ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

«Անկեղծ խոսքը չի սպանում, փակ խոցեր է միայն բանում»

«Անկեղծ խոսքը չի սպանում, փակ խոցեր է միայն բանում»
03.05.2016 | 11:15

Ինչ-որ առումով լավատեսության տրվելու զգացումը մարդ-արարածի բնական հատկությունն է, որը չի կորցնում անգամ մահամերձը: Այնպես որ, ապրիլյան առճակատումից հետո ՀՀ տնտեսության անմխիթար վիճակի շուրջ հնչող լավատեսական սպասումներն էլ հարկ է բնական երևույթ համարել: Պետք է վերանայել, պետք է բարեփոխել, պետք է արմատապես փոփոխել, և համանման այլ ցանկությունների ու պահանջների պակաս այս օրերին իրոք որ չկա, քանզի զգացինք, որ թշնամուն դիմագրավեցինք ոչ միայն համահայկական միասնությամբ, այլև տասնյակ զոհերի գնով, որոնք, ցանկալի էր, կարող էին չլինել:

Հանրային միջավայրում կարծիքների պակաս իրոք չկա, սկսած առօրյա հարցերից մինչև վերջին խոսքի գիտատեխնիկական նվաճումները երկրի պաշտպանունակությանը ծառայեցնելը: Սրանք երկիրը օրինականության դաշտ վերադարձնելու, տնտեսությունը ստվերաթափելու, կառավարման մեխանիզմները կոռումպազերծելու, հանրություն-իշխանություն հարաբերություններում բարոյականությունը առաջնահերթություն դարձնելու պահանջներ են, որոնք մշտապես են բարձրաձայնվում: Ավաղ, անգամ ցանկալիին մոտ արդյունքներ չեն արձանագրվում, եթե առավել խիստ այլ գնահատական չհնչեցնենք:
Ասենք, Հայաստանի Հանրապետության թիվ 1 խնդիրը, երկրում ստեղծվող համախառն ներքին արդյունքը, հանրահայտ ՀՆԱ-ն: Վերջին տարիներին այն գրեթե չի փոխվում, համաշխարհային հիմնական արժույթով 10 մլրդ դոլարի սահմաններում է: Այս ընթացքում երկիրը կառավարող պահպանողական ուժերը կարծես ՀՆԱ-ի այդ մակարդակը կայուն պահելն են իրենց դերը համարում: Բայց չէ՞ որ յուրաքանչյուր երկրի պարագայում տնտեսությունը շարժվող, փոփոխվող երևույթ է, որի արդյունքում է այն աճ արձանագրում, հանրային պահանջի սպասարկման նոր աստիճան ապահովում: Հայաստանյան հանրությունը նման բան չի տեսնում, որն էլ արտահայտվում է, ասենք, երկրի բնակչության 2015 թվականին արձանագրված շուրջ 50 հազար պակասուրդով:

Այնպես որ, 4-օրյա մեր միասնության ոգեկոչումը տարեշրջանի հազիվ 1 տոկոսն է կազմում, որը, ինչքան էլ ցանկանք, ակնկալվող հետք չի թողնի: Եթե ոչ այսօր, ապա վաղը հերթական անգամ բարձրաձայնելու ենք, թե ինչու ՀՀ իշխանական համակարգը չի իրականացնում իր հիմնական պարտականությունը՝ Հայաստանի Հանրապետության լիարժեք կայացումը: Այն արդարացումներն ու պատճառաբանությունները, թե տարածաշրջանային ու համաշխարհային գործընթացներ կան, որոնք խոչընդոտներ են հանդիսանում, նույնիսկ նվազագույնս չեն հիմնավորվում: Ասենք, յուրաքանչյուր երկրի համար առաջնահերթություն համարվող պարենային անվտանգության առումով: Այստեղ բնագավառի համար հիմնական պատասխանատու մարմինը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, 2015-ի համար երկնիշ աճ արձանագրեց, այն պարագայում, երբ ՀՀ-ն հիմնականում պահվում է ներկրումների հաշվին: Նախարարությունը անզոր գտնվելով լուծելու ոլորտին առաջնահերթն անհրաժեշտ մշակաբույսերի ծավալների ապահովումը, իր վրա է վերցրել, ասենք, հավի մսի որոշակի ծավալի արտադրությունը: 2015-ի համար «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն» փաստաթղթով նախատեսվել էր 16 հազար տոննա թռչնի միս, փաստացի արտադրվել է հազիվ կեսը: Չնշել այսօրինակ ձախողումը հնարավոր չէ, քանզի հարկ էր 2015-ի համար ոչ թե 16 հազար տոննա ծրագրավորել, այլ թերևս 160 հազար տոննա:

Գիտե՞ք` ինչքան է արտադրում երբեմնի մեր համակրանքը վայելող Իսրայելը. 600 հազար տոննա: Հիմա զգում եմ որոշ իմաստակների հրճվանքը՝ իմա՝ հրեաները խոզի միս չեն ուտում, դրա համար էլ թռչնի մսի նման ծավալ են արտադրում: Իսկ ի՞նչ է, մենք խոզի մսի բավարար արտադրությո՞ւն ունենք, ուստի և հարկ չկա՞ հավի մսի լրացուցիչ ծավալներ ունենալու: Արդեն հիշատակված փաստաթղթով այդ կենդանատեսակի մսի արտադրությունը կազմելու էր 32 հազար տոննա, փաստացի եղել է 8 հազար տոննա, 25 տոկոս կատարողական: Եվ հարցը՝ ինչո՞ւ է երկիրն այսպես պահվում, հնչում է ինքնաբերաբար: Ինչո՞ւ, պարոնայք: Առնվազն 3 նախարարություն՝ գյուղատնտեսության, էկոնոմիկայի և տարածքային կառավարման, առնչվում է այս խնդրին: Ինչպես է այս պարզ ու հասարակ հարցը հաջողվում լուծել աշխարհի չորս կողմերում, մատչելի ու որակյալ սննդատեսակներով հանգիստ կենցաղ երաշխավորել իրենց բնակիչներին, ինչը չի հաջողվում հողա-ջրա-ջերմային լավագույն հնարավորություններ ունեցող Հայաստանի Հանրապետությունում: Բա ինչո՞ւ եք հերթական թռչնաֆաբրիկան բացելու ընթացքում երկրի թիվ 1 պաշտոնյային խոստանում, թե ձվից մինչև 1 կգ թռչնամսի ստացումը ընդամենը 35 օր է տևում, երկիրը հեղեղելու եք ձեր արտադրանքով: Եվ ինչո՞ւ է հավի մսի տարեկան արտադրությունն ընդամենը 6-7 հազար տոննա, իսկ ներմուծումը՝ 35 հազար տոննա: Եթե ներմուծողներն են խոչընդոտում, բարի գտնվեք և ուր հարկն է ներկայացրեք, ի վերջո խոսքը ձեր բիզնեսի մասին է, որը ծանոթ-բարեկամ չի ճանաչում: Իսկ ո՞ւր է նայում ՀՀ վարչապետը` երկրի տնտեսության թիվ 1 պատասխանատուն: Չէ՞ որ արտերկրներում հայտնված իրենց հարազատների օգնությամբ մասամբ գնողունակ դարձած մեր համերկրացիներն ի վերջո օգտվում են ներմուծված տասնյակ հազարավոր տոննաների հասնող մսամթերքներից, դրանցից է պատրաստվում ՀՀ-ում արտադրվող ողջ երշիկեղենը: Հարյուր միլիարդավոր դրամներ կազմող այդ գումարները տարին տարվա վրա մի քանի անգամ հայտնվում են արտերկրների արտադրողների հաշիվների վրա, նրանց աճ ու զարգացում են ապահովում, մեր երբեմնի արտադրողներին էլ արտագաղթի պարտադրում:

Կարծես տարածքներն այսկերպ կառավարելու համաշխարհային որևէ օրինակ չկա, ոչ էլ էկոնոմիկայի նախարարության գոյությունն է արդարացված, երբ երկիրն անգամ 1 տոկոսով, ասենք, սպառվող բուսական յուղի արտադրություն կազմակերպել չի պատրաստվում:
Երկիրը խոսքերով չեն կառուցում, այլ տեսանելի ու արդյունք տվող ձեռնարկումներով, եթե կուզեք՝ պատվախնդրությամբ: Աշխարհն արդեն խոսում է «խելացի տնտեսություն» իրողության մասին, մեզանում հազիվ նպատակ է համարվում ընդամենը տնտեսության խելացի կառավարումը: Այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչ են լինում վարկային այն միջոցները, որոնք ՀՀ իշխանությունը տարիներ շարունակ վերցնում է կառավարման կատարելագործման նպատակով: Աշխարհի տարբեր երկրներում հայտնված մեր հայրենակիցները տեսնում ու զգում են, որ հայրենիքում մնացածների կենցաղային այսօրինակ հարցերը լուծելը հիմնարար ջանքեր չեն պահանջում, այլ ընդամենը՝ պարզ ու հասարակ գործընթացների իրականացում: Հաջողվում է, չէ՞, 1 բնակչի հաշվով մեր 1600-1700 քառակուսի մետր վարելահողային կարողունակությունն ունեցող Ավստրիային տարեկան մինչև 600 հազար տոննա խոզի միս արտադրել, երբ ՀՀ քաղաքացուս մեր իշխանություններին ուղղված անգամ 60 հազար տոննան առաջիկա 60 տարիների համար անհաղթահարելի ցուցանիշ է հայտարարվում: 1 բնակչի հաշվով հազիվ 750 քմ վարելահող ունեցող Չինաստանը վերջին տարիներին արտադրում է խոզի մսի համաշխարհային ցուցանիշի կեսը` 50 մլն և ավելի տոննա, 1 բնակչի կողմից սպառումը հասցնելով 40 կգ-ի: Համաշխարհային տնտեսավարությունն այսօրինակ հարցերը հարց էլ չի համարում, ձեռքի հետ լուծում, ապագայի խնդիրներին է նայում, դրանք ժամ առաջ իրականացնելուն նվիրվում:

Ինչպես, ասենք, արևի էներգիան ի շահ իրենց տնտեսություններին ծառայեցնելը: Էլ ինչպես ենք մենք արդեն պարզ ու հասարակ այս խնդիրը լուծելու, երբ անկարող գտնվեցինք մի քանի տասնյակ միլիոն դոլար ծախս պահանջող «Մեղրիհէկ»-ը կառուցելու: Անգամ ՀՀ աղքատիկ բյուջեից յուրաքանչյուր տարի մի 10 մլն դոլար հատկացնելու պարագայում 5-6 տարում այդ հիդրոկայանը կունենայինք, ներկրված էներգակիրներից էլարտադրանք ունենալու կախվածությունը կնվազեցնեինք և երազանք արևային էլեկտրահզորության ֆինանսները կստեղծեինք: Հետո էլ տեսար մարդ-արարածի մեր տեսակին հասու թռչող նավեր ստեղծեցինք, հետն էլ որպես լայն սպառման արտադրանք, հանրահայտ «շիրպոտրեբ»՝ նոր որակի անօդաչու թռչող սարքեր: Դե եկ ու գլուխ դիր այս հայերի հետ, չէ, գլուխ հանիր այս հայերից:


Գրում եմ ու մտորում. որտե՞ղ եմ երևակայության սահմանն անցնում, երազների տրվում, իրատեսությունը խաթարում, ի վերջո՝ մարդկանց ծիծաղն առաջացնում ու զավեշտի միջավայր ստեղծում: Այսօրինակ մտայնությունը հեռու է մերօրյա հայաստանցուց, ով տարբեր գործընթացների շնորհիվ ու արդյունքում լավ գիտի աշխարհի ելումուտը, բարիք արարելու միջոցը, արդյունք երաշխավորելու կերպը: Երկիր մոլորակի վրա գեթ մեկ անկյուն չկա, որտեղ հայն առավել աղքատ է, քան իր բնօրրանում: Այս ամոթալի վիճակը մեզ պարտադրում է կառչել այն ամենից, ինչից հնարավոր է: Մեկ տեսար հայտարարում ենք, թե կրթությամբ ու գիտությամբ ենք աշխարհին ներկայանալու, հաջորդ պահին պատմությունն ու մշակույթն ենք հիշում, մեկ էլ մտաբերում տեղեկատվական տեխնոլոգիաներն ու անգամ զբոսաշրջությունը: Խոսել ամեն ինչից, որտեղ պատահի, ում ասես վկայակոչել, պատճառներ փնտրել, եթե չկան, մոգոնել, միայն թե հիմնախնդրից չխոսել, որն է՝ հասարակ մարդու առաջնահերթությունը, նրա առօրյա խնդիրները, որտեղ էականը սննդակարգն է, որը մեզ ուսումնասիրողները պարզ ու հասարակ են որակում:

Լսում եմ սիրիահայերին, որոնցից ոմանք մինչ հայրենիք ժամանելը մի ինչ-որ շրջան հարևան Լիբանանում են ապրել: Հայերիս զբաղեցրածի մեկ քառորդ տարածքն ունի 6 մլն-ից ավելի բնակչությամբ այս երկիրը, արդեն 50 տարի պատերազմական վիճակի մեջ է, այդ թվում՝ քաղաքացիական: Բայց ոչ նկատելի արտագաղթ ունի, ոչ տնտեսական անկայունություն կամ այլ հոգսեր: Ընդամենը 10 տարվա արդյունքով բնակչությունը 4 մլն-ից հասել է 6 մլն-ի, բյուջեն 8 մլրդ-ից հասել է 15 մլրդ-ի, 60-հազարանոց բանակի պահպանման ծախսերը 500 մլն դոլարից հասցրել է 1,2 մլրդ դոլարի: Եվ բնական է լիբանանաբնակ մեր հայրենակիցների տարակուսանքը, թե՝ հավի միսն ի՞նչ է, որ չենք կարողանում արտադրել: Հարցադրումը տեղին է, քանզի իրենց երկրում այս մսատեսակի տարեկան արտադրությունը մոտ 150 հազար տոննա է, երբ ՀՀ-ի ցուցանիշը հազիվ 6-7 հազար տոննա է: Ո՞ր երկրի օրինակը նշեմ, որ ՀՀ-ն նպաստավոր դիրքով ներկայանա, իշխանություններին հաճելի արտահայտությամբ տարածաշրջանային առաջատար համարվի: Չկա այդպիսի երկիր, իսկ երկրագնդից դուրս երկրների մասին դեռ տեղեկություն, ցավոք, չկա:


Ինչու եմ այսչափ կենտրոնանում պարզ ու հասարակ այս խնդրի վրա. պատասխանը մեկն է՝ այն լուծելն էլ պարզ է ու հասարակ, որն ապացուցել են ամենուր: «Ինչպես»-ը տնտեսավարական մոտեցում է, հասու ինչպես եվրոպացուն ու ամերիկացուն, այնպես էլ ասիացուն ու աֆրիկացուն: Հապա հիշեք, թե ինչ եք մտորում Հոլանդիա ասելիս, որի տնտեսական հզորության վերաբերյալ, վստահ եմ, կասկածներ չունեք: Առաջին հերթին՝ պանիր, կարտոֆիլ ու ծաղիկ: Այս պարզ ու հասարակ խնդիրը լուծելուց հետո են հոլանդացիները սկսել իրենց բազմաճյուղ արդյունաբերությունը ստեղծել, հարմարվել համաշխարհային տնտեսության պահանջներին: Մերօրյա Հոլանդիայում մսատեսակների տարեկան արտադրությունն անցնում է 2,5 մլն տոննան, որտեղ թռչնի մսի արտադրությունը մոտենում է 1 մլն տոննայի, խոզինը՝ 1,3 մլն տոննայի: Երկրի արդյունաբերությունում զբաղված է աշխատունակ բնակչության 17 տոկոսը, գյուղատնտեսությունում՝ 1,8 տոկոսը, իսկ սպասարկման ոլորտում՝ 81,2 տոկոսը: 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն 48 հազար դոլար է, ՀՀ-ում՝ 3 հազար դոլար: Զգում եմ ոմանց տարակուսանքը, թե ՀՀ-ում արտադրվող այս մսատեսակի գինը արտերկրներից ներմուծվածի համեմատ կրկնակի է, այն հասու չէ հարյուր հազարավոր հայկական ընտանիքներին, ուրեմն և կարիք չկա արտադրությունն ավելացնելու:

Սա հիմնականում իշխանահաճ մոտեցում է, քանզի սահմանափակ արտադրությունն է կազմավորում բարձր գներ պահպանելու միջավայրը: Այնպես որ, հարկատուներիս միջոցներով պահվող իշխանության խնդիրն է իր բոլոր հնարավորություններն ու լծակները կիրառելով՝ լուծել հանրային նշանակության այս պարզ ու հասարակ խնդիրը: 5-ի փոխարեն 50 հազար տոննա ցանկացած արտադրության ծավալումը մրցակցային պարտադրված բարենպաստ միջավայր կստեղծի, որը պարզելու համար տնտեսագիտության դոկտորի կամ նախարարի աստիճան ու դիրք ունենալու անհրաժեշտությունը չկա: Ցավալիորեն այսօր ՀՀ-ում քիչ չեն այսօրինակ մտածողության տեր պատասխանատուները, որոնք կարտոֆիլի արտահանումն են գերակա խնդիր համարում, կամ այդ կարտոֆիլից չիփսերի արտադրության կազմակերպումը: Արդյո՞ք կարտոֆիլն է այն մշակաբույսը, որի գերարտադրությունը, արդեն 3-րդ տասնամյակն է, անհասկանալիորեն իրականացվում է ՀՀ գյուղոլորտում, և կարտոֆիլի չի՞փսն է այն արտադրանքը, որի կարիքն ունի մերօրյա հայաստանցին: Նշեմ, որ շարքային քաղաքացիս տեղյակ է նման տեղական արտադրանքին, որի 1 կիլոգրամը վաճառվում է 2500 դրամով: ՀՀ 100 քաղաքացուց քանիսն է ի զորու համտեսելու խրթխրթան այդ արտադրատեսակը, որն առաջացրել է հարգարժան նախարարի մտահոգությունը: Թե՞ այն դարձյալ արտահանմանն է ուղղվելու, որից ՀՀ շարքային քաղաքացին ոչինչ չի ստանում, ինչպես իրեն անհաս կոնյակի, խեցգետնի կամ խավիարի պարագայում:

Այնպես որ, ինչպես Սևակն է ասում.
-Աղաչում եմ, մի վախեցեք անկեղծ խոսքից, անկեղծ խոսքը չի սպանում, փակ խոցեր է միայն բանում:
Կառավարել չի նշանակում այլոց հաշվին բարգավաճել, 1-ը 1000 դարձնել, հազարը՝ միլիոն: Անգամ նման պարագայում քաղաքական գնահատականներ չհնչեցնող ՀՀ քաղաքացիական հանրությունը հույս է տածում, որ գործելը, ազնիվ պահվածքը, բարիքի ստեղծումը ոչ ուշ, ոչ էլ ուշացած գործընթաց են, այլ ինչ-որ բան սկսելու, ինչ-որ բան անելու ժամանակ: Այդ ինչ-որ բանն սկսեք պարզ ու հասարակ խնդրից, որը շարքային քաղաքացու համար գերխնդիր է, ով կոռուպցիա ու մենաշնորհ երևույթների հանդեպ ձեր անզորությունից չէ, որ սրտնեղում է, այլ իր անզոր առօրյայից, առավել կոնկրետ՝ իր սառնարանի դատարկությունից: Նեղացած է ոչ թե ամբարտավան պաշտոնյայի պահվածքից, այլ առավոտյան դպրոց գնացող երեխային համեստ նախաճաշով ոգևորելու անզորությունից: Մեր հարյուրհազարավոր քաղաքացիները արտերկրներում իրենց հանգիստն անցկացնելու հույսեր չեն տածում, ոչ էլ առանձնատներում ապրելու ցանկությունների են տրվում, անգամ ավտոմեքենան ու տան բավարար ջեռուցումն ու լուսավորությունն առաջին անհրաժեշտություն չեն համարում: Նրանք առաջնահերթը մատչելի, որակյալ ու բավարար սննդակարգ են ակնկալում, որը, պարզել են, այլ երկրներում խնդիրների շարքին չի դասվում, իշխանությունները դյուրությամբ այն լուծում են: Մերոնք, տարօրինակորեն, իրենց ուզածն են անում, սկսած հայոց հողում առվույտի ու կորնգանի աճեցումից մինչև պետական կառույցների համար հարյուրմիլիարդավոր դրամներ կազմող հանգստի ու զվարճանքի ապարանքների կառուցումը: Ոչինչ, որ հողն անհրաժեշտ բարիքն ստեղծելուն չի ծառայեցվում, անասունը կեր հայթայթելու նպատակով կիլոմետրեր է կտրում-անցնում, գյուղաբնակն իր ունեցած-չունեցածը գրավի տակ դնում: Կարևորն ինչ-որ կերպ աճեցրած խաղողն է, դրանից ստացված կոնյակն ու գինին, վերամշակողի շահը, անհայտ շուկաներ գտնելու ցանկությունը, որտեղ ուրիշները վաղուց արդեն տեղավորվել են:


Ի դեպ, դրանցից մեկի՝ Ռուսաստանի հետ մեր առևտրի տեսլականի մասին: Ռուսաստանյան հեռուստաալիքների հաղորդումներից տեղեկանում ենք, որ այս երկրի հանդեպ պատժամիջոցների կիրառումը նաև դրականորեն է ազդել ՌԴ-ում սեփական արտադրություն ծավալելու վրա, որին գումարվել է նաև Ղրիմի գործոնը: Սովորական երևույթ են դարձել 400-500 հեկտար հողեր տնօրինող ֆերմերների մասին պատմող նյութերը, խոշոր կաթնա-մսատու անասնապահական ֆերմաներից տրվող ռեպորտաժները, 1 կովից տարեկան մինչև 10000 լիտր կաթ տվող անասնապահական խոշոր տնտեսություններից նկարահանումները, խաղողի այգիներ հիմնելու մասին հաղորդումները։ (Հոդվածն արդեն խմբագրությունում էր, երբ ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևը հետևյալ հայտարարությունն արեց, որ Ռուսաստանը դուրս է եկել գինու առավել մեծ քանակներ ներմուծող երկրների առաջին 5-յակից։ Ահա այսպիսի բաներ)։ 2000-ականների սկզբի եգիպտացորենի հատիկի հազիվ 1,5 մլն տոննա արտադրությունը հիմա հասել է 15 մլն տոննայի: Այն թռչնաբուծությունում որպես անասնակերի լիարժեք բաղկացուցիչ օգտագործելու շնորհիվ հավի մսի տարեկան արտադրությունը 700 հազար տոննայից հասցվել է 3,5 մլն տոննայի, որն ինքնաբավության բավարար ցուցանիշ է, 1 բնակչի հաշվով 20 և ավելի կիլոգրամ, երբ ՀՀ ցուցանիշն անգամ 3 կգ չի կազմում: Կրկնապատկվել, 3 մլն տոննայի է հասել խոզի մսի արտադրությունը, որն առաջիկայում է՛լ ավելի կաճի, երբ ՀՀ-ում այս մսատեսակի գրեթե աննշան ծավալների պատճառով այն, ասենք, եվրոպական գների համեմատ, եռակի-քառակի գնով է վաճառվում և սահմանափակ գնողունակ հատվածին է հասու: Բա չասե՞նք, հեր օրհնած մեր կառավարիչներ, խոզի միսն ի՞նչ է, որ չեք կարողանում արտադրությունը կազմակերպել, խորովածը մոռացած մեր մարդկանց տրամադրությունը բարձրացնել, նրանց բարեմաղթանքին արժանանալ. մի բուռ հայ ենք մնացել, չէ՞...


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2188

Մեկնաբանություններ