Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Հայկական պետականություն. սև կատուն մութ սենյակում (ուղերձներ` 105 հասցեատերով)

Հայկական պետականություն.  սև կատուն մութ սենյակում (ուղերձներ` 105 հասցեատերով)
27.10.2017 | 12:32

ՆԱԽԵՐԳ


Մայրաքաղաքի սրտում Թամանյան փողոց-զբոսայգի-թանգարանն է բաց երկնքի տակ։ Թանգարանի հերոսը հսկա սև կատուն է` ներկրված Կոլումբիայից` Գաբրիել Մարկեսի հայրենիքից։
Թամանյանի թիկունքում նշյալ փողոց-զբոսայգի-թանգարանն է հիմնել գերհարուստ սփյուռքահայ արվեստասերը։ Իսկ նրա տեսադաշտը դեպի լյառն Արարատ շրջափակել է նոր հայկական մի ձեռներեց, արդիական սրճարանով։
Ալեքսանդր Թամանյանը Երկիր Նաիրիի ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆ էր, նա պետություն էր կառուցում և կերտում էր նրա քաղաքամայրը երբեմն անոթի, հաճախ շրջանցելով բազմաթիվ քաղաքական և մշակութային դավեր։ Նրա հոգում մորմոքն էր ալիքվում, դուստրերի կորստյան ամեհի կսկիծը։ Այնուամենայնիվ, մեծն Ալեքսանդրը` ուս ուսի Ալեքսանդր Մյասնիկյանի, Մարտիրոս Սարյանի և այլ հայ երևելիների հետ, պետություն էր կառուցում, կերտում էր նրա քաղաքամայրը։
Թամանյանի, Մյասնիկյանի, Նժդեհի ու Սարոյանի, Կոմիտասի և Սարյանի արձանների թիկունքում և հայացքի առաջ ամեն օր և ամենուր մահկանացուն է կնքում Հայկական 3-րդ Հանրապետությունը...
Իսկ այսօր Հոկտեմբերի 27-ն է...

27-Ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԴԱՎԱԴԻՐ ՀՈՒԼՈՒՆՔԱՇԱՐ


Անըմբռնելի, պարզապես զարմանահրաշ բաներ կատարվեցին թուրք-օսմանական դուրսպրծուկ Ազերբայջանին զգետնած Հայկական 3-րդ Հանրապետությունում։ Նյութվեցին «անմեղ» բազում դավեր, վասն անկախ պետականության հաստատման։ Անմեղ դավերի հյուսման ութնամյակում, անտես շատերի աչքի համար, հրեշավոր անմեղսունակության խառնարանում խնկարկվեց նորհոկտեմբերյան ամոթալի, քինոտ և անակնկալ սպանդը, երբ Էջմիածին աթոռանիստ քաղաքում օծվում էր Ամենայն հայոց 132-րդ կաթողիկոսը։ Արդյո՞ք օրը պատահական էր ընտրված, թե՞ այս ամենում խառն էր չարի մատնեմատը։

3-րդ հանրապետության միակ պետական հեռուստաէկրանը անզուգական մի սպեղանի էր երկժամյա լույս-փարոսին 22 ժամ սպասող ժողովրդի ճնշող մեծամասնության համար։ Արցախից օրհասական, սակայն նաև հերոսական լուրեր էին հասնում ծխացող վառարանների շուրջը օղակված, հաճախ կիսաքաղց, բայց մշտապես աննկուն հայությանը։ Նրան նաև մատուցվում էր սեռակրթական մանանա, զորօրինակ, հեռարձակվեց «Հիմնական բնազդը» ակնհայտ պոռնոգրաֆիկ ֆիլմը, որը բարքերի խառնակության բնօրրան ԱՄՆ-ում ցուցադրվել էր էսպես խմբագրված և, ինչ խոսք, բավականին բարեկրթված տարբերակով։

1994 թվական, 29 հունիսի։ «Ղարաբաղ» կոմիտեի աջթևային անդամներ Աշոտ Մանուչարյանն ու Համբարձում Գալստյանը հրապարակավ մեղադրեցին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին ծանրագույն պետական հանցագործությունների մեջ։ Ամիսներ անց Համբարձում Գալստյանը գնդակահարվեց սեփական տան շեմին։ Հեռավոր Աթենքում ահաբեկչության զոհ դարձավ ՀՅԴ առաջնորդ Հրայր Մարուխյանը։ Այս ամենը չափազանց զգայական ազդեցություն ունեցավ տաղանդավոր գրող-հրապարակագրի ռեժիմացված հոգու վրա։ Տիար Վանոն կաս-կարմիր կտրած մեկնեց Փարիզ։ Պաշտոնեական ուղևորության վրա ծախսվեց 300 հազար դոլար։ Հանրության համար գաղտնիքը քողազերծվեց, ՆԳ կնամեծար նախարարը Փարիզում գիշերն անցկացրել էր սևամորթ կուրտիզանուհու հետ, վճարելով նրան 5000 դոլար։ Ի դեպ, վերոնշյալ ասքը հայ հանրության և համայն հայության սեփականությունը դարձրին Պարույր Հայրիկյանը, Իգոր Սուրադյանը և Աշոտ Մանուչարյանը հայտնի մամլո ասուլիսում։

1995-ին ձևավորվում էր Ազգային ժողովը։ Այս խորհրդարանում ժողովրդավարությունն անկյուն նետված անպետք լաթի կտոր էր, որի վրա ժամանակի իշխանությունը մաքրում էր կաշվե կոշիկներով պճնված թուջե սմբակները։ Տեր-Պետրոսյանի ու նրա մերձավորագույն գաղափարական երկխոսության, այլ կերպ ասած Վանոյի և Վազգենի միջև փոխըմբռնումն ինչպես երբևէ գերշահավետ էր, Վանո-Վազգենն անհրաժեշտ էին Տեր-Պետրոսյանին որպես խորհրդանշան, Լևոնին ամրակուռ հենարաններ էին պետք` ի դեմս գաղափարակիր և «թավշյա» այս ասպետների։ (Տե՜ր իմ երկնավոր, որքա՜ն հմայիչ, նվիրական և աստղային էին 1988-89-90 թվականներին այս երկու ազգային-պետական վեհ գործիչները` Վանոն ու Վազգենը։ ՈՒ՞մ ձեռքին նրանք դարձան շառաչուն գործիք)։ 1996-ին 3-րդ հանրապետությունն արձանագրեց թագագողության անդրանիկ դեպքերը. երկրի նախագահ ընտրվեց Վազգեն Մանուկյանը, երկիրը կառավարեց գործող նախագահը։


Խախտվեց պատվիրանը` «Ձայն բազմաց, ձայն Աստծո...»։

Այս պետականաշեն եղելությունները որպես պետականափրկիչ եղերերգ հնչեցին հայ մտավորականների մարտական դասակի հոգում, որոնք 1996-ի հուլիսի 29-ին հայտարարագրվեցին գործող նախագահի վստահորդներ, վասն նրա գալիք կառավարման։ Ահա նրանք անուն առ տոհմանուն` Աղասի Այվազյան, Սեն Արևշատյան, Ջիմ Թորոսյան, Հակոբ Հակոբյան, Ֆադեյ Սարգսյան, Ռուբեն Ահարոնյան, Հովհաննես Չեքիջյան, Հրանտ Մաթևոսյան, Գրիգոր Խանջյան, Տիգրան Մանսուրյան, Վարդուհի Վարդերեսյան, Ֆրունզե Դովլաթյան, Էմիլ Գաբրիելյան, Գագիկ Սարգսյան, Վլադիմիր Բարխուդարյան։ Ի դեպ, նշյալ հայտարարագրումից 3 օր առաջ ՀԳՄ նախագահ Հրանտ Մաթևոսյանն ասաց հետևյալը. «Մեր ժամանակներից ստալինիզմի հոտ է գալիս»։
Եղավ նաև «Արշալույսգեյթը», որպես երկրի ռազմաքաղաքական քրեաօլիգարխացման օրհներգ։ Ի դեպ, հույժ անհրաժեշտ է «Արշալույսգեյթը» յուրաքանչյուր հոկտեմբերի 26-ին ներկայացնել հայ հանրության և համայն հայության քննությանն ու դատաստանին։

1997-ի մարտի 20-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ՀՀ վարչապետ նշանակվեց ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։


1997-ի հունիսի 4-ին ՀՀ կառավարությունը բաց միջազգային մրցույթով սեփականաշնորհեց «Արաքս», «Լույս», «Պոլիվինիլացետատ» ՓԲԸ ձեռնարկությունները, «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը, Գյումրու մանրաթելերի ֆաբրիկան, Վանաձորի քիմիական և քիմմանրաթելերի գործարանները, «Արմենիա», «Անի», «Դվին» հյուրանոցային համալիրները։ Անցել է քսան տարի։ Ձեռնարկությունները, գործարաններն ու գիտաարտադրական միավորումները որպես մետաղի ջարդոն տարհանվել են երկրից։
Ծաղկում-բարգավաճում են հիշյալ ցուցակի հյուրանոցային համալիրները միայն, զի նոքա են 3-րդ զբոսաշրջային հանրապետության տնտեսական թռիչքի հավատո հանգանակները երեկ և այսօր։

Վերոնշյալ պատմաքաղաքական «մեծագործությունը» անպատասխան չմնաց, այն իր գնահատականին արժանացավ հավուր պատշաճի։ Իսկ մի օր Վանոն սրտնեղած նետեց. «Սեփականաշնորհման դաշտը մեզանում ականապատված է»։ Ականապատողները, ինչպես դավադիր հուլունքաշարն է ի ցույց դնում, բյուր էին, ականազերծողներն անհայտ բացակայող էին։ Ի մեծ ցավ, հայ հանրության և համայն հայության` ականապատված էր ողջ պետական դաշտը, և կամա-ակամա ականներ էին տեղադրում կայացման անփառունակ ճիգեր գործադրող 3-րդ հանրապետության տակ և՛ մտավորական առանձին երևելիներ, և՛ թուրքին զգետնած զորավարներ, և՛ գաղափարական դասալիքներ, և՛ օծյալ հակահերոսներ, և՛ արհեստավարժ քծնապետեր ու և՛, և՛, և՛։


ԱԿԱՆԱՊԱՏ ԴԱՇՏ. ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ


Գլխահակ եմ այսօր, զի ԱԺ-ի պարսպից անդին եղերական օրվա տեսիլքներն են շրջում։ Եվ մեզ պատասխանատվության են կանչում, դեմ են տալիս խորհրդարանի զարդանախշ պարսպին և պատգամում են` փրկե՛ք երկիրը։ Փրկության իր բանաձևն առաջարկեց, չզարմանաք, նա` Քերթողահայրը, 1600 տարիների հեռվից. «Եվ իր թագավորական տանը օրենքներ է հաստատում, ժամեր է սահմանում մտնելու և իջնելու, խորհրդի, կերուխումի և զբոսանքների համար»։ Այնուհետև` «... և կառավարման կարգեր հաստատեց մեր երկրում, որքան կարելի էր. սահմանեց նախարարություններ և այս նախարարությունների համար նահապետներ պիտանի մարդկանցից, որոնք ծագում էին մեր նախնի Հայկի սերնդից»։
Այսօր հերթական անգամ ծաղկեպսակներ կդրվեն, այսօր կանիծեն նախճիրի հայտնի-անհայտ դրդիչներին և այլն, և այլն։ Սակայն կմոռացվի ամենակարևորը. 3-րդ հանրապետության կայացման առաջին տասնամյակի և վերջին տասը տարիների զարհուրելի նույնականություն կա, շուրջ 1 մլն ՀՀ քաղաքացի լքել է երկիրը, հայրենիքում արժանապատվորեն ապրելու բազում ելքեր փնտրելով և շարունակ ձեռնունայն մնալով այդ սիզիփոսյան փնտրտուքում։ Լքել է, երբ երկրում գրեթե քաղցում էր նրա բնակչության 90 տոկոսը, մյուս մասը, այն է` ժամանակի իշխանախմբերը, լլկում էր պետականություն ասվածը, նրա բոլոր հնարավոր դրսևորումներում։ Երկիրը լքում են նաև այսօր, զի հանրահայտ է, որ իշխանական վերնադասը հանրապետության ճակատագիրը ի տնօրինում է հանձնել յուր գոյության մերան քրեաօլիգարխիային, որը, բնականաբար, սահմանել է իր խաղի կանոնները, 3-րդ հանրապետությունը ոտնիգլուխ դարձրել է մոլեմսխուն կապիտալի արդյունահանման գերշահութաբեր հանքավայր, նրա բնակչության մեծամասնությունն էլ... դե, մի՞թե պարզ չէ, նշյալ հանքավայրի հանքափորներ ու գրաստներ։
Անվերապահորեն Արցախը մերն է։ Արցախը մեր կայացման մաքրազտված մերանն է, որի պահպանման համար այսօր չարքաշ ընտանիքի հաճախ մինուճար որդու կենսաթրթիռ արյունն է ծորում։


Կումայրի-Ալեքսանդրապոլ-Գյումրի քաղաքը, անկասկած, վերահսկիչ այցելությունների քանակով անմրցելի է Երկիր մոլորակում։ Գյումրու 2000 վագոն-տնակներում այսօր ծնվում են դարի աղետից հրաշքով փրկվածների թոռները։ Չկասկածենք, նրանց ծոռները նույնպես կվայելեն վագոնատնակային օջախներում գոյատևելու բերկրանքը, քանզի իշխանական վերնադասի և կառավարական բարձրախավի համար կա մի Գյումրի` յուր հոգնատանջ առօրյայով և հուսաբեկ ապագայով. դա Կումայրի մշակութային արգելոցն է և նրա գլուխգործոց Ռուսթավելի փողոցը։

ՎԵՐՋԵՐԳ
ՀՀ ԱԺ 105 պատգամավորներ, այսօր ծնրադիր աղոթեք և երդվեք դառնալ Հայկական պետականության վերականգնման պատգամաբերները։ Ի՞նչ անել և ինչպե՞ս անել։ Ամեն բան պարզ է, ինչպես երկու անգամ երկուսը։
Անհրաժեշտ է գերհրատապ մի օրենքով ամորձատել քրեաօլիգարխիկ համակարգը` ազգայնացնելով մեր սայթաքուն տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերը, պետականաշնորհելով բոլոր հանքերն ու լճերը։ Այս ճանապարհով անկյուն կմղվի քրեաօլիգարխիան, անկյունում ձախ ու ոտքի վրա կարձանանա քառասուն օր և նույնքան գիշեր, և պետականությունը դուրս կգա մութ սենյակից։ Թե չէ, Տերը մի արասցե, ազգային և պետական աղետներն անխուսափելի են։

Մայրաքաղաքի սրտում Թամանյան փողոց-զբոսայգի-թանգարանն է բաց երկնքի տակ։ Թանգարանի հերոսը հսկա սև կատուն է` ներկրված Կոլումբիայից...


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 9186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ