Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ե՞րբ պետք է մեր միջից դեն նետենք մեր ինքնավնասակար էությունը

Ե՞րբ պետք է մեր միջից դեն նետենք մեր ինքնավնասակար էությունը
23.09.2017 | 23:56

Երբ կարդացի «Ազգ»-ում Նաիրի Յանի «Քարահու՞նջ, թե՞ Զորաց քարեր» հոդվածը, ակամայից մտաբերեցի մեր ինքնավնասակար էությունը, էություն, որով տառապում է ցանկացած հայ: Միտքս ցանկանում եմ սկսել տարիներ առաջ կատարված մի դեպքով, որը հաճախ եմ հիշում, երբ խոսք է լինում հայ միասնականության մասին, սկսած կենցաղային հարցերից մինչև կարևոր ազգային հարցերը:


Մեր բակին հարող փողոցում հավաքել էի մոտ 15 կարող տղաների, որ օգնեին ինձ` ծխնելույզի մետաղյա խողովակը կանգնեցնելու գետնից մոտ մեկ մետր բարձրության վրա նախօրոք նախապատրաստված մետաղյա հենարանին: Ես կանգնել էի տանիքին՝ խողովակից կապված պարանը ձեռքիս և հրահանգում էի, թե ինչպես մետաղյա խողովակը բարձրացնեն և դնեն հենարանին: Հարևանս, որն ամբողջ կյանքում ապրել է չարությամբ ներծծված, ասաց, թե հնարավոր չէ, հարկավոր է վերամբարձ կռունկ բերել: Ես ուշադրություն չդարձրի նրա խոսքերին և շարունակեցի պնդել իմը, ասելով` մտածենք, որ կռունկ չկա, և մենք պիտի ապավինենք մեր ուժին, մեր հնարամտությանը: Երբ հարևանս իրենը պնդեց, զգացի, որ շատերը թևաթափ եղան և հեռացան խողովակի մոտից, համոզված, որ խողովակը հնարավոր չէ կանգնեցնել հենարանին: Այդ ժամանակ թևաթափ եղած խմբին մոտեցավ կիսահարբած ռուս Վոլոդյան, որը Ռուսաստանից հյուր էր եկել դարձյալ իմ հարևան Մարգարին: Նա հազիվ էր ոտքի վրա կանգնում և լեզուն փաթ ընկած հարցրեց.
-В чем проблема, ребята?
Բացատրեցի խնդրի էությունը: Նա մոտեցավ խողովակին և, դառնալով ավելի քան քառասուն րոպե տարբեր իրարամերժ տեսակետներ առաջարկող տղաներին, ասաց.
-А ну-ка, ребята, раз, два, взяли!
Երդվում եմ ամենայն անկեղծությամբ, հարբած Վոլոդյայի խոսքերը, պոռթկացող էներգիան ստիպեցին կանգնած տղաներին լրջորեն գործի անցնել, և ընդամենը տասը րոպեում մետաղյա ծանր խողովակը կանգնեցվեց մետաղյա հենարանին: Երբ զոդողը խողովակն ամրացրեց հենարանին, ու այն այլևս չէր կարող պոկվել տեղից, տանիքից շնորհակալություն հայտնեցի Վոլոդյային և ծանր խոսքեր ասացի բազմակարծիք ազգիս հերոսներին.
-Տղերք, վիրավորական է, նույնիսկ անբարո, որ դուք չկարողացաք կատարել իմ խնդրանքը, հորդորներս: Պիտի հայտնվեր մի ռու՞ս, այն էլ հարբած, որ ձեզ ձեր ուժերի նկատմամբ հավատ ներշնչեր:
Պրովոկատոր հարևանս գլուխը կախ հեռացավ: Դրանից հետո էլ բազմիցս համոզվել եմ, որ ցանկացած հարցի լուծման ժամանակ բոլորը կասեն իրենց նշանավոր կարծիքը, անգամ ամենատգետ հայն այդ պահին չի հրաժարվի իր հեղինակավոր կարծիքն ասելուց: Ցավոք, սա է մեր դժբախտ էությունը:
Տաղանդավոր, բազմակողմանի տաղանդավոր գիտնական Պարիս Հերունին կարծես աշխարհին ապացուցել էր, որ Քարահունջի աստղադիտարանը աշխարհում հնագույնն է, ինչպես Անգլիայում գտնվող Սթոունհենջ աստղադիտարանը: Մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը Պարիս Հերունուց հետո սկսել է Քարահունջի ուսումնասիրությունները: Եթե Հերունին ասում էր, թե աստղադիտարանը 7,5 հազար տարեկան է, ապա մաթեմատիկոսը հավատում էր, որ այն ավելի հին է: Նա պատրաստ է իր հաշվարկները բացատրելու յուրաքանչյուրին, միայն պետք է լսելու համբերություն և ժամանակ ունենալ: Եվ հանկարծ այսօր հայտնվում է ՊՈԱԿ-ի աշխատակազմի ղեկավար, հնագետ Աշոտ Փիլիպոսյանը և աստղադիտարանի վարկածը համարում է հեքիաթ ու վառ երևակայության արդյունք: Եղել եմ Հերունու ուսանողը և կարող եմ ասել, որ այդ մարդը ո՛չ արկածախնդիր էր, ո՛չ հեքիաթագիր, և ոչ էլ գիտական հիմքից զուրկ վառ երևակայություն ուներ: Ես հավատացել և հավատում եմ այդ տաղանդավոր գիտնականին, իսկ ինչ վերաբերում է հնագետին, ապա նրա վարկածը բացասման բացասումի ինքնավնասակար բացասումն է: Հիմա լսեք, թե ինչ է ասում Օնիկ Խնկիկյանը: Դեռ այն ժամանակ մի խումբ գիտնականներ իրեն ստիպել են աշխատության միջից հանել աստղադիտարանի փաստն ապացուցող հատվածները, բայց ինքն անդրդվելի է մնացել: Օնիկ Խնկիկյանից հետո աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանն էլ է նույն համոզմունքը հայտնել, նրան հաջորդել է Պարիս Հերունին, որի հայտարարությունը միջազգային լայն արձագանք գտավ: Արտասահմանյան լրատվամիջոցները հետաքրքրվեցին Հայաստանով և Քարահունջի աստղադիտարան լինելու տեսակետի դեմ ոչ ոք չէր խոսում, քանի դեռ ողջ էր Հերունին:
Հետաքրքիր է նաև մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանի կարծիքը: Ըստ նրա, Արևմտյան Հայաստանի Պորտասարի և Քարահունջի աստղադիտարանների միջև նմանություն կա, երկուսն էլ Կարապի համաստեղության տեսքով են կառուցված և թվագրվում են նույն ժամանակաշրջանով: Երբ 2012 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել էր աստղագիտության տարի, թուրքերը «Պորտասարի» վերաբերյալ «Թուրքական աստղագիտական ժառանգությունը» թեմայով Եվրոպայի քաղաքներում երկու ցուցահանդես են կազմակերպել: Երբ մաթեմատիկոսը դիմել է հայ հնագետներին, թե ինչու չեն ցանկանում հակադարձել թուրքերին, որ Պորտասարը հայկական աստղագիտական ժառանգություն է, նրան պատասխանել են՝ զահլա կա՞:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Օտարները գողանում են մեր ունեցածը, նրանց հետ գլուխ չենք դնում, ասելով՝ զահլա չկա: Մինչև ե՞րբ: Ե՞րբ պետք է մեր միջից դեն նետենք մեր ինքնավնասակար էությունը: Պետք չէ ամեն անգամ խելացիից ավելի խելոք երևալու համար ուղեղին զոռ տալ, այլ զոռ տալուց առաջ պետք է հիշել, թե որն է օգտակարը Հայաստանի, հայի համար:

Դիտվել է՝ 7485

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ