ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Անորոշություն ու հուսալքում

Անորոշություն ու հուսալքում
22.03.2016 | 11:30

Հայաստանյան հանրությունը ցնցումների մեջ է: Եվ ոչ 1 տարի կամ 1 տասնամյակ, այլ ամբողջ քառորդ դար: Եթե 1990-ականների սկիզբն այսուհանդերձ ինչ-ինչ բացատրություններ ունի, կապված պատերազմական իրադարձությունների ու համակարգային փոփոխությունների հետ, ցնցումները պարզապես անհասկանալի են հաջորդ 15-20 տարիների ընթացքում: Նույն համայնավարական շրջանն ապրած մեկ տասնյակից ավելի երկրներն անցած ժամանակահատվածն օգտագործեցին սեփական կյանքը տնտեսական զարգացումների օգնությամբ բարեփոխելու նպատակով, մենք տրվեցինք քաղաքական կողմնորոշումներով երկիր կառուցելու գայթակղությանը: Այն հիմնականում տարվում է «փոքր ազգ ու պետություն ենք» բացատրությամբ, երբևէ փորձ անգամ չանելով հիմնավորել այդ փոքր հռչակվածի չափորոշիչը: Եթե նկատի է առնվում համաշխարհային վիճակագրության կողմից օգտագործվող 1 քառակուսի կիլոմետրի վրա բնակչությունը, ապա մեր 100 հայաստանցուց կրկնակիից- քառապատիկ խիտ բնակեցված բարեկեցիկ ապրող շատ երկրներ կան: Եթե բնակչության թիվը, ապա այստեղ նվազագույն ջանքերի արդյունքում մենք կարող ենք 7-10 մլն լինել, որպիսիք նույնպես Երկիր մոլորակի վրա քիչ չեն: ՈՒրեմն ո՞րն է մեր այս տխուր վիճակի բացատրությունը, երբ երբեմնի դրախտավայր հռչակված երկիրն իր անգամ նվազագույն 3 մլն մարդկանց պահել չի կարողանում, նրանց համաշխարհային ազգի է վերածում, այդ անհեթեթությունը տիրապետող գաղափար դարձնում, իմա՝ ճշմարիտ է, որ հայրենիքում առաքյալներ չեն լինում:
Հարցնենք. մարդ-արարածի ո՞ր տեսակն է Տիգրանը Մանսուրյան, ոչ հայկական անվամբ Ռալֆը Յիրիկյան, գերմանաբնակ հայաստանցի Արթուրը Աբրահամ, Արան Գևորգյան, Մրոն, իմ լավ ընկեր Հրաչը Մաթևոսյան, վերնիսաժցի արձակագիր Լևոնը Ջավախյան, մասամբ անհասկանալի Վարդգեսը Գասպարի, հենց թեկուզ Շանթը Հարությունյան, հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու դեմ ըմբոստացածները, Բաղրամյանը փակած երիտասարդները... Չեմ կարծում, թե բոլորս գոհ ենք մեր վիճակից, ոմանք՝ նույնիսկ օրինապահների հետ լրջագույն խնդիրներ ունենալու արդյունքում: Այնպես որ հայի այս տեսակին անգամ ոսկեզօծ ինքնաթիռով արտագաղթել չես պարտադրի, ոսկեպատ կահ-կարասիով չես հրապուրի: Հայի այս տեսակը թող որ նվազագույն հույս ու հավատ է տածում, որ ինչքան էլ դժվար լինի, հարկ է դիմանալ, անգամ անելանելի վիճակում անելանելիության չտրվել, երբ չի գործում նույնիսկ «մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը: Ցավալի է, բայց փաստ, որ Հայաստան երկրի տերերն այսօր ոչ այնքան բարձրագույն պաշտոնյաներն են, որքան նրանց անկարողությունից մինչև անզորությունն իրենց հաղթաթուղթը դարձրած միջակություն խավը, մարդու այն տեսակը, որը պատրաստ է օգտվելու դիմացինի անգամ նվազագույն անվստահությունից լինի թե տարակուսանքից: Ասենք, ո՞ւմ մտքով անցավ կազմակերպել «Ամեն օր Ռուսաստան» ուղևորափոխադրումները: Ընդունելով, որ բիզնեսն ազգային պատկանելություն չունի, միաժամանակ անընդունելի է այն ազգի հաշվին կազմակերպելը, առավել ևս ծավալելը: Որ արտագաղթին ծառայեցվող այս գործարարությունն աղետալի չափերի է հասել, զգում ենք յուրաքանչյուրս: Փոխարենը կարծես միակամ ենք սփյուռքահայ համայնքներն անգամ պատերազմական իրավիճակներում պահպանելու հարցում: ՈՒրեմն ինչո՞ւ ենք այսչափ անփույթ ու անտարբեր հայրենի միջավայրի հանդեպ, ամեն ինչ ենք անում անորոշության զգացում ապրող մեր հայրենակցին կարծեցյալ օգնություն առաջարկելով: Անշուշտ գիտեմ, որ Հայաստան երկրում հարցերը կուտակվել են, դրանք այսօր էլ են ստեղծվում, հայաստանաբնակի օրն ու ապրելը լրջագույն խնդիր դարձնում: Համանման վիճակ էր, չէ՞, արցախյան շարժման սկզբնական շրջանում, երբ ամենազոր համարվող համակարգը ելքեր չէր առաջարկում, զգուշություն էր քարոզում, իմա՝ նրանք 7-8 մլն են, մենք հազիվ 3 մլն, լավ է զիջումների գնանք, հաշտվենք: Գտանք ելքը, խնդիրը լուծել ենք: ՈՒրեմն ինչո՞ւ չենք հաջողում ոչ բարդ տնտեսական ոլորտում, քանզի արտագաղթը ոչ այնքան իրավական լինի թե առողջապահական, կրթական թե կոռուպցիայի ու ամենաթողության հետևանք է, որքան մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի: Հեղինակիս շրջապատի տասնյակ ընտանիքներ ու դրանց հարյուրավոր անդամներ Հայաստանից մեկնել են երբևէ չառնչվելով ոչ ոստիկանի ու բժշկի, ոչ պաշտոնյայի ու նրա կողմից վերահսկվող դատարանի հետ: Նրանք մեկնել են ապրելու նվազագույն պայմանների բացակայության պատճառով, երբ ուղղակի անհնարին է ցանկապատի վրայով անցնող գազատարին միանալով գազը խոհանոց հասցնել, հետն էլ ծախսածի դիմաց վճարել: Մեծ բան չէ նաև քաղաքաբնակի ակնկալածը. երեխաների նախաճաշին մեկ բաժակ կաթ ու ձու, մի փոքր երշիկ ու պանիր, որն այսօր հասու չէ աղքատի կարգավիճակում հայտնված յուրաքանչյուր 3-րդ հայաստանցուն: Այս վիճակը մի կողմ թողած, մեզանում ամեն ինչ քաղաքականացվում է, երբեմն հայերենին անծանոթ բառապաշարով: Երկրի թիվ 1 խնդիր են հռչակվում մարդկանց հիմնավորապես չմտահոգող հարցերը, որոնց հանդեպ վերաբերմունքը նա արտահայտում է տնից հազիվ 30-40 մետր հեռավորության վրա գտնվող ընտրական տեղամասի կողմն անգամ չնայելով, սահմանադրությունը երբևէ ձեռքը չվերցնելով։ Այսօրինակ հարցերի փնտրտուքն ու լուծումները տնտեսա-քաղաքագետներին թողնելով, որոնց պակասը հանրությունը չի զգում, փորձեմ հեղինակիս առավել մտահոգող ոլորտի շուրջ մտորել:
Օրերս Արարատի մարզի գյուղական համայնքներից մեկում հանդիպում ունեի: Մինչ այնտեղ հասնելը ճանապարհն անցնում էր այգիների միջով, որտեղ առանձնանում էին խաղողի նորատունկ տարածքները: Այն տպավորությունն է ստեղծվում, և դա գյուղատնտեսական համարվող մտայնության շնորհիվ, որ հայոց հողում միայն խաղողն է արդյունք երաշխավորում, թեև յուրաքանչյուր աշուն հաստատվում է, որ թե բերքի իրացման խնդիր կա, թե գումարներ ստանալու: Վերամշակողները լրջագույն դժվարություններ ունեն ռուսական շուկայում, որը հեղեղված է աշխարհի չորս կողմերից ստացվող առավել մատչելի գինու տեսակներով: Ինչո՞ւ առավել մատչելի. որովհետև ավստրալացի թե ֆրանսիացի, հարավաֆրիկացի ու արգենտինացի խաղողագործն աշնանն այգեթաղ անելու, գարնանն էլ այգեբացի հոգս չունի: Տարբեր հեռուստահաղորդումների ընթացքում լսել եմ, որ Չիլիում տարվա ընթացքում խաղողի 3 բերք են ստանում: Անձամբ եղել եմ Ֆրանսիայի ու Ավստրիայի հարավային, Վալանսի ու Շտիրիայի տարածքներում, ուր երբեմնի խաղողի այգիների տեղում այլ մշակաբույսեր են աճեցնում, առավել հաճախ՝ հատիկ ստանալու նպատակով եգիպտացորեն են ցանում: Պարզից էլ պարզ է, որ հատիկի այս տեսակի միլիոնավոր տոննաներ կազմող արտադրությունը մարդկանց անմիջական պահանջները բավարարելուն չէ, որ ուղղված է, այլ առաջնահերթը անասնապահության լիարժեք կերային բազայի ստեղծմանն ու այսկերպ միջնորդավորված մարդկանց առավել անհրաժեշտ կաթի ու մսի, դրանց վերամշակումների երաշխավորմանը: Արդյունքում եվրոպական առևտրային ցանցում գրեթե չես հանդիպի սառեցված մսատեսակների, դրանք, ինչպես և կաթնամթերքը, առավել մատչելի են, դրանցից օգտվելը երբևէ խնդիր չէ: Աշխարհում 1 բնակչի հաշվով խոզի և հավի մսի տարեկան արտադրությունը կազմում է 20 կգ, ՀՀ-ում՝ 2 կգ: Ավստրիայում խոզի մսի, Իսրայելում հավի մսի տարեկան արտադրությունը 1 բնակչի հաշվով 80 կգ է, կան անգամ մեզ համար աննախադեպ այս ցուցանիշները գերազանցող երկրներ: ՈՒրեմն ինչո՞ւ չկիրառել այսօրինակ երկրների փորձը, այլ առաջնորդվել այլոց արտադրածը ՀՀ ներմուծելով, երբ հայտնի է որ մեր երկիրն ունի հողա-ջրա-ջերմային բավարար կարողունակություն մեզ անհրաժեշտ հիմնական պարենը տեղում արտադրելու համար: Եվ արդյո՞ք ալկոհոլի ու ծխախոտի հումքի մշակումն է առաջնահերթությունը, թե՞ մարդկանց սննդակարգի հիմնական բաղադրիչ հանդիսացող կենդանական ծագմամբ հումքի արտադրությունը: Անառարկելիորեն՝ վերջինը:
Այսուհանդերձ տարօրինակորեն ՀՀ գյուղոլորտի կանխատեսումներն ու ցուցանիշները դա չեն հաստատում: Ըստ մինչև 2015 թվականը ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարական փաստաթղթի, ծրագրի ավարտին երկրում պետք է ապահովվեր խոշոր եղջերավորի 785 հազար գլխաքանակ և 10 մլն հավ: Ընդունված մի այլ ռազմավարական փաստաթղթի թվերը 2020-ի համար հետևյալն են. խոշոր եղջերավոր` 667 հազար և 8 մլն հավ: ՀՀ կառավարությունը հաստատում է այսօրինակ փաստաթղթերը, չնկատելու տալով առաջ-առաջ կարգախոսով հետ-հետ շարժվելու երևույթը: Եթե արձանագրենք, որ նվազում են նաև կովերի միջին տարեկան կաթնատվությունը, կենդանիների օրական քաշաճը, պատկերն առավել պարզ է դառնում: 2015-ի համար կանխատեսված 2500 լիտր կաթնատվությունը փոխարինվել է 2020-ի համար նախատեսված 2480 լիտր ցուցանիշով: Ասել է` կավելանան կաթի փոշու ներկրումները, կբարձրանան կաթնամթերքի գները, նույնը կգրանցվի մսամթերքների ոլորտում: Արդյունքում շարքային քաղաքացու հուսալքությունը հիմնավոր է դառնում. լավ, ինքը հասցրել է ժամանակին իրեն հասանելիք խաշն ու խորովածը վայելել, ժառանգներն ի՞նչ մեղք են գործել, որ զրկվեն այս նվազագույն հաճույքներից: Խորհուրդ չեմ տալիս ստամոքսով մտածելու մասին հիշողության տրվել, քանզի այդպես մտածող յուրաքանչյուր ոք արտերկրներում ապաստանած հարազատ-բարեկամներ ունի, որոնց հայրենասիրության ու հայապաշտության հարցերում կասկածներ չունի: Մարդիկ ապրելու տարրական միջավայր են ակնկալում, որտեղ կենդանական ծագմամբ սննդի հանդեպ վերաբերմունքը առաջնահերթությունների թվում է, եթե ոչ առաջնահերթը:
Մի դիտարկում ներկայացնեմ: Օրինականությունն ու կոռուպցիան որպես հանրության հիմնական մտահոգություն ներկայացնողներին հետևյալ հարցն ուղղեմ, թեև վստահ եմ, ոմանք այն պարզամտություն կհամարեն: Հանրային կյանքի այդ չափորոշիչները, վստահ եմ, չկան, կամ նվազագույնս են նկատվում ասենք, Հյուսիսային Կորեայում, հայտնի պատճառով: Գտեք մեկ հայի, որն արտագաղթել է այդ երկիր. չեք գտնի, քանզի այնտեղ ապրելու միջավայրն անբարենպաստ է, հենց թեկուզ մեր նշած կենդանական ծագմամբ սննդի սպառման առումով: 25 մլն բնակչությամբ այս երկրում խոշոր եղջերավորի գլխաքանակն ավելի պակաս է, քան ՀՀ-ում՝ հազիվ 600 հազար: ՈՒրեմն ի՞նչ կաթ-կաթնամթերքի սպառման մասին կարող է խոսք լինել, որն անզոր է լուծելու անգամ բնակչության 35 տոկոսը կազմող գյուղացիությունը: Փոխարենը բնակչությունը կրկնակին է Հարավային Կորեայում: Երկրում կոռուպցիայի աստիճանի մասին ոչինչ ասել չեմ կարող, փոխարենը նշեմ, որ այստեղ իրենց առողջական խնդիրներն են լուծում մեր այն հայրենակիցները, ովքեր ֆինանսների հոգս չունեն: Նրանց շարքերում առայժմ չկան նրանք, ովքեր վերջին տարիներին ՀՀ շուկան օգոստոս-հոկտեմբեր ամիսներին հեղեղում են համեմատաբար նոր մշակաբույսով` եգիպտացորենի կողրերով: Թեև քաջատեղյակ եմ 1 հա-ի հաշվով եգիպտացորենի եկամտաբերությանը, սակայն հեղինակիս հատուկ փաստագրությունից այս անգամ կխուսափեմ: Փոխարենը վկայեմ գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Լևոն Վարդևանյանին, որը կենդանիների կերակրման իր տեղեկագրքում նշում է, որ 3 կգ լիարժեք անասնակերը, որի հիմնական բաղադրիչը եգիպտացորենի հատիկն է, խոզերի մոտ 1 կգ քաշաճ է ապահովում: Ասել է` եգիպտացորենի հատիկն իր հիմնական նպատակին ծառայեցնելու արդյունքում, որպիսի գործընթաց իրականացվում է այս անասնատեսակի գլխաքանակը լիարժեք կերակրող երկրներում, մեզանում էլ է իրատեսական։ Խեղճ կենդանին լիարժեք կեր չի ստանում, արդյունքում ոլորտը վնասաբեր է դառնում, որից ելքը գների հերթական աճն է և արտերկրից կասկածելի որակի և էժանագին ներմուծումների իրականացումը, արդյունքում էլ ՀՀ քաղաքացու անորոշությունն ու հուսալքությունը: Եվ հարցը՝ մինչև ե՞րբ, հնչում է ինքնաբերաբար:
Ասվածն ընդամենը կյանքի որակի դրսևորումներից մեկն է, որի վերաբերյալ մեզանում գերադասում են չխոսել: Բայց երբ հայաստանցին Իսրայելից ներկրված ստեպղինն է գնում, բնականաբար, տարակուսում է` ի՞նչ է կատարվում Հայաստանում:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1984

Մեկնաբանություններ