ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

«Կուլակաթափություն». այո՞, թե՞ ոչ

«Կուլակաթափություն». այո՞, թե՞ ոչ
29.04.2016 | 00:32

Ապրիլյան չորսօրյա պատերազմը ցույց տվեց, թե ով ով է: Այս պատերազմն ապացուցեց, որ երկրի իրական տերը ժողովուրդն է և ոչ թե... նրանք: Այդ «նրանք»-ի մեջ արժե առանձնացնել երկու մարդու, որոնք, բնականաբար, մտել են պատմության մեջ որպես Ղարաբաղյան շարժման կազմակերպիչ, որպես Ղարաբաղի պաշտպանության պետական կոմիտեի նախագահ: Չնսեմացնելով ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի խաղացած դրական դերը մեր պատմության տվյալ ժամանակահատվածում, միաժամանակ չես կարող չմատնանշել այն ահավոր բացասական հետքը, որ թողել են երկու նախագահները մեր նորագույն պատմության արդի փուլում:


Շուտով կնշենք անկախ պետության կայացման քսանհինգ տարին, և միակ բանը, որ կարելի է արձանագրել որպես հաջողություն, կայացած հայկական բանակն է: Բազմիցս եմ ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմք է դրել այնպիսի մի պետության, որտեղ իշխում են անարդարությունը, պետական ունեցվածքի թալանը, կոռուպցիան, արտագաղթը, կադրային տհաս քաղաքականությունը և, վերջապես, ամենամեծ չարիքը` ընտրակեղծիքը, սկսած նախագահի, Ազգային ժողովի ընտրություններից մինչև բոլոր կարգի հանրաքվեները: Տեր-Պետրոսյանը դրել է հիմքը, Քոչարյանն այն կատարելագործել է, չլինելով անգամ ՀՀ քաղաքացի, «ընտրվել» է ՀՀ նախագահ:


Այն, ինչ ասում եմ, բոլորին է հայտնի, բայց այսօրվա ասելիքս դա չէ, այլ ինչպես դրսևորեցին իրենց երկու նախագահները քառօրյա պատերազմից հետո:


Առաջին նախագահը խոսեց, ցանկացավ մեռած քաղաքական գործչից կենդանանալ և ցույց տալ ժողովրդին, որ, իշխանությունների հետ ունեցած բոլոր քաղաքական տարաձայնություններով հանդերձ, ինքը ժողովրդի հետ է: Ես, որպես հայ, Հայաստանի քաղաքացի, այնքան էլ չեմ հավատում Լևոն Տեր-Պետրոսյանի անկեղծությանը: Հիշենք Ղարաբաղի վերջնական ճակատագրի մասին արտահայտած բազմաթիվ բացասական մտքերից ամենապարտվողականը ` մենք շահել ենք ճակատամարտը և ոչ պատերազմը: Իմ կարծիքով՝ այդպիսի բայղուշ մտքի տեր քաղաքական գործիչը կուզենար անմահանալ իր «հանճարեղ» գուշակությամբ, որից հետո կասեր. «Ես ասել էի, չէ՞, ժամանակին, որ…»: Բայց, տեսնելով ժողովրդի միասնությունը, չասաց: Փոքր-ինչ առաջ անցնեմ և ասեմ, որ այդպիսի միասնության արդյունքում նա եկավ իշխանության, բայց կարճ ժամանակում նրա ապաշնորհ կառավարումը ջլատեց այդ միասնությունը, և ունեցանք այն, ինչ ունեցանք քսանհինգ տարում` հուսահատ, գաղթական ժողովուրդ, թալանված երկիր և հսկայական անաշխատ հարստություն դիզած ազգային բուրժուազիա, որի բարոյական դեմքը երևաց չորսօրյա պատերազմում:


Կհավատայի Լևոն Տեր-Պետրոսյանին, եթե պատերազմի առաջին իսկ ժամերին նա հանդես գար հայտարարությամբ և կոչ աներ իրեն և երկիրը թալանած բոլոր մնացածներին զինել հայոց բանակը, բայց չարեց և խոսեց միայն այն ժամանակ, երբ աղքատ ժողովուրդն ամենուրեք դրական կողմերով դրսևորեց իրեն և հայտարարեց, որ ինքն է իր երկրի տերը: Կոռուպցիայի, թալանի, կեղծիքների հիմնադիր նախագահը ոչինչ չասաց իր ստեղծած ապօրինի «դասակարգին»: Նա կատարեց իր դերը, թոզ փչեց հասարակ մարդկանց աչքին, ձևացնելով, թե սատարում է Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանի քաղաքականությանը, մոռանալով, որ երրորդ նախագահը արտաքին քաղաքականության հարցերում ¥ներքինի մասին լռում եմ¤ իր նախորդներից ավելի լավ է կողմնորոշվում:


Բոլորն սպասում էին և այն էլ՝ անհամբերությամբ, թե ինչ կխոսի երկրորդ նախագահը: Բայց նա լռում էր, ոչ թե զղջալով, որ իր մեծամտության պատճառով դուրս է թողել Ղարաբաղը բանակցային գործընթացից, այլ վիրավորված ինչ-որ մեկից, մոռանալով, որ այդ ինչ-որ մեկը հայ ժողովուրդը չէ, և կգա մի օր, նա էլ իր նման թոշակառու կլինի: Երկրորդ նախագահը լռեց, որովհետև ոչինչ չուներ ասելու, նա չէր կարող ասել՝ իմ հովանավորությամբ երկիր թալանողներ, եկեք այսօր մարդ լինենք, վեր կանգնենք ընչաքաղցությունից, հեռանանք դժոխային մեր էությունից, նմանվենք այն քսան տարեկան ջահելներին, որոնք հայրենիքի համար իրենց կյանքն են տալիս, մենք էլ անբանի հայացքով և բութ անտարբերությամբ չանարգենք նրանց հիշատակը, այլ զինենք բանակը բոլոր տեսակի արդիական զենքերով: Հազիվ թե: Չկա որևէ գող, որ գողացածից փոքր-ինչ բաժին հանի աղքատին:
Նեղանում ես, հարգելի Ռոբերտ Սեդրակովիչ: Ես հենց այնպես ոչինչ և երբեք չեմ ասում: Պարզապես հարցնեմ՝ Հայաստանի կապի միջոցները որ վաճառեցիք, Պողպատյանն էր, չէ՞, նախարարը, Դուք որևէ կապ ունեի՞ք այդ վաճառքի հետ, և հետո հարուցված քրեական գործն ի՞նչ ելք ունեցավ: Կոնյակի գործարանը քանի՞ միլիոնով ծախեցիք: Ես չեմ հավատում, որ դուք ձեռք եք տաքացրել այս կամ այն բանի վաճառքի ժամանակ, բայց չեմ էլ կարող չհարցնել՝ որքա՞ն է Ձեր և Ձեր ընտանիքի ունեցվածքը: Հա, մի ժամանակ գրել էի, թե ինչեր ուներ Ձեր՝ այժմ հանգուցյալ վարորդ Գրիշան, և եզրակացրել՝ էս ո՞ր աշխարհն է, որ մի վարորդ ավելի հարուստ լինի, քան իր տերը: Այդ բոլորը բանավոր խոսքի ոլորտից են, բայց այն, ինչը հիմա կհիշեցնեմ Ձեզ, հաստատ սեփական ականջով լսածից է: Չէ, հանգուցյալ Պողոս Պողոսյանի մահվան մասին չեմ ուզում հիշեցնել: Դա թողնենք Աստծո հայեցողությանը:


Էն «Լինսի» հիմնադրամով, որ վերանորոգում էին Երևանի փողոցները, բազալտե «բորդյուրների» մեկ գծամետրը իրականում ի՞նչ արժեր, և որքա՞ն էր այն ձևակերպվում: Հա, եթե չեմ սխալվում, Ձեր աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն էր «Լինսի» հիմնադրամին «քավորություն» անում: Եվ չար լեզուներն ասում են՝ այդ նույն տարում Թումանյանն իր բնակարանին կից հարևանի (Սայաթ-Նովա փողոցի վրա) երեքսենյականոցը գնեց և ընդարձակեց իր «նեղլիկ» կացարանը: Այն, ինչ գրում եմ, լսել եմ սեփական ականջով: Իմ կոլեգա Գրիշա Մանուկյանի հայրը մահացել էր, և նա ինձ խնդրեց մեքենայով գնալ Էջմիածնում գտնվող գեներալ Մելքոնյանին պատկանող քարի արտադրամաս, հոր գերեզմանաքարն այդտեղ էր պատվիրել: Մենք դատախազության նույն վարչությունում էինք աշխատում: Ես որևէ բանի չեմ խառնվել, միայն իմացա, որ այդ արտադրամասում էին պատվիրել «Լինսի» հիմնադրամով վերանորոգվող Երևանի փողոցների բազալտե «բորդյուրները»:


Երբ վերադառնում էինք, Գրիշան ինձ ուղղակի «կծեց», ասելով. «Ես քեզ խնդրում եմ՝ մյուս անգամ ինձ մոտ չխոսես հայրենասիրությունից, Ղարաբաղը սիրելուց և նման բաներից»: «Ինչո՞ւ, գժվեցի՞ր»,- հարցրի: «Բա ի՞նչ անեմ, Լինսի փողերը բերել են և «օրինական» ճանապարհով, պետականորեն գողանում են: Մի մետր բորդյուրի բազալտը փաստաթղթերով ցույց են տալիս 30 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ իրականում վճարում են 12 դոլար: Դե տես, քո հայրենասեր պաշտոնյաները որքան են թալանում»: Իմ հարցին, թե ո՞վ ասաց քեզ այդ սուտը, նա դառը ծիծաղեց, ասելով. «Բազալտե բորդյուրը տաշող բանվորն ասաց, ով խաբելու ոչ մի շահ չուներ»: Ասում են՝ վերջում գլխի գցեցին ազնիվ Քըրքորյանին, թե ինչն ինչոց է, և նա հրաժարվեց այդ ծրագիրը ֆինանսավորելուց:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Կուզենայի հարցնել երկու նախագահներին՝ որքա՞ն եք թալանել Դուք, Ձեր շրջապատը: Դեռ որքա՞ն ժամանակ աղքատի 20-ամյա որդին պիտի զոհվի ձեր թալանի պահպանման համար:
Ժողովուրդ, տեր կանգնենք մեր երկրին: Մենք շատ հարուստ երկիր ենք: Աղքատ երկրի գաղափարը ծնել են նախկին նախագահները:
Եթե աղքատ ենք, որտեղի՞ց ձեր կուտակած ահռելի հարստությունները:
Կոչ անել, թե տվեք ձեր գողացածի մի մասը հանուն բանակի հզորացման, անիմաստ է:
Որքան էլ ասենք՝ չի լինելու «կուլակաթափություն», միևնույն է, եթե ոչ վերևից, այն կգա ներքևից:

Դիտվել է՝ 3203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ