ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Երբ տանգոն պորտապար է՝ արյունոտ հատակի վրա

Երբ տանգոն պորտապար է՝  արյունոտ հատակի վրա
22.07.2016 | 00:55

Հայտնի իմաստություն է՝ մարդը պետք է ծերանա հնարավորինս մաքուր ձեռքերով և հանգիստ խղճով։ Մարդը, առհասարակ, բայց ոչ Հայաստանը ելուզակող, կենսաբանորեն արդեն զառամյալ, սակայն հոգով և մտքով վառվռուն մի անմեղսունակ պատանյակ՝ Էռնեստո Էռնեկյանը (ԷԷ), ում սիրտը կամենում է կործանել սեփական նախնիների հայրենիքի մի հատվածում շքացող կառույցը։ ՈՒ միթե նաև նման մարտահրավերները առիթ չդարձան մեր այս վերջին փորձությանը։ Տե՜ր իմ Երկնավոր, Սէֆիլյանին ազատելու և ներկա վարչախմբին իշխանազրկելու ճանապարհն անցնում էր ոստիկանական ամրոցի գրավմա՞մբ։ Արյուն թափվեց, անմեղ արյուն, հայոց արյունը։ Հայ ոստիկանի, ավելին՝ հայ ազատամարտիկ-ոստիկանի արյունը։

Մեր վսեմ արյունը պղտորվում է արդեն քառորդ դար և ցանկացած առիթով, անառիթ և հենց այնպես, ոմանց բերանբաց քմծիծաղին հագուրդ տալու նպատակով մեզ դարձնում են ծաղրուծանակի արդեն ոչ թե առարկա, այլ պարզապես նյութ, գորշ և մածուցիկ նյութ։ Մի՞թե ասվածի վկայությունը չեն կառավարության մոլեգնող շվայտության և հղփության չափանիշ ծախսերը։ Անհեթեթ ինչ-որ բրենդանշանի համար, որի գինը լավագույն դեպքում մի 10-15 հազար դրամ է, կառավարությունը վճարում է այնպիսի գումար, որը նույնն է, թե 50 դրամ արժողությամբ թոշնած մի կապ կանաչու համար վճարես մի ողջ անտառ արծաթափայլ եղևնու գումար։

Եվ այստեղ է, որ վերստին ելուստվում է գերագույն հարցը՝ ինչո՞ւ մեր որդան կարմիր ցորյան հացի մեջ աղ չկա։ Զարմանում եմ սեփական պարզամտությանս վրա, աղը մի՞թե մենք ինքներս չենք բացառել մեր հանապազօր-նշխարք հացից, մեր իսկ ձեռքով, սրտով և մտքով։
Արգենտինա՜, իսպանալեզու ծովածավալ մի երկիր Ատլանտյան օվկիանոսի ափին։ Տանգոյի, Բորխեսի, Մեսիի հայրենիքը։ Եվ մի դուրսպրծուկ արգենտինահայ՝ ԷԷ։

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՇՏԱՐԱԿԸ
(նախաքննություն)
Արգենտինայի քաղաքացի ԷԷ-ն կյանքի գնով փորձում է հողին հավասարեցնել «Զվարթնոց» օդանավակայանի կենսազվարթ աշտարակը։ Կասկածո՞ւմ է ինչ-որ մեկը, որ նշյալ սուբյեկտը համաշխարհային ստվերային կառավարության երդվյալ սատրապներից է։ Միաժամանակ նա հանրահայտ է որպես ոչ պարտաճանաչ հարկատու, որն ուներ լուրջ խնդիրներ արգենտինական կառավարության հետ, միաժամանակ այս սուբյեկտը քաջ ծանոթ է հայությանը որպես ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մեկը։ Ի դեպ, սույն Էռնեստոն հայ է միայն ազգանվան վերջաբանով, զի հայերը ողջ աշխարհում պարտաճանաչ հարկատու են։ Այո՜։ Աղետալի ծաղկեպսակը պատրաստ է, մնում է այն նպատակահարմար մի «շիրմաքարի» վրա դնել, կա՞ ավելի հարմար կառույց, քան «Զվարթնոցն» է, ի վերջո, ԷԷ-ն շարունակում է (բազմապատկված մոլեռանդությամբ) հայ տեսակի էության ու նկարագրի համաշխարհայնացումը՝ հիշողության խեղաթյուրմամբ։ Երևանը, ըստ էության, բռնախեղվել է՝ լայնքով, երկայնքով ու խորքով։ Եվ քաղաքի կանաչապատումն ու հարդարումներն ընդամենը աչք են շոյում, մեր հոգին ահաբեկված է, քանզի մեր միտքն է խիստ շփոթված, Տե՜ր իմ Աստված, Երևանը ՀՀ մայրաքաղաքն է և ամենայն հայոց գլխադիր քաղա՞քը։ Եթե այո, ապա ո՞ւր է Ալեքսանդր Թամանյանի հետագիծը, որտե՞ղ կորավ Իսրայելյան Ռաֆայելի ձեռագիրը։ Ի վերջո, ԷԷ-ն և նրան սատարողները լավ գիտեն, որ Երևանը մայրաքաղաք-պարտավորություն է, նախորդ 11 մայրաքաղաքների կորուսյալ փառքի անդրադարձը։

«Զվարթնոց» աշտարակը Երևանի նախադուռն է, քիչ հավակնոտ է, սակայն հույժ ներկայանալի, ու շատ նման է զորահանդեսն ընդունող գեներալի։


Նշենք շատ կարևոր մի հանգամանք՝ իր բնույթով, բոյ-բուսաթով և մնացած ամեն բանով այն արդի տաճար է, պոստմոդեռնիզմի հաջողված (և եզակի) նմուշ։ Մի խոսքով, մայրաքաղաքային նշանակության կառույց է, և հենց այս հանգամանքն է պղտորում ոմանց խառնափնթոր հոգու անդորրը։ Սակայն այստեղ մի այլ խնդիր է ելուստվում. ասացեք, խնդրեմ, ի վերջո, ո՞վ է ԷԷ-ն, որ իրեն անծանոթ, օտար երկիր Հայաստանում նման հակասխրանք է փորձում գործել։ Նա, կարո՞ղ է, ասենք, Մոսկվայում, կամ այդքան հեռուն չգնանք, հարևան Թբիլիսիում նման մի պատմամշակութային կառույց վերացնել։ Ինչ խոսք՝ ոչ։ Մեր կառավարությունը նման ավարառություններն արդարացնում է օտարերկրյա ներդրումների ներգրավման հույժ պատմական անհրաժեշտությամբ։ Իսկ թե ուր են հոսում ներդրումային գումարները, անհայտ չէ, դրանք ապահովում են կառավարության ամենօրյա «ժուժկալ» ծախսերը։ Սակայն սա այլ հողմերի շրջապտույտում պետք է դիտարկել։
Մի խոսքով՝ «Զվարթնոցի» աշտարակը պետք է վերացվի՞։ Իհարկե, չէ՞ որ Հայաստանի Հանրապետության գոյակերպի տեսլականը նրա 25-ամյա պատմությամբ է վավերացվել, երկիրը, յուր 1 մլն բնակչությամբ, պետք է սպասարկի նախ իր սեփական վերնակույտին, ապա նաև արտաքին, օտար, սակայն ոչ պակաս վայրագ ներդրողների գեղագիտական շահերը։ Կլլեցի՞ն «Երիտասարդական պալատը», անշո՛ւշտ, բռնաբարել ու շարունակել են նույն հոգածությամբ վերաբերվել մայրաքաղաքի պատմամշակութային մասունքների՞ն, իհարկե։ Այնպես որ, «Զվարթնոցը» խոց է ոմանց կոկորդում, զի խանգարում է սպասարկող, հլու և ազգային ես-ի տեսանկյունից էլ ոտն ի գլուխ դիմազուրկ հայաստանաբնակի կերպարի վերջնական կերտմանը։ Ինձ մի բան է այսօր հուզում. ինչո՞ւ Էռնեստո Էռնեկյանի հայտնի և անհայտ հովանավորները բահերն ու քլունգներն ուսներին չեն մասնակցում պոստմոդեռնիստական այս տաճարի բնաջնջման աշխատանքներին։ Հայ ժողովուրդն ունի սահմանադրական իրավունք ճանաչելու իր հակահերոսներին անուն առ անուն և սխրանք առ սխրանք։ Ինչպես որ ճանաչեց ապրիլյան բլիցկրիգի հերոսներին։

Հայաստանն անվանում են հրաշքների երկիր։ Այսօր Արարատի վսեմաշուք հայացքի ներքո հրեշապատում հրաշքների տիրակալությունն է։ Առայժմ եկեք դիմանանք և մտորենք, թե ինչպես է պետք այս ամենին դիմակայել։


Այսպիսով, այո՛, հենց «Զվարթնոց» օդանավակայանի շենքը պետք է նահատակել, քանզի սպասարկող երկրի բնակիչն իր պատուհանից վաղ այգաբացին և լյառն Արարատի համապատկերում պետք է տեսնի սպասարկող հայրենիքին հարիր շինվածքներ, հյուրանոցներ և որկորային քաղաքակրթության այլ հորինվածքներ։ Ականջիս մեջ ահա դղրդաց պրոլետարական օրհներգի գլխակեր տողը՝ ելի՛ր, ում կյանքը անիծել է...

ԱՎԱՐԱՌՈՒՆԵՐԸ՝ PERSONA NON GRATA
(հետաքննություն)
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Անի տիեզերահռչակ քաղաքը ներառել է համաշխարհային մշակույթի գանձարանում և խոստացել է՝ պետք է պահպանել միջնադարյան գլուխգործոց-քաղաքի ավերակները՝ թուրքական պետության կազմում։
Հրաշալի է, Անիի ավերակները պահպանվում են ոճրագործ պետության կազմում, կանգուն կառույցը ավարառվում է իր բնօրրան, ժողովրդավարական Հայաստանում։

Լավ, շոգ է, և բավ է, ընդմիջվենք չափածո հանգերգությամբ, զի բանաստեղծը տեսնում է ներկան՝ գալիքի զուգահեռներում։ Ահա թե ինչ է գրում վարսաշեկ պոետ Արմենը, նույն ինքը Շեկոյան.
Ըմպիր մինչև վերջ օրերի գինին։
Գտիր մի ընկեր քեզ պես
մի անբան։
Ինչ լինելու է, մի օր կլինի-
ահեղ դատաստան կամ
նման մի բան։


Ավարառուները բանում են, մենք անբան Հուռու նման բավարարվում ենք պախարակմամբ, պարսավանքով և պարզապես պճնագեղ լուտանքներ շաղ տալով։ Իսկ մինչև զվարթնոցյան էպոպեան և դրանից հետո էլ հանրապետությունը քայլարշավում է դեպի յուր կայացման առաջին քառորդ դարը՝ շորորավարգ և ոտաբոբիկ։ Արթիկի ջրհեղեղն ու Արմավիրը պատուհասած կարկտային երկրաշարժը, անշուշտ, ենթադրում էին երկրի բարձրագույն ղեկավարության մշտարթուն ներկայությունը, նրանց խրախուսանքն ու սատարումը։ Մի խոսքով, սպասարկող հանրապետության ոգուն հարիր պորտապարը շարունակվում է։

ԴԱՏԱՎՃԻՌ
Արգենտինայի Հանրապետության քաղաքացի Էռնեստո Էռնեկյանը և նրան սատարող ՀՀ բոլոր պաշտոնատարները հանրապետության և հայության կողմից հռչակվում են persona non grata։ Այսօր և վաղը։ Ընդմիշտ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ