ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Քանի դեռ Ռուսաստանը հանդուրժում է

Քանի դեռ Ռուսաստանը հանդուրժում է
26.02.2016 | 00:33

Հայաստանում ընթացող վերջին շրջանի զարգացումներից ակներև է, որ ՀՀ իշխանությունները փորձում են դիվերսիֆիկացնել երկրի տնտեսությունը (առայժմ գոնե տնտեսությունը)։ Այս առումով անցած շաբաթ բավականին հետաքրքիր ու հատկանշական իրադարձության սկիզբ դրվեց. ՀՀ նախագահը սկսում է քննարկումների շարք տարբեր երկրների դեսպանների հետ՝ բնականաբար, համապատասխան և այլ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։ ՈՒշագրավ է, որ առաջին հանդիպումը երկարամյա պատժամիջոցներից վերջապես ազատված Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանի հետ էր։ Դատելով պաշտոնական հաղորդագրություններից՝ դիվանագետների հետ հանդիպումներով ՀՀ իշխանությունն ազդարարում է, որ ՀՀ դեսպանատների առջև շատ կոնկրետ խնդիր է դրվում. այսուհետև դիվանագիտական ներկայացուցչություններն ուղղակիորեն պարտավոր են լրջորեն զբաղվել ոչ միայն քաղաքական հարցերով, այլև դեպի Հայաստանի տնտեսություն ներդրումների ապահովմամբ և հայկական ապրանքների համար դրսում շուկաներ գտնելով։ Այստեղ նկատենք, որ արտգործնախարարության առջև դրված նոր խնդիրներից ելնելով` հավանաբար որոշվել է ունենալ նաև արտգործնախարարի՝ տնտեսական քաղաքականությամբ զբաղվող տեղակալ։ Իհարկե, զարմանալի է, որ միայն հիմա է վերջապես այս հարցն օրախնդիր դառնում, բայց, ինչպես ասում են, «կյանքն է ստիպում» այս ոլորտում արմատական քայլերի դիմել:
Այս առումով տպավորություն կա, որ առաջին պլան է դուրս եկել Իրանը, քանի որ Հայաստանում այժմ որոշակի էյֆորիա կա այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման փաստի հետ կապված հեռանկարներից։ Եվ դա մեծ հույսեր է առաջացրել Հայաստանում՝ գուցե ինչ-որ չափով նաև գերագնահատելով մեր հնարավորություններն այդ հարաբերություններում։
ՈՒ թեպետ, ինչպես միշտ, հայ-իրանական համագործակցությունն այդպես էլ դեռ չի թևակոխել իրական գործնական ծրագրերի իրագործման փուլ, այնուամենայնիվ, ազդարարվող միտումները որոշակի լավատեսական մթնոլորտ և սպասումներ են ձևավորում հայաստանյան հասարակության ամենալայն շերտերի մոտ: Եվ իհարկե՝ հույսեր, որ հենց Իրանի հետ կոնկրետ ծրագրերի իրականացման շնորհիվ, մասնավորապես էներգետիկայի ոլորտում, հարկավոր կլինի գոնե որոշ չափով այլընտրանքային ուղղություններ ապահովել ՀՀ տնտեսության համար: Բնականաբար, հայաստանյան քաղաքական և տնտեսական էլիտան նաև հույսեր է փայփայում, որ Իրանը կարող է իր հզոր ներդրումային ներուժի գոնե մի չնչին մասն ուղղել դեպի հարևան Հայաստան, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վարկատու հանդիսանալ: Հետաքրքրական է, որ իրանական ուղղության ձևավորման հարցում, որքան էլ տարօրինակ թվա, շահագրգիռ կողմ է նաև մինչ վերջերս Իրանի ոխերիմ հակառակորդ հանդիսացած ԱՄՆ-ն: Մի կողմից` իրանյան նախագծերը հնարավորություն են ընձեռում դիվերսիֆիկացնելու հայաստանյան գերռուսաֆիկացված տնտեսության տարբեր բնագավառները, մյուս կողմից` նպաստում են տարածաշրջանային նոր՝ այլընտրանքային ծրագրերի իրականացմանը: Իսկ դրանք շատ արագ փոփոխվող տարածաշրջանային իրողությունների և ռազմաքաղաքական զարգացումների պարագայում կարևորագույն նշանակություն կարող են ստանալ:
Իհարկե, ԱՄՆ-ն ամենևին էլ չի սահմանափակվում ՀՀ քաղաքականության և տնտեսության վրա ներազդելու միայն միջնորդված եղանակներով: Հատկապես վերջին տարվա ընթացքում ԱՄՆ-ի պաշտոնական վարքագծում տեղի են ունեցել տեսանելի փոփոխություններ, որոնք հավանաբար պայմանավորված են ԱՄՆ-ի՝ հայաստանյան քաղաքականության ռազմավարության վերանայմամբ: Եվ դրանից են, բնականաբար, բխում արդեն մարտավարական քայլերն ու գործողությունները: Ընդ որում, առայժմ երևացող վեկտորը տնտեսությունն է։ ԱՄՆ-ն անընդհատ խոսում է Հայաստանում ներդրումներ ապահովելու և համապատասխան ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին՝ այդ ամենի համար որոշակի պայմաններ առաջադրելով։ Եվ այդ պայմանների մասին լավագույնս բարձրաձայնել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը՝ տնտեսական աջակցության նախապայման առաջադրելով կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը։
Իրադարձությունները գլոբալ դիտարկելիս պարզորոշ երևում է, որ, ըստ չգրված համաձայնության, դեռևս 1990-ականների սկզբին՝ անկախության հաստատումից հետո, Ռուսաստանի հետաքրքրությունների և ազդեցության ոլորտում գտնվող գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում կար պայմանավորվածություն և որոշակի դերաբաշխում։ Հայաստանում, պատկերավոր ասած, մոտավորապես այսպես էր նախանշված՝ «տանկերը` Ռուսաստանից, իսկ փողը՝ Արևմուտքից»։ Ավելին, Ելցինի ժամանակներից սկսած՝ Ռուսաստանն ինքն էլ օգտվում էր այդ սխեմայից՝ հսկայական միջոցներ ներգրավելով միջազգային ֆինանսական կառույցներից։ Բնականաբար, ՌԴ-ն առանձնապես դեմ չէր, որ Հայաստանը, անվերապահորեն գտնվելով Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցության և հետաքրքրությունների գոտում, ֆինանսական ռեսուրսների հայթայթման տեսակետից համեմատաբար ինքնուրույն խաղեր տար Արևմուտքի հետ՝ նյութական միջոցներ ներգրավելով։ Այդպես էլ կար, քանի որ այդ տարիներին ՀՀ-ն դրսից, հիմնականում Միջազգային արժութային հիմնադրամից և Համաշխարհային բանկից, արտոնյալ պայմաններով բավականին ֆինանսական միջոցներ էր ներգրավել։ Գաղտնիք չէ, որ միջազգային ֆինանսական այս կառույցները թեև իրենց բնույթով տնտեսական են, սակայն նպատակներով՝ քաղաքական և միտված էին Հայաստանի տնտեսական, այսպես կոչված, բարեփոխումները, որոնց հիմքում քաղաքական գործընթացներ էին, դարձնել անշրջելի։ Այսինքն՝ բացառել վերադարձը հին համակարգին։ Դրա արդյունքն այն է, որ մինչև հիմա Հայաստանի կոնսոլիդացված պարտքի մեջ, որը 2015 թ. դրությամբ կազմում է մոտ 5 միլիարդ 70 միլիոն ԱՄՆ դոլար, մոտ 52-53 տոկոսը ԱՄՀ-ից և ՀԲ-ից ստացված վարկերն են։ Սա ցույց է տալիս, որ Արևմուտքի հետ աշխատելու խնդիրներ Հայաստանում առանձնապես չեն եղել, Արևմուտքը միշտ էլ փորձել է, աչքի տակ ունենալով ՀՀ ռազմաքաղաքական կախվածությունը Ռուսաստանից, այնուամենայնիվ, պրագմատիկ մոտեցում ցուցաբերելով իր գործն անել՝ օգտվելով տարբեր լյուֆտերից, նույնիսկ նրանցից, որ համաձայնեցված են եղել ՌԴ իշխանությունների հետ։
Իրավիճակը որոշ չափով փոխվեց, երբ 2000-ականների սկզբներին Ռուսաստանը փոքր-ինչ ոտքի կանգնեց, ինչը պայմանավորված էր անհամեմատ կազմակերպված ու արդյունավետ իշխանությամբ և իհարկե՝ էներգակիրների բարենպաստ կոնյունկտուրայով, մասնավորապես, նավթի գնի աննախադեպ աճով։ Ռուսաստանը սկսեց տարածաշրջանում ավելի հստակ ընդգծել իր առաջնահերթությունները, և շատ դեպքերում բավականին խանդով վերաբերվել ռազմավարական գործընկեր երկրների հետ Արևմուտքի կողմից տարվող խաղերին։ Սակայն դա, ընդհանուր առմամբ, արմատապես չանդրադարձավ դեռևս 90-ականներին որդեգրած «կոմպլեմենտար» սխեմային, առավել ևս, որ հեռու է բավարար լինելուց նաև Ռուսաստանում:
Ստեղծված հանգամանքներում ամերիկացիները, հստակ ընկալելով պահի կարևորությունը և հնարավորությունները, ինչպես նաև հասկանալով Հայաստանի բարդ վիճակը, զգալիորեն ակտիվացան։ Սթափ վերլուծության արդյունքում հասկացան, որ նախորդ տարիների խոշորածավալ նպատակային ներդրումները քաղաքացիական հասարակության, քաղաքական սեկտորի զարգացման համար, ընդդիմության, առավել ևս իշխանության վրա կատարված ծախսերը փաստացի փոշիացվել են և անհրաժեշտ արդյունքը չեն տալիս։ Ընկալեցին, որ Հայաստանի հասարակությանը և քաղաքական ու տնտեսական էլիտաներին նախ և առաջ հետաքրքրում է տնտեսությունը, որպեսզի ապահովվի գումարների մուտքը Հայաստան, այն, ինչը կրճատվել է կամ ընդհանրապես չի գալիս Ռուսաստանից թե՛ տրանսֆերտների տեսքով, թե՛ ներդրումների։
ԱՄՆ-ի շրջանակները հասկացան, որ «դատարկվող տեղը» մուտք գործելու դեպքում կարող են արդեն եղանակ ստեղծել, ավելի արդյունավետ դառնալ և ավելի լավ կերպար ձեռք բերել հայաստանյան հասարակության շրջանում, որը, այնուամենայնիվ, մեծ մասամբ ռուսամետ է այն պատճառով, որ չկա գործնական այլընտրանք նախ և առաջ՝ անվտանգության, տնտեսության և Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման առումներով։
Ինչևէ, ԱՄՆ-ի պատասխանատու պաշտոնյաներն անցած 1-1,5 տարվա ընթացքում ակնարկեցին, որ պատրաստ են ներդրումներ ապահովելու Հայաստանում, սակայն ներդրողները վախենում են մուտք գործել հայկական շուկա կոռուպցիոն մեծ ծավալների, մենաշնորհների պատճառով։ ՈՒ փաստացի պայման է դրվում վերացնել ներքին խնդիրները՝ նշված արատավոր երևույթները, քանի որ չեն կարող գումարներ բերել և թույլ տալ, որ դրանք չաշխատեն, մսխվեն կամ, ինչպես ընդունված է հայկական տարբերակում, ինչ-որ մեկը «փայ մտնի»։
Եվ ոչ միայն ակնարկվեց, այլև հստակ քայլեր կատարվեցին այդ ուղղությամբ։ Մասնավորապես, 2015 թ. ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը առաջարկեց կոռուպցիայի դեմ պայքարի համար ֆինանսական աջակցություն դրամաշնորհի տեսքով։ Այս տարվա հունվարին այդ դրամաշնորհն արդեն իսկ տրամադրվել է։ Իհարկե, գումարը գուցե շատ մեծ չէ՝ 750 հազար դոլար, բայց այդպիսով կատարվում են առաջին քայլերը, իրենց ոտքն են ամրացնում՝ անմիջականորեն մտնելով խաղի մեջ։ Փորձը ցույց է տալիս, որ ամերիկացիները երբ գումար են տալիս, ապա եթե պետք է, ծրագրում ներգրավված խորհրդականների միջոցով փորձում են նաև վերահսկել դրա ծախսումը։ Իսկ վերահսկելով ճնշում են գործադրում իշխանությունների վրա՝ այդպիսով կառավարելով նաև վերջիններիս։ Իսկ այդ վերահսկողությունը նաև դրսևորվում է այս կամ այն իշխանավորի հետագա պաշտոնավարման հարցն առաջ քաշելով։ ՈՒ չի բացառվում, որ այդ թվում լինեն դեմքեր, որոնց վրա հինված է ՀՀ այսօրվա ռեժիմը։
Հետաքրքրական է, որ բառացիորեն մի քանի օր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսը օրինագիծ ընդունեց և պարտադրեց երկրի հետախուզական մարմիններին տրամադրել տվյալներ բոլոր երկրների այն քաղաքական կուսակցությունների ու ոչ կառավարական կազմակերպությունների մասին, որոնք, ԱՄՆ-ի հետախուզության տվյալներով, ֆինանսավորվում են Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների կողմից: Այլ կերպ ասած, խոսքը ՌԴ գործակալների բացահայտման մասին է։ Այդ ցանկը, ամենայն հավանականությամբ, ըստ իրենց հայեցողության հետագայում կհրապարակվի։ Չի բացառվում, որ դա լրացուցիչ գործիք դառնա նաև ՀՀ կոնկրետ պաշտոնյաների դեմ։ Դա կարող է լինել նաև լրացուցիչ լծակ՝ ներազդելու ՀՀ քաղաքական և տնտեսական որոշումների վրա։ Գուցե նաև ՌԴ-ն էլ փորձի հրապարակել տվյալներ ԱՄՆ-ի օգտին աշխատողների վերաբերյալ։ Ընդ որում, այս գործընթացներն արդեն իսկ մեկնարկել են. վերջին օրերին այս կամ այն ձևով թե ռուսական, թե արևմտյան մամուլում ջրի երես են դուրս գալիս ինչ-ինչ տեղեկություններ արևմտյան երկրներում, կազմակերպություններում և անգամ ՆԱՏՕ-ում բարձրագույն պաշտոններ զբաղեցնող կամ զբաղեցրած անձանց մասին:
Ամերիկացիները վերջին մեկ տարում բավականին հեռու են գնացել։ Նախորդ տարվա վերջերին Հայաստանում անցկացվեց առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի առաջին նիստը, ինչպես նաև հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի հերթական նիստը։ Բավականին ներկայացուցչական պատվիրակություն է ուղարկվել Հայաստան՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնականի գլխավորությամբ։ Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդը ստեղծվել է 2015 թ. մայիսին՝ Վաշինգտոնում։ Այս նոր կառույցի գործառույթը, ինչպես երևում է անվանումից, ներդրումային ծրագրերն են։ Այս հարցերում ամերիկացիների լուրջ տրամադրվածության մասին փաստում է այն, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՀՀ նոր դեսպանին ընդունելիս ընդգծեց, թե իրենք սկսել են նոր գործընթաց, և նշված կառույցների ստեղծումն ընդամենը սկիզբն է։ Բնականաբար, ամերիկյան կողմին ոգևորեց Որոտանի ՀԷԿ-ի գործարքը։ Առաջին անգամ ՀՀ էներգետիկ կարևորագույն հսկաներից մեկը տրվեց արևմտյան, մասնավորապես, ամերիկյան ընկերությանը։ Ի հավելումն այս ամենի՝ ամերիկացիները բավականին հետաքրքիր քայլ արեցին՝ հեշտացնելով անցագրային ռեժիմը։ Այսպես կոչված, «փափուկ ուժի» կիրառմամբ, փաստորեն, ԱՄՆ-ը փորձում է չեզոքացնել որոշակի անվստահության տրամադրություններն իր նկատմամբ, որոնք կան հայաստանյան հասարակության որոշ հատվածներում։ Ներդրումների ապահովում, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակրի դերի ստանձնում, ԼՂՀ հարցում փոքր-ինչ բարեհաճություն. այսպիսի քայլերով Միացյալ Նահանգները նպատակ ունի շահելու հայ հասարակության համակրանքը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա, բնականաբար, որոշակի խանդով է վերաբերվում ՀՀ-ԱՄՆ կապերի ջերմացումներին։ Այսուհանդերձ, այս պահին ավելի հանդուրժողական է տրամադրված, քանի որ ֆինանսական ներարկումների կամ այլ ռացիոնալ առաջարկների հնարավորություն առանձնապես չունի։ ՈՒստի ՌԴ-ն ինչ-որ չափով ստիպված է հանդուրժել Հայաստանի աշխարհաքաղաքական մանևրները։ Մյուս կողմից` Սերժ Սարգսյանը շատ լավ տեսնում է՝ ինչպես են աշխատում Բելառուսն ու Ղազախստանը։ Նրանք հաջողեցնում են անցկացնել իրենց դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը։ Լինելով ԵԱՏՄ հիմնադիր անդամներ՝ այս երկու երկրները Եվրոպայի հետ շատ լուրջ հարաբերություններ են հաստատել, նույնիսկ չեն մասնակցում Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցներին։ Իսկ դա արդեն նախադեպ է Հայաստանի համար: Սակայն կարևոր է նաև հասկանալ այն կարմիր գիծը, որից հետո ռուսական կողմը գուցե այլևս չհանդուրժի երկու լարի վրա խաղալու քաղաքականությունը։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1687

Մեկնաբանություններ