Ռուսաստանյան հայտնի «Լևադա ցենտր» վերլուծական կենտրոնը հրապարակել է երկրի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերի 1600 բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքները պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի գործունեության գնահատման վերաբերյալ: Պարզվում է՝ նախագահի գործունեությանը հավանություն է տալիս բնակչության 82 տոկոսը (անցյալ տարի՝ 85 տոկոսը): Հազիվ թե դա հնարավոր է, կասեն Հայաստանում, որտեղ «ձյաձյա Վոլոդյային» (ըստ Ռուբեն Հախվերդյանի) տանել չեն կարող: Բայց փաստը մնում է փաստ:
Անշուշտ կարելի է տարակուսել, որ արևմտյան պատժամիջոցներից տնտեսական անկում ապրող երկրի ղեկավարի հարգանիշը շարունակում է մնալ բարձր: Բայց միայն առաջին հայացքից: Տվյալ պարագայում մարդիկ իրենց ներկան համեմատում են նախորդ նախագահի ժամանակների հետ և համոզված են, որ Պուտինի կառավարման տարիներին (Մեդվեդևը միջանկյալ անձնավորություն էր) երկիրը մեծ առաջընթաց է ապրել և հեռու չէ կրկին համաշխարհային գերտերություն դառնալու հավակնություններից: Էլ չենք խոսում Ղրիմը առանց մի կրակոցի «հայրենի նավահանգիստ» վերադարձնելու մասին:
Կոմունիստները մեր սերնդի գլուխն էին մտցնում, թե պատմությունը կերտում են ժողովուրդները, ինչպես Չարենցն էր ասում՝ ամբոխները խելագարված: Գուցե և այդպես է, սակայն թերագնահատել անհատի հսկայական դերը պատմության մեջ… Վլադիմիր Պուտինը պատմական տվյալ փուլում անհատականություն է ռուսաց պետության, ռուսաց ժողովրդի շահերի տեսանկյունից: Այս անձը ոչ միայն կանգնեցրեց երկրի՝ Արևմուտքի ջանքերով սկսված կործանումը, այլև նրան զարգացման ուղի հանեց՝ գերտերության վերստեղծման ուղին: Ահա թե ինչն է գնահատում Պուտինի մեջ Ռուսաստանի ժողովուրդը: Հարցնենք «Իրատեսի» ընթերցողներին՝ անկախ Հայաստանի երեք նախագահներից որի՞ն է հայ ժողովուրդն ընդունել որպես անհատականություն մեր ազգային ու անհատական շահերի առումով: Սա մեր նորօրյա պատմության բացերից է: Ողբում ենք, թե մեր բախտը չի բերում ղեկավարի հարցում:
Ռուսահայերը զարմանում են, թե ինչու Հայաստանում չեն ուզում ընդունել, որ օբյեկտիվ պատճառներով ու հատկապես Ղարաբաղի խնդրով մենք լիովին կախված ենք Ռուսաստանից, դուր է գալիս դա մեզ, թե ոչ: Մոսկվացի պատմաբան-քաղաքագետ Վարդան Բաղդասարյանը չի սեթևեթում, երբ ասում է, թե որ օրը Ռուսաստանը դադարեցնի իր ներկայությունը Հայաստանում, կհետևի հայ ժողովրդի երկրորդ ցեղասպանությունը:
Ինչի՞ է հասնում Արևմուտքը, որ ինչի հասնենք մենք մեր հակառուսական կեցվածքով: Ավելին, ռուսներին չի կարելի հունից հանել, առնվազն կընկնենք վրացիների և ուկրաինացիների օրը: Ընդ որում՝ տարածք կկորցնենք, որն այս անգամ չի էլ մտնի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ:
Հետաքրքիր է, Հայաստանում նվազե՞լ է հակառուսական կիրքը ռազմական շքերթի ժամանակ իրական «Իսկանդեր» տեսնելուց հետո: Ռուսական մամուլն արձանագրում է, որ ՀԱՊԿ-ի անդամ պետություններից և ոչ մեկը չունի այդ ռուսական զինատեսակը: Իսկ մենք արդեն ունենք: Եթե Սերժ Սարգսյանին կարելի էր մեղադրել ՌԴ-ի (Ադրբեջանին զենք վաճառելու հարցում)՝ իր միակ ստրատեգիական դաշնակցի հետ լեզու չգտնելու հարցում, ապա այս նոր՝ «Իսկանդեր» զենքի ձեռքբերումը համարենք ՀՀ նախագահի մեծ հաջողությունը:
Ի դեպ, էլ ում չի սիրում Արևմուտքը՝ Ռուսաստանից բացի (մեր «չսիրելը» մի կողմ դնենք): Մոսկվայում սինագոգի վրա ոմն «կրթյալ» հոգեկան հիվանդի օրերս կատարած զինված հարձակումից հետո ռուսաստանյան լրատվամիջոցները հանգամանորեն փաստեցին, որ եթե իրենց երկրում նման հակասեմիտական ոտնձգություններ հազվադեպ են լինում, ապա հատկապես Եվրոպայում նման միջադեպերը, հաճախ՝ ողբերգական հետևանքներով, բազմաթիվ են: Իրոք այդպես է, թեև դժվար է ռուսներին վերագրել որևէ «հրեասիրություն»: Եվրոպայում անտիսեմիտիզմի բացահայտ դրսևորումները, հատկապես Բելգիայում և Ֆրանսիայում, հանգեցրել են նրան, որ մոտ տասը հազար եվրոպացի հրեաներ արդեն արտագաղթել են Իսրայել:
Ռուսաստանյան հեռուստատեսությամբ վերջերս տևական ընդմիջումից հետո, անշուշտ, բնավ էլ ոչ պատահականորեն, կրկին ցուցադրվեց մեր հայրենակից Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը: Երկու խոսք այդ մասին: Սովորաբար ռազմական թեմայով ֆիլմերում գլխավոր հերոս են դառնում զինվորը, սպան, գեներալը, պետության ղեկավարը, որոշակի հավաքական ուժեր և այլք: Միստիկայով հագեցած իր ժապավենում ռեժիսորը «շնչավորել էր» տանկերը: Գերմանական մի տանկ ոչնչացնում էր զգալի թվով խորհրդային տանկեր և ինքը մնում անորսալի: Մահից հրաշքով փրկված և որոշակի պայծառատեսություն ձեռք բերած ռուս տանկիստը համառ որոնումներից հետո գտնում է «վագրին», սակայն նրան էլ չի հաջողվում ոչնչացնել մետաղե այդ մղձավանջը: Ֆիլմի վերջում՝ հաղթանակից հետո, տանկիստը հրամանատարին ասում է, որ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել Ռուսաստանի թշնամուն (Արևմուտքը) մարմնավորող այդ իրեղեն սիմվոլը: Եվ ընթացք տալով իր տանկին, նա ուղևորվում է դեպի անհայտություն: Ռուսները վաղուց են հաշտվել այն իրողությանը, որ Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը վերջ չունի:
Սակայն ֆիլմի բարձրակետը Հիտլերի նույնքան միստիկական հարցազրույցն է ոմն մի լրագրողի հետ՝ կիսախավար մի սենյակում: Ֆյուրերը, կրքոտ դառնությամբ կանխատեսելով, որ իրենից հետո իր և Գերմանիայի վզին կփաթաթեն անթիվ-անհամար մեղքեր, փորձում է արդարանալ. «Իսկ մենք պարզապես արիություն գտանք մեր մեջ իրականացնելու այն, ինչի մասին երազում էր Եվրոպան… Արդյո՞ք մենք չիրականացրինք յուրաքանչյուր եվրոպացի քաղքենու գաղտնի երազանքը: Նրանք երբեք չեն սիրել հրեաներին: Ամբողջ կյանքում նրանք վախեցել են Արևելքի այդ մռայլ, խոժոռ երկրից… Ես ասացի՝ եկեք պարզապես լուծենք այդ երկու խնդիրը, լուծենք այն մեկընդմիշտ»:
Հրեաներ և Ռուսաստան: Հիտլերն էլ պարտություն կրեց:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա