Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Կախարդական փայտիկի՞, թե՞ կախարդական հատիկի շուրջ

Կախարդական փայտիկի՞, թե՞ կախարդական հատիկի շուրջ
08.11.2016 | 08:33

Հայ և հատկապես հայաստանյան հանրությունն արդեն համակերպվել է հերթական ՀՀ վարչապետի այն գնահատականին, թե կախարդական փայտիկ չունի, որ կարողանա պարզ ու հասարակ խնդիրների լուծում ակնկալող ՀՀ շարքային քաղաքացու սրտով կառավարել: Պարզ ու հասարակ ասվածն էլ, ըստ հանրային կարծիքի, մեղրի, խավիարի, ավտոմեքենայի ու արտերկրներում հանգստանալու ցանկություններ չեն, այլ ընդամենը օրը համեստ նախաճաշով սկսելու և բնակարանն էլ տանելի պայմաններում պահել-ջեռուցելու ակնկալիքներ: Շուրջ 2 միլիոն հայաստանցիների օրը սկսվում է 1 բաժակ կաթի ու հավկիթի, մի կտոր էլ պանրի ու երշիկի հանդեպ անզորության զգացումով, որն օրվա ընթացքում տրամադրության է վերածվում, երեկոյան էլ, կոմունալ վարձերը հավելելով, իշխանության հանդեպ անբարյացակամության:

Թող տարօրինակ չհամարվի, քանզի ասելիքս կազմավորվել է շրջապատիս բազում ներկայացուցիչների հետ շփումների արդյունքում: Նշածս 2 միլիոնի բացարձակ մեծամասնությունը երբևէ գործ չի ունեցել ոչ պետական չինովնիկ որակվող պաշտոնյայի հետ, ոչ էլ ուսադիրավոր իրավապահի: Եթե անգամ ուսանող զավակին ինչ-որ ձևով ընդառաջած դասախոսին նվեր է տվել, իսկ ծնողի առողջությունը զննած բժշկի խալաթի գրպանը մի 1000- դրամանոց է իջեցրել, դրանք պարզ մարդկայնության դրսևորումներ է համարել, հանցակազմ չի դիտարկել:


Երեկոյան, հեռուստացույցը միացնելով, շարքային հայաստանցին մի այլ միջավայրում է հայտնվում: Որերորդ տարին ու որերորդ կառավարության ղեկավարը սկսում է խոսել հասարակ հայաստանցուն գրեթե անհասկանալի բառապաշարով. էլ մոնոպոլիա ու կոռուպցիա, ստվերայնություն ու հարկային վարչարարություն, մաքսազերծման թափանցիկություն ու սևով աշխատանքի հաղթահարում, պաշտոնական դիրքի չարաշահում ու հարկա-բյուջետային ճկուն քաղաքականություն և նման բաներ: Արդյունքն այն է լինում, որ համեստ այրը անորոշության է տրվում, հուսալքություն ապրում, որից ելքը հուսահատությունն է, ինչ-որ բան անելու պահանջը, որը վերջին տարիներին առավել հաճախ արտահայտվում է արտագաղթի ձևով: Սույն կարծիքի հեղինակս, որն ընտանեկան հանգամանքների բերումով պարբերաբար այցելել է արտերկրներում հանգրվանած հարազատներին ու ծանոթներին, փաստում է, որ մարդիկ Հայաստանից հիմնականում հեռացել են ոչ թե մեզ շրջապատող անարդար միջավայրի, որը հանդիպում է նաև իրենց նոր բնակության վայրերում, այլ կենցաղի ու առօրյայի պարզ ու հասարակ խնդիրների պատճառով, որոնք աննշան ջանքերով հաղթահարում են իրենց ռիսկային ու բազմաբնույթ աշխատանքով: ՈՒրեմն ինչո՞ւ չլուծել երևույթի այս կողմը, մարդ-արարածի առաջնահերթ անհրաժեշտ նվազագույն պարենապահովությունը, այսկերպ նպաստելով նրա աշխատանքին ու աշխատելու ցանկությանը սեփական հողի վրա, հարազատ երկրում, ազգակիցների միջավայրում: Թվում է՝ ակնկալիքների նշույլ ուրվագծվում է:


ՀՀ կառավարության ծրագրի 13-րդ կետը նախանշում է ՀՀ պարենային անվտանգության մակարդակի բարձրացում: Թե որ աստիճանում է այն գտնվում հիմա, որևէ հիշատակում չկա, ինչն էլ, թերևս, առիթ է տալիս նշելու, որ ծրագիրը հռչակագրային բնույթ ունի: «Պարենային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2002 թվականի մայիսին, որտեղ պարենային անվտանգության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղությունների 1-ին իսկ կետը սահմանում է. իրականացնել կենսապես կարևորագույն պարենային հումքի և սննդամթերքների տեղական արտադրության խթանում: Օրենքը սահմանել է, որ պետության պարենային անկախությունը համարվում է ապահովված, եթե կենսապես կարևորագույն սննդամթերքների տեղական արտադրությունը և պետական պարենային պահուստների ծավալներն ապահովում են պարենային ճգնաժամի կանխարգելումը:

Պարենային անկախության ապահովման ուղղությամբ միջոցառումների իրականացման համար պատասխանատվությունը կրում է կառավարությունը:
Օրենքի ընդունման 15-րդ տարում ինչպիսի՞ն է ՀՀ պարենային անվտանգությունը: Երկրի շարքային քաղաքացին, որը տիրապետում է գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներին ՀՀ ԱՎԾ-ի հրապարակումների օգնությամբ ու համաշխարհային գյուղոլորտի վիճակագրությամբ, արձանագրում է լրջագույն մտահոգությունից մինչև տագնապի վիճակ: Կենսապես կարևորագույն սննդամթերքների շարքին դասվող կենդանական ու բուսական յուղերի, միս-մսամթերքների, շաքարավազի, հատիկաընդեղենների, հացահատիկի տեղական արտադրության ծավալներն այնքան աննշան են, դրանք տարիների ընթացքում աճի այնպիսի աննշմարելի ցուցանիշներ են դրսևորում, որ ՀՀ պարենային անկախության մասին մտահոգությունները բոլորովին էլ անտեղի չեն: Ասվածը հիմնավորելու համար նշեմ, որ, ասենք, հավի մսի արտադրությունը, որը աշխարհի չորս կողմերում ձեռքի հետ իրականացվող գործ է համարվում, ՀՀ-ում տարիներ շարունակ 5-7 հազար տոննա է ներմուծվող խոր սառեցված 30-35 հազար տոննայի դիմաց, որը տեղականի կես գնով է վաճառվում: Պատկերը նույնն է խոզի, այլ մսատեսակների պարագայում, որոնցից պատրաստվում են ՀՀ-ում արտադրվող ողջ երշիկեղենն ու մսամթերքների հիմնական մասը: Թե ինչ վտանգ են ներկայացնում դրանք մեր բնակչության առողջությանը, քանզի խոր սառեցումն իրականացվում է քիմիական ինչ-ինչ միջամտության արդյունքում, հարցի մեկ այլ կողմն է: Դեռ լավ է, որ ՀՀ առողջապահության նախարարությունն արգելել է դրանց օգտագործումը երկրի մանկական հաստատություններում:


Աշխարհում հավի ու խոզի մսի արտադրությունը 2013-ին, ըստ ԱՄՆ-ում տպագրվող «Համաշխարհային փաստեր. 2016» տեղեկատուի, 110-ական մլն տոննա է, միջին երկրաբնակի հաշվով՝ տարեկան 16-17 կգ, երբ ՀՀ-ում արտադրությունը հազիվ 2-3 կգ է: Այս վտանգված ցուցանիշների արդյունքում է, որ քիչ թե շատ վաստակ ունեցողների շուկայում հայտնվելու պարագայում մեզանում կենդանական ծագման սննդի պարբերական գնաճ է արձանագրվում, քանզի խաթարված է առաջարկ-պահանջարկի սկզբունքը: Եվ սկսվում են օրենքի ու պարտականությունների անտեսումն ու շրջանցումը, քաշքշուկն ու խոչընդոտումը, ակնարկների ու անորոշությունների շղթայական գործելաոճը, միջոցներ, առանց որոնցից ակնկալիքների ՀՀ-ում հնարավոր չէ ցանկալի գնողունակություն ապահովել: Հայ հանրության որոշակի հատվածի այսկերպ շարժվելու դրդապատճառը նրա գենը չէ, այլ ընդամենը հետևանք այն միջավայրի, որում նրան պարտադրվում է գոյատևելով ապրել: Պարզ է նաև, չէ՞, որ գաղջ որակված այս պայմաններից փախած հարյուր հազարավոր երբեմնի հայաստանցի ամերիկա-եվրոպաբնակ մեր հայրենակիցները հիմնականում օրինապաշտ ամերիկահայեր ու ֆրանսահայեր, բելգիահայեր ու գերմանահայեր են: Նրանք Աստծո յուրաքանչյուր առավոտ վայելում են իրենց մարդավայել նախաճաշը և ցավով հիշում հայրենիքում մնացած հարազատների տխուր առօրյան: Գիտեմ շատերին, որ անգամ ծխելուց և թունդ ալկոհոլային խմիչքներ չարաշահելուց են հետ վարժվել, ինչը հայաստանյան պայմաններում միայն խորանում է, խեղաթյուրում մեր ազգային նկարագիրը:
Կփոխվի՞ արդյոք այս վիճակը մեզանում: Պատասխան ունեմ, սակայն բարձրաձայնել չեմ ցանկանում: Փորձեմ ասելիքս ներկայացնել ՀՀ կառավարության ծրագրից որոշ հղումներ անելով: Նշվում է երկրում պտղատու ինտենսիվ այգիների հիմնման խթանման նպատակով 2018-2020 թվականների ընթացքում տարեկան 100 հեկտար նոր ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Ասենք, խաղողի պարագայում հեկտարից 10 տոննա միջին բերքատվության դեպքում դրանցում խաղողի համախառն բերքը կավելանա հազար տոննայով, որը նախորդ տարիներին արտադրված մինուս-պլյուս 200 հազար տոննայի պարագայում որևէ ցուցանիշ չէ: Այն իրականացվելու է մեզանում ընդունված ծանր վարչա-կառավարչական գործունեության արդյունքում, որի վերջնական նպատակը վերամշակող կոնյակա-գինեգործներին առավել մատչելի գներով գերարտադրված հումքի մատակարարումն է: Սա քիչ համարելով, ՀՀ կառավարությունը նախատեսում է նաև հենց եկող տարի, սուղ բյուջեի պայմաններում ստեղծել այգեգործության սելեկցիայի զարգացման գիտաարտադրական կենտրոն, երբ ակնհայտ է, որ պահանջվող արդյունավետությամբ չեն գործում ոչ միայն գյուղնախի կազմում ընդգրկված գյուղատնտեսության աջակցության մարզային մինինախարարություն-կենտրոնները, այլև գիտական փորձարարական ինստիտուտները:


Եվ հարցը, թե հարկատուներիս թող որ համեստ միջոցներով գոյացող ՀՀ բյուջեի հաշվին պահվող պետական որ կառույցները պետք է զբաղվեն երկրի պարենային ապահովության ու անվտանգության հարցերով, հնչում է բնականաբար: Այն կարող է լինել ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, քանզի մոտ 900 գյուղական համայնք այս կառույցի անմիջական ղեկավարման տակ է: Պատասխանատվության իր բաժինն ունի տնտեսության զարգացման նախարարությունը, որ պատասխանատվություն է կրում երկրում, ասենք, բուսական յուղերի արտադրության կազմակերպման համար: Իսկ հարց չէ՞ արդյոք, թե ինչու է Հայաստանում սպանդի ենթարկված անասունների մորթին հարևան երկիր տարվում, այնտեղից կոշիկի արտադրության նպատակով կաշի ներկրվում, երբ Երևանում կաշվի վերամշակման հզոր ֆաբրիկան անգործության է մատնված: ՀՀ կառավարության ծրագիրն այս խնդրի լուծման յուրօրինակ միջոց էլ է գտել. պլանավորվում է ձևավորել ՀՀ կառավարությանը կից ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ խնդիրների լուծմամբ կզբաղվեն Հայաստանի, ինչպես նաև սփյուռքի ու արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները: Ինչ միջոցներով էլ պահվեն հիշյալ հաստատությունները, դրանք ֆինանսական բեռ են աղքատիկ բյուջե ունեցող երկրի համար, որն առավել է խորանում դրանցում համեմատաբար բարձր վարձատրվող աշխատողների՝ շուկայում առաջարկ-պահանջարկի խաթարված հարաբերությունների պայմաններում հայտնվելու արդյունքում: Հետևանքը՝ գների նոր բարձրացում, դիրք ու պաշտոն ունեցողների պահվածքի հերթական ձևախեղում, բարձրագույն այրերի էլ անկատար խոստումներ:


25 տարի շարունակվող այս գործընթացը հարահոսի տեսք ունի, որը ոչ սկիզբ ունի, ոչ վերջ: Չեն օգնում ո՛չ Սինգապուրի հանրահռչակ ղեկավարի խորհուրդները, ո՛չ Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունները, ո՛չ էլ մեր տնտեսագիտության նորահայտ դոկտորների ուսումնասիրությունները: Նրանցից մեկի հետ զրույցում երբ նշվեց, որ երկրների բնակչության համեմատ հարկ է ունենալ անասնագլխաքանակների որոշակի համամասնություն, դոկտորի վրդովմունքը հետևյալն էր. ինչ է, մենք խաշնարած ժողովուրդ հո չե՞նք: Ոչ անհայտ ագրարա-գյուղացիական միություններից մեկի ղեկավարն էլ հեռուստատեսությամբ հռչակում է, որ Հայաստանը երբեք ինքնաբավ չի կարող լինել: Հարցին, թե խաշնարա՞ծ են արդյոք 35 մլն խոզ ու խոշոր եղջերավոր պահող ֆրանսիացիները, կամ ինքնաբավ չէ՞ արդյոք մեր տարածքն ունեցող 10 մլն բնակչությամբ Բելգիան, պատասխան չի տրվում: Ասպարեզում հայտնվում են. «Մերն ուրիշ է» կարգախոսը, ՀՀ տարածքն այլոց բանջարա-բոստանա-այգեգործական կցորդ դարձնելու ցանկությունը: Իսկ առաջնահերթ կենսական սննդամթերքները կապահովենք ներկրումներով, այլոց տնտեսություններն աշխատեցնելով, մեր գյուղաբնակին էլ իր աշխատամիջոցից օտարելով, նրա աշխատանքն անիմաստ դարձնելով:


Աշխարհն այս գործընթացը կանխելու բանալին շուրջ 60 տարի առաջ է գտել՝ ԱՄՆ-ում 1960-ականներին սկսված եգիպտացորենի հատիկի աննախադեպ ծավալների արտադրության տեսքով: ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը փորձեց արմատավորել այն, սակայն խնդրի հանդեպ հյուսիսամերիկացիների անբարյացակամությունն իր հետևանքները թողեց. Խրուշչովը ձախողեց: Փոխարենը հաջողեցին չինացիները, եվրոպացիները, բրազիլացիները: ԱՄՆ-ի 350 մլն տոննա եգիպտացորենի հատիկի և 60 մլն տոննա ցորենի տարեկան արտադրության կողքին չինացիները 230 մլն տոննա եգիպտացորեն և 120 մլն տոննա ցորեն ունեն, եվրոպացիները՝ 120 մլն տոննա եգիպտացորեն և 225 մլն տոննա ցորեն, բրազիլացիները՝ 80 մլն տոննա եգիպտացորեն և հազիվ 6 մլն տոննա ցորեն: 2000-2013 թթ. ցորենի համաշխարհային արտադրությունը կազմել է 586-713 մլն տոննա, եգիպտացորենինը՝ 592 մլն և 1,016 մլրդ տոննա: Հայ գյուղատնտեսական մասնագիտական միտքն այդպես էլ չի պատասխանում այն հարցին, թե ինչու է քաղաքակրթության օրրան Ֆրանսիան յուրաքանչյուր տարի մինչև 20 մլն տոննա եգիպտացորենի հատիկի արտադրություն իրականացնում, Հարավաֆրիկյան Հանրապետությունը՝ մինչև 13 մլն տոննա, ոչ մեծ Սերբիան՝ մինչև 6 մլն տոննա, երբ ՀՀ տնտեսության կայացման շահառուիս բարձրագույն իշխանություններին հղած՝ 300 հազար տոննա բերքի ստացումն է տարօրինակ համարվում: Բայց չէ՞ որ գյուղատնտեսություն վարելու համաշխարհային փորձն ուսուցանում է, որ կենսապես կարևորագույն սննդամթերքները այգիներում չեն աճում, այլ լավագույնս կերակրված անասնագլխաքանակներ ունեցող տնտեսություններում, ստացված կաթի ու մսի տեսքով: Պարզ ու հասարակ գործընթացը տարվում է լիարժեք անասնակերի միջոցով, որտեղ հիմնական բաղադրիչը բարձր էներգետիկ կարողունակությամբ եգիպտացորենի հատիկն է: Այն էապես բարելավում է անասունների մթերատվությունը, դրանց օրական կաթնատվությունն ու քաշաճը, ՀՀ-ում պահվողի ցուցանիշները գերազանցելով 5-6 անգամ: Այս առումով տարօրինակ եմ համարում նորանշանակ գյուղնախարարի խորհուրդը գեղարքունիքցի անասնապահին. վաճառել տարվա ընթացքում 1600 լիտր կաթ տվող կովը: Ակամա հիշեցի Արթուր Մեսչյանի երգի հետևյալ խոսքերը.
Եթե չկա գութանը,
Մի մեղադրիր եզանը:


Նախարարը հարկ է որ խոսեր կերերի մասին, քանզի անասունը ամռանը կանաչ խոտ արածելով համեմատաբար բարձր կաթնատվություն է ապահովում, չոր խոտի պարագայում գրեթե ցամաքում է: Լիարժեք կերաբաժին ստանալու արդյունքում է հնարավոր լինում բարձր կաթնատվության շնորհիվ իրացման ու գնային հարցերում մրցակցային ճկունություն վարել, դրանք երկարաժամկետ հատվածներում կայուն պահել, որը ՀՀ-ում չի հաջողվում: Արդյունքում երկրներից ոմանք դասակարգվում են որպես բանանա-սրճային, մեր պարագայում՝ ծիրանա-խաղողային, մյուսները՝ զարգացած գյուղոլորտ ու առավելագույն պարենային անկախություն ունեցող: Դեռ լավ է, որ ՀՀ կառավարության ծրագրում Հայաստանը, մինչ հիմա ընդունված ոճով, սակավահող երկիր չի հայտարարվում: Ընդամենը նշեմ, որ արդյունավետ գյուղգործունեություն ծավալելու նպատակով 1 բնակչի հաշվով Հոլանդիայում վարելահողը 600 քառակուսի մետր է, Չինաստանում՝ 800 քմ, ՀՀ-ում՝ մոտ 2000 քմ: Բայց նշված երկրների պարենապահովությունը ո՜ւր, մերը ուր:


Ներկայացնում եմ այն համառոտագիրը, որը փորձագիտական առումով հղել եմ ՀՀ վարչապետին, պատճենը թողնելով պատմությանը:

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ`
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆԻՑ
(Երևան, Ռուբինյանց փ. 21/1, բն 17,
հեռ. 24 00 85)
Պատճենը ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԻ ՇՈՒՐՋ


ՀՀ քաղաքացիս իրավունք է վերապահում նշելու, որ ՀՀ կառավարության աշխատակազմում ինչ-որ մեկը կարդալով ՀՀ տնտեսության կայացման շահառուիս սույն դիմումը, այն առանց ընթերցելու, քանզի դրա բովանդակությանը ծանոթանալն անհաղթահարելի երևույթ է, այն ՀՀ որևէ պատկան ատյան կուղարկի: Այս աշխատաոճին նվազագույնը խոչընդոտելու նպատակով դիմումիս որոշակի բարդ ձև եմ տալիս, փորձելով բացահայտել կախարդական փայտիկի էությունը:


Աշխարհի թիվ 1 տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում 2013-ին եգիպտացորենի հատիկի արտադրությունը կազմել է 354 մլն տոննա, ցորենինը՝ 58 մլն տոննա: Չինաստանում թվերը հետևյալն են՝ 218 և 122 մլն տոննա: Համեմատաբար փոքր Հունգարիայում և Սերբիայում եգիպտացորենի հատիկի արտադրությունը նույն տարում կազմել է 7 և 6 մլն տոննա, ցորենինը՝ զգալի պակաս: ՌԴ-ում եգիպտացորենի հատիկի արտադրությունը 2010-2013 թթ. 1,5 մլն տոննայից հասել է 11,6 մլն տոննայի: Աշխարհում այս մշակաբույսի արտադրությունը նշված ժամանակահատվածում 592 մլն տոննայից հասել է 1,1 մլրդ տոննայի, ցորենինը՝ 586 մլն տոննայից 713 մլն տոննայի: ՀՀ քաղաքացուս փորձերը այս ոլորտում երկրում որևէ փոփոխության հասնելու, անգամ 2007-2008 թթ. ՀՀ գյուղնախարարի խորհրդականի պաշտոն զբաղեցնելու պարագայում, հիմնականում անհիմն պատճառաբանություններով արդյունք չեն տվել, թեև առկա է եղել ՀՀ կառավարության որոշակի կամեցողությունը: Այնինչ համաշխարհային տնտեսական զարգացումները հաստատում են, որ լիարժեք անասնակերային բազայի հիման վրա տարվող գործընթացներն են, որ հիմք են մարդ-արարածին անհրաժեշտ կենդանական ծագման սննդի ոլորտում հավելյալ կայուն ու հուսալի արդյունքի ստացման համար, որն էլ հիմնավորապես պայմանավորում է հասարակություն-իշխանություն բարերար միջավայրի ապահովումը: Այն որոշակի ձևով հաստատվում է Չինաստանի օրինակով, որտեղ հազիվ 3 տասնամյակ առաջ ունեցած լրջագույն պարենային խնդիրը այսօր արդեն փոխարինվել է պարենային գերարտադրությամբ. չինական ծագում ունի, ասենք, խոզի մսի համաշխարհային 100 մլն տոննա արտադրության 50-60 մլն տոննան: ՀՀ-ում այս առումով գործընթացը գրեթե ձախողված է, որը հետևանք է երկիրն այլոց բանջարա-բոստանա-այգեգործական կցորդ դարձնելու «մերն ուրիշ է» մոտեցման արմատավորման:


Մնացյալը, մանրամասն փաստարկումներով, ակնկալվող ընդունելության ընթացքում:
Կանխավ շնորհակալությամբ՝
Գեղամ Քյուրումյան
16.09. 2016, Երևան

Պատճենը պատմությանը թողնելու առումով նկատառումս, պարզվում է, անհիմն չէ: Ապացույցը ՀՀ գյուղնախից ստացված հերթական խոստումնալից պատասխանն է, որին կանդրադառնամ առաջիկայում:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հ. Գ. - Հայկական Սովետական հանրագիտարանի 3-րդ հատորի «Եգիպտացորեն» բաժինը տեղեկացնում է. օգտագործվում է սննդի (ստանում են բուսայուղ, ալյուր, ձավար, ձողիկներ և այլն), օսլայի, գարեջրի, սպիրտի և պահածոների արդյունաբերության մեջ: Հատիկը, կանաչ զանգվածը և սիլոսը սննդարար կեր են: Եգիպտացորենի ցողունի և կողրերի վերամշակումից ստանում են թուղթ, լինոլեում, արհեստական թելանյութ, մեկուսիչ նյութեր, արհեստական խցան, կինոժապավեն և այլն:
Կարծես ստացվում է, որ ՀՀ ընդերքի շուրջ մեր մտահոգությունները, ցանկության դեպքում, կարելի է մոռանալ:

Դիտվել է՝ 2996

Մեկնաբանություններ