ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Երկչոտ քաղաքականությունը ազգային անվտանգության երաշխիք չէ

Երկչոտ քաղաքականությունը ազգային անվտանգության երաշխիք չէ
19.07.2016 | 08:54

Երբեք չգիտակցեցինք, որ «պատմության արդյունքը աշխարհագրությունն է» և պատմության հաղթական դիտակետից պետք է նայել ապագային, հակառակ պարագայում, իրադարձությունների չարագույժ բերումով, կարող է չափազանց շատ բան, գուցե ամեն ինչ տանուլ տրվել, ինչպես եղավ մեր ժողովրդի դարերի և ոչ այնքան հեռավոր անցյալի ավելի քան ողբերգական պատումներում։


1920-ական թթ. առանց պայքարի, բոլշևիկյան գաղափարագարությամբ, քոչվոր թուրքերին հանձնեցինք մեր ժողովրդի խորհրդանիշ Արարատը, Մայր Արաքսը, Անին, հինգհազարամյա դրախտ հայրենիքը, այդ թվում` դեռևս հայաշունչ Արցախն ու Նախիջևանը: 1921 թ. հուլիսի 5-ին Անդրկովկաս ժամանեց լենինյան հայատյաց մի վիժվածք և հայտարարեց` «Ղարաբաղը, Նախիջևանը պետք է մնան Ադրբեջանի կազմում». և հայ բոլշևիկները լուռումունջ համաձայնվեցին: Դե, համաշխարհային կոմունիզմ էինք կառուցելու, կարևոր չէր, թե ով ով է: Եվ եթե մեծ հայը` Նժդեհը, որին չարամտորեն զրպարտում են ներսում ու դրսում, չփրկեր Սյունիքը, ապա այն էլ կհանձնվեր թուրքին և ազգովին, «եղբայրաբար» մնացորդ հայրենիքը կներառեինք հնարովի Թուրքիայի ու Վրաստանի կազմում` անարժանապատվորեն փառաբանելով «հանճարեղ առաջնորդների իմաստուն, ինտերնացիոնալ» քաղաքականությունը:


Այո, հրճվանքով փառաբանում էինք մեր ոխերիմ թշնամիներին, և ահա 1922 թ. բոլշևիկ Ռադեկի հեղինակությամբ «Իզվեստիայում» հրապարակվեց փառաբանական մահախոսական հայակեր Ջեմալ փաշայի և հետին թվով նաև դահիճ Թալեաթ փաշայի սատակման վերաբերյալ: Հայ բոլշևիկները, լինելով գաղափարագար ու կամազուրկ, ստրկամտորեն այդ հրեշավոր հոդվածը արտատպեցին Հայաստանի Հանրապետության լրագրերում` անարգելով 1,5 մլն նահատակների և կորուսյալ հայրենիքի հիշատակը: Իսկ Կարսում Հայաստանի ներկայացուցիչ ոմն Սարգսյան, հայ առաջնորդների հրահանգով, եղբայրական ցավակցական հեռագիր հղեց Սարիղամիշ` ջարդարար Կարաբեքիրին, որը դեռ մեկ տարի առաջ Ալեքսանդրապոլում բոլշևիկների աչքերի առաջ բնաջնջում էր հազարավոր հայերի և բոլշևիկյան եղբայրական բողոքին ի պատասխան, հայտարարեց. «Մենք ինչ իմանանք` ով է բոլշևիկ, ով դաշնակ, հայ է` կոտորում ենք»:


Այո, եթե փառաբանում էինք հայության դահիճներին, ուրեմն չպետք է հիշեինք, խորհեինք կորուսյալ հայրենիքի մասին. և հայ բոլշևիկները, ինչպես գրում է ականատես մեծ գրող Կոստան Զարյանը «Անցորդը և իր ճամբան» խոհափիլիսոփայական գրքում, արգելում էին «Կռունկ»-ը երգել: Չէ որ, ըստ նրանց, դրանով վիրավորում էինք թուրք եղբայրներին, տարածքային պահանջատիրական, զավթողական վտանգավոր մտքեր ու խոհեր տարածում: Դե, հայ բոլշևիկները, մասնավորապես դահիճ Աթարբեկյանը, կամակատար Անաստաս Միկոյանը և շատշատերը արևմտահայությանը բուրժուական ազգ էին հայտարարել, իսկ ընդհանրապես ազգը` կեղծ կատեգորիա, բոլշևիկյան մոլագարությամբ հռչակելով` «թող մեռնի ազգը, որ ապրի դասակարգը», և պատահական չէր, որ մեծ ճիզվիտը նրանց դաստիարակել էր սադիստի հոգեբանությամբ, ուսուցանելով` «մենք մարդկանց գնդակահարում ենք ոչ թե հանցագործության, այլ դասակարգային պատկանելության համար». միայն հոգեգարը կարող էր այդպիսի հրեշավոր գաղափար արտահայտել: Այդ մարդատյաց զառանցանքին ինչպե՞ս կարձագանքեին ազնվական ծագումով հանճարներ Տոլստոյը, Պուշկինը, Լերմոնտովը, Տուրգենևը, Ժուկովսկին, Ռուսաստանը ծաղկեցնող, հզորացնող Պուտիլովը, Լոռիս-Մելիքովը, բազում ազնվասիրտ ձեռնարկատերեր, կալվածատերեր: Եվ պատահական չէր, որ գաղափարագար մոլուցքով հայ բոլշևիկներն իրենց ճառերում Հայաստանի առաջին Հանրապետության բանակն անվանում էին բաշիբոզուկների, մարդասպանների, ավազակների խառնամբոխ՝ բոլշևիկյան մոլագարությամբ անտեսելով, որ տառապյալ ժողովրդի զավակներն էին ծառայում հայոց բանակում, բանակ, որը Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում հայրենիքը փրկեց վերջնական կործանումից:

Այդ նույն ճառողները ոգեշնչված բացականչում էին. «Եկե՜ք, եկե՜ք գնանք Իրանից վերադարձող մեր եղբայրներին (Կովկասի թաթարներին) դիմավորենք». այն պարագայում, երբ թուրքական յաթաղանից Հյուսիսային Կովկաս գաղթած նախիջևանահայությունը խնդրում էր թույլ տալ վերադառնալ բնօրրան, բայց պանթուրքիստ Նարիմանովն ու բոլշևիկ Զինովևը ամեն կերպ արգելում էին, իսկ հայ բոլշևիկներն անտարբեր էին իրենց հայրենակիցների տառապանքին... Ահա այսպիսին էր հայ բոլշևիզմը, որի ներկայացուցիչներին մարգարեներ ենք հռչակել:
Եթե հնարավոր լիներ նախատինք հղել անդրաշխարհ՝ Հայաստանի ղեկավարների մեղավոր հոգիներին, ի՞նչ կպատասխանեին հարցադրմանը` ձեր տառապյալ ժողովրդին էս ի՞նչ պատմություն ու աշխարհագրություն եք ժառանգել. ինչո՞ւ էիք այդքան գաղափարագար, անվճռական, անհեռատես, կամազուրկ, երկչոտ. և բոլորդ էլ դարձաք լենինյան-ստալինյան հայադավ քաղաքականության անփառունակ զոհեր:


Ինչպե՞ս բարի խոսքեր հղել ազգի առաջնորդներին, երբ 70-ամյա քաղբյուրոյական ոհմակները փակել էին մեր աչքերն ու ականջները, որ չլսենք, չտեսնենք մեր դրախտ հայրենիքի շունչն ու պատկերը, շղթայել էին մեր մտքերը, որ չիմանանք, թե ինչպես են բոլշևիկորեն առուծախի հանել մեր սրբազան հայրենիքը:


1965 թ., ազգային զարթոնք, որը մարեց` չփրկելով գերի Արցախն ու Նախիջևանը, և մեր հայրենամոռաց հոգեբանության պարագայում թրքամոլ ախունդովներն ու ալիևները հետևողականորեն հայաթափեցին Նախիջևանը, որն էլ 1990-ականներին Ալիևը հպարտորեն ներկայացնում էր որպես իր մեծ ավանդը հայրենիք Ադրբեջանին, իսկ մենք անտարբեր դիտորդի դերում էինք:


1988 թ., ազգային նոր զարթոնք. բայց այդպես էլ չկարողացանք առավել քան վճռական, հետևողական ու հեռատես լինել և հերոս ժողովրդին առաջնորդել դեպի վերջնական հաղթանակ, ապահով ապագա: Պատմությունից դաս չառնելով, 1994 թ. մայիսին արցախյան փառապանծ հերոսամարտերը չպսակեցինք վերջնական հաղթանակով, երաշխավորված անվտանգությամբ, անհեռատեսորեն զինադադար կնքեցինք պարտված, հուսալքված թշնամու հետ, փոխանակ ստիպեինք ստորագրել հաշտության վերջնական պայմանագիր` Արցախի ճանաչումով։


Անցած 25 տարին մի պատկառելի ժամանակաշրջան էր, երբ պարտավոր էինք ամենայն վճռականությամբ ու հետևողականությամբ զարգացնել երկրի տնտեսությունը, կանխել աղետալի արտագաղթը, զարկ տալ ռազմական արդյունաբերությանը, չսպասելով, որ թուրքը նավթի վաճառքով բազմապատկի բանակի հզորությունը` դառնալով լուրջ վտանգ, ինչպես ցույց տվեցին ապրիլյան դեպքերը:
28 տարի է` թուրքը կրակում է մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր տան վրա` չարժանանալով վերջնական արժանի հակահարվածի: Ինչո՞ւ այսպես ստացվեց. որովհետև 25 տարի երկիրը վերածել ենք ընդամենը սպասարկման, առևտրի մի տարածքի, վճռական քայլեր չձեռնարկելով արդյունաբերությունը լայնորեն ծավալելու, մասնավորապես ռազմական արդյունաբերությունը զարգացնելու` թշնամուն վերջնական արժանի հակահարված տալու համար:


Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ երկրի ղեկավարությունը անցած տասնամյակներում հետևողականություն, կամք ու վճռականություն չի դրսևորել` լիովին ապահովելու Արցախի և Հայաստանի անվտանգությունը: Մենք շարունակաբար հույս ենք փայփայել, որ արցախյան հարցը կլուծվի միայն խաղաղ ճանապարհով, կարծես չենթադրելով, որ թշնամին ցանկացած պահի կհրահրի լայնածավալ պատերազմ. այն տեղի ունեցավ, տվեցինք մեծ թվով զոհեր, 800 հեկտար տարածքային կորուստ, որը անարժանապատվորեն հայտարարվում է աննշան մի բան:


Այսօր մենք ինչպես ենք նախապատրաստվում Արցախի հարցի վերջնական, ապահով լուծմանը: Արդյո՞ք անվճռականություն, անհետևողականություն, թերևս ոչ դիվանագիտական քայլ չէ, երբ հայտարարվում է` «վերջին հարյուր տարում Աղդամում ե՞րբ է հայ ապրել», կամ` «ես դեռ 1990-ական թվականներին եմ հայտարարել, որ անվտանգության գոտի հանդիսացող տարածքները վերադարձնելու ենք», «ես չեմ խրախուսել այդ շրջանների բնակեցումը»: Կամ` «եթե մենք խոսում ենք ազատագրված տարածքների մասին, ապա հակառակորդը հեգնանքով է նայում մեզ». իսկ մի՞թե մենք քաջություն չունենք այդ անմիտ հեգնանքին արհամարհանքով պատասխանելու և վճռականորեն պահանջելու մեր Նախիջևանը, Դաշտային Արցախի, Գարդմանքի դեռևս 25 տարի առաջ հայաբնակ հարյուրավոր գյուղերը: Տարակուսելի չէ՞, արդյոք, որ Ալիևը առավել քան մաքսիմալիստական պահանջներ է ներկայացնում, նույնիսկ լկտիաբար առաջարկելով Նախիջևանի օրինակով Արցախն էլ թողնել Ադրբեջանի կազմում` իբր ինքնավար սկզբունքով: Իսկ մենք չենք համարձակվում աշխարհին հասկացնել, որ Նախիջևանը միջազգայնորեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս չի կազմում, քանզի Մոսկվայի, Կարսի պայմանագրերով այն ընդամենը խնամակալության էր տրված և 1923 թ. ապօրինաբար, խախտելով պայմանագիրը, մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ: Ի դեպ, նույնիսկ Քեմալը բողոքեց այդ խախտման դեմ: Իսկ ինչո՞ւ մենք Նախիջևանի հարցը չենք դարձնում բանակցության տարրերից մեկը:


Պարոնայք իշխանավորներ, պատասխանատու այրեր, մտահոգ միջնորդներ, ինչպե՞ս է վերջնականորեն երաշխավորվելու Արցախի, նաև Հայաստանի անվտանգությունը, եթե անվտանգ գոտի հանդիսացող շրջանները, ըստ կազանյան դավադիր սկզբունքների, հանձնվելու են այնքա՜ն հայատյաց, մարդատյաց ոխերիմ թշնամուն, թե՞ դարձյալ, ինչպես անցյալում, անապահով, խոցելի ժառանգություն ենք թողնելու սերունդներին: Վերջապես, ինչո՞ւ մեծ տերությունների ղեկավարներին, Մինսկի խմբի համանախագահներին չենք ներկայացնում, չենք հասկացնում, որ Լեռնային Ղարաբաղի, շրջակա տարածքներով հանդերձ, նաև Նախիջևանի ներկա կարգավիճակը հայ ժողովրդի աներևակայելի ցեղասպանության, դաժան հայրենազրկման հետևանք է, որի համար, ուղղակի կամ անուղղակի, պատասխանատու են նաև մեծ տերությունների ժամանակի իշխանությունները: Եվ մի՞թե այսքան անարդարությունից հետո թույլատրելի է Արցախի հարցը մեծ տերությունների քաղաքական, տնտեսական շահերի առարկա դարձնելը:


Երբ հայտարարվում է` «վերջին հարյուր տարում Աղդամում (ուրեմն նաև մեզ համար ճակատագրական նշանակություն ունեցող Քարվաճառում, Բերձորում, նաև մյուս շրջաններում) ե՞րբ է հայ ապրել», ապա ինչո՞ւ դիվանագիտորեն և պահանջատիրությամբ չի հարցադրվում Ադրբեջանի զավթած և միայն վերջին 25 տարում հայությունից դատարկված Շահումյանի, Գետաշենի տարածաշրջանների, Դաշտային Արցախի տասնյակ գյուղերի, այդ թվում` լեգենդար Չարդախլուի, Գարդմանքի պատկանելության մասին, որոնք շուրջ հինգ հազար տարի եղել են հայաշունչ, և ինչո՞ւ վճռականորեն չեն ներկայացվում այդ բնակավայրերից տեղահանված հարյուր հազարավոր հայության շահերը, թե՞ մենք միշտ զիջողական, պարտվողական հոգեբանությամբ, քաղաքականությամբ պետք է ապագա կերտենք: Վերջապես, վերջին հարյուր տարում Արարատի փեշերին, Կարսում, Անիում, ողջ Արևմտյան Հայաստանում հայ չի ապրել, հապա ինչո՞ւ ենք ցեղասպանության հարց բարձրացնում` ենթատեքստում ունենալով կորուսյալ հայրենիքի պահանջատիրության խնդիրը: Ահա այսպես, շտապողական, ոչ դիվանագիտական հայտարարություններ են արվում, թերևս սեփական ժողովրդին համոզելու, նախապատրաստելու մադրիդյան, կազանյան դավադիր սկզբունքների ընդունմանը` Արցախն էլ, Հայաստանն էլ դնելով հավերժական պանթուրքիստական, հայատյաց, մարդատյաց շրջապատման մեջ:
Մեծ տերությունների առաջնորդները, Մինսկի խմբի համանախագահները նախ թող Ալիևին հանեն մոլագար մարդատյացության, հայատացության հոգեգար վիճակից, ադրբեջանական սադիստական, խավարամոլ հասարակությունը կրթեն, դաստիարակեն, ապա միայն խոսեն ինչ-որ տարածքներ հանձնել-չհանձնելու մասին: Իսկ ռուսական պետականությունը լիովին պատասխանատու է Արցախի, Նախիջևանի, հայ ժողովրդի գլխին եկած անհամար չարիքների համար:

Պարոն Պուտինը վերջերս խոստովանեց. «Արցախի հարցը անցյալից է ժառանգություն մնացել»։ Այո, պարոն Պուտին, նաև Նախիջևանի` ռուսական պետականության կողմից հայ ժողովրդին անազնվորեն պարտադրած այնքա՜ն անպատվաբեր, թրքամոլ հարցը: Այսինքն` հանցագործ անցյալից, ուրեմն, պարոնայք, ուղղեք այդ մեծագույն հանցագործության հետևանքները, որը այդքան վիշտ ու տառապանք է պատճառել ցեղասպանության ենթարկված, դաժանորեն հայրենազրկված հայությանը:
Մեծ տերությունների առաջնորդներ, Մինսկի խմբի համանախագահներ, բարոյականության տարրական նորմերը թերևս պահանջում են Ալիևին հարցնել` մի՞թե հոգեգարություն չեն մարդասպանին հերոսացնելը, հակառակորդի զինվորի կտրած գլուխը ձեռքին լուսանկարվելը, չէ՞ որ դրանով ձեր հասարակությանը դաստիարակում եք սադիզմով, ուրեմն ձեր դիվային հոգեբանությամբ ինչպե՞ս կարող եք մասնակցել բանակցություններին: Հայաստանի Հանրապետության պարոն նախագահ, մի՞թե անպատվություն չէ այդպիսի մարդատյացի հետ բանակցելը, արյունոտ ձեռքը սեղմելը։


Թերևս առիթ է անդրադառնալու անարժանապատիվ նաև այլ դրվագների: Ցավոք, Հայաստանի, նաև Արցախի պաշտոնյաների ելույթներում երբեմն հնչում են հայ մարդու արժանապատվությունը ոտնահարող արտահայտություններ. այնքա՜ն վիրավորական, որ շտապում ես ականջներդ փակել, չլսելու այդ անպատիվ արտահայտությունը: Ելույթներից մեկում հնչում է. «Նրանք (Բաքվի թուրքերը) ուզում են մեզ գլխատել, ուզում են մեր աղջիկներին, կանանց բռնաբարել»։ Այդ պահին սարսափով մտածեցի` տնաշենը արտասահմանում էլ հանկարծ այդպես չարտահայտվի։ Մեկ ուրիշը` Հայաստանից, ավելի «մեղմ» տարբերակով. «Մենք վախենում ենք պատվազուրկ լինելուց, մենք վախենում ենք անազատ լինելուց»: Լսելիս մի պահ մտածեցի` երևի տղերքը մեկ-երկու բաժակ գցել են... Մի՞թե հայրենիքի, ժողովրդի անունից կարելի է հանդես գալ այդպիսի անպատիվ, խղճուկ բառապաշարով: Մեկ ուրիշ արցախցի, անդրադառնալով ապրիլյան դեպքերին, հնչեցնում է. «Մենք կոմայի մեջ էինք»։ Հարգելիս, թող Ալիևը ընդմիշտ մնա կոմայի մեջ. մեր քաջարի սպաներն ու զինվորները, չնայած որոշ պաշտոնյաների անպատասխանատվությանն ու անփութությանը, իրենց դրսևորեցին ավելի քան հերոսաբար` պաշտպանելով հայրենի Արցախը. փառք ու պատիվ հայ քաջորդիներին:


«Եթե ճիշտ չես խոսում, դա ոչ միայն ինքնին զզվելի է, այլև չարիք է պատճառում»,- Պլատոն: «Լռիր, ով մարդ, կամ այնպիսի բան ասա, որ լռությունից լավ լինի. խոսիր խելոք կամ լռիր իմաստնաբար, ով մարդ»,- Պյութագորաս:
Ի միջի այլոց, արժանապատվության չափանիշներին հարկ է անդրադառնալ նաև մեկ այլ առումով. մեր հայրենասիրական երգերից մեկում շատ անարժանապատիվ տող է հնչում` «թուրք ասկյարները եկան, հայոց կույս աղջիկներին տարան»: Մեկ այլ երգում հնչում է` «պատմեմ ձեզ Թալեաթի մահը, ընկեր ջան, գինի լից, խմողաց անուշ. դաշնակցություն ժողով արեց, Թեհլերյանի բախտը բացվեց... »: Մի՞թե կարելի է գինեխմության գեղեցիկ արարողությունը զուգակցել ինչ-որ մեկի, առավել ևս դահճի մահվան պատմության հետ. ախր, այդ արարողության մասնակիցները մեղք են, ափսոս են, ախր, այդ անարատ հայոց գինին ափսոս է, մեղք է: Վերջապես ի՞նչ է նշանակում` Թեհլերյանի բախտը բերեց. հայ քաջորդին բախտ որոնող չէր, նա հայրենասեր վրիժառու էր:


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Հ. Գ. Համերաշխելով «տիկնանց փափկասուն հայոց աշխարհի»` Լարիսա Ալավերդյանի, Կարինե Դանիելյանի, Հրանուշ Խառատյանի` Հայաստանի, Արցախի վերջնական` ապագա անվտանգության մտահոգ կոչին, այն է` «կազանյան» դավադիր սկզբունքների մերժմանը, միաժամանակ հարկ է արձանագրել և դատապարտել անցած 25 տարիների ներքին` բոլորովին էլ ոչ արդյունավետ, սպառողական, սպասարկման, առևտրային տնտեսական քաղաքականությունը` դրանից բխող աղետալի ժողովրդագրական հետևանքներով, արտաքին` դիվանագիտական անվճռական, հաշտվողական, անհեռատես քաղաքականությունն ու գործելակերպը, որոնք մեր երկիրը կանգնեցրել են լրջագույն խնդիրների առջև:


Թերևս հարկ է ճիշտ գնահատել հոդվածի ենթատեքստն ու նպատակը` ի միտ ունենալով մեծն Նժդեհի հետևյալ ճշմարիտ ու ազնիվ մոտեցումը. «Քննադատել` հոգեպես տառապել է նշանակում...»։

Դիտվել է՝ 4925

Մեկնաբանություններ