Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Կանաչ ճանապարհ «Օդիոզ» հիմնադրամին

Կանաչ ճանապարհ «Օդիոզ» հիմնադրամին
03.03.2017 | 12:20

ՑՈՒԳՑՎԱՆԳ


Ձնհալ է, օրն ուրբաթ է և լի է սրտամաշ սպասումներով։ Չէ՞ որ երեք օր անց ճերմակահանդերձ կաչաղակները կթակեն մեր դուռը, նախապես, ինչ խոսք, ծիկրակելով դեպի արևելք նայող մեր պատուհանից։ Մեկնարկում է հոգեորսության և թլպատման համապետական միամսյակը։ Բախելու են մեր դուռը, ժամկետանց միանձնուհու ժպիտով ներկայացնելու են մեզ երկու քաղցուցակ` համամասնական և վարկանիշային, և դստերը ամուսնական առագաստ ճանապարհող հոգնաբեկ մոր վճռական գրոհով համոզելու են, որ մեր երազած 4-րդ հանրապետությունը կկառուցվի, եթե միայն կցվեք հենց այս քաղցուցակներին։ Անշուշտ, պետք է դեմքներիս դաջենք մի ցնորական կիսաժպիտ և առերևույթ ուսումնասիրենք ամենափրկիչ ցուցակները` նախ վերից վար, այնուհետև վարից վեր։ Քաղցուցակները հանրածանոթ են։ Հայ հանրությունն ու համայն հայությունն այսօր գերվստահ են` համամասնականների և վարկանիշայինների 90 տոկոսին ահա քառորդ դար փնտրում է ՀՀ քրեական օրենսգիրքը։ Ոմանց էլ` Հաագայի դատարանը։

ԿՈՊԵՐՖԻԼԴԻ ՀՈԳԵԶԱՎԱԿՆԵՐԸ
Հազարավոր մարդկանց աչքի առաջ տիար Դեյվիդն անհետացնում էր խոզի մարտական մի բոլուկ, կամ էլ մի ամբողջ աղանդավորական բազմաբնակարան շենք։
Մեր կառավարիչները, 1991-ից սկսած, կոպերֆիլդյան դպրոցի ուշիմ և ջերմեռանդ հետևորդն են։ (Չնայած մեր անողորմ խնայողությանն ու գազի և էլեկտրաէներգիայի սակագնի պաշտոնական նվազմանը` հունվար ամսին սպառած գազի, էլեկտրաէներգիայի դիմաց վճարել ենք մի քանի հազար դրամ ավելի գումար)։
ՀՀ ոստիկանությունը, ՀՀ ԱՎԾ-ն, նմանապես ՀՀ ԿԸՀ-ն գերպատասխանատու պետական կառույցներ են։ Կառույցները զարդարված են ՀՀ զինանշանով, դրոշով և, ինչ խոսք, երկրի նախագահի դիմանկարով։ Եվ մեծագույն պատասխանատվությամբ նրանք, հանուն երկրի անվտանգության և վասն ազգի, առաջընթացի համաշխարհային հանրակցությանը, աշխարհասփյուռ հայությանն ու ներհայաստանյան ընտրարշավորդ հանրությանը ներքաշել են թվաբանական սարդոստայնի մեջ։ Վերջին 9 տարիներին երկիր հայրենին կարծես թե անվերադարձ լքել է 350 հազար ձեռներեց հայորդի, շատերը` ընտանյոք հանդերձ։ 350 հազարից ընտրող քաղաքացիներ են շուրջ 300 հազարը։ Սա թուջե օղ անենք ոմանց պաշտոնական ականջներին և շարունակենք կազմալուծել սույն սարդոստայնը։ ՀՀ ԱՎԾ-ն տեղեկագիր է հղում ՀՀ ԿԸՀ-ին առ այն, որ ՀՀ-ում մշտապես բնակվում է 2 մլն 993 հազար 900 քաղաքացի։ ՀՀ ոստիկանությունն իր հերթին ռմբահարում է բոլոր ժողովրդավարական և օրինապաշտ ընտրությունների գլխավոր քավության նոխազ ՀՀ ԿԸՀ-ի գերօրինապահ դուռն ու պատուհանը, թե սթափվիր, նաև տեղեկացիր, որ 2017-ի ընտրացուցակներում առկա է ճիշտ 2 մլն 564 հազար 334 քաղաքացի։ Սա փաստեցի՞նք, ուրեմն առաջ քայլենք։ 2011-ի մարդահամարով ՀՀ-ում մշտապես բնակվել է 2 մլն 871 հազար 771 մարդ։ 2011-ի մարդահամարային ամռանից մինչև 2017-ի վաղ գարուն ոչ միայն տնտեսաքաղաքական կատաղի մենիշխանության ժամանակափուլ էր, այլև իշխանակառավարական լալահառաչ ապաշխարության դարաշրջան։ Հուշում եմ, հիշեք, ՀՀ 12-րդ և ՀՀ 13-րդ վարչապետները, աչքներին արցունք, խոստովանում էին, որ, այո՛, արտագաղթը հանրապետության գլխավոր չարիքն է, որ այն, իսկապես, զանգվածային բնույթ ունի և այլն։ Այնուամենայնիվ, 2011-ի ամռանից մինչև 2017-ի փետրվար երկրի բնակչության թվաքանակն ավելացել է 122 հազար 129 բնակչով։ Այո՜։


Հանուն անվտանգության և առաջընթացի մեր մարդակենտրոն երկրում բնակչության թվաքանակն աճում կամ նվազում է ըստ տոկոսախփման ներքին կանոնակարգի։ Սույն գերհանելուկն արդյո՞ք ի զորու է լուծելու ահավորության աստիճանի անկողմնակալ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Չէ, նա էլ չի զորի, զի այս ամենում կոպերֆիլդյան կախարդանք կա։ ՈՒղղափառ Ռոսիայում արտագաղթյալ մեր հայերը շենք են շինում, գրեթե անմարդաբնակ քաղաք և գյուղ են ոտքի հանում, նրանք այնտեղ նշանավոր գործարար են և հարգարժան վարչարար։ Սա փաստեցի՞նք, անցնենք առաջ։ Առաքելական Հայաստանում այդ նույն շինարար և վարչարար հայերը օրերին և ժամին նույն բնակվում են Հայաստանում, հունձ են անում, երինջ ու աքաղաղ են մորթում, գործազրկության նպաստ են վայելում, ի վերջո, երբ ամեն բան ձախողում են, զբաղվում են քաղաքական գործունեությամբ։ Դուք հավատո՞ւմ եք նման եղելությանը, հարկավ ո՛չ։ Չեք հավատում և լիաթոք քմծիծաղում եք։ Ճիշտ եք անում, զի մի քանի հարյուր հազար արիացիք միաժամանակ անկարող են և՛ Ռուսիան շենացնելու, և՛ Երկիր Նաիրին սովից փրկելու։ Միով բանիվ ՀՀ-ն քաղաքակրթական մեծագույն հանելուկ է, մի երկիր է, որտեղ բնակչությունը և՛ զանգվածաբար արտագաղթում է, և՛ զորընդեղ բազմանում է։ Այո՛, քաղաքակրթական անլուծելի մի թնջուկ է Հայաստանը։ Նրա բնակչությունը գիշերն ի լույս բողոքում է օրվա, տարվա (մեղա՜-մեղա, գուցե դարի՞) իշխանության վարք ու բարքից, բողոքում է և անարգանքի սյուների գնդեր է կազմում, որոնց երեսին քարագրում է իշխանակառավարական այրաց, դարձերեսին էլ` տիկնանց զանցանքներն ու հանցանքները։ Սակայն, երբ շեփորն է հնչում և ժողովրդին ընտրության է կանչում, մենք` հանդերձ ընտանյոք, անշուշտ մեր տոնական հանդերձներով զուգված, ծոմ պահած և երջանկությունից շնչասպառ, քայլում ենք դեպ ընտրատեղամաս և ընտրում ենք օրվա, տարվա (մեղա՜- մեղա, գուցե դարի՞) իշխանախմբին։ Այսինքն, հայաստանաբնակ հայությունը տառապում է իշխանահլու մազոխիզմո՞վ։ Անհնար է։ Սա է դարի, տարվա, օրվա հարցը։ Հաշտվե՞լ, պայքարե՞լ, սակայն ինչպե՞ս։ Բազմիցս նշել և այսօր էլ նշաձուլում եմ` միայն խաղաղ դիմակայությամբ։


Եվ ահա ժամանակն է, որ պատասխանեմ որոշ ընթերցողներիս ուղղամիտ հարցին. այդ ինչո՞ւ եմ ես շրջանցում հանրապետական Հայաստանի գլխավոր խաղավար-պատասխանատուին։ Հարցի արմատական իսկությունն ականջներիս օղ սարքելով` պարզաբանում եմ, որ ապավինում եմ վերին ճշմարտությանը` երկիրը խորքով, լայնքով ու երկայնքով իսպառ լլկած տիարք և տիկնայք պատասխան են տալիս իրենց օրվա և ժամանակի առաջ։ Երկրի նախագահը պատասխանատու է հայոց պատմության առջև։ Եվ վերջ, ոչինչ ավելի։ Առավել ևս, որ անհայտ է, թե վաղը ինչ խաղադրույքներ է նա սահմանելու։ Ըստ իս, երկիրն ազատագրելու է հակապետականացված տարրերից։ Գերլավատե՞ս եմ, սակայն լավատեսությունս մի ամրակուռ հենարան ունի, հակառակ պարագայում և խիստ տեսանելի ապագայում, Տերը մի արասցե, բայց Հայքի հյուսիսում, այն է` 3-րդ հանրապետությունում, իշխանությունը «կզավթի» քաղաքացիական քաոսը։ Քաղաքական քաոսը քաղաքացիական պատերազմի ահարկու վիճակն է, որի ընթացքում 25-ամյա անկայունության հեղեղը կհորդա, և մեղա՜-մեղա, կվտանգվի մեր հայոց տան պետական կարգը։

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՌԱԽՈՒՂԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ
Անգամ անբնականորեն երկարատև երևանյան մառախուղը ձեր հեզ ծառային հունից չի հանում։ Ես սիրում եմ մառախուղը, զի այն նախ խորհրդավոր տրամադրության շարժառիթ է, բացի այդ, մառախուղն աչքից վանում, ծածկում է շատ անորակ, անհամ բաներ։ Թեկուզ` դեռ նախորդ ընտրարշավից մնացած և գերխունացած քարոզչական պաստառների ծվենները։
Սակայն քնարական դադարի պահն է։ Ահա թե ինչպես է մեր ներկա օրերը բաղդատել զարմանալի մի էսսեիստ, խոհագիր և երգիծող Վարուժան Նալբանդյանը. «Բռնաբարողին, որպես պատիժ, պետք է ամուսնացնել բռնաբարվածի հետ։ Եթե բռնաբարվածն ամուսին ունի, բռնաբարողը տուժած ամուսնու համար պետք է ճարի համարժեք կին և դառնա նրա քավորը։ Եթե բռնաբարողը կին ունի, ապա բռնաբարվածի ամուսինը իավունք կունենա բռնաբարելու նրա կնոջը, առանց հետը ամուսնանալու պարտավորության։ Սույն նախագիծը ներկայացնում եմ Ազգային ժողովի քննարկմանը»։


Այո՜, մեզ (այսինքն` երկիրը, ժողովուրդը, դեռ մայրական արգանդում գտնվող հայ երեխան և սահմանը պահող հայոց զինվորների կյանքն ու անմահությունը) բռնաբարում են դեռ առաջին համապետական («Պայքա՜ր, պայքա՜ր մինչև վերջ») կարգախոսով։ Եվ արդեն 25 տարի և ավելի երկիրը երկրազրկվում է, զի ոգի և մտավոր ահռելի ծախսեր չեն խնայում մի կողմից` ժամանակի իշխանությունները, մյուս կողմից` հավերժորեն անժամկետ ընդդիմադիրները։
Արևը մի պահ ամոթխած ծիկրակեց լյառն Մասսի թիկունքից, և մտքերս իսկույն ևեթ խնդմնդացին, պար բռնեցին։ Ցանկանում եմ կիսվել ձեզ հետ։ Ահավասիկ, միտք 1-ին. տիար Էդուարդ Շարմազանովը ժամանակին կեսկատակ մի միտք նետեց հրապարակ, որը ալեկոծեց հանրապետությունը։ «Մինչև 2018 թվականը բոլոր ճանապարհներն անցնելու են Մելիք-Ադամյան փողոցով»։ Խիստ տեղին է, որ հենց այսօր նա բացի քաղաքական փասիանսի անձեռնմխելի կապուկն ու իրազեկի աշխարհասփյուռ հայությանն ու հայ հանրությանը, թե որ փողոցով են անցնելու երկրի ճանապարհները 2018-ից հետո։
Միտք 2-րդ. եթե ճիշտ են հաշվարկներն առ այն, որ յուրաքանչյուր վարկանիշային նվիրյալ օդիոզ իր և իր քաղմարմնի հաղթանակի համար պետք է ծախսի 5-7 մլն դոլար, ապա, ինչ խոսք, սա է տարվա, օրվա, դարի գերխնդրի լուծումը` վերոնշյալ միլիոնները դոլարային թող կուտակվեն «Օդիոզ» կուտակային հիմնադրամում։ Հիմնադրամն այդ ահռելի գումարով գերժամանակակից մի ուղղիչ կալանատուն կկառուցի և դարպասները կբացի վարկանիշային և համամասնական նախկին և ներկա կաշալոտների առջև։ Ամե՛ն։

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
Տիարք և տիկնայք իշխանականներ և ընդդիմադիրներ, հենց այս պահից սկսած, ներկուսակցական և վերդաշինքային խորհրդաժողովներ գումարեք և հայտարարեք ի լուր հայության և համաշխարհային հանրության, որ միասնաբար դադարեցնեն 2017-ի ընտրարշավները և թողնեն, որ ժողովուրդը կատարի իր ընտրությունը` ապավինելով ներքին ձայնին։


Դուք էապես կշահեք, զի չեք ստի, հանուն կեղծիքի չեք մարտնչի, չեք հոխորտա և կմաքրեք ձեր սեփական, թեկուզ և քաղաքական, միտքն ու սիրտը։ Պահքի շրջան է։
Զինչե՞ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ