ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Երկրի գլխավոր չարիքը

Երկրի գլխավոր չարիքը
06.05.2016 | 09:11

Խաղաղ դաշտում կանաչ գծեր արթնացումի
Խմորվում են երկունքի մեջ ազատության,
որի վրա Աստծո ձեռքն է տեղադրվում
որպես շարժում և մոռացված մի հուշարձան։


«Փայտփորիկը», Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՈԳՆԱ
(այգաբաց է, ժամն է ֆելիետոնի)
Մենք ազգովին, մենք հուզավառ և մենք, անկասկած, հաղթական՝ և՛ արցունք ենք թաքցնում, և՛ բնավ չենք էլ կասկածում, որ արցունքն այդ զույգ կաթիլ է, մեկը լի է բոսոր խենթությամբ, մյուսը, հարկավ, բորբոսած խլությամբ։ Այո՜, իմ աչալուրջ-աջակից ընթերցողներ, անցած հերոսական ապրիլը սրբագրեց մեր ներկա օրը և երկու նախշուն դրոշ ծածանեց, մեկը՝ Աժդահակի գագաթին, և մյուսը՝ Աերացիայի ձախ ափին։ Ինչո՞ւ, դե քանզի ապրիլյան համազգային քոչարին ամսվա վերջին տեղը զիջեց ապազգային պորտապարին։ Զի դևը շարունակում է մեր պետականության զուլալ աղբյուրի գլխին չոքել, մենք էլ ակամա դևի ներբաններն ենք քորում օրնիբուն։ Տեսեք, առանց դույզն-ինչ անհարմար զգալու Երևանի քաղաքապետարանը մասնագետներ է հրավիրում Գերմանիայից, որ նրանք շրջագայեն տրոլեյբուսներով, հրմշտվեն երթուղայիններում և վերջապես իմաստնացած վար իջնեն, մայրաքաղաքի տրանսպորտային խառնաշփոթի գլխավոր մեղավոր տիար Նավասարդյանին գլխի գցեն, ինչպես անել, որ Երևանը օրինակելի տրանսպորտային քաղաք դառնա։ Հարկավ, գերմանացիներին պիտի վճարել և վճարել պետբյուջեից։ Սակայն, անշուշտ, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցները, վարչության պետ տիար Հենրիկ Նավասարդյանի գլխավորությամբ, հավատացնում եմ, կարող են կարգավորել աշխարհի անգամ ամենախճողված քաղաքի տրանսպորտային երթևեկությունը, այն էլ մարդասիրաբար, այսինքն՝ անվճար։ Սակայն սեփական քաղաքում անկարող են, զի բյուջեից պատկառելի գումարներ դուրս կգրվեն, և հերթական «ատկատը» պատրաստ է։

ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ԱՂԱՎՆԻ Է ՍՐԱՆՑ ՀԱՄԵՄԱՏ
(օրը ճաշ դառավ, մի պամֆլետ ճաշակենք)
Այո՜, բյուրոկրատիան է մեր լինելության գլխավոր չարիքը։ Անկեղծ ասած, բնավ միտք չունեի նրանց անդրադառնալու։ Այն էլ այս օրհասական, սակայն հերոսական օրերին։ Բայց անկարող եմ, զի սրանց գոյությունը երկրի կյանքում համազոր է հիվանդ բորենու ներկայությանը՝ աղավնատանը։ Եվ ահա նորհայկական բյուրոկրատիային հիշելով` կամա-ակամա կարեկցում եմ, դեպքից դեպք էլ բուռն սիրում եմ հայոց օլիգարխիային։ Հարցնում եք՝ ինչո՞ւ։ Օլիգարխները շատ նման են անգիտակից այն երեխային, ում ձեռքը փորձի համար տալիս են շաքարլոխում և ծիծակ։ Երեխան ձեռքը մեկնում է դեպի թրանման ծիծակը։ Բնական է, որ մանչուկը նախ վառում է քիմքը և մխիթարվում է շաքարլոխումն ուտելով։ Հիմա որ մեր ողջ պետությունն օլիգարխին նվիրաբերվել է որպես շաքարլոխում, և նա էլ այն վայելում է, ո՞վ է մեղավոր։ Չէ՞ որ մենաշնորհները հաստատված են սահմանադրությամբ, օրենքով, ենթաօրենսդրական անհամար ակտերով և, վերջապես, իշխանական բարձրավոլտ «դաբրո-դմբուզով»։ Իհարկե, դեպքից դեպք օլիգարխի քիմքը չարորակ կարոտաբաղձանքով է տառապում, և դրանից է, որ օլիգարխը փրփրում է և կատաղության ամենաթեժ պահին բացում է հոգին մեր առջև։ Զորօրինակ, ժամկետանց դեղորայք է ներկրում և ամրապնդում է ժողովրդի առողջությունը, եկեղեցի է կերտում (իրականացնելով հավատավոր հայի խնդրանք-պահանջը), խորհրդարանում էլ բազմագույն հիշոցների վարպետության դասեր է անցկացնում և այլն։ Բայց հոգու խորքում, հավատացեք, նա նույն պարզունակ տղեկն է և հաճախ զուլալ արցունքն աչքերին արթնանում է կեսգիշերին։ Արթնանում է, իջնում է նկուղ, բացում է խորհրդային արտադրության սառնարանը, դուրս է բերում 68-կոպեկանոց ապխտած երշիկն ու վայելում է այն մինչև լուսաբաց։ Հավատացեք, օլիգարխներին չի կարելի ատել, չէ՞ որ չարիք-բյուրոկրատ դևի բոյ-բուսաթն արդեն Մասիսն է ծածկել։
Մի խոսքով, բոլորովին այլ բորբոք է նորհայկական այս պատիժը, հակապետական ապազգային բյուրոկրատիան։ Տեսեք, իր ահռելի գողոնը (անկասկած վերին դասի օրհնանքով) նա ձևակերպել է որպես նվիրատվություն։ Բացի սրանից, ներկա հայ բյուրոկրատը պարտադիր նստում է փադիշահական աթոռի վրա։ Նա իր աշխատատեղում գործածում է միայն բելգիական շոկոլադ և միմիայն ֆրանսիական կոնյակ։ Սա դեռ բարիք է, անգամ բյուրոկրատի անձեռոցիկն է էլիտար արտադրանք։ Սակայն այս ամենի ծախսը հոգում է հայ հանրությունը։ Գուցե գիտակ մեկը, ասենք, հայոց խորհրդարանից, բացատրի մեզ՝ ո՞րն է այս ահավոր դասի ստեղծման և պահպանման խորհուրդը։
Տեսեք, հայ ազգային բյուրոկրատիայի համար ապրիլյան հերոսամարտն անգամ դարձի գալու առիթ չէ։ Քանի որ բյուրոկրատ-դևերի, գողոն-բոզոնային այս բորբոքված թերմացքի գերնպատակը երկրի կլանումն է և հանրության մաշկահանումը։ Է, բավական չէ՞, չկշտացա՞ք, տիարք և տիկնայք։ Եվ եթե, այնուամենայնիվ, չեք կշտանում՝ մի խորհուրդ տամ՝ օրումեջ ծոմ պահեք, հավատացեք, կօգնի։ Մի խոսքով, 3-րդ հանրապետության իշխանություններն ահա 25 տարի է, ինչ ծնել ու սնում են իրենց պահապան, սակայն երկրի համար պատժիչ այս խավին։ Ինչ անել, լիցքավորել պահունակներն ու սրանց շարել Աերացիայի անուշաբույր ջրավազանի շուրջբոլո՞րը։ Գուցե, զի որևէ այլընտրանք վաղուց չիք։

Այսպիսով՝ ի՞նչ անել, լիցքավորել պահունակները և սրանց շարել Աերացիայի անուշաբույր ջրավազանի շուրջբոլո՞րը։ Լավ, բավ է, անցնենք բարոյահոգեբանական տեղազննման և հիշեցնենք անմոռանալին, երբ Զիմբաբվե աֆրիկական երկրից, ՀՀ կառավարական տան հրավերով, Հայաստան ժամանեցին երկու եբենոսամաշկ մրգաբան-տեսաբաններ և սկսեցին ուսուցանել հայությանը, թե ինչպես մշակել ծիրանի ծաղկած ծառը, ինչպես քաղել ծառից հասած ծիրանը, ինչպես դրանից չիր պատրաստել և աշխարհահռչակ «հայկական խնձորից» օղի քաշել։ Աֆրիկայի մասնագետները, հասկանալի է, հոր խերի համար չհասան Երկիր Նաիրի։ Նրանք վարձատրվեցին միջազգային բարձր գներով, հասկանալի է, վարկային մոլեմսխուն փողերից։ Արժե՞ հիշեցնել, թե վարկային բեռը ում պարանոցն է օղակելու։ Հարկավ չարժե։

Բայց մի՞թե սրանց վերջը չի գալու, մի՞թե սրանք, այսինքն՝ ողջ կառավարությունը, մարզային ու քաղաքային բյուրոկրատ-բոռերը շարունակելու են կեղեքել հանրապետությունը։ Ընդ որում, կեղեքել հանուն իրենց լայնք-երկայնքի զարգացման կայունացման, առաջընթացի և բարգավաճման։ Օ՜, մարդակենտրոն Երկիր Նաիրի, բյուրոկրատը օլիգարխիկ է, նրա տնտեսությունը ոտն ի գլուխ ստվերում է, բայց և այնպես, արի ու տես, որ խեղկատակային նիստ ու կացի, նրա պորտապարային գործուղումների և մնացած ամեն բանի ծախսը պետք է հոգա երկիրը։ Է՜, ժամանակը չէ՞ անկյուն մղելու այս դարձվոր դասին։ Այսինքն, անհրաժեշտ է նրանց ենթարկել, նախ ֆինանսական թլփատման, այնուհետև, այո, քշել դեպի Աերացիա։ Ապաշխարություն։

ԽԱՂԱՂ ԴԱՇՏՈՒՄ
(սարկաստիկ իրիկնահաց)
Վաղեմի բարեկամ, մարգարտատող պոետ Արմեն, և այն էլ Մարտիրոսյան, վաղուց երկնքում ես, սակայն երկրում խայտում են կանաչ գծերդ արթնացումի։ Եվ արդ մի առաջարկ ունեմ. դու երկնքից, ես էլ երկրի վրա միաբանվենք և պատվական մի իրիկնահացի հրավիրենք նորահայոց բյուրոկրատիային։ Հրավիրենք, սեղանին դարսենք մի փունջ թարխուն, երկու լավաշ, մի գավ գինի և պնդախաշ մեկ դյուժին ձու։ Հրավիրենք, գինի խմենք և, ի վերջո, այս զեռունին դարձի բերենք։ Ամե՛ն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ