ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հանուն «համաշխարհային ռևոլյուցիայի շահերի»

Հանուն «համաշխարհային ռևոլյուցիայի շահերի»
08.07.2016 | 09:02

(սկիզբը՝ այստեղ)

Ավելի լավ չէ՞ր լինի, որ ինքը՝ Скачко-ն, Ստալինը, պավլովիչները, ռադեկները, զինովևները, միլլերները և նրանց հայ աշակերտները նույնպես ղեկավարվեին Լենինի պատվիրաններով ու սկզբունքներով, թե ռևոլյուցիոն ֆրազը չէ կարևոր, այլ կատարած կոնկրետ գործը, թե ֆրազների հետևում պիտի տեսնել, թե ինչ կոնկրետ գործ է կատարվում և ըստ այնմ դատել մարդկանց, քաղաքական պարտիաների և կառավարությունների մասին, թե պատերազմը նախորդ տարիներին վարած քաղաքականության շարունակությունն է՝ ռազմական միջոցներով և այլն:


Քեմալ փաշայի, Ջեմալ փաշայի, Խալիլ փաշայի, Ֆուադ փաշայի խոստումների և «ռևոլյուցիոն» ֆրազների հետևում հարկավոր է տեսնել նրանց գործարքն անգլո-ֆրանս-իտալո-ամերիկյան իմպերիալիստների հետ, թուրքական հորդաների զավթողական արյունոտ պլաններն ու գործողությունները կողոպտված ու հոշոտված Հայաստանում ու Անդրկովկասում, հարկավոր էր հաշվի առնել, որ թուրք փաշաները Հայաստանի վրա արշավելով, շարունակում էին զենքի ուժով իրականացնել իրենց նախկին հայաջինջ քաղաքականությունը, որ թուրքական փաշաները հենց միայն իրենց դասակարգային էությամբ չէին կարող և չէին ուզենա ռևոլյուցիա կատարել, որովհետև անհեթեթություն է հավատալ, որ թուրքական ֆեոդալները, կապիտալիստները, փաշաները պատրաստ են ինքնասպանություն կատարելու՝ տապալելով իրենց դասակարգային տիրապետությունը, որ ընդհակառակը, նրանք ամեն ջանք կթափեն կոմունիստներին Տրապիզոնի մոտ ծովախեղդ անելու... Ինչպես և վարվեցին Մուստաֆա Սուբխիի և իր 15 զինակիցների հետ, հենց որ Քեմալ փաշայի «ռևոլյուցիոն» ասկյարները, գրավելով Կարսը, շարժվում էին դեպի Ալեքսանդրապոլ, այսինքն, երբ պարզվեց, որ Հայաստանը պարտվում է, և ապահովված է թուրք ֆեոդալների ու կապիտալիստների արյունոտ լծի վերահաստատումը ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլև Արևելյան Հայաստանի մի զգալի մասի վրա ևս: Հարկավոր է տեսնել այս արյունոտ գործերը և դրանով միայն գնահատել փաշաների Թուրքիային և ոչ թե հավատալով ռևոլյուցիոն ֆրազների փոթորկին՝ շտապել հռչակել Քեմալ փաշային «ռևոլյուցիայի դրոշակակիր Արևելքում»:
Միաժամանակ հարկավոր էր Լենինի սկզբունքներով ղեկավարվել Հայաստանի նկատմամբ սովետական կառավարության քաղաքականությունը մշակելիս: Ի՞նչ քաղաքականություն կարող էին և վարել են իրականում Թուրքիայի և ցարիզմի լծի տակ ճնշված և հարստահարված իրավազուրկ Հայաստանը և հայ ժողովուրդը:


Միայն և միայն մի քաղաքականություն՝ թոթափել ստրկության շղթաները և հասնել ազգային քաղաքական ինքնորոշման: Իսկ մարքսիզմ-լենինիզմը պահանջում է պաշտպանել այդպիսի ժողովուրդների պայքարն իրենց անկախության համար, որ նրանց կողմից մղվող պատերազմներն իրենց ստրկացրած բռնակալությունների դեմ սրբազան, արդարացի պատերազմներ են, ռևոլյուցիոն պայքար է:


Ինչո՞ւ, ուրեմն, Հայաստանի արդարացի պատերազմը թուրքական ջարդարարների և գաղութարարների լծից ազատվելու համար չպաշտպանվեց: Ընդհակառակը, դատապարտվեց սովետական Ռուսաստանի կողմից, ավելին, պահանջվեց, որ նույնիսկ արդեն սոցիալիստական դարձած Հայաստանը մեծագույն զիջումներ և ազգային զոհողություններ անի ոչ միայն հարևան սովետական Ադրբեջանին ու Վրաստանին, այլև կապիտալիստական-բուրժուական-իմերիալիստական Թուրքիային: Ո՞Ւր են այստեղ տրամաբանությունը և ռևոլյուցիոն սկզբունքայնությունը, ո՞ւր մնացին Լենինի հռչակած սկզբունքները... Ով ցանկանում է հասկանալ, թե ինչու նույնիսկ մեր օրերում Միլլեր և Ко-ն շարունակում են հանդես գալ պատմագիտության մեջ որպես Թուրքիայի ապոլոգետներ, թե ինչու առանց հայ ժողովրդի կամքը հարցնելու նրա անունից պաշտոնական հայտարարություններ են արվում Մոսկվայում՝ Թուրքիայից հողային պահանջներ չունենալու մասին և նման այլ, հայ ժողովրդի ազգային շահերին հակառակ երևույթները, նա պետք է ուշադիր ուսումնասիրի Скачко-ի այս հոդվածը և նրա մեջ շարադրված մտքերի, դրանց լույսի տակ նաև 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքված սովետա-թուրքական պայմանագիրը «եղբայրության և բարեկամության» մասին: Այն ժամանակ միայն հայ մարդը ի վիճակի կլինի ըստ արժանվույն գնահատելու և արժևորելու մի շարք հայ հրապարակախոսների, բանասերների ու պատմաբանների (Կարինյան, Աբով, Արզումանյան, Ղարիբջանյան, Էլչիբեկյան, Հովիկ Կարապետյան, Սարիբեկ Կարապետյան, Արտ. Ոսկերչյան, Ար. Կարապետյան, Բ. Օհանջանյան և այլք) ազգային նիհիլիզմի և գռեհիկ սոցիոլոգիզմի ոգով գրված գրական բալաստը:


Скачко-ն իր հոդվածը վերջացնում է հետևյալ տիրադայով, թե «Անգորայի կառավարությունը գերազանց գիտի, որ հայ-թուրքական թշնամանքը զուտ արհեստական երևույթ է, որն առաջացել է մեծ տերությունների քաղաքականության պատճառով:
Ցարական Ռուսաստանի անհետացումով և Անտանտի ազդեցությունից Հայաստանի դուրս գալով, հայ-թուրքական թշնամանքի պատճառները վերանում են և ոչ մի հիմք չկա սպասելու նրա շարունակվելուն»:


Մասնավորապես հայ ընթերցողը չի կարող չնկատել, որ այստեղ հոդվածագիրը միակողմանի և սուբյեկտիվ մեկնաբանություն է տալիս հայ-թուրքական թշնամանքի ակունքներին: Ավելին, ըստ էության, հեղինակն այդ երևույթի մասին շարադրել է, ավելի ճիշտ՝ արտահայտել է զուտ թուրքական կոնցեպցիան: Այդ Ջեմալ փաշան է իր հուշերում զարգացնում այն միտքը, թե հայ-ազատագրական շարժումները, որոնք վատացրին հայ-թուրքական հարաբերությունները, իբր թե չէին բխում Թուրքիայի տիրապետության տակ հայերի վիճակից, քանի որ հայերը, դե, միշտ էլ գոհ են եղել Թուրքիայում իրենց վիճակից, այլ հետևանք էին ռուսական ցարիզմի «պրովոկացիաների»: Այդպես են դատել նաև մի շարք հայ հրապարակախոսներ ու բանասերներ, պատմաբաններ, որոնք մեխանիկորեն կրկնել են միայն թուրքական վերսիան, առանց խորամուխ լինելու այդ վերսիայի սոցիալ-քաղաքական միտումների մեջ:
Այդպես դատել նշանակում է կամ մակերեսային մոտեցում ցուցաբերել հայ ազգային-ազատագրական շարժումների առաջացման սոցիալ-ազատագրական և պատմական պատճառները բացահայտելու խնդրին, կամ բացարձակապես անընդունակ լինել հասկանալու թուրքական բռնակալության արյունոտ քաղաքականությունը քրիստոնյա հպատակների նկատմամբ, կամ էլ՝ միտումնավոր կերպով ֆալսիֆիկացիայի ենթարկել պատմական իրականությունը:


Վերջինը վերաբերում է առաջին հերթին թուրքական պաշտոնական պատմագրությանը և Թուրքիայի ապոլոգետներ պավլովիչներին, միլլերներին և ընկ.-ին, որոնք քաղաքական պատվերներից և հաշիվներից ելնելով գիտակցաբար կեղծում են պատմությունը: Նրանց կոնցեպցիային հետևող հայերը միայն կուրորեն կրկնում են նրանց:
Իրականում պատմական ճշմարտությունն այն է, որ հայ ազգային ազատագրական շարժումները նախ և առաջ հետևանք էին այն տնտեսական, քաղաքական հարստահարությունների և բռնությունների ու կամայականությունների, որոնց ենթարկված էր հայ ժողովուրդը թուրքական բարբարոսական կարգերում: Հայ ժողովրդի ազգային զարթոնքը, որը կապված էր Եվրոպայի առաջավոր երկրների բուրժուա-դեմոկրատական ռևոլյուցիայի գաղափարախոսության և Ռուսաստանում ու Թուրքիայում աստիճանաբար ձևավորվող կապիտալիստական նոր արտադրահարաբերությունների հետ, բնականաբար, մնում և հասունացնում էր ազատագրական գաղափարախոսություն և շարժում: Մեծ տերությունները ձգտում էին օգտագործել ճնշված ժողովուրդների հակաթուրքական շարժումները և ոչ թե առաջ էին բերում ազատագրական շարժումներ: հՍՈփՍՏ-ի մեկնաբանության համաձայն՝ մեծ տերությունների քաղաքականությունն է ծնել Աբովյանին, Նալբանդյանին, Պատկանյանին, Րաֆֆուն, Արծրունուն, որ այս մեծ մտածող հայրենասեր և ազատատենչ գործիչների քարոզած գաղափարները չեն, որ առաջ են բերել ազգային-ազատագրական շարժումներ, այլ մեծ տերությունների քաղաքականությունը: Հենց այդ էլ գրում է տխրահռչակ Միլլերը: Այստեղ անհեթեթությունը գերազանցում է ինքն իրեն: ՈՒստի և ավելորդ է երկար կանգ առնել այս խնդրի վրա:


Այստեղից, միաժամանակ, բխում է այն հոռետեսությունը, որ հարուցում է մեր մեջ Скачко-ի երկրորդ միտքը, թե Ցարական Ռուսաստանի անհետացումով և Անտանտի ազդեցությունից Հայաստանի դուրս գալով, իբր թե, վերանում են հայ-թուրքական թշնամանքի պատճառները: Լավ կլիներ, իհարկե, եթե այդպես լիներ: Բայց, դժբախտաբար, այդպես չէ իրականում, քանի որ այդ թշնամությունը ծնող հիմնական պատճառը չի վերացել: Երբ Հայաստանը կազատագրվի թուրքական գերությունից, միայն այդ օրը կարող են պայմաններ ստեղծվել, որպեսզի այլևս չշարունակվի հայ-թուրքական թշնամությունը, այլապես ինքնախաբեություն և կեղծիք կլինի այդ թշնամանքի վերացման մասին ամեն մի հուսադրական հայտարարություն:
Հենց այդպիսի սնամեջ հայտարարություններ են Скачко-ի հուսադրական խոսքերը, թե առաջիկա կոնֆերենցիան իբր թե վերջ կդնի «բոլոր թյուրիմացություններին, անվստահություններին և կկոփի նրան մասնակից բոլոր պետություններն անխզելի բարեկամության ամուր շղթայով», թե «այն ժամանակ Արևելքում ռևոլյուցիայի համար կբացվի աշխարհը կեղեքող իմպերիալիզմի նկատմամբ նոր փայլուն անընդհատ հաղթանակների դարաշրջանը», թե դրանով սկիզբ կդրվի «Կովկասի, Վրաստանի, Հայաստանի, Անատոլիական Թուրքիայի սովետական ֆեդերացիայի ստեղծմանը... Ֆեդերացիա, որը հանդիսանում է այն միջուկը, որի շուրջը մոտ ժամանակներում համախմբվելու են նաև Արևելքի ուրիշ պետություններ», թե «Թուրքիայի համար հարց է բարձրանում արդեն ոչ թե Հայաստանի դեմ պայքարելու մասին, այլ միավորման մասին իմպերիալիզմի դեմ ընդհանուր պայքարի համար» և այլն, որոնցով վերջացնում է նա իր հոդվածը:


Պատմությունը սառը ջուր լցրեց այս բոլոր սնամեջ հույսերի վրա: Թուրքիան մնաց նույն գիշատիչը, իսկ Հայաստանը՝ նրա արյունաթաթավ զոհը՝ հանուն ռևոլյուցիայի և թուրքական կոմունիզմի միրաժի:


Նիկոլայ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատմաբան
15-18.12.1961 թ.

Դիտվել է՝ 2461

Մեկնաբանություններ