ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Աթաթուրքի հոգեորդոց գինեձոնը

Աթաթուրքի  հոգեորդոց գինեձոնը
17.06.2016 | 09:54

Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ և արքեպիսկոպոս: Սա վեհափառ տիտղոս է և սքանչելի մի ատյան, որը (զգոն եղեք և ներքոնշյալը արձանագրեք անկողմնակալ և անվարան) տիտղոսակիր-ատենապետին ուղեկցում է դեպի.


ա) սրբադասում,
բ) մոռացություն,
գ) քավարան:
Փոխանորդ Արամ Աթեշյանն առաքելական ոսկեշղթա խաչը կրծքին ի՞նչ է փնտրում համաշխարհային դիվահար Էրդողան Ռեջեփ Թայիբի սրտում: Սույնը կպարզաբանենք հողմաղացի զավեշտալի նախաքննության և ֆորսմաժորային հետաքննության լուսանցքներում:


Իսկ մինչ այդ ամփոփ մի զեկույց:
Աթեշյանի դավը հակազգային և հակապետական խնդի՞ր է: Անշուշտ: Օրենքով նրան պատժել կարո՞ղ ենք: Կարծես թե ոչ, նա այլ պետության քաղաքացի է: Սակայն եթե նշյալ արքեպիսկոպոսն ապրեր անգամ Լուսնի հակառակ երեսի վրա, ապա, միևնույն է, նրա վարքն արժանի է արժանապատիվ գնահատականի՝ Հայկական աշխարհի կողմից: Մեր հողմաղացը սնվում է հայոց լեռնաշխարհի շաքարագլուխ գագաթների քամիներից և աղում է մեր կենարար աղունը, որով էլ պիտի թխվի մեր ամբողջականության գաթա-հացը: ՈՒրեմն փորձենք այս դաժան, անգամ ողբերգական խնդիրը քննարկելով դարձյալ զատել հարդն ու ցորյանը։

ԱԹԵՇՅԱՆԻՑ ԷԼ ԱՌԱՋ
(զավեշտալի նախաքննություն)
Մենք այսօր էլ շիտակը նստել և անհիշատակ զրիցներով ենք զբաղվում, այլ կերպ ասած՝ «օրհնաբանում» ենք մոլորված փոխանորդի յոթ պորտը: Ավելի գունագեղ համեմատությամբ իրազեկեմ, որ մեր այգու թագ ու պսակ պապենական ընկուզենու բունը փտել է, բայց մենք փորձում ենք նրա տերևները գուրգուրելով ծառը փրկել կործանումից: Այնինչ ընկուզենու արմատի շուրջ բնավորված զեռուններին պետք է ճզմել, ուրիշ ոչինչ: Առակս հետևյալը ցուցանե. ազգադավության նախորդ դեպքերն արժանացել են զուտ հանրային պարսավանքի, ոչ ավելի, ոչ էլ պակաս: (Պարսավանքով կարելի՞ է պատուհասը «քաղհանել»): 1993 թ.։ «Նոր ուղի» քաղմարմնի հայտարարությունն ի լուր հայության, աշխարհի և ազերաթյուրքական դաշնության. «Նոր ուղին» խաղաղ գոյակցության բանաձև է համարում հրաժարումը հայոց պատմական հայրենիքից և ընդհանրապես տարածքային որևէ պահանջից, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը»: «Նոր ուղի» կուսակցությունը շատ վաղուց քաղաքական կոյուղիում է: Նախագահը նրա, այսինքն՝ Ա.Բ.-ն, շարունակում է տնօրինել հանրապետության ամենամեծ կրթօջախը: Առակն այս ցուցանե՞ց ինչ-որ բան։

Երիտասարդ երգահան ստահակը, անունը` Վահրամ, ազգանունը՝ Պ., անարգում էր հայությանը, համարելով, որ ազերբայջանական տրոփյուն է զգացվում Սայաթ-Նովայի երգերում և Կոմիտասի մեղեդիներում: Պարսավեցինք ստահակին, ուրիշ ոչինչ: Այնինչ, պետք էր հրապարակավ գանահարել, անարգանքի սյունին գամել, և վերջապես, արտաքսել երկրից, արգելել նրան կրել հայեցի անուն և տոհմանուն:
Այսինքն՝ գոնե հիմա այս անսքող ազգադավության պարագայում հանրային պարսավանքին պետք է փոխարինի ազգային-պետական չեղարկումը՝ արտաքսման ճանապարհով: Ասել է՝ Աթեշյանին արտաքսում ենք Թորգոմա տնից։ Թող նա իր հայրենի բույնը հյուսի արդեն որտեղ որ կուզի։ (Եթե կան ավելի գործուն միջոցներ, ապա խնդրում եմ հայտնել «ՈՒրբաթօրյա հողմաղացին»):

«ՈՒրբաթօրյա հողմաղացը» «Լճից լիճ Հայաստանի» հոգեորդին է և նրա պայքարի ռազմաբարոյական ժառանգորդը: ՈՒ ինչպես մեր սառնակոհակ լճերում, այնպես էլ մեր կենարար հողմերում իսպառ մերժված են օսմանածագում և թրքահնչուն հայոց բնօրրան անունները: Այո՛, ոչ թե թուրքահայաստան (չի՛ եղել և չկա՛ նման բան), այլ Արևմտյան Հայաստան-Հայք, ոչ թե Գյումրի, այլ Կումայրի, ոչ թե Ղարաբաղ, այլ Արցախ:
Այսօր հայոց բյուր-բազում տոհմանունների վրայի խարանը չի ջնջվել, օսմանահնչուն և թյուրքածագում ազգանունների տարափից մեկ-մեկ թվում է, որ մենք ազգովին դեռ թուրքահպատակ ենք: Գուցե ժամանակն է, որ ԱԺ-ն օրենք ընդունի ոչ հայեցի ազգանուն-անունների և տեղանունների հայկականացման մասին: Շատ տեղին կլինի, որ նախաձեռնությամբ հրապարակ իջնի «Համախմբում» նորաբողբոջ կուսակցության անդամ տիար Ստեփանը Մարգարյան: Ինչո՞ւ: Զի դեռ 1999-ին նա յուր Ղարագեբակյան ազգանունը մերժեց և վերածնվեց որպես Մարգարյան: Կեցցե՛ս, Ստեփան: Սակայն մինչև ԱԺ-ի նախաձեռնությունը, հանրային ակտիվը պիտի հանդես գա նախանձախնդիր այս նշանաբանով՝ ընդառաջ զորաքայլով ընթանանք դեպի ՀՀ անկախ պետականության կայացման 25-ամյակը, և արդեն այսօր, 2016-ի հունիսի 17-ին, հայտարարենք «թյուրքահնչուն անվանումների, անունների և ազգանունների չեղարկման եռամսյակ»:

ՓՈԽԵ՛Լ ՓՈԽԱՆՈՐԴԻՆ
(ֆորսմաժորային հետաքննություն)
Ահա թե ինչ է գրել սփյուռքահայ գրագետ Զարեհը Խրախունի յուր «Մոգական հայելիներ» քերթվածում.
Կը մտնենք.
Շարան-շարան հայելիներուն առջև կեցած մենք կը դիտենք մենք զմեզ...
Փոխանորդ Արամին ի՞նչն է այսօր անհանգստացնում: Ինչո՞ւ է նա Թուրքիան փորձում ներկայացնել քաղաքակիրթ լույսի ներքո, երբ թուրքական կիսալուսնի յաթաղանային բնույթը լավ հայտնի է համաշխարհային քաղաքակրթությանը արդեն հազար տարի։
Ահա հարգարժան արքեպիսկոպոսի երկու դաժան մտատանջանքը մեր սիրալիր մեկնաբանությամբ. «Այս համատեքստում նշենք, որ Գերմանիայի քաղաքացիների քվեներով ձևավորված խորհրդարանը... իր իրավասությունների մեջ չմտնող հարցի շուրջ տեսակետ է արտահայտում, դա օրինականացնում է և այս ամենն անում է ամբողջ գերմանացի ազգի անունից իրեն որպես դատավոր տեսնելով: Գերմանիայի նման սխալ վերաբերմունքն անընդունելի է»:


Կեցցե՛ս, փոխանորդ, քանզի Գերմանիան ճշգրիտ և քրիստոնեավայել էր գործում՝ մեկ դար առաջ՝ թևքերը քշտած և օրն ի բուն աջակցելով թյուրք, քուրդ և չերքեզ ցեղասպաններին:
«Օրն է գալու, երբ այս երկու ժողովուրդները միասին իրենց արտերը մաքրելու են թունավոր խոտերից և մաքուր արտերում ցորեն են ցանելու»:
Կեցցե՛ս երիցս, թուրքահպատակ դու ավետաբեր, մենք մաքրելու ենք մեր արտերը Մուշում, Վանում, Արդահանում, քո պաշտելի թյուրք էթնոսն էլ որոճալու է իր նախօրրան Ալթայում: Սակայն բավ է, հողմաղացը կանգ է առել: Ժամն է դատավճռի:

ԴԱՏԱՎՃԻՌ ԱՌ ԱԹԵՇՅԱՆ ԵՎ ԱՅԼՔ
Նախ կտրականապես դեմ ենք ընդհանուր փոխանորդի կարգալույծի գաղափարին: Նա ինքնըստինքյան կարգալույծ է էապես և բարոյապես:
Այնուհետև, հայտարարում ենք նոր աղանդի հիմնարկեքը, և ՀՀ արդարադատության նախարարությանը առաջարկում ենք շտապ գրանցել այս նոր աղանդը, որը համալրում է հայկական որդան կարմիր և կենաց միտք ցորյանի մեջ սողոսկած հարդի և տատասկի, այսինքն՝ ԼԳՏԲ-ականների, բազմադեմ աղանդավորների և վասակյանների շարքը:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Կիևաբնակ ռուս նշանավոր գրող և հրապարակագիր Լեոնիդ Վոլինսկին, եթե չեմ սխալվում, 1962-ին ճամփորդում է Կովկասում և գրում է «Անդրկովկասի գույները» հուշագրությունը։ Այնտեղ նա Հայաստանի լեռներն ու մարդկանց ավելի ամուր է համարում վրացականից։ Սակայն Վրաստանում երբեք այնքան զգալի չի եղել թյուրքական հետքը` ոչ քաղաքների ու գյուղերի անվանումներում, ոչ էլ մարդկանց անուն-ազգանուններում, որքան որ զգալի է Հայաստանում։ Եվ սա չնայած այն բանին, որ վրացիները պատմական հանգամանքների պարտադրմամբ... 3 անգամ իսլամ են ընդունել։
Առակն այս զինչ ցուցանեց, թող որոշի ընթերցողը:

Դիտվել է՝ 3248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ