ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Մարդակենտրոն-շինիչ քարի դար՝ Գավառ քաղաքում

Մարդակենտրոն-շինիչ քարի դար՝  Գավառ քաղաքում
15.07.2016 | 12:20

ԱԼՊԻԱԿԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻՆ ԹԻԿՆ ՏՎԱԾ


Գավառ, Քյավառ, Նոր Բայազետ, Կամո, Գավառ։ Այսօր գավառական մի անշուք ու փոշեկոլոլ բնակավայր է երբեմնի շեն քաղաքը։ Ի գիտություն «Իրատեսի» երիտասարդ ընթերցողների՝ Գավառ-Քյավառը հայկական երգիծանքի հանգրվաններից էր, որտեղ գլխավոր դերակատար էին լիտրանոց արաղն ու հավերժ խմուկ, երբեք չհարբուկ և հանգիստ խղճով քնուկ գավառցիները, երկրով մեկ հռչակված էին Քյավառի արքունական քյուֆթան և փախլավան։ 19-րդ դարում հենց Նոր Բայազետն էր փառահեղ իշխան ձկան որսի մենաշնորհատերը և արտահանողը։ Ընդամենը մի քանի հազար բնակչության տեր այս զորընդեղ կենտրոնից առևտրային ճանապարհներ էին ձգվում դեպի հարավ (Երևան ու Թավրիզ) և դեպի հյուսիս (գավառցի ուշիմ վաճառականները հասնում էին փոխարքայի նստավայր Թիֆլիս, սակայն նրանց հեռահար նպատակակետը, անշուշտ, Մոսկովն էր)։


Մի խոսքով, Գավառը ալպիական արոտավայրերին թիկն տված զարգացնում էր սեփական արդյունաբերությունը։ Միութենական նշանակության ձեռնարկություններ էին սարքաշինականը, կաբելի և կոնդենսատորների գործարանները, կահույքի և գորգերի ֆաբրիկաները և այլն։ Նորանկախացմամբ քաղաքի առևտրային ճանապարհները բազմապատիկ երկարել են, Գավառի բնակիչները հեռացել-հասել են Պիտեր ու Լոս, Շանհայ ու Սիդնեյ։ Գավառի նախկին գործարաններից ու ֆաբրիկաներից անգամ փլատակներ չեն մնացել, նրանց տեղում կառուցվել են առանձնատներ և պանդոկներ։ Այս ամենը տեսնելով մի ցնցող միտք անցավ գլխովս. գուցե ցայտաղբյուր-հուշակոթողնե՞ր տեղադրվեն քաղաքի կենտրոնում։ Մեկն ի հիշատակ անհայտ կորած իշխան ձկան, մյուսը, անշուշտ, հողմահարված արդյունաբերության։ Սակայն ուղեկիցս՝ «հրաշք նժույգի» հեղինակ Ստյոպա Խոյեցյանը, ով «Իրատեսում» մի ցնցող նյութով է հանդես եկել («Գիտատեխնիկական մի նորույթի ներդրման ոդիսականը», «Իրատես», թիվ 40, 14.06.2016 թ.), ինձ ուշքի բերեց և ուղեկցեց Գավառի հյուսիսարևելյան բարձրադիր հատվածը, ուր կանաչ օազիս է, հսկա եղևնիներն են դեռ հեռվից աչքդ շոյում։ Սրբատաշ տուֆով կառուցված պարսպից այն կողմ խորհրդային տարիների վարչաարտադրական շենքերն են, դարձյալ տուֆակերտ և շենշող։ Մեզ դիմավորեց այս ձեռնարկության տնօրեն, վաստակաշատ գյուտարար և արտադրության ասպետ ՎԱՍԻԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ։

ԺԱՆՏԱԽՏԸ՝ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԻԱՅԻ ՀԱՆԱՊԱԶՕՐ ՀԱՑ
(նախաքննություն)


Մի պահ ունկնդրենք արդի պոետ, մտքի և հույզի ասպետ Արտաշեսին՝ Արամ, ով մեր ժամանակն ահա այսպես է պատկերագրել.
Եթե այսպես մնա,
Չինգիզ խանը կգա,
Կգա իր շեղաչվի
«կտրիճներին» առած։
Եվ քո հովիտներում,
Երկիր Նաիրական
Պիտի խրախճանեն
սատրապ ու խաշնարած։

Տիար Վասիլի հետ (84 տարեկան է, բայց զուլալամիտ է և առնական) շրջում ենք և ուշի ուշով որսում նրա խոսքերը։ (Անշուշտ, նրան երբեմն կմիջամտենք մեր երգիծահողմիկներով)։ Ահավասիկ ընկեր Վասիլի մենախոսությունը. «Ծնվել եմ Նոր Բայազետի Նորադուզ գյուղում՝ 1932-ին։ 1957-ին ավարտել եմ գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետը, գյուղատնտեսության մեխանիկ-ինժեների որակավորմամբ։ Ինձ ուղարկեցին իմ հայրենի Նորադուզը, ուր աշխատեցի որպես ինժեներ-մեխանիկ, հետո գյուղտեխնիկայի շրջանային բաժանմունքում էի աշխատում, որպես գլխավոր ինժեներ։ Հետո էլ նշանակեցին կառավարիչ ու մինչև այսօր աշխատում եմ այս ձեռնարկությունում, արդեն 57 տարի։ Ժամանակի պահանջներին ընդառաջելով, այն ընդլայնվեց, և անվանումն էլ համապատասխանեց կոչմանը՝ «Շրջանային մեքենայացման և էլեկտրիֆիկացման ձեռնարկություն»։ Ձեռնարկությունը սեփականաշնորհվեց և այսօր գոյությունն է պահպանում որպես «Բարեկամություն» ԲԲԸ։ Ես էլ նրա գործադիր տնօրենն ու սեփականատերն եմ։
Ժամանակին այստեղ ժանտախտով վարակված անասունների գերեզմանոցն էր, ուրիշ ոչինչ, և ձեր խոնարհ ծառան, կար մի փոքրիկ ավտոշրջիկ արհեստանոց։ Մի ծածկած թափք էր, կառավարիչն էր նստում այնտեղ և գլխավոր ինժեները։ Այդ թափքից էլ սկսեցինք մեր գործունեությունը»։

(Դե ձեր գրչածառան ոնց դիմանա և չհայտարարի, որ այսօր ժանտախտահարված են երկրի որոշ կառավարիչների մտքերը, զի կառավարությունը նախ պատերազմ է հայտարարում վարչական շռայլումներին և անցնում է խստակյաց կյանքի, բայց ոմն մեկի ծառայողական շարժակազմի համար ձեռք են բերում չորս անիվ, յուրաքանչյուրը հազար դոլարով։ Սա է ՀՀ կառավարության ծոմապահությունը)։

«Մենք կազմակերպեցինք զոդման էլեկտրոդների արտադրությունը։ Տարեկան արտադրում էինք մոտ 12 հազար տոննա և սպասարկում էինք Հայաստանին և ողջ խորհրդային երկրին։ Սկսեցինք մետաղ ձուլել և ավտոմեքենաների ու գյուղգործիքների անհրաժեշտ մասերը արդեն ինքներս էինք արտադրում։ Հետո սկսեցինք հիմնական և ընթացիկ նորոգման ենթարկել հանրապետության և մեր շրջանի բեռնատար մեքենաները։ Հատկապես մասնագիտացել էինք ՈՒԱԶ մակնիշի մեքենաների հիմնանորոգման գործում, դա աննկատ չմնաց, և այդ մեքենաներն արտադրող ՈՒլյանովսկ քաղաքի հենակետը դարձանք, Անդրկովկաս մտած ՈՒԱԶ-ները մեր «գրաքննությունից» հետո էին գործարկվում»։


Երկրաշարժի ժամանակ Կարեն Դեմիրճյանը հորդորում է՝ դիմեք Քյավառի Հակոբյանին, այսինքն՝ ինձ։ Դիմեցին։ Մեկնեցինք աղետի գոտի, մինիստրների խորհրդի հանձնարարությամբ։ Վերամբարձ կռունկներով և բեռնատարներով զինված հասնում էինք Ամասիա, փլուզված գոմերից փրկում էինք կենդանի մնացած անասուններին և տեղափոխում Գավառ։ Շուրջ 400 գլուխ կով ներկրեցինք, ստեղծեցինք անասնապահական տնտեսություն, երշիկեղենի արտադրամաս։ Հետո նաև մակարոնեղեն սկսեցինք արտադրել։ Մի խոսքով՝ մեր բազմաբնույթ ձեռնարկությունը քարից հաց էր քամում, և մենք էլ հավատով ու հույսով էինք նայում մեր վաղվա օրվան։ Այսօր բոլոր արտադրամասերը կազմ-պատրաստ են աշխատանքային սխրանքի, սակայն անգործության են մատնված։ 1976-ից մինչև 1993 թ. այստեղ աշխատել են 1370 բանվոր-ծառայողներ։ Գրեթե բոլորը արտագաղթել են։


1976-ին ստեղծեցինք մեքենամելիորատիվ ջոկատ։ Տարեկան մոտ 200 հա քարքարոտ հող էինք իրացնում։ Ցավով եմ նայում մեր էրոզիայի ենթարկվող հողերին։ Այսօր ո՛չ աշխատող կա, ո՛չ էլ տեխնիկա։ Բայց ժամանակին ջոկատի մարդիկ բարձր էին վարձատրվում, և եթե ինչ-որ մեկը շրջանում երկհարկանի առանձնատուն էր կառուցում, պարզ էր, որ նա մեր աշխատակիցն էր։
52 տարի շարունակ մեր ձեռնարկությունում ոչ ոք չէր ծխում։ Ես ծխելու ոխերիմ թշնամին եմ, ոչ միայն մեր արտադրամասերում և վարչական շենքում չէին ծխում, այլև աշխատանքից հետո։ Սա չգրված օրենք էր։ Մի անգամ դատախազություն կանչեցին, թե՝ ի՞նչ իրավունքով ես մարդկանց արգելում ծխել, նրանք ազատ են իրենց ընտրության մեջ։ Բացատրեցի, որ եթե մեկն օրը մեկ տուփ ծխախոտ է ծխում, նախ ինձնից (նաև ինքն իրենից) գողանում է 1,5 ժամ, վնասում է սեփական առողջությունը և խփում է իր գրպանին։ Մի կիսախելառ պահակ ունեինք, անունը՝ Հակոբ։ Մի օր տեսա, որ գլուխը դուրս է բերել դարպասից և ծուխը դուրս է փչում։ Իմ բացատրական աշխատանքից հետո նա էլ թարգեց ծխելը։ Աշխատանքի ժամերին կտրականապես արգելված էր ոգելիցի օգտագործումը։ Ինքս տոհմիկ քյավառցի եմ, բայց մի բաժակից ավելի երբեք չեմ խմել»։

ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐՍՊԻ ՏԱԿ
(հետաքննություն)
«Բազմիցս դիմել եմ կառավարությանն ու գյուղնախարարությանը, ծրագրեր եմ ներկայացրել, սակայն ոչ մի քայլ նրանց կողմից չի արվել։ Մի բան են շարունակ ասում՝ դու սեփականատեր ես, ինքդ պետք է գլխիդ ճարը տեսնես։ Տեսնում եք, ինձ հետ այս հսկա տնտեսությունում աշխատում է 8 մարդ։ Իսկ ես ունեմ 7 զավակ ու 30 թոռ։ Անկեղծ ասած, մեկ-մեկ թոռներիս էլ չեմ ճանաչում։ Նրանց ապագան միայն Հայաստանում եմ տեսնում, բայց վաղը այդ մի քանի աշխատողներն էլ կհեռանան։ Էս ինչ է, մենա՞կ պիտի մնամ։ Ի՞նչ ասեմ զավակներիս ու թոռներիս։ Ստյոպա Խոյեցյանի գյուտը մեծ զարկ կտա գյուղատնտեսությանը, բայց այսօր այն կառավարությանը պետք չէ, սակայն պետք է երկրին ու նրա ժողովրդին։ Այն ամենը, ինչը մենք կարող ենք արտադրել, ներկրվում է, հիմնականում Չինաստանից։ Ներկրված սարքերն ու գործիքները բավական անորակ են, մեր քարքարոտ հողերի համար չեն, շատ արագ շարքից դուրս են գալիս։ Իսկ մեր արտադրանքը տասնյակ տարիների կյանք ունի։ Ինչու վարկ չեմ վերցնում։ Նայում եմ մեր պետությանն ու միտքս փոխում եմ, մեր բյուջեն 2,5 մլրդ է, պետական պարտքը 2,5 անգամ ավելի է, դա հենց վարկեր վերցնելու հետևանք է։ Հիմա եթե ես վարկ վերցնեմ, գուցե ողջ եղած-չեղածը վաճառեմ և վարկը մի կերպ փակեմ։ Հետո արտագաղթե՞մ։ Բացառված է»։

(Համբերությունս կրկին սպառվեց։ Եվ մտքովս ահա թե ինչ անցավ։ Գուցե, ենթադրում եմ, կառավարության անդամներին, սկսած վարչապետից և վերջացրած գյուղնախարար Սերգո Կարապետյանով, մի երկու, երեք տարով բնակեցնենք ՀՀ գավառական քաղաքներո՞ւմ։ Արդյունքը, ըստ իս, շատ նպաստավոր կլինի երկրի համար։ Գիտե՞ք ինչու։ Զանգվածային վարկակորզմամբ պետբյուջեն ամորձատած այս մարդիկ մեկ շաբաթ էլ չեն դիմանա և կարտագաղթեն։ Սա ցնծությամբ կհամակի արտագաղթյալ հայության հոգին և նրանք հապշտապ կվերադառնան։ Բնականաբար, դա կնպաստի մեր զարթոնքին)։
Այժմ վերադառնանք մեր դառն ու աղի իրականություն և լսենք արգո Վասիլի անավարտ մենախոսության ավարտուն վերջաբանը։


«Գյուղտեխնիկայի 35 շրջանային միավորում կար Հայաստանում։ Այսօր միայն «Բարեկամություն» ԲԲԸ-ն է մնացել։ Ի դեպ, Վրաստանի գյուղտեխնիկայի բոլոր միավորումները պահպանվել են։ Տեսեք, այս «կատոկ-գրեյդերը», հայերեն ասած՝ գլանիվ-ուղեհարթիչը, իմ գյուտն է։ Ցանքսից հետո, երբ այս մեքենան է հողը տափանում, սերմն անվտանգ պահպանվում է հողում, արդյունքում ցորենի և գարու բերքատվությունը 1 հա-ից հասնում է 40 ցենտների, իսկ այլ, նմանատիպ, բայց ներկրված ագրեգատ գործածելով իմ հարևան հողամասի բերքատվությունը եղել է ընդամենը 6-7 ցենտներ։ Ամերիկյան մի կազմակերպություն տարիներ առաջ այս ագրեգատից մի 25 հատ գնեց և նվիրեց Հայաստանի տարբեր մարզերի։ Եվ վերջ։ Ագրեգատն այսօր դարձել է թանգարանային նմուշ»։

ԴԱՏԱՎՃԻՌ
Մեր կառավարությանը, առհասարակ, իշխանություններին, ըստ իս, մի բան է պակասում՝ մանկական անկեղծությունը։ Արդ, առաջարկում եմ նրանց՝ անարատ սրտով (մտքով արի) մեկ առ մեկ հաշվել, թե քանի գործարան, ֆաբրիկա, գյուղտեխնիկայի միավորում և այլ ձեռնարկություն են փակվել ՀՀ մարզերում։ Նույն հաշվետու ժամանակաշրջանում քանի՜-քանի պանդոկ, հյուրատուն, շոգեբաղնիք և խաղատներ են բացվել։ Բարի հաշվառում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ