Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Կոնֆեդերացիա

Կոնֆեդերացիա
28.04.2017 | 09:30

Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։


Հայաստանյան մամուլի հրապարակումների համաձայն` ՀՀ բարձրագույն քաղաքական մակարդակներում դիվանագիտական հետևողական ջանքերի արդյունք, հաղթանակին հավասար հաջողություն են համարվում 2008-ից հետո տարածքային ամբողջականության սկզբունքին ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքի համահավասարեցումը, Լեռնային Ղարաբաղի` բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին հայտարարությունները: Բազմիցս լսել ենք, որ հիմնախնդրի կարգավորման հիմքում են երեք հայտնի սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Ինչպես նաև լսում ենք անընդհատ, որ հարկ է շարունակել հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, քանի որ այն այլընտրանք չունի: Բանակցությունների վերջնանպատակն է հստակեցնել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ և վերջնական կարգավիճակը:
Արձանագրենք. սա 2016 թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների՝ Համբուրգում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի երկօրյա նիստի շրջանակներում նաև ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցերի քննարկումից հետո առկա իրավիճակն է: Նկատենք, որ այս հանդիպումից հետո հայկական կողմը հայտարարեց, որ Համբուրգը ադրբեջանական կողմի ձախողումն էր, իսկ ադրբեջանական կողմը, թե` դա հայկական կողմի պարտությունն էր:


Սովորաբար այն հարցին, թե` այսպես մինչև ե՞րբ, պատասխան է տրվում` մինչև հաղթական ավարտ, մինչև Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչում: Իրականում, սակայն, դա նշանակում է մինչև անսահմանություն: Այն ճանապարհով, որով մենք ենք ընթանում, դժվար է հասնել այդ հաղթական ավարտին: Մենք չենք ուզում ընդունել, որ վերջին հաշվով ոչ թե պատերազմը, այլ պատերազմական գործողություններն ենք հաղթանակով ավարտել, և որ հաղթանակի շեփոր են հնչեցնում այն ժամանակ, երբ համապատասխան փաստաթուղթ է վավերացվում: Մեր պարագայում, քանի որ պահը կորցրել ենք, և այդ թուղթն այլևս կապիտուլյացիայի ակտ չի կարող լինել, նշանակում է, որ զինվորականներն արդեն անելիք չունեն, գործը մնում է դիվանագետներին:


Որոշ քաջատեղյակներ հավաստում են, որ բանակցային փաստաթղթերում իսկապես կան կետեր, որոնք վերաբերում են տարածքներ վերադարձնելուն (տարածքները վերադարձվելու են միջանկյալ կարգավիճակի դիմաց, վերջնականը թողնելով հետագային): Դրա համար նույնիսկ առանձին եզրույթ է մշակվել` բուֆերային հողերի վերադարձ: Ընդսմին, ոչ մի կոնկրետություն չկա` որո՞նք են այդ միջանկյալ և վերջնական կարգավիճակները, որոնց շուրջ բանակցություններ են վարվում, և ո՞րն է դրանց վերջնանպատակը` ԼՂՀ-ի անկախությունը ներկա՞ սահմաններով, թե՞ ԼՂԻՄ-ի սահմաններում։


Նման անորոշության պարագայում ստիպված նորից վերադառնանք փոխզիջման գաղափարին, քանզի տեսնում ենք, որ դա միջոց է (որ դա՛ է միջոցը) հասնելու կամ գոնե մոտենալու ցանկալիին: Մեկ անգամ (ոչ իմ կողմից) տարիներ առաջ ասվել է` փոխզիջման այլընտրանքը պատերազմն է: Այս միտքն արհամարհվել է, որովհետև հանգամանքների բերումով անընդհատ երկարաձգվել է հարաբերական դադարը և ակամայից ստեղծվել է այն սին պատրանքը, իբր ստատուս քվոն կարող է հավերժորեն երկարել, ինչը մեզ ձեռք է տալիս, քանզի փոխարինում է անկախությանը: Ըստ այդմ` հակամարտության խնդիր մենք չունենք, թող թուրքը մտածի: Եվ չենք էլ ուզում տեսնել, որ թուրքն առանց մեր հուշելու է մտածում այդ մասին, ընդ որում` գնալով նկատելի ու շոշափելի կերպով…


Մի կողմից թվում է, թե նույն այդ ստատուս քվոյի շնորհիվ է, որ արցախցին ազատ շնչում է, որ ադրբեջանական ճնշում չտեսած սերունդ է մեծանում, որ վերջապես տասնյակ հազարավոր հայեր հայրենի հողի վրա ինքնիշխան ապրելու բերկրանքն են վայելում, և հենց սա է հաղթանակը: Սակայն մենք մեզ հաշիվ չենք տալիս, որ ստատուս քվոն սովորաբար գործում է մինչև «X» ժամը, որից հետո եթե բանակցությունները դուրս չեն գալիս փակուղուց, ապա ինչ-որ մի պահից սկսում է գործել, այսպես կոչված, միջազգային հանրության թելադրանքը: Ոչ թե ճնշումը, որին կարելի է դիմադրել, այլ թելադրանքը, որին ստիպված պիտի լինես անվերապահորեն ենթարկվել: Հետևաբար` ազգին անդառնալի մեծ վնաս են հասցնում բոլոր նրանք, ովքեր ջատագովում են այն կեղծ թեզը, իբր ժամանակը մեր օգտին է աշխատում, աշխարհը վաղ թե ուշ ճանաչելու է մեր գործի արդար լինելը, և մեզ մնում է միայն դիմանալ: Սա կատարյալ խաբեություն է: Իրականությունն այն է, որ ստատուս քվոն ժողովրդի ներկան չի բարելավում, իսկ ապագան դարձնում է ավելի մշուշոտ, հետևաբար` հարկ է օր առաջ անորոշ ու պոտենցիալ աղետաբեր ստատուս քվոն փոխարինել հստակ կարգավիճակով: Եվ եթե բանակցային գործընթացում այս առումով բոլոր առաջարկությունները մերժվում են, իսկ դրա փոխարեն երկուստեք աշխատում են դիմացինին ուժասպառ անել, որպեսզի ինչ-որ բան կորզեն, ապա պետք է կանգ առնել, մտածել նոր առաջարկությունների վրա:


Այստեղից սկսեմ բուն ասելիքս: Մեզ բնորոշ է խոսել ամեն ինչի մասին, իրականում, սակայն, բովանդակալի ոչինչ չասել: Փորձենք գոնե այս հարցի վերաբերյալ կոնկրետ խոսել: Տվյալ պարագայում` հայ-ադրբեջանական (կարդա` հայ-թուրքական) հարաբերությունների հեռանկարի մասին: Ըստ էության, առայսօր հակառակորդին ուղղված մեր ասելիքը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. «Ճանաչե՛ք մեր անկախությունը մեր ուզած սահմաններով և այլևս մեզ հետ գործ մի՛ ունեցեք, մնացածը մենք ինքներս»: Բայց չէ՞ որ այդպես չի կարող լինել, որովհետև այդպես չի կարող լինել երբե՛ք: Թուրքը երբե՛ք մեզնից հեռու չի մնալու, քանզի… նա թուրք է և այս տարածաշրջանից հեռանալու միտք չունի: Իսկ մենք, որպես ազգ, վաղուց պատմականորեն ուշացել ենք մի շատ կարևոր հարց լուծելու գործում, այն է` ազատե՛լ մեր տարածքները թուրք տարրից և հեռացնե՛լ նրան մեր շրջապատից:


Ի՞նչ անել նման իրավիճակում: Թվում է, թե այլևս հայի ու թուրքի համակեցությունը պատկերացնելն անգամ անհնար է, ի վերջո, հողի պատկանելության հարց կա: Բայց իրականությունը պարտադրում է, որ մենք, այնուամենայնիվ, պատկերացնենք ոչ թե թուրքի հետ համակեցություն, այլ թուրքի հետ կողք կողքի ապրել: ՈՒրիշ տարբերակ չկա: Իբրև անկախ պետություններ, թե ստատուս քվոն պահպանող հակամարտող կողմեր` միևնույն է, հարկավոր է ապագա գծել: Ժամն է եկել ոչ թե ելքի որոնումները շարունակելու, այլ ելքը գտնելու: Հակամարտությամբ զբաղվող մեր քաղաքական պատասխանատուները համապատասխան կեցվածք ընդունելով հայտարարում են, թե հայկական կողմը կողմնակից է ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների համահավասարության: Հնչում է, սակայն, ցավոք, չի երևում դրա օգտակարության գործակիցը: Ահա այստեղ է, որ ցանկանում եմ նոր առաջարկություն անել, նոր գաղափար ներկայացնել (քննարկման համար, անշուշտ): Ասելիքս հետևյալն է. իսկ գուցե փորձենք անհամատեղելին համատեղե՞լ, այսինքն` տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները մեկտեղե՞լ: Ինչպե՞ս: Կարծում եմ` կա մի կիսահնացած թվացող գաղափար, որը ժամանակին տարբեր ժողովուրդների լուրջ ծառայություններ է մատուցել: Դա կոնֆեդերացիայի գաղափարն է: Միանգամից չբացառենք, այլ փորձենք հասկանալ` պետականության այս մոդելի վերաբերյալ մտածումները (այնուհետև` նաև քայլերը) մեր պարագայում կարո՞ղ են նպաստել հանգուցալուծելու առայժմ անլուծելի թվացող թնջուկը, թե՞ ոչ:


Վերհիշելու համար, թե ինչ է ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՆ, մեջբերեմ նրա դասագրքային սահմանումը. «Միջպետական միություն, որի անդամ յուրաքանչյուր պետություն պահպանում է իր անկախությունը, ինքնիշխանությունը և ունի իշխանության սեփական մարմինները։ Համադաշնությունը (կոնֆեդերացիան), որպես կանոն, չի ունենում ընդհանուր սահմանադրություն և միասնական քաղաքացիություն։ Քաղաքական և տնտեսական խնդիրներ լուծելու համար ստեղծվում են միացյալ համակարգող մարմիններ, որոնք ունեն մասնակից պետություններից ստանձնած որոշակի լիազորություններ։ Որպես կանոն, այդ մարմինները մասնակից պետությունների նկատմամբ իշխանություն չունեն։ Նրանց որոշումները կենսագործվում են միայն մասնակից պետության իրավասու մարմինների համաձայնությամբ։ Համադաշնությունը կարող է լուծարվել»։


Կարող եմ այստեղ ավարտել ասելիքս, մնացածը թողնելով ընթերցողին, սակայն զգում եմ, որ թյուրըմբռնումների տեղիք չտալու համար հարկ է նաև որոշ հիմնավորումներ բերել: Հետևաբար`
ա) արցախյան հարցը, անտարակույս, ամենացավոտն է ամբողջ հայության համար: Այն ավելի նուրբ ու զգայուն հարց է, քան նույնիսկ Հայոց ցեղասպանությունը: Վերջինիս լուծումն անորոշ ժամանակներին է վերապահվել, մինչդեռ Արցախի պարագայում կարծում ենք, թե այժմ և այսուհետև մեր ամուր ձեռքերում է նրա անկախությունը: Միայն սթափության պահերին ենք զգում, որ, այնուամենայնիվ, փոքր չէ նաև այդ անկախությունը կորցնելու վտանգը: Եվ չգիտես ինչու` ամեն տեսակի կորուստներ տեսած ժողովուրդ լինելով, չենք կարողանում պատասխանել հետևյալ հարցին. այս փուլում ո՞ր կորուստն է ավելի ցավոտ ու անդառնալի` հողի՞, թե՞ անկախության ինչ-որ մի բաղկացուցչի (ենթադրենք` անվանումի):
բ) Ճշմարիտ է, որ համադաշնություն են կազմում այն ժողովուրդները, որ մեկ ընդհանուր նպատակ են ունենում: Ճշմարիտ է նաև, որ այս կանխադրույթը մենք չենք կարող վերագրել հային և թուրքին ևս, քանզի, ինչպես գիտենք, թուրքը (օսմանցի, թե ադրբեջանցի) այն ժողովուրդն է, որը Հայոց ցեղասպանության տարիներին ծեր ու մանուկով, կանանցով ու հոգևորականով է իրականացրել կոտորածն ու թալանը, որը Սպիտակի երկրաշարժի լուրն առնելով` ուրախությունից երգել ու պարել է խմբերով, որը ապրիլյան պատերազմում զոհվածների է գլխատել: Այսինքն` նա հայի կյանքը հարամողն է, և բացառվում է նրա հետ ընդհանուր նպատակ ունենալը, ուստի հակաբնական է թվում նաև այդտեսակ կոնֆեդերացիան:
գ) Բայց և այնպես, եթե մենք ազգային գերխնդիր ենք համարում վերակերտել Հայոց հայրենիքը, սակայն տեսնում ենք, որ անկախություն-վերամիավորում ճանապարհը սպասվածից ավելի սայթաքուն է, ապա արդյո՞ք հանգրվան չէ ազգային-տերիտորիալ սկզբունքով կառուցված դաշնության մաս կազմելը: Կրկնում եմ` խոսքը սուվերեն իրավահավասար պետությունների մասին է, որոնք դաշնությունից դուրս գալու իրավունք ունեն։
դ) 1998 թ. նոյեմբերին Մինսկի խմբի համանախագահներն առաջ քաշեցին «Ընդհանուր պետության» գաղափարը, որի համաձայն ԼՂՀ-ն պետք է առանձին հանրապետություն դառնար Ադրբեջանի կազմում: Հայկական կողմը որոշակի վերապահումներով ընդունեց առաջարկությունը, համաձայնելով, որ այն ընդգրկվի բանակցությունների օրակարգում: Ադրբեջանական կողմը մերժեց, համարելով, որ այդ դեպքում Բաքուն կորցնում է վերահսկողությունը ԼՂՀ-ի վրա, և որոշ ժամանակ անց փոխարենը արցախահայությանն առաջարկեց բարձր աստիճանի ինքնավարության կարգավիճակ` Ադրբեջանի կազմում: Բնականաբար, հայկական կողմը մերժեց և շարունակում է մերժել այդ խակամիտ ծրագիրը:
ե) Նման համապատկերում, կարծում եմ` նախ և առաջ հարկ է ընդգծել, որ կոնֆեդերացիայի և ընդհանուր պետության գաղափարները համարժեք չեն: Նման են, բայց նույնը չեն: Հայ-ադրբեջանական կոնֆեդերացիայի (պայմանականորեն այդպես անվանենք) սուբյեկտ լինել չի նշանակում լինել Ադրբեջանի կազմում: Սա` առաջին հերթին մեզ համար, որպեսզի ինքներս ճշտենք մեր վերաբերմունքը խնդրին: Իսկ եթե կասկած կմնա, որ հետագայում հորիզոնական հարաբերությունները կարող են վերածվել ուղղահայացի, ապա պետք է խոստովանենք, որ դրանում մեղավոր կլինենք միայն մենք, կնշանակի` ինչ-որ բանում լրջորեն կթերանանք:
զ) Արդյոք կոնֆեդերացիան թակարդ չէ՞, արդյոք դա պարտվել կամ հանձնվել չի՞ նշանակում: Եթե սկսեմ ժխտել այս թերի միտքը, ապա ակամայից ստիպված պիտի անցնեմ ռազմա-հայրենասիրական պաթետիկային: ՈՒստի կարճ ասեմ. մեզնից է կախված ինչն ինչպես անելը: Եթե լինենք ավելի համառ ու հետևողական, ապա նման մտավախությունները երբեք իրականություն չեն դառնա: Իհարկե, պայքարի այս ձևը (գազանին եթե չես կարող ոչնչացնել, պիտի դարձնես ձեռնասուն) շատ ավելի դիմացկունություն ու դիմադրողականություն է պահանջում, քան բացահայտ առճակատումը, սակայն պետք է հաշտվել այն մտքի հետ, որ հարատև կռվի կոչելու ժամանակներն անցել են:
է) Կոնֆեդերացիայի գաղափարը կարող ենք համարել իբրև հակաքայլ` ընդդեմ ադրբեջանական մաքսիմալիստական պահանջների (մեր դիվանագետների խնդիրն է դրանց մերժումից անգամ օգուտ քաղելը): Ընդ որում` եթե անհրաժեշտ է լինելու կրկին խոսել փոխզիջումների մասին, ապա հայկական կողմից փոխզիջում կարող ենք համարել ԼՂՀ անկախությունը պահանջելու փոխարեն ստեղծվելիք նոր պետական կազմավորման իրավահավասար անդամը դառնալու համաձայնությունը: Փոխզիջում կլինի նաև ԱԽՍՀ մնացյալ տարածքից բռնահանված հայությունից խլված նյութական անբավ հարստության փոխարեն պատմական Հայաստանի, բայց այսօրվա եզրաբանությամբ նախկին ԼՂԻՄ-ի մարզի շրջակա տարածքները հայկական վարչա-իրավական նոր սուբյեկտի մաս համարելը:
ը) Ըստ այդմ` բոլոր այն տարածքները, որոնց վրա հռչակված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, պետք է համարվեն հայ ազգաբնակչության բնականոն զարգացման համար անհրաժեշտ տարածքներ: Այսպիսով` հիշյալ կոնֆեդերացիան ոչ թե որպես վարչական, այլ կենսական տարածքների միություն պետք է նկատել:
թ) Չմոռանանք, որ մեր անկախություններին նախորդել են համանման ֆեդերացիաները` Անդրկովկասյան սեյմը, Անդրֆեդերացիան, ԽՍՀՄ-ը, իսկ շատ ավելի վաղ ժամանակներում` Արշակունիների օրոք` Մեծ Հայքի թագավորությունը Իրանական կամ Պարսկական կոնֆեդերացիայի մեջ էր: Ի միջի այլոց, առաջարկությունս Կովկասյան ընդհանուր տան գաղափարի կրկնությունը չէ, որովհետև մասշտաբների տարբերություն կա: Այս կոնֆեդերացիան ոչ առաջին փուլում, այլ միայն հետագայում կարող է ընդգրկել նաև ներկայիս Ադրբեջանում ապրող այլ ժողովուրդների (այսօր վաղ է մտածել այդ մասին):
ժ) Կոնֆեդերացիայի գաղափարը եթե զարգացնենք, ապա կտեսնենք, որ մենք ապագայում առնվազն երկու ուղղությամբ հսկայածավալ աշխատանք կարող ենք կատարել: Առաջինը, որ մեր արտաքին քաղաքականությունը կառուցենք շրջակա ժողովուրդների հետ առանձին-առանձին կոնֆեդերացիաներ ստեղծելու գաղափարի հիման վրա, այն է` ձևավորենք հայ-վրացական, հայ-թուրքական, հայ-քրդական, միգուցե նաև հայ-պարսկական, բայց ամենից առաջ Արցախ-ադրբեջանական և Հայաստան-նախիջևանյան կոնֆեդերացիաներ (վերջինը որպես առաջինի ևս մեկ փոխզիջումային նախապայման): Ցնո՞րք է ասվածը, ո՛չ, տեսլական է, որը կարող է և ծրագիր դառնալ։
Ինչ վերաբերում է երկրորդ հիմնական անելիքին, ապա ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Հայաստանը և հայ ժողովուրդը գործոն դառնան: Հնարավոր է նաև, որ կոնֆեդերացիան իր հերթին խթան կհանդիսանա, որպեսզի մենք շատ ավելի զգաստ կառավարենք մեր երկիրը, մտածենք, վերջապես, մեր չթուլանալու և դիմացինին թուլացնելու մասին:
ի) Մոտ ապագայում Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջաններում մեծ փոփոխություններ են կատարվելու, սակայն դա չի նշանակում, թե այնտեղ նորանոր անկախ պետություններ են գոյանալու: Համոզված կարելի է պնդել, որ Իսրայել-Պաղեստինից սկսած, Սիրիա, Իրաք, Թուրքիա և մինչև Կովկաս` բոլորը լինելու են ֆեդերացիաներ կամ կոնֆեդերացիաներ` սիրիա-քրդական, թուրք-քրդական և այլն: Այսօր արդեն Կիպրոսի խնդիրը փորձում են լուծել համադաշնություն ստեղծելու ճանապարհով: Հետևաբար` հեռատեսորեն ու շրջահայացորեն նայենք գործընթացներին, չուշանանք նորից: Քաղաքականությունը, ի վերջո, նաև իրատեսական է լինում:


Ամփոփեմ խոսքս: Աներկբա է, որ անկախությունը չի երաշխավորելու ո՛չ արցախցիների, և ո՛չ էլ մնացած հայաստանցիների անվտանգությունը: Սակայն դա չի նշանակում, թե մենք դատապարտված ենք անընդհատ պատերազմելու, ինչպես ոմանք են պնդում: Համոզված եմ` մենք ոչ թե պատերազմը (մանավանդ` պաշտպանական), այլ պայքարն ուրիշ եղանակներով շարունակելու մասին պետք է մտածենք: Սովորաբար բոլոր նոր գաղափարները օստրակիզմի են ենթարկվում: Ենթադրում եմ, որ կոնֆեդերացիայի վերաբերյալ սույն դատողությունները ևս բացառություն չեն լինի: Սակայն փորձենք սառը դատողությամբ քննարկել: Մի՞թե մտքի հափշտակություն է այն ամենը, ինչ ասվեց վերը: Միգուցե մերժելուց առաջ մտածե՞նք: Բոլորը գիտեն, որ ժամանակակից պատերազմներում հաղթում են տեխնոլոգիաները և ինտելեկտը, այնինչ մենք շարունակում ենք հույսներս դնել մեր զինվորների արիության ու խիզախության վրա: Ժամանակը չէ՞, որ կտրուկ շրջադարձ կատարենք` ինտելեկտով և նոր գաղափարներով գնանք բանակցությունների…


Համլետ ԴԱՎԹՅԱՆ
Պատմաբան, հրապարակախոս

Հ.Գ. Ես ասացի այն, ինչ ցանկանում էի ասել, համարելով, որ կատարում եմ իմ քաղաքացիական պարտքը:

Դիտվել է՝ 2760

Մեկնաբանություններ