Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Երկիրս անտեր է… «որդեգրիր մի գյուղ»

Երկիրս անտեր է… «որդեգրիր մի գյուղ»
21.10.2016 | 00:07

Անկախության սերնդի երազանքները Հայաստանի սահմաններից դուրս են երիզվում, մինչդեռ հակառակը պիտի լիներ: Սփյուռքն էլ ականջալուր չէ հայրենիք տունդարձի կանչին. շատերն են գալիս կենվորի պես ու հետ դառնում: Խնդիրները շատ են, իսկ կյանքի նպատակն այստեղ կենտրոնացել է առուծախի մեջ: Երկրի բարձրաստիճան շատ պաշտոնյաներ մերօրյա Գիքորն են դարձել՝ բոլոր հարթակներից «էստի՛ համեցե՜ք, էստի՛ համեցե՜ք» են կանչում: Պետականաշինության փոխարեն երկրում թմբկահարվում է ընտրությունների գերնպատակ լինելու հանգամանքը, ընդհուպ կենաց-մահու գնով: Ինչպես կասեր Րաֆֆին՝ «Արդարությունը ծիծեռնակի կաթն է դարձել… ոչ մի տեղ չես գտնի»: Ժողովուրդը հիասթափությունից ամեն գնով փրկության օղակ է օտար ափեր նետում: Սա ճակատագրի հեգնանք չէ, իրողություն է. Հայաստանում տուն չկա, որ խարիսխ չգցի օտարության մեջ։ Սահմանամերձ երբեմնի 700 ծուխ ունեցող գյուղն այսօր ունի 70 ծուխ...

Բարեբախտաբար, այսօր քիչ չեն հայազգի այն զավակները, ովքեր օգնության ձեռք են մեկնում Հայաստանին: Քիչ չեն և այն կառույցները (շատերը՝ աղանդավորական, անցյալները՝ մութ ու կասկածելի), որ սեփական նյութական միջոցներով ՀՀ մարզերում, հատկապես սահմանամերձ գյուղերում, իրենց սև գործն են անում:
Միջազգային կառույցները ինչ տեսակի օգնության ծրագրեր էլ իրականացնեն Հայաստանում, մեկ է՝ մեր երկրի խնդիրները մենք ենք լուծելու, ուրիշ ոչ ոք: Անկարելի էր անհաղորդ մնալ «Որդեգրիր մի գյուղ» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզում անցկացվեցին մի շարք միջոցառումներ» հրապարակմանը, որն օրերս տեղադրվել էր magaghat.am կայքում։ Նաև հավելեմ՝ www.magaghat.am-ը նյութը վերցրել էր ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային պարբերականից։ Ասել է՝ ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնաթերթից: Հրապարակման մեջ նշված է՝ «Որդեգրիր մի գյուղ» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզում անցկացվեցին մի շարք միջոցառումներ: Վայոց ձորի մարզում էր հյուրընկալվել «Որդեգրիր մի գյուղ» նախագծի հեղինակ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացի Լեն ՈՒիքսը: Վերջինիս հեղինակած նախագիծն ուղղված է Հայաստանի գյուղական վայրերի և Հայկական սփյուռքի միջև կապի, համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը:


«Որդեգրիր մի գյուղ» ծրագրի շրջանակներում միջոցառումներ իրականացվեցին նաև Արենի և Շատին համայնքներում»:
Նյութի ենթատեքստից դատելով, թվում է` ողջունելի ծրագիր է։ Բայց ի՞նչ է ասում նախագծի անվանումը՝ «Որդեգրիր մի գյուղ»... Սա՞ է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, Հայրենիք-Սփյուռք համագործակցության տասնամյակների աշխատանքի արդյունքը, ՀՀ պատկան մարմինները՝ դիվանագետ այրերը, աշխարհի առաջ ինչքա՞ն են ողբացել, մեր ժողովրդին որքա՞ն են նվաստացրել, թե մենք՝ հայերս, որբ ենք, մեր երկիրն՝ անտեր, եկեք, մեզ որդեգրեք, որ...


Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ոմն քաղաքացի Լեն ՈՒիքսը Հայաստանում արդեն մեկ տարի «Որդեգրիր մի գյուղ» անվանումով ծրագիրն է իրականացնում: Ինքս չեմ մասնակցել ու հետևել վերոնշյալ միջոցառմանը, գուցե այն իր տեսակի մեջ ամենահայանպաստն է: Սակայն, բարոյական ի՞նչ իրավունքով է նա Հայաստանում այդ անվանումով ծրագիր իրականացնում։ Մեզ լավությո՞ւն է անում՝ մեր արժանապատվությունը նվասատացնելով: Եվ դա մենք արտոնել ենք մեր բացահայտ անտարբերությամբ՝ թույլ տալով մեզ ընդունել որպես խեղճ ու որբ, անտեր ու անճարակ ժողովուրդ:
Տարօրինակ է՝ մեր լրատվամիջոցների ուշադրությունից դուրս է մնացել «Որդեգրիր մի գյուղ» նախագիծը, չնայած այն արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության հավանությանը. դատելով նրա պաշտոնական կայքում նախագծի իրականացմանը հանգամանալից անդրադարձից:


Լեն ՈՒիքսը իր գործն է անում, այնպես, ինչպես կամենում է, իսկ մենք ի՞նչ ենք անում: Ոչինչ: Զարմանք ու զայրույթ է հարուցում փաստը. մի՞թե բանիմաց և մի քիչ պատվախնդիր հայ չկար սփյուռքի նախարարությունում (թեև ծրագիրն իր իրավասության տակ չի գործել, սակայն իրազեկ են եղել), Վայոց ձորի մարզպետարանում, որ մինչ նախագիծը կյանքի կոչելը ՈՒիքսին ասեր. «Այս նախաձեռնության անվանումը վիրավորական է մեր ժողովրդի համար, գուցե «սատարիր», «օգնիր», «աջակցիր» մի գյուղի, բայց ոչ երբեք՝ որդեգրիր մի գյուղ, սա մեր ժողովուրդը չի կարող ընդունել»:


Անհարկի է հակադարձել, թե սա է հայաստանյան իրականությունը, և պետք չէ աղքատ-հպարտի հոգեբանությամբ ներկայանալ և ընկնել մանրուքների հետևից: Ամենևին, սա մանրուք չէ: Պետք չէ Հայաստանին այն օգնությունը, որ պիտի ցուցաբերվի հայ ժողովրդի ինքնասիրության ու արժանապատվության նվաստացման հաշվին, սա մեծ վիրավորանք է, և չպետք է թույլ տալ, որ այն շարունակվի:

Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2190

Մեկնաբանություններ