ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հանուն «համաշխարհային ռևոլյուցիայի շահերի»

Հանուն «համաշխարհային ռևոլյուցիայի շահերի»
21.06.2016 | 10:29

(սկիզբը՝ այստեղ)

Եվ այդպես, ուրեմն «դաշնակցական» Հայաստանի հետ դատաստան տեսնելու համար ուժը գտնված էր՝ հանձին քեմալական Թուրքիայի, որը պատրաստ էր իսպառ բնաջնջելու հայությանը, որպեսզի այլևս խոսք չլիներ Սևրի դաշնագրով նախատեսված Անկախ Հայաստանի մասին: Եվ երբ Քեմալն ստացավ պահանջած դրամը, զենքն ու զորքը Սովետական Ռուսաստանից և Իտալիայից, 1920 թ. սեպտեմբերի 23-ին շարժեց իր հորդաները դեպի Կարս, Օլթի, Սարիղամիշ, Արդահան և Ալեքսանդրապոլ, պատրվակ բռնելով, թե ինչու են հայերը մտել Օլթի, որը, դե, հայերին չի հասնում... Բրեստի դաշնագրի համաձայն, որը, սակայն, վաղուց չեղյալ էր հայտարարված: Սակայն ինքը՝ Քեմալ փաշան, պարզ հայտարարել էր, որ Հայաստանի դեմ իր արշավանքի «նպատակն է վերջ տալ այսպես կոչված, Երևանի պետությանը, որն, ուռուցքի նման ընկած է Թուրքիայի մարմնի վրա» (տե՛ս նրա հուշերը «Путь новой Турции»):


Գտնվելով երկու ահռելի ուժերի աքցանի մեջ (Քեմալի հարձակվող բանակի և Նախիջևանում կարգված 11-րդ Կարմիր բանակի) անօգնական և ուժասպառ փոքրիկ Հայաստանը, բնականաբար, պիտի պարտվեր և ... պարտվեց: Այդ 1920 թվականի նոյեմբերի 20-ին էր: Տակավին հոկտեմբերի 11-ից Երևանում էր գտնվում Սովետական Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Լեգրանը, որը սպասում էր, թե դաշնակները երբ պիտի իրենց դիմադրությունն ավելորդ համարեն և հրաժարվելով իշխանությունից, այն հանձնեն իրեն, որպեսզի ինքն էլ իր ձեռքով այն հանձնի Ադրբեջանում կազմված և Երևան մեկնելու պատրաստ Հայաստանի հեղկոմին՝ Սարգիս Կասյանի գլխավորությամբ:


Որպեսզի թուրքերը Երևան չմտնեն և Քեմալին չհաջողվի իրականացնել իր դիվային պլանը՝ սրի քաշել նաև Արևելյան Հայաստանի մնացած տերիտորիայի հայությանը, ինչպես նրանք վարվել էին Արևմտյան Հայաստանի, Կարսի, Արդահանի, Սարիղամիշի հայ ազգաբնակչության նկատմամբ, դաշնակների վերջին կառավարությունը դեկտեմբերի 2-ին հատուկ ակտով Հայաստանի իշխանությունը հանձնում է Սովետական Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Լեգրանին և հեռանում ասպարեզից:


Դեկտեմբերի 2-ի կեսօրից արդեն Հայաստանի տերն էին համարվում բոլշևիկները: Թվում էր, թե կամ Լեգրանը Սովետական Ռուսաստանի անունից, կամ արդեն Ղազախից Դիլիջան հասած Հայաստանի հեղկոմը անմիջապես պիտի հայտարարեին թուրքերին, որ չեն ճանաչում Ալեքսանդրապոլում թուրքերի հետ հաշտության բանակցություններ վարող դաշնակցական կառավարության պատվիրակության լիազորությունները և պահանջում են թուրքերից բանակցություններ սկսել բոլշևիկների հետ: Սակայն այդպիսի հայտարարություն չի արվում ոչ Լեգրանի, ոչ էլ Կասյանի կողմից:


Տեսնելով իրենց անորոշ վիճակը, Ալեքսանդրապոլում բանակցություններ վարող պատվիրակության նախագահ Ալեքսանդր Խատիսյանը հեռախոսով կապվում է Երևանի հետ և հարցում անում.
-Թուրքերը պահանջում են անհապաղ պատասխան տալ. ստորագրո՞ւմ եք, թե՞ ոչ հաշտության պայմանագիրը: Եթե ոչ, ապա թուրքերը շարժվելու են դեպի Երևան: Ի՞նչ անենք:
Երևանում Դրոն հարցնում է Լեգրանին՝ ի՞նչ պատասխան տալ հարցումին: Լեգրանը խուսափողական պատասխան է տալիս: Ի վերջո Դրոն և բոլշևիկյան կոմիսար Սիլինը, որոնք ներկայացնում էին արդեն բոլշևիկյան նոր կառավարությունը, հրահանգ են տալիս Խատիսյանին պայմանագիրն ստորագրելու, նկատի ունենալով՝ խափանել այդպիսով Կարաբեքիր փաշայի զորքերի արշավանքը Երևանի վրա: Այսպես է աշխարհ գալիս Ալեքսանդրապոլի դժբախտ հաշտության ամոթալի պայմանագիրը, որը, սակայն, օրինական ուժ պիտի ստանար միայն երկու պետությունների պառլամենտների կողմից հաստատվելուց հետո մեկ-երկու ամսվա ընթացքում: Հայաստանի կողմից այն երբեք ուժ չի ունեցել և չէր կարող ունենալ: Այն մնաց որպես մեռած նորածին:


Ահա, որպեսզի վերջնական ձևակերպում ստանային հայ-թուրքական հարաբերությունները և խաղաղություն հաստատվեր երկու երկրների, ինչպես և Սովետական ռեսպուբլիկաների և հարևան՝ «բարեկամ», «եղբայր», «ռևոլյուցիոն» Թուրքիայի միջև, հարկավոր էր կնքել նոր պայմանագիր: Այդ նպատակով էր հրավիրված Մոսկվայի կոնֆերենցիան երեք սովետական և մեկ կապիտալիստական-բուրժուական պետության միջև: Ինչպես ասվեց վերևում, պայմանագրի տեքստը պատրաստվել էր տակավին 1920 թ. օգոստոսի 24-ին: Բայց չէր ստորագրվել նրա համար, որ լուծված չէր Հայաստանում երկու կողմերին էլ ձեռնտու կառավարության հարցը: Այժմ, երբ արդեն լուծվում էր այդ հարցը, բարեկամները կարող էին հավաքվել Մոսկվայում և ստորագրել ցանկալի դաշնագիրը, որով Հայաստանը և հայ ժողովուրդը պիտի զոհաբերվեին «համաշխարհային ռևոլյուցիայի շահերին»:
Եվ 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրվեց այդ, հայ ժողովրդի պատմության մեջ ամենամռայլ ու ստորացուցիչ հանդիսացող դաժան, անմարդկային միջազգային վավերագիրը:
Ահա, միջազգային բանդիտիզմի զոհ փոքր, հարստահարված ու անպաշտպան հայ ժողովուրդը և նրա հայրենիքը բզկտող, գազանային հոշոտման ենթարկող ամոթալի ակտից 12 օր առաջ Ստալինի գլխավորած Ազգությունների կոմիսարիատի օրգան «Жизнь национальностей» թերթի էջերում երևում է А. Скачко-ի այս հոդվածը, որի նպատակն էր նախապատրաստել հասարակական կարծիքը մասնավորապես Հայաստանում, որպեսզի հայերը և նույնիսկ կոմունիստները շանթահար չլինեն և անսպասելի ծանր հարվածից ինչ-որ բողոքներ կամ անհնազանդության ցույցեր չանեն այդ խայտառակ ակտի դեմ: Հոդվածի նպատակն էր հասկացնել հայերին, որ ամենաչնչին բողոքի դեպքում անխնա կճզմվի Հայաստանի և հայ ժողովրդի մնացած մասն էլ, որ Հայաստանը և հայ ժողովուրդը լուռ և անտրտունջ պետք է կրեն իրենց բաժին ընկած ազգային մեծագույն զոհաբերությունների խաչը, անմռունչ մոտենան «համաշխարհային հեղափոխության» զոհասեղանին և ներկեն այդ սեղանն իրենց արյունով:


Հայաստանը և հայ ժողովրդի հոծ զանգվածները զոհաբերվեցին, բայց ո՞ւմ: Արդյո՞ք ռևոլյուցիային: Ոչ ոք այնպես էլ չտեսավ այդ համաշխարհային ռևոլյուցիան ո՛չ Թուրքիայում, ո՛չ Արևելքում, ո՛չ էլ Եվրոպայում: Ստալինի կողմից Մուստաֆա Քեմալ փաշայի ձեռքում երևակայական ռևոլյուցիոն դրոշի տեսիլքը հօդս ցնդեց օճառի պղպջակի նման, ցրվեց ռադեկների, զինովևների, պավլովիչների, միլլերների բարձրացրած համաշխարհային ռևոլյուցիայի միրաժը, և մարդկանց աչքերի առաջ կանգնեց արյունկզակ բորենիների՝ միջազգային իմպերիալիստների և նրանց սնուցած ու սանձազերծ արած թուրք ելուզակների՝ հայության արյունով ներկված նողկալի կերպարանքը:


1915 թվականին թուրք-գերմանական բանակի «թիկունքն ապահովելու» պատրվակով, իսկ 1920-1921 թվականներին «համաշխարհային ռևոլյուցիայի շահերին» զոհ մատուցելու նշանաբանով նույն մարդ-գազանները միջազգային խրախճանք էին կատարում, հոշոտելով արյունաթաթախ Հայաստանը և հայ ժողովրդի մարմինը:


Եվ հոդվածագիր А. Скачко-ն ու նրա յալանչի կարինյաններն ու աբովները մինչ օրս էլ ճգնում են հավատացնել մարդկանց՝ մարքսիզմ-լենինիզմի անունով, թե երբ թուրքական մոլլաները, բեկերն ու փաշաները կոմունիստական ռևոլյուցիայի «դրոշակակիրներն են» եղել Արևելքում, թե երբ նրանք պայքարել են «միջազգային իմպերիալիզմի դեմ», «իմպերիալիստները» հայերն են եղել, որոնք ուզում են ունենալ անկախ մեծ Հայաստան, ձեռք բերել Վանը, Բիթլիսը, Էրզրումը, Կարսը, Արդահանը: Եթե սա է մարքս-լենինյան ուսմունքը պրոլետարական ռևոլյուցիայի և նրա ուժերի մասին, հապա ո՞րն է թուրքական իմպերիալիզմը, ո՞րն է առհասարակ կողոպուտի, ժողովուրդների ստրկացման ու բնաջնջման մարդակերական փիլիսոփայությունը:


Բայց ավելի լավ է ուղղակի անցնենք բուն հոդվածի բովանդակության քննությանը, այն ժամանակ ավելի պարզ կլինի, թե ինչ է իրենից ներկայացնում այն «մարքսիզմը», այն «կոմունիզմը», որի հեռանկարով օրոր է ասում հայ ժողովրդին հոդվածագիրը, մի քարոզ-կոնցեպցիա, որը մինչ օրս էլ իշխում է սովետական և սովետահայ պատմագրության մեջ՝ որպես ղեկավար մեթոդոլոգիական ուղղություն և կոնցեպցիա:
Հոդվածի սկզբում А. Скачко-ն ընթերցողին ծանոթացնում է առաջիկա կոնֆերենցիայի մասնակիցների հետ. 3 սովետական սոցիալիստական երկրներ՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և 1 կապիտալիստական-բուրժուական պետություն՝ Թուրքիան, որը մինչ այդ հռչակված էր որպես «ռևոլյուցիոն», «ռևոլյուցիայի դրոշակակիր Արևելքում», իմպերիալիստական Անտանտի դեմ ազդարարված մահու և կենաց ազատագրական պայքարի «ավանգարդ», իսկ հիմա Մոսկվայի կոնֆերանսին է ներկայանում որպես «կապիտալիստական-բուրժուական» իմպերիալիստական հակումներ ու պլաններ, զավթողական նպատակներ հետապնդող պետություն:


Այնուամենայնիվ А. Скачко-ն շարունակում է քեմալական Թուրքիան բնութագրել որպես «борющееся с империализмом... буржуазно-капиталистическое государство»: Ընթերցողը թող հիշի, որ սա նորամուծություն է Մարքսի դասակարգային պայքարի տեսության մեջ: Այդ տեսությունից հայտնի է, որ իմպերիալիզմի դեմ մղվող պայքարը նախ և առաջ դասակարգային պայքար է, որ մղում է շահագործվող ու հարստահարվող ժողովուրդը բանվոր դասակարգի գլխավորությամբ:


Մինչդեռ Скачко-ն ազդարարում է, որ զավթողական նպատակներ հետապնդող և դարերով բազմաթիվ ժողովուրդներ կեղեքող նոմադական ռազմա-ֆեոդալական թուրքական փաշաներն ու բեկերը, մոլլաներն ու ասիմիլյատորները իբր թե պայքարում են իմպերիալիզմի դեմ: Այսինքն` թուրքական իմպերիալիզմը պայքարում է եվրոպական իմպերիալիզմի դեմ, որ իբր թե թուրքական իմպերիալիզմի այդ պայքարը հենց այն «ռևոլյուցիոն» պայքարն է, որն ապահովելու է կոմունիզմի հաղթանակը Եվրոպայում և հենց Թուրքիայում:
Սա իրոք որ նորամուծություն է մարքսիզմ-լենինիզմի ուսմունքի մեջ, համաշխարհային պրոլետարական ռևոլյուցիայի մարքս-լենինյան տեսության մեջ: Առաջին անգամ լսում ենք, որ կոմունիստական ռևոլյուցիայի դրոշ կարող են բարձրացնել նաև կապիտալիստական-բուրժուական-ֆեոդալական-իմպերիալիստական դասակարգի ներկայացուցիչները՝ հանձինս թուրք փաշաների, բեկերի, մոլլաների:
Այս «մարքսիստական» հայտնագործությունից հետո հՍՈփՍՏ-ն բացատրում է, թե ինչ պատմական նշանակություն ունի առաջիկա կոնֆերենցիան: Նա գրում է, որ Մոսկվայի առաջիկա այդ կոնֆերենցիան հանդիսանում է «событием исключительной важности...», « поворотным пунктом в истории мировой революции...»: Եվ ահա թե ինչու.
ա) կամ այդ արևելյան պետությունները «крепко свяжутся между собою» և այն ժամանակ «борьба с империализмом развернется с еще небывалой силой и широтой...»,
բ) կամ թե՝ փոխադարձ համաձայնության չգալով, նրանք երես կշրջեն միմյանցից և այդպիսով «нанесут самый страшный удар развитию революции на Востоке», իսկ այդ կնշանակեր՝ «бесконечное оттягивание революции на Западе».


Հոդվածագիրը մարգարեական հաստատակամությամբ և վստահությամբ զգուշացնում է ընթերցողին, որ համաշխարհային սոցիալական (ուշադրություն դարձրեք - սոցիալական, ասել է «Теперь одинаково зависит» ինչպես «Արևմուտքի ռևոլյուցիոն պրոլետարիատից, այնպես էլ իմպերիալիստների կողմից հարստահարվող Արևելքի երկրներից»:


Այստեղ Скачко-ն կատարել է երկրորդ «ուղղումը» պրոլետարական-կոմունիստական ռևոլյուցիայի, դասակարգային պայքարի մարքս-լենինյան տեսության մեջ:
Մինչդեռ «Կոմունիստական պարտիայի մանիֆեստում» Մարքսն ու Էնգելսը հայտարարել են, որ համաշխարհային սոցիալիստական-կոմունիստական ռևոլյուցիայի հաղթանակի մեջ ամենաշահագրգռված և դրա համար ամենահետևողական պայքարող ռևոլյուցիոն ուժը միջազգային պրոլետարիատն է, այստեղ Скачко-ն մեզ փորձում է հավատացնել, թե այդ հաղթանակը «одинаково зависит» և՛ եվրոպական պրոլետարիատից, և՛ Արևելքի երկրներից: Դժվար չէ նկատել, որ Скачко-ն մի մակարդակի վրա է դնում եվրոպական պրոլետարիատին (դասակարգին) և Արևելքի երկրներին (առանց դասակարգերի խտրության՝ բանվորները, գյուղացիները, բուրժուաները, կալվածատերերը, մոլլաները, փաշաներն ու բեկերը, խաներն ու աղալարները միասին վերցրած) իրենց ռևոլյուցիոն շահագրգռություններով, համաշխարհային կոմունիզմի հաղթանակին իրենց նվիրվածության տեսակետից: Այսպիսով, ջնջվում է կոմունիստական ռևոլյուցիայի դասակարգային բնույթը. Քեմալ փաշան և Մարսել Կաշենը, Կառլ Լիբկնեխտը, մոլլաները, Շեյխ ՈՒլ-Իսլամը և անգլիական ածխահատները, Սիլեզիայի ջուլհակները, Ռուրի մետաղաձույլները, Համբուրգի դոկերը միատեսակ ռևոլյուցիոն մարտիկներ են, ռևոլյուցիայի հաղթանակը «հավասարապես» կախված է նրանցից:
Միանգամայն ակնհայտ է, որ Скачко-ի քարոզում «մարքսիզմը» ոչ մի նմանություն չունի «Մանիֆեստից» մեզ հայտնի մարքսիզմի հետ: Լենինիզմը մեզ սովորեցնում է, որ գաղութային ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարը (ոչ թե թուրքական փաշաների ձգտումները Հայաստանը և հայ ժողովուրդը բնաջնջելու, Անդրկովկասը զավթելու և Բոսֆորից մինչև ՈՒրալ ու Պամիր մեծ թուրանական պետություն ստեղծելու զառանցական իմպերիալիստական ձգտումները) ոչ թե նույնական է պրոլետարիատի մղած ռևոլյուցիոն պայքարի հետ, այլ հանդիսանում է պրոլետարական ռևոլյուցիայի սոսկ ռեզերվը, հետևապես նրանք իրենց սոցիալական բովանդակությամբ և նպատակներով միանգամայն տարբեր բաներ են:
(շարունակելի)

Նիկոլայ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատմաբան
15-18.12.1961 թ.

Դիտվել է՝ 2780

Մեկնաբանություններ