ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Գյումրվա տրնգին՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում

Գյումրվա տրնգին՝ Շիրակի մարզի  ընդհանուր իրավասության դատարանում
04.11.2016 | 08:41

ՆԱԽԵՐԳԱՆՔ


Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 6 ամսից ավելի մի զարմանալի գործ է քննվում: (Այստեղ մեր հարգանքի անդնդախոր հավաստիքը նվիրաբերենք վերոնշյալ դատարանին՝ հայտարարելով, որ այն աշխարհի ամենաարդար դատարանն է):
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի, այսինքն՝ ամենաարդար դատարանում 6 ամիս շարունակ անդադրում փնտրում են, բայց չեն գտնում 20-ից ավելի վկաների: Մի խոսքով, պտույտ մը կատարենք պատվարժան Կումայրի-Գյումրու փողոցներով, շրջենք քաղաքի հրապարակներում, յոթ մոմ վառենք յոթ եկեղեցիներում և փորձենք ըմբռնել, թե որտեղ է գարշահոտում շան գլուխը:

ՀԱՐՁԱԿՈՒՄ ԵՎ «ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄ»
(հողմն այս փչեց դավադիր)


Գագիկը հացթուխ է, նրա թխած անարատ հացերը Գյումրիում սպառվում են մինչև կեսօր: Դե ինչ գյումրեցի վարպետ, այն էլ հացթուխ, որը մականուն չունենա. նա «Կոկոլի» Գագոն է: Հացթուխը հաց է թխում Գյումրու Լևոն Մադոյան փողոցի իր սեփական տանը կից փռում: Որդիներից Աշոտը օգնել է հորը հացաթխման գործում, Գառնիկը, դարձյալ իրենց տան բակում, մետաղյա դռներ է պատրաստել՝ ըստ համաքաղաքացիների պատվերների: Կա մի ընտանիք էլ՝ այս չարաբաստիկ եղելության մյուս կողմը: Սմբատ Կնյազի Ղազարյանը՝ որդիներ Կնյազ և Գագիկ Ղազարյանների և ընտանիքի մյուս անդամների հետ, բնակվում է Գյումրու Կարեն Դեմիրճյան փողոցի 3-րդ տանը, ունի հագուստի վաճառքի խանութ: Վերոհիշյալ ընտանիքները միմյանց ճանաչել են: Ինչ-որ խնդիրների շուրջ նրանց միջև տարաձայնություններ են առաջացել, որոնք քաղաքակիրթ ճանապարհով չեն հարթվել, և ահա Կնյազ Ղազարյանը մի տխուր օր զանգահարում է Գագիկին և հրավիրում պարզաբանումների, Տերյան փողոցում գտնվող «Պեգաս» վաճառատան մոտ: Թե ինչպես են ավարտվում պարզաբանումները, կհայտնենք հաջորդ ենթավերնագրում: Այժմ թույլ տվեք նախ զարմանալ, թե ինչու է Կնյազ Ղազարյանը պարզաբանման կանչել իր հոր հասակակից հացթուխ Գագիկին, ինչու այս «խաղաղարար» գործընթացը չի նախաձեռնել նրա հայրը՝ Սմբատ Ղազարյանը:

Մեղադրական եզրակացությունը թիվ 68101915 քրեական գործով սկսվում է պարզաբանումների հրավերով և շեղվում է ընթացքից: Այսպիսով, 2015-ի մարտի 7-ին Կնյազ Ղազարյանը Գագիկին հրավիրում է հանդիպման, Տերյան փողոցի «Պեգաս» վաճառատան մոտ: Թե ինչ են պարզաբանում Ղազարյան ընտանիքի որդիներից մեկը և նրանց հակընդդեմ ընտանիքի հայրը, անհայտ է: Մեղադրական եզրակացությամբ Աշոտ Գրիգորյանը Տերյան փողոցը հատող Մյասնիկյան փողոցում հանդիպում է Կնյազ և Գագիկ Ղազարյաններին և, ըստ մեղադրական եզրակացության, նրանց «կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ ողորկափող հրազենից կրակոցներ է արձակում նրանց ուղղությամբ», փորձում է սպանել Կնյազ և Գագիկ Ղազարյաններին: Ըստ վերոնշյալ մեղադրական եզրակացության, Աշոտ Գրիգորյանին չի հաջողվում լիարժեք ավարտել գործը, ընդամենը կյանքից զրկում է Կնյազ Ղազարյանին, իսկ նրա եղբորը պատճառում է միջին ծանրության վնաս: Պարզաբանումը, անկասկած, կարող էր շատ ավելի խաղաղ ելք ունենալ, միմյանց կհասկանային, մի երկու թաս օղի կդատարկեին, և պատմությունն այլ ընթացք կունենար, ի վերջո, այս ընտանիքների միջև «վենդետա» չի եղել: Տակավին երիտասարդ տարիքում կտրվում է Կնյազ Ղազարյանի կյանքի թելը, ցավալի է, շատ է ցավալի: Ցավալի է նաև, որ դատարանը փորձում է մարդասպանի խարանը դաջել Աշոտ Գրիգորյանի ճակատին, հաշվի չառնելով մի քանի, ըստ իս, նշանակալից հանգամանքներ:

Աշոտ Գրիգորյանը մանկուց հաշմանդամ է, նրա ձախ աչքը վնասված է, տեղում պրոթեզ է: Նա, ինչպես և այս անհեթեթ պատմության գլխավոր գործող անձինք, նախկինում դատված չեն եղել, քրեաբնույթ արարքներով էլ կարծես թե առանձնապես աչքի չեն ընկել: Դատաբժշկական եզրակացությամբ Կնյազ Ղազարյանի մահվան պատճառը հրացանի կրակոցն է, որը կոտորակային վերքեր է պատճառել ծոծրակի կողմից: Ցավալի է, շա՜տ է ցավալի, որ այս դաժան հանգուցալուծմամբ «բանավեճի» 10-15 մասնակիցներից և ոչ մեկը չի էլ փորձել կանխել եղերական հանգուցալուծումը: Որպես վկա էլ նրանք վաղուց անհայտ բացակայող են:

ԳՐՈՀ ՕՋԱԽԻ ՎՐԱ
(հողմերը սաստկանում են)


Այդ օրը առավոտյան 10.30-ի սահմաններում, Լևոն Մադոյան փողոցի թիվ 239 տան վրա են հարձակվում մարզական կազմվածքով երկու երիտասարդներ: Սեռական բնույթի հայհոյանքների տարափի տակ նրանք նախ ջարդում են տան ապակիները, ներխուժում են տուն, որտեղ էին ընտանիքի մայրը, դուստրը, հարսը և երկու անչափահաս երեխաները: Ավերածությունները, մահակների օգտագործմամբ, շարունակվում են սենյակներում, ջարդարարներին հաջողվում է փշրել 4-ամյա տղայի խաղալիք մեքենան և այլ իրեր: Բակում, Կնյազի մեքենայի մոտ, հավաքված են եղել մի քանի երիտասարդներ, հավանաբար, Գագիկի տան վրա գրոհողներին բարոյապես, անհրաժեշտության դեպքում էլ ֆիզիկապես օժանդակելու նպատակով: Գրոհայինների հեռանալուց հետո տուն է գալիս «Կոկոլի» Գագիկը և իրազեկվելով կատարվածին, որպես կյանքի փորձ ունեցող մարդ, նախ հանդարտեցրել է ընտանիքի անդամներին և որոշել հետագա անելիքը:

Այս պատմության առայժմ միակ ամբաստանյալ Աշոտ Գրիգորյանը իրեն մեղավոր չի ճանաչել և ահա թե ինչպես է ներկայացրել եղելությունը: 2015-ի մարտի 7-ին, ժամը 11.00-ին տանը չի եղել: Կեսօրին տուն է եկել, տեսել է հարձակման հետքերը, ծնողներից իմացել է կատարվածի մասին և փորձել է հասկանալ, թե ովքեր են եղել գրոհային ջահելները: Տեղեկություն ստանալ չի կարողացել, զի գրոհայիններին ոչ ոք չի ճանաչել: Հետո նա իր ԲՄՎ մակնիշի մեքենայով շրջել է քաղաքում, վերցրել է պապի՝ Գառնիկ Արմենի Դավթյանի հրացանը և այն տեղավորելով մեքենայում, երկար ժամանակ շրջել է իրենց թաղում: Մութն ընկնելուց հետո Աշոտը իրենց թաղում նկատում է հավաքված մարդկանց: Բնականաբար, մոտեցել է, բացել է մեքենայի դուռը և տեսել է, որ գետնի վրա մարդ կա ընկած, որին մահակներով և ոտքերով ծեծում են: Մեքենայի լույսն ուղղելով, համոզվել է, որ գետնատարած ուշաթափվածը հայրն է, որին շարունակում էին ծեծել մահակներով և ոտքերով: Մեքենայից վերցնելով պապի որսորդական հրացանը՝ լիցքավորված ճնճղուկ սպանելու կոտորակային փամփուշտներով, օդ է կրակել տուրուդմփոցի մասնակիցներին սթափեցնելու նպատակով: Ոչ միայն չեն սթափվում, այլև մահակազեն հարձակվում են նրա վրա, ամենայն հավանականությամբ, հոր կողքին պառկեցնելու վճռականությամբ: Նախաքննությանը, նմանապես դատարանին բնավ չի «հուզել» այս զարմանալի եղելությունը, հրոսակախումբը հրացանազեն և պաշտպանվելու պատրաստ հակառակորդի վրա է հարձակվում անվարան և անվախ: Անգամ ամենակատաղի կռվարարը, անշուշտ, կկռահեր, որ արյունաշաղախ հորը գետնին տապալված տեսնող որդին կարող է նաև կրակել: Այս եզրահանգումը դուրս է տիար Մանուկյանի դատավարական տեսադաշտից: Ինչո՞ւ: Կասկածյալը օդ է կրակում, կամենալով սանձահարել մահակազեն հրոսակների հարձակումը: Նա համոզված էր, որ իրավիճակի է՛լ ավելի սրումը կանխելու միակ հնարավորությունը օդ կրակելն է:

Այնուամենայնիվ, այս անհեթեթ և դաժան «ներկայացման» վարագույրը ինչո՞ւ ամբողջապես չի բացվում Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում: Եթե վարագույրը բացվի, կպարզվի, թե ով է կրակել վաղամեռիկ Կնյազի ծոծրակին: Բայց վարագույրը համառորեն չի բացվում, զի պատվարժան դատավոր տիար Մանուկյանը՝ Աշոտ, ոչ մի կերպ, չնայած գործադրած «ահռելի ջանքերին», չի կարողանում բերման ենթարկել 20 վկաների: Մինչ օրս հարցաքննվել է ընդամենը 5-6 վկա, որոնց ցուցմունքները էական նշանակություն չունեն: Նմանապես չի կատարվել առերեսում կասկածյալի և գլխավոր վկա, դարձյալ «անհայտ բացակայող» Կարեն Գրիգորյանի միջև: Ի վերջո, գոնե մեկ-երկու «կենդանի» վկա պետք է, չէ՞, որոնք հաստատեն, որ հենց Աշոտ Գրիգորյանն է դիմահար կրակել և սպանել Կնյազ Ղազարյանին: Վկաներից մեկը, ի դեպ, խոստովանել է, որ ավտոմատ զենք է տեսել, բայց թե ում ձեռքին, չի հիշում:

Մարտի 7-ին դեռ ձմեռ է Գյումրիում: Մութն ընկնում է ժամը 19.00-ին: Դեպքը կատարվել է կեսգիշերից առաջ, ժամը 23.00-ի սահմաններում: Թե ով է կրակել Կնյազ Ղազարյանի ծոծրակին, ոչ ոք չի տեսել: Չեն տեսել, թե ինչպես է Աշոտ Գրիգորյանը օդ կրակել: Բայց մեղադրական եզրակացությունն անվարան է իր «կրակոցում»: Ահա այն. «Մեղադրյալ Աշոտ Գագիկի Գրիգորյանն առաջադրած մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչելով՝ նմանաբովանդակ, հակասական, իրարամերժ և ոչ հավաստի ցուցմունքներ տալով, նպատակ է հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից և սպասվող խիստ պատժից»: Նման դարակազմիկ մեղադրանքը կառուցվել է, հավատացեք, բավականին սայթաքուն հետագծերի վրա: Հանգուցյալ Կնյազի մահը վրա է հասել «գանգուղեղային փակ, բութ և գլխի հրազենային կոտորակային կույր, թափանցող և բազմաթիվ չթափանցող վիրավորումներ ստանալու հետևանքով»: Սա՝ ըստ մեղադրական եզրակացության, որը, անկասկած, թարգմանելու կարիք է զգում: Հանգուցյալին մի բութ բանով, մահակով, քարով կամ մետաղյա գնդով ակներևաբար հարվածել են թիկունքից: Կասկածյալը հորը և իրեն պաշտպանելու նպատակով օդ է կրակել՝ դեմ դիմաց կանգնած ջարդարար խմբին: Նա, ինչ խոսք, դժվար թե կարողանար թիկունքից ծանր ու բութ ինչ-որ բանով խոյահարել Կնյազ Ղազարյանին:

Գուցե նախաքննական մարմինը և դատավոր տիար Աշոտ Մանուկյանը համոզված են, որ Աշոտ Գրիգորյանի ձեռքում հատուկ սպանություն կատարելու նպատակով պատրաստված բումերա՞նգ է եղել: Եթե այո, ապա նշյալ բումերանգը պետք է անհապաղ բերման ենթարկվի և կցվի մեղադրական եզրակացությանը: Ի դեպ, դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք Աշոտ Գրիգորյանի որսորդական հրացանի արգասիքը չեն: Այդ փամփուշտները, ինչպես նաև վկաները, դատարանի համար դարձյալ անհայտ բացակայող են:

Ըստ սույն մեղադրական եզրակացության ոգու, Աշոտ Գրիգորյանը պետք է ընդունի, որ ինքը մարդասպան է, որպեսզի արդարացնի դատարանի ակնկալիքները:


Գագիկը գանգի ծանր վնասվածք է ստացել մարտի 7-ի երեկոյան, կռվի դաշտում: Նա 3-րդ կարգի հաշմանդամ է: Հանգուցյալ Կնյազ Ղազարյանի հայրը՝ Սմբատ Կնյազի Ղազարյանը, եթե անձամբ հանդիպեր Գագիկի հետ, և խելք խելքի տալով նրանք փորձեին հարցը լուծել «գեղական կարգով», ամենայն հավանականությամբ, այս դաժան դեպքը կկանխվեր: Ցավոք, անհնար է եղածը հետ բերել, մեր կյանքը, այնուամենայնիվ, ֆիլմի ժապավեն չէ:


ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ


ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր տիար Աշոտ Մանուկյան, 6 ամիսը մի՞թե բավարար ժամանակ չէ հայտնաբերելու, այնուհետև բերման ենթարկելու գոնե մի քանի կարևոր վկաների: Ի վերջո, Գյումրին Մեխիկո չէ, ոչ էլ Մոսկվա, այստեղ ապրող մի քանի տասնյակ հազար մարդիկ միմյանց հիմնականում ծանոթ են: Եթե դատարանի և Գյումրի քաղաքի ոստիկանության ուժերը չեն բավարարում, գուցե մարզի անվտանգության ծառայության աշխատակիցների օգնությա՞նը դիմեք: Կամ էլ գուցե դիմեք քաղաքի բնակչությանը և յուրաքանչյուր «ուրվական-վկայի» հայտնաբերման համար նաև դրամական պարգևավճա՞ր սահմանեք: Նաև՝ ինչո՞ւ եք անտեսում անմեղության կանխավարկածը և կասկածյալի մեջ համառորեն մարդասպան տեսնում: Նաև՝ ինչո՞ւ եք անտեսում այն, որ Աշոտ Գրիգորյանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, որոնց վերաբերյալ առհասարակ քննություն չի կատարվել:


Արդար դատեք և փարատեք մեր (այսինքն՝ գյումրեցոց և «Հողմաղացի» հեղինակի ու ընթերցողաց) կասկածները, դատավոր Աշոտ, այն էլ Մանուկյան: Արդար դատեք:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ