ 3-րդ հանրապետության մեծագույն սայթաքումներից մեկը միջին խավի լուսանցքային վիճակն է։ Ակնհայտ է, որ Հայաստանից գլխավորապես արտագաղթել է հենց միջին խավը, կայանալով որպես կայուն և շենացնող հանրային խավ օտար ափերում։


Բազում են լուծման կարոտ խնդիրները, անհամար են հայկական շնորհապետություն կառուցելու ճանապարհին ելուստված խոչընդոտները։ Սակայն բոլոր խնդիրներն էլ լուծելի են բացառապես սահմանադրական եղանակներով, այն է` օրենքի օրհնությամբ։ Ի մասնավորի, հարկավոր է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գմբեթածածկ սրահում հրավիրել միջազգային գիտաժողով և յոթնօրյա քննարկումների արդյունքում պարզել, թե ինչպես է ռուսական գազը ՀՀ սահման հասնում 150 դոլարով, բայց սահմանից այսդին մեր գրպանն է սողոսկում կրկնապատկված սակագնով։
Եվս մի քանի գործընթացներ պետք է որդեգրեն գալիք իշխանությունները.
ա) պետք է չեղարկել ցանկացած վարկավորում,
բ) անհրաժեշտ է օրենքի ուժով արգելել աղանդավորների և ԼԳՏԲ-ականների գործունեությունը և այլն, և այլն։

ՔԵԶ ՀԱՄԱՐ ԿՈՒՌՔ ՄԻ՛ ՍՏԵՂԾԻՐ
Բանաստեղծ, նկարիչ և հրապարակագիր Արևշատ Ավագյանը անկախ պետականության կայացման օրերին ահազանգում էր համաշխարհային դավերի մասին։ Նրան շատերը չլսեցին, եկեք այժմ ունկնդրենք.
Հայորդու կերած կաթը
սնում է ազատության ոգին,
նրա բազուկը
ստրկության շղթաներ
չի հանդուրժում։

Դարերի խորխորատների միջից
արմատները խրած լավաների մեջ
երկինք է ելնում
Թորգոմա ծառից...

Այո, Թորգոմա ծառը երկինք է ելնում և կենսալից պտուղ պետք է տա։ Եվ ահա ես` ձեր ծառան հեզ, հորդորում եմ` ներկա վեհապանծ խանդավառությունը մարել և անցնել գործնական պահանջատիրության։ Այսինքն, նոր կուռքեր չկերտել, հիշելով, թե ինչպես «Ղարաբաղ» կոմիտեի նվիրյալները կուռքացվելով այլակերպվեցին, բարձրանալով իշխանական գահին, և գահընկեց անելով պետությունն ու ժողովրդին։
«Քեզ համար կուռք մի ընտրիր»` Սուրբ գիրքն է սա պատգամել։

Թորգոմա ծառը պտուղ կտա, եթե Թորգոմա տան ներկա զավակներս գիտակցենք պատմական պահի պարտադրանքը։ Ինչպե՞ս, ահավասիկ այսպես. պահանջենք նոր իշխանություններից մեկընդմիշտ հրաժարվել նախորդ իշխանությունների թողած ոչ այնքան ուրախ ժառանգությունից, միաժամանակ նախորդ իշխանություններին դարձնել քավության նոխազ, քանզի սա փակուղային ճանապարհ է։ Նաև գիտակցենք, որ նախարար է, թե վարչապետ, նախագահ է, թե գյուղապետ, այսուհետև պատասխանատվության ահռելի բեռան տակ է մտնում և ունի միայն մեկ իրավունք` լուսաբացից արևամուտ ծառայել երկրի շահին, ծառայել ասկետավայել կյանքով, ասպետավայել բարքերով։ Մի խոսքով, ձեռք ձեռքի և ուս ուսի, իշխանությամբ և ընդդիմությամբ զորացած կառուցենք Հայկական Շնորհապետական Հանրապետությունը։

ՎԵՐՋԵՐԳ
Նախ և առաջ գալիք զորակոչի ընթացքում պետք է չեղարկվեն բոլոր տարկետումները։ Սահմանային զորամասերում պետք է ծառայեն նաև նախարարների, երեսփոխանների, գեներալների արու զավակները։
Նախ և հետո` հենց որ իշխանությունները շեղվեն ուղիղ ճանապարհից, իսկույն ևեթ կպաշարենք նրանց աշխատավայրերը և կպահանջենք անվերապահ հրաժարական։
Վերջերս հաճախ այցելում են կանաչ-կարմիր, դեպքից դեպք էլ` թունդ դարչնագույն երազները։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ