Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Հայոց լեզուն այլևս չունի՞ պետական հոգածության կարիք

Հայոց լեզուն այլևս չունի՞  պետական հոգածության կարիք
12.05.2017 | 11:01

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին կից լեզվի պետական տեսչությունը կոչված է մշտապես հսկողության տակ պահելու «Լեզվի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ լեզվական քաղաքականության պետական ծրագրի կատարումը, ՀՀ պետական լեզվի կանոնարկման, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործածության և ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների ապահովումը:


Լեզվական մշակույթի այսօրվա վիճակի նույնիսկ ամենալավատեսական գնահատականը դարձյալ չի ենթադրում, որ վերահսկող մարմնի գործառույթները այլևս ժամանակավրեպ են ազգային ռազմավարական այնպիսի կարևոր խնդրի վերաբերյալ, ինչպիսին պետական լեզվի պահպանությունն է: Գնալով ավելանում է օտար լեզուների հաղթարշավը, անհանդուրժելի աստիճանի են հասնում մեղանչումները մայրենի լեզվի դեմ, եթերը հեղեղված է օտարալեզու և գռեհիկ բառապաշարով, մայրաքաղաքի և մարզերի փողոցների, հասարակական վայրերի ցուցանակները, գովազդերը, մեղմ ասած, չեն հարգում մայրենի լեզվի մասին օրենքի տարրական պահանջները, հայ մարդու մեջ գնալով նվազում է սրտացավությունն ու պատասխանատվությունը զավակի պես թանկ ու սիրելի մայրենիի հանդեպ: Այսպիսի պայմաններում ստեղծվում է աբսուրդ մի իրավիճակ. լեզվի պետական տեսչության առջև դրված պահանջները խստացնելու, լիազորություններն ավելացնելու փոխարեն պետական այդ կարևոր կառույցը լուծարելու որոշում է առաջ քաշվում: Այս իրավիճակը լուրջ մտավախություն և տագնապ է առաջ բերել մտավորականների, լեզվի պահպանման հարցում նախանձախնդիր մարդկանց շրջանում:


Ստացվում է այսպիսի պարզ ու անտրամաբանական մի իրավիճակ. կա «Լեզվի մասին» օրենք, կա այդ օրենքի պահպանմանը միտված լիազոր մարմինը` Լեզվի պետական տեսչությունը, կա այդ մարմնի կատարած հսկայածավալ ու հետևողական աշխատանքը, և կան մեծ թվով ու անընդունելի լեզվական մեղանչումներ: Այդ շղթայից հանում ենք Լեզվի պետական տեսչությունն իր լիազորություններով, և «Լեզվի մասին» օրենքը մնում է մեն - մենակ հասարակության հետ: Հասարակություն, որի մի ստվար շերտին ընդհանրապես հասկանալի չէ մայրենի լեզվի անաղարտության անհրաժեշտությունը, մի ուրիշ շերտ ի զորու չէ ինքնուրույն իրացնելու «Լեզվի մասին» օրենքի դրույթները՝ կրթական, իրավական գիտակցության պակասի պատճառով, մեկ այլ շերտի համար մայրենիի անաղարտությունը երգիծանքի ժանրի առարկա է, մեկ այլ շերտ արհամարհում է առհասարակ ամեն օրենք, էլ չենք խոսում ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների և պարտականությունների պետական հոգածությունը, որը նույնպես իրականացնում է Լեզվի պետական տեսչությունը:


Քաղաքը հեղեղված է օտարալեզու ցուցանակներով: Դա հետևանք է այն բանի, որ տեսչությունն արդեն երկու տարի շարունակ ստուգումներ չի իրականացնում. ձեռք բերածն էլ կորցրինք: Մի պահ պատկերացնենք, թե ինչ կկատարվի, եթե տեսչությունն ընդհանրապես չլինի: Դժվար է ասել, թե որ երկրի մայրաքաղաքում կհայտնվենք. այսինքն` ով ինչ լեզվով ուզի, այդ լեզվով էլ կգրի: Հայ մարդուն իր հայրենիքում սեփական լեզվի հանդեպ հարգանք ու առաջնահերթություն պահպանելը և օրենքով պարտադրելը պատմությունից դասեր չքաղելու տխուր օրինակներից միայն մեկն է: Օրենք լինելուց առաջ այս պահանջը պիտի լինի սրբազան պարտք ու նախանձախնդրություն, ազգային հպարտության, հայրենասիրության ամենապարզ դրսևորում, ինչին մենք չենք հասել ո՛չ մեր գիտակցությամբ, ո՛չ էլ օրենքների կատարելությամբ: Ավելին, խոշոր հաշվով ձախողվել ենք, պարտվել ենք այդ պայքարում, այնքան խոշոր, որ ավելորդ ենք համարում անգամ այդ պայքարը շարունակել պետական մակարդակով և լուծարում ենք լեզվի պահպանության ամենակարևոր օղակներից մեկը՝ Լեզվի պետական տեսչությունը:


Մինչդեռ լեզվական խնդիրների հանդեպ նախանձախնդրություն ունեցող քաղաքացիները Լեզվի պետական տեսչության աշխատանքների անարդյունավետության, վերը նշված ձախողումների պատճառների մասին շատ հաճախ տեղեկանում են հենց նույն տեսչության կազմակերպած մամուլի ասուլիսներից ու զանգվածային հրապարակումներից: Տեսչության կարծիքով` շատ խնդիրներ չեն լուծվում օրենսդրության անկատարության պատճառով: Այդ նպատակով ներկայացվել են լեզվի մասին հանգամանալից մշակված իրավական ակտերի նախագծեր, այդ թվում` լեզվական քաղաքականության պետական երկարաժամկետ ծրագիր, բայց այդ նախագծերը կյանքի չեն կոչվել, քանի որ երկրի տնտեսության վիճակով իբր թե մտահոգ պաշտոնյաներ եկել են հանճարեղ եզրահանգման, որ «լեզուն խանգարում է բիզնեսին»: Դե ուրեմն պետք է լուծել այդ լեզվի հարցը:


Լեզվի տեսչության ստեղծման օրվանից մինչ այսօր մտավորականների, լեզվաբանների, գիտնականների, լեզվի հարցերով մտահոգ շարքային քաղաքացիների մի հզոր բանակ կա, մի ստվար զանգված, որը մոտիկից ծանոթ է տեսչության գործունեությանը. մարդիկ գիտեն, որ լեզվի տեսչության գործունեության արդյունավետության պակասի խնդիրը ծագում է նաև այն պարզ պատճառով, որ Լեզվի տեսչությունը չունի իրավախախտումների տուգանքի չափը որոշելու, տուգանքն իրականացնելու իրավասություն: Այդ գործընթացը կատարվում է դատական կարգով և խիստ ժամանակատար է: Առաջներում` ոչ վաղ անցյալում, երբ առաջին ատյանի դատարանն էր որոշում գործի ելքը, Լեզվի տեսչությունը, որքան ինձ է հայտնի, պարտված գործ չուներ, իսկ այսօր, երբ վարչական դատարանն է իրականացնում գործերի քննությունը, տարիներ տևող քննության արդյունքում Լեզվի տեսչությունը հաճախ նաև գլխիկոր է դուրս գալիս դատարանի դահլիճից. ի՞նչ է փոխվել. էլ գերակա չէ՞ հայերենը հանրային կյանքի բոլոր ոլորտներում, թե մեր տնտեսավարող սուբյեկտների վարձած թանկարժեք փաստաբանների աչքին իրենց «աշխատանքի» վճարն ավելի է լույս տալիս: «Աշխատանք» բառը չակերտներում դրեցի, քանի որ մեր լեզվի դեմ կատարվող, թեկուզ և իդեալական` խաղի և իրավաբանության բոլոր կանոններով պայքարելը աշխատանք չեմ համարում, կամ ավելի շուտ` նողկալի աշխատանք եմ համարում, հատկապես, որ գիտեմ, որ այդ պայքարը Լեզվի տեսչության բանասիրական կրթությամբ աշխատակիցների ու մեր երկրի, մեր լեզվի դեմ է: Մեզ հարկավոր է օրենսդրորեն կարգավորել այս վիճակը և Լեզվի տեսչության գործունեության համար մշակել նոր հայեցակարգ՝ տալով համապատասխան կարգավիճակ: Ահա թե ինչ է պետք իրականացնել առաջընթաց գրանցելու համար: Սակայն, չգիտես ինչու, մենք կրկին գնում ենք գետի հոսանքին հակառակ ուղղությամբ և իրականացնում անդամահատության տեխնոլոգիան՝ սխալն ուղղելու ճանապարհին գործելով նոր, ավելի վտանգավոր սխալ: Ստացվում է այսպիսի պատկեր. գլխացավը բուժելու համար վիրաբույժը առաջարկում է գլխատել հիվանդին:


Այս հարցը, անշուշտ, ունի նաև բարոյական կողմ:
Մի երկրում, որն ունի ազգային միատարրություն՝ 90%-ից ավելի, և որտեղ հայոց լեզվի կրողները կազմում են բացարձակ մեծամասնություն, թվում է, թե չպիտի առաջանա լեզվի պահպանմանն ուղղված պետական մարմնի ստեղծման անհրաժեշտությունը: Սակայն տարիների, ինչպես նաև օտար երկրների փորձը ցույց է տվել, որ կարևորը մայրենի լեզուն կրող բնակչության տոկոսը չէ. համաշխարհայնացման պայմաններում միշտ էլ անհրաժեշտ է հոգալ մայրենիի պաշտպանության հարցը, և այդ պաշտպանության համար համապատասխան իրավական պայմաններ ստեղծել, պաշտպանել աղճատումներից: Սա կամայական ցանկություն չէ. Ֆրանսիայի բնակչությունը բացարձակ տիրապետում է իր պետական լեզվին՝ կրթության նպատակաուղղված ծրագրերի արդյունքում, բայց միևնույն է, Ֆրանսիայում գործում է խիստ օրենք՝ պետական լեզվի՝ Բալզակի, Վոլտերի լեզվի պահպանման մասին: Այդ խնդիրն ավելի ակնառու է դառնում փոքրաթիվ ժողովուրդների համար: Գաղտնիք չէ, որ մերձբալթյան երկրներն առավել խանդոտ են այդ հարցում՝ կիրառելով խիստ պատժամիջոցներ, տուգանքներ. մերձբալթյան լեզուներին չտիրապետողը տուգանվում է 750 եվրոյի չափով: Իհարկե, Լեզվի պետական տեսչությունը միտված չէ իրականացնելու լեզվի ոստիկանի գործառույթ, բայց լեզուն ազգային, պատմամշակութային ձեռքբերում է, ինչպես ցանկացած այլ ձեռքբերում, և պաշտպանության կարիք ունի ոչ թե կամ ոչ միայն օտարներից, այլ այդ լեզուն կրող ժողովրդից:
Հետևաբար, ավելի արդյունավետ կլիներ ոչ թե լուծարել Լեզվի պետական տեսչությունը, այլ ավելի ընդլայնել նրա գործառույթները՝ նրա վրա դնելով ավելի շատ պարտավորություններ` ականազերծելով տեսչության ճանապարհը:


Աշխարհով մեկ սփռված հայության հայ մնալուն նպաստել է նաև այդ երկրների լեզվական ճիշտ քաղաքականությունը: Պարտադիր յուրացնելով տվյալ երկրի պետական լեզուն՝ նրանք իրավունք են ստացել ազգային կրթությունն ու մշակույթը զարգացնել մայրենի լեզվով:
Ավարտելով ասելիքը՝ ուզում ենք բերել հարևան Վրաստանի օրինակը: Լեզվի մասին պետական օրենքն ընդունելուց հետո Վրաստանի մտավորականությունը բարձրացրեց այն պահպանելու համար հատուկ վարչություն ստեղծելու հարցը, ինչ-որ իմաստով որպես նախադեպ ունենալով մեր լեզվական քաղաքականության օրինակը՝ ի դեմս Լեզվի պետական տեսչության: Նրանք գնում են ճիշտ ճանապարհով, իսկ մենք՝ հակառակ: Լուծարելով լեզվի պահպանման շղթայի այդ կարևոր օղակը՝ մենք ոտնահարում ենք մայրենի լեզվի պահպանության հոգածության մեր դարավոր պարտքի ու պատասխանատվության ուխտը՝ այդ լեզուն ստեղծողների, դարերի միջով մեզ հասցնողների առջև, այն միլիոնավոր հայերի, այն խիզախ մշեցի կանանց առջև, ովքեր գաղթի ճանապարհին ոսկի բերելու փոխարեն իրենց փեշի տակ «Մշո Ճառընտիրն» էին փրկում մահից, ծոցի մեջ «Նարեկն» էին փայփայում:
Մենք պարտք ունենք նաև նրանց առաջ, նրանց փրկած լեզուն ու գիրը սրբությամբ ու անաղարտ պահպանելու մեր ուխտի առաջ:

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ
«Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, գրականագետ

Դիտվել է՝ 2692

Մեկնաբանություններ