ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Դմիտրի Օլեգովիչը սրում է թուրք-ազերական դաշո՞ւյնը

Դմիտրի Օլեգովիչը սրում է թուրք-ազերական դաշո՞ւյնը
13.05.2016 | 00:29

ԴՄԻՏՐԻ ՕԼԵԳՈՎԻՉ ՌՈԳՈԶԻՆ (ծնվել է 1963-ի դեկտեմբերի 21-ին, Մոսկվայում)- ռուսական պետական գործիչ, դիվանագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, 2011-ի դեկտեմբերից ՌԴ կառավարության նախագահի տեղակալ, ՌԴ ռազմաարդյունաբերական կոլեգիայի հանձնաժողովի, «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի հսկողական խորհրդի, Հեռանկարային հետազոտությունների ֆոնդի հսկողական խորհրդի, ՌԴ կառավարությանը կից ծովային կոլեգիայի, Արկտիկայի զարգացման հարցերով պետհանձնաժողովի, Պետական սահմանային հանձնաժողովի, ՌԴ արտահանման վերահսկման հանձնախմբի, Ռուսաստանյան ռազմապատմական ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահ: Սրանցից բացի, ունի նաև այլ կարևոր պարտականություններ: Ազատորեն խոսում է անգլերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն, տիրապետում է նաև չեխերենին և ուկրաիներենին: 1996-ին Մոսկվայի պետհամալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Ռուսական հարցը և նրա ազդեցությունը ազգային և միջազգային անվտանգության վրա», 1999-ին՝ դոկտորական դիսերտացիա՝ «Ազգային անվտանգության խնդիրները Ռուսաստանում XXI դարի սահմանագծին» թեմաներով: Մի շարք գրքերի հեղինակ է:

Թե ի՞նչ կապ ունեն նշված թեմաները փիլիսոփայության հետ, կարևոր չէ, կարևորը «փիլիսոփայության դոկտոր» հնչեղ անվանումն է: Փիլ. դոկ. են նաև Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն և... մտքի գիգանտ, «Լիսկա» մականունով Հայաստանի Սյունիքի մարզպետը: Ինչպիսի՜ դրախտի կվերածվեր աշխարհը, եթե հակասությունները լուծվեին փիլիսոփայական բանավեճերով՝ ամեն երկրից այսպիսի մի-մի դոկտորի մասնակցությամբ: Բայց չտարվենք պատրանքներով: Ո՜Ւր նրանց «փիլիսոփայությունը», ո՜ւր որևէ, թեկուզ կիսատ-պռատ, իրականություն:


Ադրբեջանին զենք վաճառելու համար Ռուսաստանից դժգոհող հայերն «իրավասո՞ւ» էին համբերությունից հանելու աշխատանքային ահռելի բեռի տակ մտած, բացառիկ կարողությունների տեր, բազմալեզու, պետական-դիվանագիտական-ռազմագիտական-քաղաքական-փիլիսոփայական և այլն, և այլն գործչին, որ նա էլ դժգոհեր իր մտքի ողջ փայլով. «Դե, հասկանո՞ւմ եք, Հայաստանը մեզ համար դաշնակից է ըստ ՀԱՊԿ-ի, հա՞: Եվ միանգամայն ակնառու է, որ մենք նրանց հետ ռազմատեխնիկական համագործակցություն ենք իրականացնում: Ադրբեջանը նույնպես մերն է, դե, դաշնակից չէ, բայց ստրատեգիական գործընկեր է տարածաշրջանում, որի հետ էկոնոմիկայով մեզ շատ բան է կապում, հսկայական ադրբեջանական համայնք ևս այստեղ Ռուսաստանում է: Եվ նրանք վճարում են ռուսաստանյան զենքի համար: Չէ՞ որ կրակում է ոչ թե զենքը, մարդիկ են կրակում, հա՞: Հետո ուզում եմ ասել, այնտեղ դեմագոգիա սկսվեց կատարելապես սարսափելի, ուղղակի բառային փորլուծություն այդ ուղևորությունից հետո... Պատերազմը, հենց, սառնասրտություն է պահանջում, ոչ թե այնտեղ քսմսված ինչ-որ փսլինք, ուրեմն, պրոպագանդիստական»:
Այո՛, կրակում են մարդիկ (խոր միտք է), ուստի էական չէ` ում ինչ զենք վաճառես, և եթե դաշնակիցների վրա «սառնասրտորեն» կրակում են «ստրատեգիական գործընկերները» ու կրկնում ԻՊ մարդակերների ոճիրները, մեղավորը դաշնակիցներն են, «ստրատեգիականներին» չբացատրելու համար, որ Դմիտրի Օլեգովիչի վաճառած զենքը կրակելու համար չէ: Առավել ևս, մեղավոր են, քանզի կրակողը, 1918-ից առաջ գոյություն չունեցած Ադրբեջան պետությունը, Դմիտրի Օլեգովիչի անմիջական ղեկավար Դմիտրի Անատոլևիչի համոզմունքով՝ Ռուսաստանի դարավոր բարեկամն է (վերպատմական արտառոց «իդեա»):

Այսպիսով, փիլ. դոկ.-ը լիակատար իրավունք ունի հայկական կողմի դժգոհությունը, մյուս տհաճ որակումները չկրկնենք, «կատարելապես սարսափելի դեմագոգիա» համարելու, հաշվի չառնելով, որ խնդիրը նույնիսկ ոչ թե որոշ qինատեսակներ Ադրբեջանին չվաճառելն է, այլ, որ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը չպետք է վաճառեր գոնե այնպիսի զինատեսակներ, որոնք Ադրբեջանը չէր կարող գնել այլ երկրներից:


Բայց քանի որ այլ երկրներից ևս (Թուրքիայի հատկացրած զինատեսակներն ու արտադրական կարողությունները չհաշված, օրինակ, Իսրայելից 5 միլիարդ դոլարի) ազատորեն զենք գնող Ադրբեջանին, առաջիկայում պետք է ռուսական գերարդիական զինատեսակներ վաճառվեն, ապա ռուս-հայկական պայմանագրից պետք է հանվի Հայաստանին երրորդ երկրից զենք գնելու հնարավորությունն արգելող կետը:


Անտեսելով դժգոհող հայերիս դիմելու Դմիտրի Օլեգովիչի «ազնվական» ոճը, կարելի՞ է, գոնե հիշեցնել, որ Ադրբեջան արհեստական պետությունը երբեք «մերը», այսինքն՝ Ռուսաստանինը չի եղել և չի կարող լինել: Լենին-Ստալինը ինչե՜ր չարեցին «մերը» դարձնելու, ի թիվս որոնց Ղարաբաղն ու Նախիջևանը Ադրբեջանին, Կարսն ու Սուրմալուն թուրքերին նվիրելով և այդպիսով կորցնելով Ռուսաստանի համար առնվազն ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող այդ տարածքները: Մինչդեռ 1921-ի մարտի 16-ին Մոսկվայում կնքված ՌՍՖՍՀ և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության մասին հանցավոր, միջազգային իրավունքի տեսակետից անօրինական պայմանագրի 90-ամյակը 2011-ի մարտի 16-ին, Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանը և ՌԴ նախագահ Դ. Ա. Մեդվեդևը տոնեցին Մոսկվայում: Նորից ուժեղների անամոթ աճուրդին դրվեց հայ ժողովրդի անկապտելի իրավունքը Հայաստանից բռնազավթված (նաև Ռուսաստանի կորցրած) տարածքների վրա: Դրանց փոխարեն բոլշևիկյան Ռուսաստանը ստացավ «բարեկամ» Թուրքիայի անբաժանելի մաս, «բարեկամ Ադրբեջան», ԽՍՀՄ-ում դանդաղ, այժմ՝ արագ գործողության ռումբը, որը պայթեցնելով կամենում են ՄԻ ԱԶԳ, ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ դարձնել ՄԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ` վերացնելով նրանց անջատող Հայաստան-Արցախը: Ազգային անվտանգության միջազգային մասշտաբի մասնագետ Դմիտրի Օլեգովիչը հիանալի գիտե, թե դրանով ինչ հիասքանչ հեռանկար կբացվի Ռուսաստանի համար:


Ադրբեջանին բոլշևիկյան անհեռատես տխմարությամբ նվիրված Նախիջևանում այժմ թուրք-ադրբեջանական համատեղ բանակ կա, Թուրքիայի ռազմական հսկայական ռեսուրսով, հարմար պահի սահմանն անցնելու պատրաստ: Հայաստանն այդ սահմանի մի ծայրն է միայն, մյուսները՝ Մոսկվան, ապա և Արևելյան Եվրոպան են, և ավելին, մինչև որտեղ (օրինակ, թրքամոլ Գերմանիա) կհասնեն նրանց հորդաների ձիերի սմբակները: Անտեղյակներին առաջարկում ենք ծանոթանալ 1453-ին Կ. Պոլսի գրավման պատմությանը և պանթյուրքիզմի քարտեզին: Ռեալ մտածող որևէ մեկը, եթե ռուս-թուրք-ադրբեջանական, թուրք-գերմանական (թուրք-ամերիկյանն առայժմ մոռանանք), թուրք-ևայլնական «բարեկամության» ավելի լավատեսական հեռանկար է տեսնում, թող հոդաբաշխ լեզվով բացատրի, ինչպես է դա հնարավոր:


Ո՞վ չգիտե, որ ՄԻ ԱԶԳԸ, թեկուզ քսան պետությունում, մի անուն կունենա, տվյալ դեպքում՝ ԹՈՒՐՔ, և ուրիշ ոչինչ: Բայց «Ադրբեջան» անվանումը գողացվել է, թուրքերի հետ ոչ մի կապ չունեցող Իրանի Ադրբեջան շրջանը գրավելու նպատակով: Ո՞րն է ընդամենը 1931-ին ադրբեջանցի հորջորջված, Կովկասի թուրքերի՝ Ռուսաստանին «միանալու» գինը, եթե ոչ՝ առայժմ՝ Արցախը, ապա Զանգեզուրը, «Իրևանի խանությունը» և մյուս շրջանները գրավելը, որոնք Իլհամ Ալիևի հայտարարություններով Ադրբեջանի «պատմական հողերն» են: Ենթադրել, որ ներկա Արցախի Հանրապետության ինչ-որ տարածքներ Ադրբեջանին նվիրելով հնարավոր կլինի մշտատև խաղաղություն հաստատել, առնվազն երջանիկ, անբուժելի իդիոտիզմի նշան է: Հայը և Հայաստանը պետք է վերանան: Թուրքադրբեջանը պահանջում է ամբո՛ղջը, հիմա՛, վերջնականորե՛ն:


Մի՞թե Ռուսաստանը Հայաստանն իր գրպանում է համարում և փորձում է այնտեղ տեղավորել նաև թուրքական երկրորդ պետություն «Ադրբեջանը»: Բելառուսի նախագահն էլ, կարծելով Ռուսաստանն իր գրպանում է, և հրապուրված Թուրքադրբեջանի հետ շահավետ «բարեկամությամբ», Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլի 2-5-ի պատերազմի ժամանակ պաշտպանելով դրա «ամբողջականությունն» ընդդեմ Հայաստանի, մեկնում է Կ. Պոլիս Իսլամական համագործակցության կազմակերպության ապրիլի 14-15-ի խորհրդաժողովին, իր երկրին այնտեղ դիտորդի տաքուկ անկյուն ապահովելու: ՀԱՊԿ-ին անդամակցող այս երկրի ղեկավարը ուզում է Ղազախստանի ղեկավարի նման, ճարպկորեն, միանգամից հակառակ ուղղություններով վարգող երկու ձի՞ նստել: Թյուրքական աշխարհի ամենամեծ տարածքով երկրի նախագահը բազմում է իր և թյուրքական խորհրդի (Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան, ընդհանուր՝ 115 միլիոնից ավելի բնակչությամբ) դրոշների տակ, մյուս կողմից՝ անդամակցում ՀԱՊԿ-ին: Արի ու որոշիր՝ այստեղ ով ում բարեկամն է, ով ում թշնամին, ով ում մայրիկը երբ և ինչպես է լացացնելու:

Հայաստանն իր փոքրաթիվ բնակչությամբ, թույլ տնտեսությամբ, ինքնակործան կոռուպցիայով ի՞նչ տեղ կարող է գրավել այս մեծածավալ անհեթեթությունում: Շինծու ՀԱՊԿ-ում Ղազախստանը բացահայտ պաշտպանում է իր թյուրքական շահերը, Բելառուսը սիրախաղեր է անում նույն թյուրքական աշխարհի հետ, Ռուսաստանն իր շահերից ելնելով, անտեսելով Իրանի և Ադրբեջանի շահերի անհամատեղելիությունը, փորձում է «Ադրբեջանն» անջատել Թուրքիայից և հավասարակշռել Հայաստան-(Թուրք)Ադրբեջան անհաշտելի հակասությունը: Եվ Հայաստանը մնում է այս կարապ-խեցգետին-գայլաձուկ «միության» աղքատ բարեկամի վիճակում:


Առժամանակ և ձևականորեն, իհարկե, հնարավոր է Ադրբեջանը պահել ռուսական ազդեցության ոլորտում, բայց դժվար չէ գուշակել դրա հետևանքները: Դժգոհողներին «վայելչորեն» հանդիմանելու փոխարեն, Դմիտրի Օլեգովիչը գոնե բացատրեր, թե ինչպես կարող է Հայաստանին «հավասարակշռել» բազմակիորեն ավելի արդիական հարձակողական զենքեր գնած Ադրբեջանը: Ռուսաստանի՝ Անդրկովկասում «հավասարակշռող», նույնը այդտեղ և Բալկաններում Արևմուտքի բյուզանդական քաղաքականությանը հակառակ, Թուրքադրբեջանը աշխարհով մեկ գոռում-գոչում է Ալլահի պարգևած իր մշտնջենական իրավունքների մասին: Հերթական անգամ, ԻՀԿ խորհրդաժողովում փիլ. դոկ. Դավութօղլուն պահանջեց ազատագրել «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀՈՂԵՐ» Պաղեստինը, Հայաստանի «օկուպացրած»՝ ադրբեջանական հողերը, Ռուսաստանի «օկուպացրած» Ղրիմը: Խորհրդաժողովում Իլհամ Ալիևը հանդիպեց Ղրիմի թաթարների լիդերներ Ռեֆաթ Չուբարովի և Մուստաֆա Ջեմիլևի հետ, որը կազմավորում է Ղրիմի «ազատագրման» ջիհադիստական խմբավորումներ:

Այսպիսով, Ադրբեջանն անբաժանելի է Ղրիմի թաթարների խաղաքարտն օգտագործող ՈՒկրաինա-Թուրքիայից: Թուրքերի միջոցով իր ազգային խնդիրները լուծել փորձող ՈՒկրաինան իր հերթին քանդում է իր տունը. Պորոշենկոն որոշել է Խերսոնի շրջան բերել մեկ միլիոն թուրքի, որպես ռուսներին հակադրելու միջոց: Իր ուկրաինացիները չե՞ն հերիքում ազգաբնակչության աճն ապահովելու համար, թուրքերը իսլամական անշեղ օրենքներով, նաև ուկրաինուհիների արգանդով, կապահովեն, ուկրաինացիներին ևս ստիպելով ենթարկվել իրենց շարիաթի օրենքներին, ինչպես՝ Եվրաբիայի վերածվող Եվրոպայում: Այս իրավիճակում, պաշտպանելով մի քանի միլիարդ զենքի վաճառքի շահույթի նշանակությունը, Դմիտրի Օլեգովիչ Ռոգոզինը մի՞թե չի սրում Թուրքադրբեջանի դաշույնը։


Հակառակ այս ամենին, այժմ հաճախ քննարկվող թեմաներից է Թուրքիայի անխուսափելի տրոհումը: Այլ գործոնների շարքում գլխավոր պայթուցիկը, իհարկե, քրդական գործոնն է, որն անկասելի թափ է առնում քրդերի արագընթաց աճի պայմաններում: Աշխարհի, պետություն չունեցող խոշորագույն և տեղաբնիկ ամենառազմատենչ ազգը, ժամանակի ընթացքում ինքնաբերաբար գերազանցելով թուրքերի թիվը, ինքնուրույն պետություն կունենա Սիրիայի և Իրաքի հյուսիսում, Թուրքիայի արևելքում: Տարածաշրջանում քրդերի թիվը մոտավոր հաշվարկներով 35-40 միլիոն է: Խաղաղորեն Քրդստան ստեղծել իր տարածքում Թուրքիան թույլ չի տա, իսկ զենքով զսպելու ճիգերը կործանարար հետևանքներ կունենան: Երբ Թուրքիան հայտարարեց զրո խնդիրներ հարևանների հետ, ինչպես սովորաբար՝ պետք էր հասկանալ հակառակը՝ չունի հարևան, որից տարածքներ նվաճած չլինի: Շագրենակաշու նման Թուրքիայի կրճատումը, ճիշտ ինչպես՝ Քրդական պետության ստեղծումը, անխուսափելի է:


Իսկ այժմ անդրադառնանք կարևոր մի խնդրի, որը դեռևս չի առաջադրվել, ուստի և չի քննարկվել:
Ադրբեջանն իր համար կոպիտ սխալ թույլ տվեց, խաղաղորեն Հայաստանին չհանձնելով Լեռնային Ղարաբաղը, որտեղ արդեն որոշ չափով հիմնավորված էին: Չլինեին պատերազմի վերածված բախումները, արագորեն բազմանալով, հետզհետե, առանց կրակոցի կգրավեր Հայաստան-Արցախը, առավել ևս հայ ազգաբնակչության կրճատման պայմաններում: Տեղաբնիկ ազգերի բռնազավթված տարածքների վրա ստեղծված կեղծ պետությանը բախտավոր ապագա չի սպասում: Շարունակական պատերազմն իսկ Հայաստան֊Արցախի դեմ կարագացնի նրա կործանումը: Մինչդեռ Հայաստանը հեռանկարում կարող էր փրկօղակ լինել քրդական հզոր պետությունում ձուլվել-չքանալու վտանգի առաջ կանգնած Ադրբեջանի համար: ՄԻ ԱԶԳ, ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ եթե հաջողվի միավորվել, Ադրբեջանը կհայտնվի Արևելյան Թուրքիայի, առայժմ շուրջ 20-միլիոնանոց քրդերի դեմ դիմաց, որոնք անարգել կտարածվեն մինչև Կասպից ծովի ափերը, մինչև Բաքու, իրենց կողմը գրավելով ոչ միայն տեղի ազգային փոքրամասնություններին, այլև արթնացնելով բռնի «ադրբեջանացվածների» ազգային գիտակցությունը: Այժմ իսկ քրդերի թիվը ավելանում է Նախիջևանում, որը եթե չմիանա իրավատեր Հայաստանին, ամբողջովին կքրդանա: ՈՒստի, ինչքան էլ պարադոքսալ թվա, հեռանկարում, որպեսզի չվերանա, մի կողմից տրոհվելով թալիշների, թաթերի, լեզգիների և այլ փոքրամասնությունների անկախացումներով, մյուս կողմից՝ քրդական հզոր ալիքների տակ, Ադրբեջանն աշխատելու է չթուլացնել իր համար բնական պատնեշ Հայաստանը:
1920-ի օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագրով որոշված են Հայաստանի և Քրդստանի սահմանները: Թուրքիայի տրոհումից հետո դրանք կարող են փոփոխվել ինչ չափով հօգուտ Քրդստանի, ինչ չափով հօգուտ Հայաստանի, ցույց կտա ժամանակը: Պատմական պահը չկորցնելու համար այսօրվանից իսկ Ռուսաստանն իր բնական դաշնակից Հայաստանի հետ բարդ ու դժվարին խնդիրներ ունի վճռելու, կորցրած տարածքները վերադարձնելու, Մերձավոր Արևելքում, ուստի և աշխարհում, իր արդարացի և օրինական դերն ու նշանակությունը հաստատելու համար:

Ստեփան ԹՈՓՉՅԱՆ

Դիտվել է՝ 2736

Մեկնաբանություններ