ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Մեր ծռերն ու բոռերը

Մեր ծռերն  ու բոռերը
22.04.2016 | 11:53

Ես շատ անհանգիստ եմ Արցախի համար։ Ես շատ եմ նախանձում Արցախին, որտեղ լեռնային թարմ օդում կենտրոնանում է կյանքի այնպիսի թանձր իմաստ, որ այն կարելի է արդեն տաք սպասի նման ուտել գդալով։
Դենիս ԴՎՈՐՆԻԿՈՎ, ազնվական ռուս մտավորական

ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՀԱՍՑՆԻ՞ ՏԱՃԱՐ
(ֆելիետոնն այգաբացին)
Եվս երկու օր, և մենք դարձյալ գլխիկոր կհաղթահարենք Ծիծեռնակաբերդի բարձունքը (քանի՞ քայլ է մինչև անմար կրակի կոփածո պսակը)։ Եկեք քայլենք դեպի Մեծ եղեռնի ցավն ու դավն ամբողջացնող հուշակոթող և թանգարան։ Եկեք խորհենք ու ծնկի գանք, հետո ելնենք ու մեզ թափ տանք, զի միայն խոհուն մտքով և սրտով արի կպատասխանենք հարցին դարի՝ 100 տարին մեր թիկունքում է, առջևում է հաջորդ դարը, մեր արյունածոր վերքը արդյո՞ք կսպիանա հաջորդ դարում։ (Ներող եղեք, մեր անմեղ-մեղավոր նախնիք, սակայն ինչո՞ւ Գողթան երգերի խաս ու ղումաշ նվագների ներքո բռնկվեց արտագաղթի մեծ ճարակն ու մարեցին լեռնաշխարհի ճրագները։ Սեփական երկիրը սեփական կամքով դատարկելու որոշումը որքա՜ն կենսունակ է։ Չէ՞ որ ժուկով-ժամանակով ոմանք խռովեցին լեռնաշխարհից և բրիտներ դարձան և իրենց անունը դրոշմեցին աշխարհի բախտը հաճախ տնօրինող և հայատյաց կայսրությանը։ Ոմանք էլ, պատմում են, լքեցին Սասնա կենսալիցք աղբյուրները և քայլեցին դեպի հյուսիս, և Կովկասի լեռներից էլ անդին մի մարտաշունչ եզերք ծնվեց։ Հետաքրքիր է, արտագաղթելիս մեր երեկվա, մեկել օրվա, նաև ներկա արտագաղթյալները գլխիկո՞ր են առաջ քայլել, թե՞ անվարան)։ Իսկ հուշաբլուրը պարտադրում-պահանջում է լինել զգոն, աշխարհն ալեկոծվում է, նոր խնդիրներ է պարտադրում մարդկությանը։
Զգոն լինենք և լինենք միաբան։ Եվ հասկանանք վերջապես՝ աշխարհը երեկ էլ, այսօր էլ, վաղը նույնպես շահի շուրջ է շուրջպար բռնում և նախորդ դարասկզբին եթե գեթ մի քանի պայծառ քաղաքական միտք առկայծեր հայկական բարձրախավում, եթե միայն ֆիդայական գոռ սխրանքն ու քաղաքական սթափ միտքը դաշինքվեին, ապա կխուսափեինք աղետներից մեծագույնից։ Այսօր արդյոք սխրանքն ու միտքը դաշնագի՞ր են կազմել։ Ավա՜ղ, պետությունը մեր լլկվում է ոմանց վավաշոտ ձեռքերում։ Եվ այս ձևով ինչպե՞ս պետք է դիմակայենք։ Մեր պետության լլկիչները խիստ անհոգ են, զի նրանց համար կա մեկ արժեք ու ապագա՝ ոսկե հորթը՝ որպես ժամանակի ու հաղթության պարագա։ Մի խոսքով, ճանապարհը մեր պիտի տաճար տանի։ Այլ ճար չկա։
Հուշաբլուր, հուշակոթող և թանգարան։ Մեր նոր ուխտի ավետարան։ Խորհո՞ւրդ խորին, թե՞ պատվիրան մոռացության։

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
(պամֆլետը՝ ճիշտ ցերեկը)
Հուշաբլուր, հուշակոթող և թանգարան։ Մեր նոր ուխտի ավետարան։ Խորհո՞ւրդ խորին, թե՞ պատվիրան մոռացության։ Մոռացության հակոտնյան անմահությունն է, և ընտրությունն էլ ձերն է, ներկա իշխանիկներ և այլք։ Ապրիլի 25-ից հետո սկսվում է մի նոր դարաշրջա՞ն, թե՞ կբացվի երկիրը թունավորած դավադրության մի նոր հորիզոն։ Զարմանալի՜, գուցե անգամ զավեշտալի, բայց ինձ 1991-ից գերում-հմայում է մեր իշխանաց խիստ անաղարտ հավատը։ Այդպես եղել է, այդպես էլ ընթանալու է դեպի, չէ, ոչ թե առաջ, այլ ուղիղ հրետակոծությամբ ուղիղ դեպի հավերժի գիրկը։ Է՜հ, իմ բարեկամ անխոնջ բոռեր, երկար-բարակ կշտանալուց փոքրիշատե բթացել եք, զի մոռացել եք, որ այն, ինչն ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Եվ սա վերին հրահանգ է։ Մի խոսքով, տիարք բոռեր, բոռուհիներ ու բոռիկներ, հազա՜ր ողորմի ձեր անցավորներին, գոնե նրանց հիշատակին երկու օր անց ձեր մեղքերը անբավ-տձև և գունագեղ նետեք հուշակոթողին կից ձորը, ի պահ ձորաբնակ առնետներին, զեռուններին և շներին թափառական։

Մի խոսքով՝ վաղը չէ մեկել օրը հայոց ծռերը (այսինքն, ՀՀ չքաղաքականացված քաղաքացիները, ես և իմ 7777 ընթերցողները) պիտի փորձեն դարձի բերել նորահայոց թավշապատ բոռերին։ Ժամանակն է, և մինչև մեր ոսկեհունդ ցորյան հասկերի հասունացումը պետք է լուծենք գերխնդիրը, կայացնենք պետությունը, թե չէ այժմ էրգիրը մեզնից երես է դարձրել, երկիրն էլ խռովել է, ու մի տագնապ է սիրտս մաշում. հանկարծ երկինքը չանտեսի մեզ։

Անշուշտ և հարկավ, վստահաբար և անպատճառ շատ տոկուն են և գիտուն են մեր բոռերը։ Տեսեք, նրանց աշխարհաքաղաքական գերհեռատեսության պատճառով նրանց անբավ ախորժակը բավարարվեց իսկույն ևեթ և մինչ օրս չի փակվում։ Այսպես, Արևմուտքից Հայաստանը բաժանված է օվկիանոսներով։ Ռուսիան մեզ (գիտեք հարկավ) սահմանակից չէ, զի մեզ բաժանում են վրացական դալար հովիտներն ու հյուսիսկովկասյան հովվաշների հավատարիմ հանգրվան լեռները։ Իրանից էլ մեզ բաժանում է մայր Արաքսը, 50 մետր լայնությամբ։ Բոռերը (այսինքն՝ 1990-ին իշխանության եկած ազգընտիրները՝ ՀՀՇ երեքտառանոց հապավում-անվամբ) մերժեցին հարևան Իրանի բոլոր հիմնարար առաջարկները՝ Հայաստանի տնտեսության պահպանման (նաև՝ աստիճանական զարգացման), Արցախի թնջուկի վերջնագրային կարգավորման և այլնի տեսքով։ Այն օրերին գիտակ մարդիկ սրտով անկեղծ պնդում էին, պետության ղեկն ստանձնած տղաներն անկարող էին ներել Իրանին, անմոռաց էին նրանց հոգում Ավարայրի զորականչը, Շահ Աբասի ներխուժումը և այլն, և նախընտրեցին դաշինք կազմել արևմտյան քաղաքակիրթ-բարոյազուրկ խառնարանների՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ։ Չէ՞ որ ամերիկյան կաթի փոշին քանի՜-քանի գաղթյալ մանուկ ու ծեր փրկեց, է, ժամանակը չէ՞, որ ազգային մեր երախտիքը հայտնենք նրանց և կռանանք ու կլանենք վարկերը բոսոր։ (Է՜, ինչ անենք, որ արևմտյան վարկերը նպաստեցին նորաբողբոջ բոռադասի կայացմանը, չմոռանանք այն վեհ տոլման, որը պատրաստում էինք ՆԱՏՕ-ի զինապահեստներում, դեռ 1949-ին ամբարված և ի սրտե հայերիս նվիրաբերված կատվի կերից)։ Ռուսիա՜ն, մայր Ռուսաստանը, գրեթե արյունակից, անդրդվելի հավատակից, մեր միակ հույսն ու ապավենը։ Պետայր-բոռերի երկրորդ սերունդը ոչ պակաս երախտագետ էր և, հաշվի առնելով նոր Ռուսիայի նշանակալից դերը տարածաշրջանում, նրան նվիրաբերեց երկրի ռազմավարական ողն ու կողը, երկաթուղին և ՀԷՑ-ը, գազային պատերազմում էլ դարձավ ՌԴ-ի, չէ, ի՜նչ գործընկեր, հլու-նվիրյալ հպատակը։
Ծանո՞թ բաներ հիշեցրի։ Անշուշտ, սակայն հիշելով՝ պետք է շրջադարձվենք, զի պահը այսօր պատմական է, «և՛-և՛»-ը վաղուց հանգուցյալ է («և՛-և՛», այսինքն՝ բոռային հաղթարշավը, մահաբեր դաշինքն արևմտյան արժութային հիմնադրամ-կառափնարանների և Ռուսիո սեմիտածին օլիգարխիայի հետ արյունակցությունը), ասպարեզում կա՛մ-կա՛մն է, կամ բոռերն են, կամ էլ՝ ծռերը։ Այսինքն, կամ ռուս-ամերիկյան դաշինքն է մեզ հնազանդեցնում, կամ էլ մենք (հառաչում եմ հարյուրմեկերորդ անգամ) ազգայնացնում-պետականաշնորհում ենք մեր ողջ տնտեսությունը, դաշինք ենք կնքում հարևան Իրանի, հեռավոր Սերբիայի և այլոց հետ և բոռերին ապաշխարության ենք քաշում դեպի սահմանամերձ գյուղերը։ Տեսեք, ինչու իրանական քաղաքատնտեսական փրկօղակը կախաղանի պրկօղակ դարձավ բոռերի համար։ Մի պարզ, հասկանալի է, այո՜, այո՜, հարգելի պատճառով. Իրանը կայուն պետություն է, արիական նախասկզբով առաջնորդվող և որքան հարազատ է ծռերիս, նույնքան էլ թշնամի է բոռերին։ Հարկավ մենք դաշինք ենք կնքելու Իրանի հետ միայն փոխշահավետ կենսաշահի տեսանկյունից։ Բոռերի քանի՞ տոկոսն է այսօր պատրաստ ենթարկվելու ծռերիս սահմանադրությանը։ Ենթադրելի է՝ ուղիղ կեսը։ Մյուս մասը գողոնը կորցնելու մահաբեր վախից պատեպատ է խփվում։ Սրանց լեղապարկերը, անշուշտ, պայթել են, և վստահ եմ, ժամանակն է նրանց պայտելու և անարգանքի սյունին գամելու։ Թող կոփվեն հոգեպես։ Մեզ էլ մի բան է մնում այսօր. հորդոր վերնադասին՝ դարձի՛ եկեք, տիարք և տիկնայք, դարձի եկեք և կառուցեք հայոց տունը։ Ի զորո՞ւ եք։ Դո՛ւք գիտեք, ձեզ տրված է մի երանելի ժամկետ, դարձի եկեք, ուրիշ ոչինչ։

Եկեք այսօր նախ և առաջ մենք դարձի գանք։ Մենք՝ ծռերս, նորահայոց գոռ խենթերս, հայոց ազգի երեկ, այսօր նահատակված սուրբ այրերի պարտապաններս։ Իսկ ի՞նչ է պետք ձեռնարկել։ Ոչինչ առանձնապես, պարզապես մեր աջը մեկնենք բոռերին և առաջարկենք ձեռնարկել երկու պետականաշեն գործ։ Առաջինը (սրտով արի, մտքով էլ արդար)՝ վերադարձնել դարակազմիկ գողոնը, դրանով փակել պետական պարտքը, քառապատկել կենսաթոշակները։ Եվ այլն։ Եվ երկրորդ՝ հարկ է անշուշտ, որ նրանց զավակները ծառայեն երկրի սահմանագլխին։ Ի դեպ, ընդառաջ գնալով ընթերցողներիս պահանջ-խնդրանքին, պաղատում եմ ներկա վերնադասին անուն առ անուն և պատկեր առ պատկեր՝ ներկայացրեք զորակոչային տարիքում գտնվող ձեր արու զավակների գտնվելու վայրերը, զորամասի գաղտնահամարը։

ԴԵՆԻՍ, ԿԵՆԱՑԴ
(իրիկնաժամ է, սարկազմի պահն է)
Արգո Դենիս, այն էլ Դվորնիկով, մեծապատիվ հայրենիքդ և Կրեմլը, ցավոք, հաճախ հակոտնյա են հայոց հարցում։ Կրեմլը գուրգուրում է մեզ, հիշում է ռուսական գահին մատուցած մեր աննախադեպ ծառայությունները, մեջ է բերում Պյոտր Մեծի և այլոց հայանպաստ խոսքերը, բայց և այնպես հենց պահը գա, դավում է մեզ։ Սակայն ինքդ հարկավ կեցցես, ուղղափառ և երկնաչ պատգամախոս, խմում եմ կենացդ արևշատության մի խաս թասով, մեջը լցված անապակ գինի։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ