ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Դեռ էլի ինչքա՜ն Երևանը կմնա պարարտ հանգրվան զանազան ոտնձգությունների համար

Դեռ էլի ինչքա՜ն Երևանը կմնա պարարտ հանգրվան զանազան ոտնձգությունների համար
05.04.2016 | 00:15

Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

2015 թ. փետրվարի սկիզբն էր, երբ ցրտաշունչ գիշերվա մութ քողի տակ Ազատամարտիկների փող. N 76 բարձրահարկ շենքին կից, պոմպակայանների փոքր տարածքում կտրվեցին հաստաբուն ծառեր, խաղողի վազեր, պոմպակայանի օդատար մետաղական խողովակներ։
Հետագայում պարզվեց, որ մեզնից ոչ հեռու սեփական տան բնակիչ Վահան Բեգոյանը հավակնություն ունի տիրանալու այդ տարածքին, իր բառերով ասած՝ «նոր պիվնոյ» բացելու համար։ Նա իր տան բակում նման մի բան ունի։ Դրված են սեղաններ, կան սպասարկողներ, բացովի գարեջուր և շատ հաճախորդներ, որոնք սեզոնի ժամանակ մինչև ուշ գիշեր երաժշտությամբ և իրենց աղմուկով անհանգստացնում են շրջակա բնակչությանը։ Հիմա նման բանը պիտի տեղափոխվի մեր N 76 շենքի անմիջական լուսամուտների տակ։ Սա ընդլայնվող բիզնես է, որը երևի ունի նաև հովանավորող։ Նշված տարածքում առկա են երկու դիտահորեր՝ ջրատար խողովակների և փականների համար։ Առկա է երկու պոմպակայան, որոնցից յուրաքանչյուրն ունի 3,5x5x2 մ չափսեր։ Մեկում վերջերս տեղադրվել են իտալական արտադրության երկու բարձր որակի ավտոմատ կարգավորվող պոմպեր։ Մյուս պոմպակայանում ջրագծերն են բազում փականներով և ջրաչափ։ Այս պոմպակայանները սպասարկում են վեց բազմահարկ՝ N 76, 11, 12, 14, 16 և 18 շենքերը։ Այս տարածքով են անցնում բարձրավոլտ և ցածրավոլտ բազմաթիվ մալուխներ, որոնք մտնում և դուրս են գալիս մոտակա N 335 ենթակայանից։ Այս տարածքով է կատարվում 76 շենքի աղբահանությունը նկուղային հարկից։ Քաղաքացիները ստիպված երեք բողոք-նամակ գրեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Առաջինին պատասխանեցին, որ նման բան չկա։ Երկրորդին պատասխանեցին, որ Վահան Բեգոյանին հատկացվել է հողատարածք 2,3x2,3 մ՝ պոմպակայան կառուցելու համար։ Բայց այն դեռ չկար, հետո կառուցվեց մի քիչ հեռու, մայթի վրա, հողի երեսին, խոչընդոտելով հետիոտների իրավունքները, նեղացնելով հանդիպակաց մեքենաների ելքն ու մուտքը։ Սրամիտներն այդ կառույցին տվեցին նոր անուն՝ «բոմժերի զուգարան»։ Երրորդ նամակին, որը գրվեց 2016-ի փետրվարի 2-ին, մինչ օրս պատասխան չի տրվել։
Բնակիչներս ստիպված խնդրանք-դիմումով դիմեցինք «Համատիրությունների նախագահների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արամ Գրիգորյանին՝ մեր իրավունքները պաշտպանելու համար։ Արամ Գրիգորյանը, ծանոթանալով նյութերին, հանձն առավ օգնել քաղաքացիներիս: Տարոն Մարգարյանին ուղղված նամակում Արամ Գրիգորյանը նշել էր, որ «բազմաբնակարան շենքերն սպասարկող կառույցները տվյալ շենքի անբաժան մասն են հանդիսանում, իսկ հարակից տարածքներում նոր շինություն կառուցելու թույլտվություններ տալու ժամանակ անպայման պետք է հաշվի առնել բնակիչների կարծիքը, ինչը չի արվում։ Անհասկանալի է քաղաքապետարանի այն որոշումը, որ նշված տարածքում հողահատկացում է կատարվել մասնավոր անձի։ Ինչու և ինչ իրավական հիմքով պետք է մասնավոր անձը քաղաքապետարանի համար իր հաշվին կառուցապատում իրականացնի։ Այստեղ ինչ-որ բան այն չէ։ Օդից կախված է մնում ներկա ջրապոմպերի, ջրի մագիստրալային խողովակների, փականների համար նախատեսված շինության և տարածքի խնդիրը։ Հենց այնտեղ էլ թաքնված է բնակիչների իրականություն դարձող կասկածը։ Անտեսված են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի հիմքով (հոդվ. 22) ը, թ, ժ կետերը։ Դուք պարտավոր էիք Ձեզ դիմած քաղաքացիների հետ հանդիպել և տեղում լայն քննարկում կազմակերպել, բայց չեք արել, խախտել եք օրենքը։ ՈՒստի խնդրում ենք տրամադրել ստույգ տեղեկություն գրությամբ բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ և կազմակերպել քննարկում նշված վեց բարձրահարկ շենքերի բնակիչների հետ»։
Վերը նշված նամակին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա. Քասարյանը տվել է հետևյալ պատասխանը.
«Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի N 76 շենքի հարևանությամբ առկա է N 76/2 հասցեով սեփականության իրավունքով քաղաքացի Վահան Բեգոյանին պատկանող շինություն և դրանով ծանրաբեռնված հողատարածք և այս հողամասին հարակից՝ 76/4 հասցեով տարածքում շրջակա բնակելի շենքերի ջրամատակարարումն ապահովելու նպատակով կառուցապատող Վահան Բեգոյանին պոմպակայանի կառուցման համար տրամադրվել է 18.08.2015 թ. հ. 01/18-07/1-բ-4964-473 նախագծման թույլտվությունը, 23.09.2015 թ. համաձայնեցվել է հ. 01/18-05/1-բ-537-698 աշխատանքային նախագիծը և տրվել է հ. 01/18-բ-5237-795 շինարարության թույլտվությունը»։ Այսինքն` սկզբում՝ 23.02.2015 թ. դրությամբ, ոչինչ չկար համաձայն քաղաքապետարանի ուղարկած նամակի, Ա. Քասարյանի ստորագրությամբ։ Որոշ ժամանակ անց, երբ Վահան Բեգոյանը սկսեց ակտիվանալ, բնակիչներս գրեցինք երկրորդ դիմում-բողոքը (26.10.2015 թ.) ուղղված քաղաքապետարանին։
Ի պատասխան 30.10.2015 թ. մենք ստացանք հետևյալ պատասխանը.
«Ի պատասխան Երևանի քաղաքապետին հասցեագրված Ձեր 26.10.2015 թ. հ. Կ-3060 դիմումի, տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից 2015 թ. հոկտեմբերի 28-ին կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ Ազատամարտիկների պողոտա հ. 76/4 հասցեում պոմպակայանի կառուցման համար առկա է Երևանի քաղաքապետարանի հետ 23.09.2015 թ. համաձայնեցված հ. 01/18-05/1-բ-5237-698 նախագիծը և Վահան Բեգոյանին 23.09.2015 թ. տրված հ. 01/18-բ-5237-795 շինարարության թույլտվությունը, և նշված հասցեում փաստացի կառուցված է վերոնշյալ պոմպակայանը»։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանն է ստորագրել այս նամակը: Խոսք չկա, մի քիչ խուճուճ է մոգոնված, բայց ստացվել է։ Հետո որոշեցին որպես նվիրատվություն 2,3x2,3 մ հողահատկացում կատարել այդ փոքր տարածքում մարդուն՝ դարձնելով սեփականատեր և որպես հասցե պիտակավորել հ. 76/2 ու դրանով ծանրաբեռնել հողատարածք, իսկ դրան հարակից նոր պոմպակայան կառուցելու համար հատկացնել հ. 76/4 նոր հասցե, իսկ «Երևան Ջուր» ՓԲԸ-ին էլ խնդրել ապահովել շրջակա բնակելի շենքերի ջրամատակարարումը։ Հետաքրքիր է՝ այդ նոր հասցեները՝ հ. 76/2 և 76/4-ը, ինչ չափսեր ունեն և որտեղ են գտնվում։
Քանի որ պոմպակայանների տարածքում 3 անգամ կատարվեց ծառահատում (սկզբում հաստաբուն ծառերի), հետո երկու անգամ ոչնչացվեցին տնկիներ, ուրեմն պոմպակայանները, դիտահորերը պիտի քանդվեն, հնարավոր է նաև տարածքը չբավարարի կառուցապատողներին, կարելի է շենքը հրել հեռու, ինչքան որ պետք է։
Մենք՝ թվով 6 բարձրահարկ շենքերի բնակիչներս (240 բնակարան, 1200 բնակիչ թիվ 76, 11, 12, 14, 16 և 18 շենքերի), քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրում ենք հարգել մեր իրավունքները, միգուցե նա անտեղյակ է այս անխոհեմ արարքին։ Վերջերս հեռուստատեսությամբ դիտեցինք Ձեր ելույթն ավագանու նիստի ժամանակ, ասում էիք, որ մենք պետք է լինենք մեր քաղաքացիների կողքին, ամեն ինչ պիտի անենք նրանց բարօրության համար։
Հարգելի քաղաքապետ, մենք Ձեզ հավատում ենք, միգուցե մեր ձայնը Ձեզ չի հասնում, դրա համար այս անգամ դիմում ենք Ձեզ «Բաց նամակով»։
Ամեն անգամ խնդրել ենք, որ քաղաքապետարանի մարդիկ՝ պաշտոնյաներ, գան, հանդիպեն մոտ 240 բնակարանների բնակիչներիս հետ։ Բայց այդպես էլ ոչ ոք մեր ցավերին ականջալուր չեղավ։
Ի դեպ` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հաճախակի նշվում են աճուրդով վաճառվող հողատարածքներ, եթե Վահան Բեգոյանը կընտրի իրեն հարմար տարածք, բնակիչներս խոստանում ենք դրամահավաքով օգնել նրան, միայն թե մեր այս լավ կառույցին ձեռք չտա։

Ո՞ՒՄ ՇԱՀԵՐՆ Է ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ
Այս նամակի հրապարակման տակ ստորագրել են Ազատամարտիկների թիվ 76 շենքի 30 բնակարանների, Աթոյան փողոցի անցուղու թիվ 11, 12, 14, 16 և 18 շենքերի 131 բնակարանների ներկայացուցիչ-բնակիչները, սակայն խնդիրն առնչվում է 240 բնակարաններում ապրող 1200 բնակչի։ Այսպիսով, մի կողմում հասարակությունն է, մյուսում՝ ոմն գործամոլ, քաղաքապետարանն էլ նրան թև ու թիկունք կանգնած։ Դաժանորեն հանրահայտ և ցավալիորեն աներես մի պատկեր է, որը համաճարակի նման ցանկապատել է ողջ մայրաքաղաքը։ Ինչ խոսք, գործարար մարդիկ (նաև այս «հերոսամարտի» գլխավոր գործող անձ տիար Վահան Բեգոյանը) հայրենանվեր գործ են կատարում, «շենացնելով» Երևանը զանազան շահութաբեր օբյեկտներով։ Սակայն գրեթե միշտ և գրեթե ամենուր գործարար-քաղաքապետարան «երկխոսությունը», մեղմ ասած, քաղաքաբնակներիս սիրտը չի շահում, իսկ ավելի ստույգ՝ հաճախ պատուհասում է և՛ շրջակա միջավայրը, և՛ բնակիչների անդորրն ու իրավունքները։ Բայց մի՞թե այլընտրանք իսկապես չկա, մի՞թե անհնար է կառուցապատել և աշխուժացնել քաղաքային միջավայրն ու կյանքը՝ նախ գերադասելով երևաբնակներիս շահը։ Ի վերջո, կա մի առաջնակարգ խնդիր. Երևանի բնակչությունն իր բազմաթիվ բողոքներով, երբեմն էլ հրապարակային ընդվզումներով միշտ էլ ճիշտ է, քանի որ առաջնորդվում է նախ և առաջ մայրաքաղաքի բնականոն զարգացման հեռանկարով։ Եվ դեռ էլի ինչքա՜ն Երևանը կմնա պարարտ հանգրվան զանազան ոտնձգությունների համար, դեռ անհայտ է, սակայն միաժամանակ քաջ հայտնի է՝ մի օր ողջ Երևանն է ոտքի կանգնելու, և նա է լինելու դրության տերը ամենուր։
Եվ այս խնդիրը բարձրացնելով՝ անկասկած նկատի ունենք, որ Երևանի քաղաքապետարանի ղեկավարությունն այս խնդրին լուծում կտա ըստ արժանվույն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ