Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

«Սանիթեքի» ցերեկային «հարգանքն» ու մեր գիշերային անարգանքը

«Սանիթեքի» ցերեկային «հարգանքն» ու մեր գիշերային անարգանքը
28.10.2016 | 11:36

ՆԱԽԵՐԳԱՆՔ ՆԱՄԱԿ


«Սանիթեք» աղբահավաքային կոնցեռնն արձագանքել է «Իրատեսի» լրագրող Վրեժ Առաքելյանի՝ սեպտեմբերի 23-ին լույս տեսած «Աղբատարային ռմբակոծության հետքերը» հրապարակմանը:
Մի քանի տող՝ նամակի հրապարակումից առաջ: Նախ՝ ձեր հեզ ծառան լրագրող չէ, նա ֆելիետոնիստ-հրապարակագիր է: Եկեք հետայսու շփվենք այս ձևաչափում: Նաև մի հույժ նշանակալից հիշեցում. մենք (այսինքն՝ «Իրատեսը» և ես) շատ ավելի ոգեշունչ ցնծությամբ կանդրադառնանք «Սանիթեքի» իրականացրած հանրօգուտ և երևանաբնակներիս սիրտը շահող աշխատանքներին:
Լավ, բավ է, անցնենք գործի և կրկնենք «Սանիթեքի» պատասխանը մեր նախորդ հրապարակմանը:


«Հարգելի Վրեժ Առաքելյան
Շնորհակալություն մեկնաբանության և հղման համար: Նշենք, որ «Սանիթեքի» թիմը ուշի ուշով հետևում է իր անվանն ու գործունեությանն առնչվող բոլոր հրապարակումներին և Ձեր հեղինակած հոդվածին ու այնտեղ բարձրացված հարցերին ծանոթացել է հրապարակման իսկ օրը: Շնորհակալություն հետաքրքիր հոդվածի համար: Բարձրացրած հարցերի առնչությամբ թույլ տվեք առանձնացնել հետևյալ հիմնական կետերը.
1. Որոշակի քայլեր ենք ձեռնարկում, մասնավորապես տեխնիկական միջամտությամբ փորձում ենք նվազագույնի հասցնել մեքենաների աղմուկը:
2. Բացատրական աշխատանքներ ենք տանում աշխատակիցների հետ, ուստի հուսով ենք, որ ապագայում փոփոխությունը նկատելի կլինի:
Այնուհանդերձ, նշենք.
-Ընկերության մեքենասարքավորումները լավագույնն են միջազգային չափորոշիչներով, ուստի վերջիններս աշխատանքի մեջ քիչ աղմկոտ են ու ավելի կոմպակտ։
-Գիշերային աղբահանությունը միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, որը կոչված է ցերեկային ժամերին երթևեկությունը չխափանելու և բակերում կայանած մեքենաների տեղաշարժին չխոչընդոտելու։ Բացի այդ, աղետ է, երբ մարդիկ արթնանում են և բացահայտում աղբակույտեր իրենց հարևանությամբ:
Հիրավի, գիշերային աղբահանությունը երբեմն անհարմարություն է պատճառում Երևանի բնակիչներին, և հավատացնում ենք, որ «Սանիթեքն» ամենաքիչը կցանկանար որևէ բնակչի անհանգստացնել: Մենք, իհարկե, անընդհատ փորձում ենք նոր լուծումներ գտնել, բայց և ակնկալում ենք բնակիչների ըմբռնողականությունը մեր բարդ, բայց և պատասխանատու աշխատանքի հանդեպ»:
Հարգանքով՝ «Սանիթեք»

ԱՎԱՆԱԿԻ ՄՌՆՉՈՑՆ ՈՒ ԹՐԱՇՈՒՇԱՆՆԵՐԸ
(հողմը լուսաբացից առաջ)
Կարդալով այս հուզիչ ուղերձը՝ թույլ սրտի տեր մարդիկ, անկասկած, կընկնեն ծանր մտորումների մեջ: Չի բացառվում, որ նրանցից շատերը ծաղկեփնջեր պատվիրեն և լուսաբացից քիչ առաջ, կեսգիշերից էլ մի քանի ժամ անց, այսինքն՝ ժամը 3-4-ի սահմաններում ճերմակ, դեղին ու կարմիր վարդերից փնջված ծաղկեփունջը (ավելի ստույգ՝ ծաղկեփնջերը) նվիրաբերեն «Սանիթեքի» աղմկարար, ավելի ստույգ՝ դիվադադարային գործերի ասպետներին, այսինքն՝ աղբահավաքներին: Մի խոսքով, ինքս ուշի ուշով կարդացի այս պատասխան ուղերձը, համբերեցի 3 շաբաթ, համբուրեցի թոռանս թուշիկը, ձեռքս առա 13 թրաշուշանից բաղկացած ծաղկեփունջը և հյուրընկալվեցի Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Դավիթ Մալյան փողոցում բնակվող բարեկամիս: Քուն մտանք կեսգիշերից առաջ (երազում մռնչացող ավանակ էի տեսնում, բարեկամս՝ չգիտեմ, բայց քնի մեջ անհանգիստ շուռումուռ էր գալիս): Լուսաբացից առաջ երազիս ավանակը նախ մռնչաց, հետո ժպտաց և խրխնջաց: Վեր թռա անկողնում: Բարեկամս արդեն հագնվել էր, ձեռքն էր առել դագանակը և պատրաստվում էր գրոհելու «Սանիթեքի» աղբահավաք-դղրդացող մեքենայի վրա: Նրան մի կերպ հանգստացրի: Դագանակումն անօգուտ միջոց է: Ի վերջո, պետք է գանահարել ոչ թե աղբահավաք ոմն Մռազի կամ Վարազի, այլ նշյալ ընկերության ղեկավարությանը, քանի որ խնդիրը լուծելու կամ էլ գոնե այն կարգավորելու փոխարեն, կներեք, յուղում է մեր գլուխը, այն էլ բավականին անբռնազբոս ձևով:


Ահավասիկ այս յուղումը. «որոշակի քայլեր ենք ձեռնարկում... բացատրական աշխատանքներ ենք տանում աշխատակիցների հետ... ընկերության մեքենասարքավորումները լավագույնն են միջազգային չափորոշիչներով» և այլն: Չունենք որևէ առարկություն, և «Սանիթեքի» այս ինքնագովազդը հալած, արդար յուղի տեղ ենք ընդունում, բայց մնում ենք մեր արմատական տեսակետին՝ եղբայր աղբահավաքներ, մի՛ խաթարեք մայրաքաղաքի բնակչության մի ստվար հատվածի խաղաղ քունը, բարի եղեք գիտակցել, որ մարդկանց խաթարված քունը հղի է առողջական բարդացումներով, հատկապես տարեց մարդկանց, մանուկների և առողջական խնդիրներ ունեցողների: Սա, կարծում եմ, հավուր պատշաճի կընկալեն «Սանիթեքի» հարգարժան ղեկավարությունն ու մայրաքաղաքի քաղաքապետարանը: Այսօր, ինչ խոսք, մեզ արդյունքն է հետաքրքրում, այսինքն, հոդվածը հրապարակվելուն պես, կա՛մ աղբահանությունը կկազմակերպվի անաղմուկ (ասենք, կարող եք սայլեր վարձել մի քանի հազար հատ և դրանցով իրականացնել այս հույժ կարևոր աշխատանքը), կա՛մ էլ մայրաքաղաքի ահաբեկված բնակիչները ստիպված կլինեն ստորագրահավաքներով պահանջել ձեր հեռացումը Երևանից: Անկեղծ ասած, սա ցանկալի չէ, զի «Սանիթեքը», այնուամենայնիվ, քաղաքակիրթ աղբահանություն է կազմակերպում, առայժմ բավականին անկիրթ եղանակներով:

«Սանիթեքի» պատասխանի այս պարբերությունն է պարզապես անհանդուրժելի: Որոշ իմաստով այն զավեշտալի է, որոշ իմաստով էլ՝ ուղղակի ողբալի: Ահավասիկ մեկ այլ յուղում. «Բացի այդ, աղետ է, երբ մարդիկ արթնանում են և բացահայտում աղբակույտեր իրենց հարևանությամբ»: Աղետալին, ներող եղեք, ձեր այս անհասկանալի և նրբագեղ ու հպանցիկ մոտեցումն է խնդրին, զի առավոտ վաղ «աղբակույտեր բացահայտելը» տհաճ է. ոչ ավելի, աղետալի է գիշերային աղմկարարությունը:

ԴԱՎԻԹ ՄԱԼՅԱՆ ՓՈՂՈՑԸ՝ ԱՂԲԱՄԱՆԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ
(հողմը մայրամուտից առաջ)
Սակայն «Սանիթեքը» չի բավարարվում ձայնային ռմբահարումներով: Մալյան փողոցի թիվ 4 շենքի բակում աղբամաններ են տեղադրված, շարքով, կանոնակարգված և ծառայում են իրենց բուն նպատակին (աղմուկ-աղաղակը, իհարկե, չհաշված): Բայց «Սանիթեքը» աղբամաններ է տեղադրել նաև Մալյան փողոցում, ուր աղբ են գցում անցնող-դարձող մեքենաները, պատահական անցորդները գցում են հաճույքով, զի շատերին անկրկնելի բավականություն է պատճառում սեփական աղբը օտար, այս պարագայում՝ Դավիթ Մալյան փողոցում տեղակայված աղբամաններում տեղակայելը:

Ի դեպ, եթե օրը ցերեկով անսպասելի դրմփոց լսեք Երևանում, չվախենաք, զրահատանկերը մայրաքաղաքում չեն, պարզապես «Սանիթեքի» աղբահավաք և բավականին «գալանտ» տեսք ունեցող շարժակազմը գործի է անցել, հերթական աղբարկղն է պոկում գետնից կամ էլ այն վայր է դնում:


Մի խոսքով, մենք բավական ժամանակ է, ինչ ըմբռնումով ենք վերաբերվում ձեզ: Ժամանակը սպառվել է: Դուք էլ հարգեք մեր սահմանադրական իրավունքները և մի աղմկեք, զի Երևանում առանց այդ էլ աղմուկ-աղաղակը երբեմն անտանելի է դառնում: Ցերեկները, ի թիվս այլ բաների, նորաթուխ բայքերների ոռնոցն է նյարդ ու ականջ սղոցում, գիշերը՝ ձեր:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. «ՈՒրբաթօրյա հողմաղացի» այս անդրադարձի «սանիթեքյան» գալիք արձագանքը, հուսանք, կլինի վերջնական: Այսինքն, նրանք մեզ և մեր ընթերցողներին երջանկաձայն կավետեն, որ գիշերն այլևս աղբ չեն հավաքելու: Նշյալ սխրանքը կենսագործելու են բացառապես ցերեկային ժամերին՝ առավոտյան 7.00-ից մինչև երեկոյան 19.00-ն: Ի դեպ, հուշենք խնդրի լուծումը. անհրաժեշտ է աղբահանությանը հատկացնել մի քանի լրացուցիչ մեքենա:

Դիտվել է՝ 3188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ