ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

ՈՒմբերտո Էկո. Այդ անբարո տիեզերական ճառագայթները

ՈՒմբերտո Էկո. Այդ անբարո տիեզերական ճառագայթները
24.02.2016 | 12:21

Ընկերներիցս մեկը քննադատել էր իմ վերջին հոդվածը՝ պնդելով, որ կոկտեյլի մասին, որ սիրում էր գործակալ 007-ը, իմ դատողությունները, երբ Իտալիան խոր անկման մեջ է, թեթևակի հիշեցնում են նվագախմբին, որ նվագում էր խորտակվող տրանսատլանտյան «Տիտանիկի» վրա: Ճիշտ է, բայց (եթե նավի վրա իրադարձություններն իրոք այդպես են ծավալվել) «Տիտանիկի» երաժիշտները միակ լուրջ պրոֆեսիոնալներն էին այդ տխուր իրավիճակում: Մինչդեռ բոլորը շփոթված էին, վախեցած, տագնապահար, խելակորույս ու եսասեր, երաժիշտները հետևում էին Տրաֆալգարի ճակատամարտից առաջ հնչած Նելսոնի կոչին՝ «Մեծ Բրիտանիան սպասում է, որ յուրաքանչյուրը կկատարի իր պարտքը»: Համենայն դեպս, ցրելու համար պատկերացումները իմ մասին, որ իբր հուսահատ էրուդիտ եմ, որ թաքնվում է փղոսկրե աշտարակում, շարադրում եմ իմ մտքերը քաղաքականության մասին:
Նորալեզվի մասին: Թվում է՝ քաղաքական բառապաշարը վերջերս փայլում է «անբարոյական», «թշվառական», «գնա, ես քո….» մարգարիտներով: Ներեք ինձ, եթե լրագրողի իմ պարտքը թելադրում է օգտագործել արտահայտություններ, որ խիստ տարբերվում են անցյալի բառապաշարից, որ օգտագործում էր «զուգահեռ կոնվերգենցիա», «բանվոր դասակարգ» և այլ արտահայտություններ:
Ինձ ապշեցնում է մասկուլիզմի ավելցուկը: Երբ Բատիաոն խորհրդարանի որոշ անդամների անշրջահայացորեն անվանեց «անբարոյական», բոլորը վիրավորվեցին կին պատգամավորների և սենատորների վրա գռեհիկ գրոհից: Բայց ինչո՞ւ բոլորը մտածեցին կանանց մասին: Բառը վաղուց արդեն օգտագործվում է այն տղամարդ քաղաքական գործիչների վերաբերյալ, որ վաճառում են իրենց ձայնը, փոխում տեսակետը՝ շահից ելնելով և Պատգամավորների պալատում հաստատում են, որ Ռուբին իրոք Մուբարաքի զարմուհին է: Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ Ձիկիկին զայրույթի պահին, անհաջող փորձից հետո բացականչել է. «Այս անբարո տիեզերական ճառագայթները ինձ կխելագարեցնեն», պարտադիր չէ, որ նա ակնարկում էր, թե տիեզերական ճառագայթներն իգական սեռի են: Ավաղ, մենք բոլորս մասկուլիստներ ենք ու մտածում ենք, որ մեր մամայից բացի բոլոր անբարոյականները կանայք են, այդ պատճառով բոլոր կանայք անբարոյական են:
Twitter-ի մասին: Հիմա համարյա բոլորն այդ սոցիալական ցանցի օգտատերեր են, նույնիսկ պապը: Ոմանք, թվում է, համաշխարհային շշուկով պատրաստ են փոխարինել ներկայացուցչական ժողովրդավարությունը: Բայց կան երկու հակադիր պատկերացումներ: Ոմանք կարծում են, որ Twitter-ը ստիպում է մարդկանց արտահայտվել սենտենցիոզ, բայց մակերեսային, որովհետև, ինչպես հայտնի է, «մաքուր բանականության քննադատության» համար պահանջվում է 140 գրանիշ: Երկրորդ պնդումը՝ Twitter-ն ընտելացնում է հակիրճ և հագեցած խոսքի: Կարելի է երկու դիրքորոշումներն էլ մեղմացնել: Ասում են՝ SMS-ների պատճառով երիտասարդները հասկանում ու օգտագործում են միայն հեռագրային ոճը, մոռանալով, որ առաջին հեռագիրն ուղարկել է Սեմյուել Մորզեն 1844-ին, բայց «մաման հիվանդ է շուտ արի» և «սրտանց շնորհավորանքներ Կատերինա» բառերից հետո շատերը շարունակում են գրել ինչպես Մարսել Պրուստը: Մարդկությունը սովորել է մի քանի բառով տեղեկություններ փոխանցել, բայց Մարկո Բոատոն 1981-ին ելույթ ունեցավ խորհրդարանում, որ տևեց 18 ժամ:
Ինձ չափազանցություն է թվում պնդումը, որ Twitter-ը սովորեցնում է սեղմ շարադրել բովանդակությունը: 140 գրանիշով լիովին հնարավոր է «լղոզել» բովանդակությունը: Իհարկե, նորությունը, որ «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը: Երկիրն ամայի էր ու դատարկ, խավար էր անդունդների վրա և Աստծո հոգին լողում էր ջրերի վրայով» արժանի է Պուլիտցերի մրցանակի, որովհետև 141 գրանիշով, ներառյալ կետադրական նշանները, պատմում է հենց այն, ինչ ընթերցողը պիտի իմանա: Բայց կարելի է շատ ավելի կարճ արտահայտվել շատ ավելի սրամիտ (Ծնողներից մեկին կարելի է կորցնել պատահաբար, երկուսին միանգամից՝ անփութություն է: Բանաստեղծի խնդիրը զարմացնելն է, ով չի կարողանում՝ դեպի ախոռ): Շատ ավելի խորքային (Երանելի են հոգով աղքատները, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը: Բայց թող լինի ձեր խոսքը՝ այո՝ այո, ոչ՝ ոչ, իսկ դրանից դուրս սատանայից է: Մարդը բանական, մահկանացու, մտածող կենդանի է: Լինել, թե չլինել՝ ո՞րն է խնդիրը: Ինչի մասին հնարավոր չէ խոսել, պետք է լռել: Ամեն ինչ իրավ բանական է: Ամբողջ Գալիան բաժանվում է երեք մասի): Եվ՝ մարդկության պատմության համար շատ ավելի մեծ նշանակությամբ (Գարիբալդիի «Ենթարկվում եմ»-ը: Հուլիոս Կեսարի «Եկա, տեսա, հաղթեցի»-ն: Ամատորե Շիեզի «Առաջ ենք գնում»-ը , Պողոս IX պապի «Չենք կարող»-ը, Սպարտայի Լեոնիդաս թագավորի «Կմարտնչենք ստվերի տակ»-ը, Գարիբալդիի «Այստեղ մենք կստեղծենք Իտալիան կամ կմեռնենք»-ը):
L'Espresso


Հ.Գ. Փաստորեն, Իտալիայի խորհրդարանում էլ սեփական թոխմախիմհերներ կան ու նրանց հայհոյանքներին արձագանքել են ոչ ավելի, ոչ պակաս ՈՒմբերտո Էկոյի մակարդակով: Գուցե դա է իտալացիների ու մեր տարբերությունը: Նրանք լսում են՝ ինչ են ասում, հետո վերլուծում են ու փորձում սխալը վերացնել, մենք «խլանում ենք» ամբողջ խմբակցությամբ ու ասում՝ չի ասել, չեմ լսել: Հիմա Մհեր Սեդրակյա՞նն է ճիշտ, թե՞ ՀՀԿ խմբակցությունն է սխալ: Ի՞նչ կլինի եթե Թոխմախի Մհերը հայհոյի Լֆիկ Սամոյին կամ Վահրամ Բաղդասարյանին, Սեյրան Սարոյանին կամ Էդուարդ Շարմազանովին: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կասի չե՞մ լսել, թե՞ կասի՝ չեմ տեսնում: Չեմ տեսնում Մհեր Սեդրակյանին հաջորդ խորհրդարանում: ՈՒ ի՞նչ կասի Թոխմախի Մհերը իշխանության տիեզերական ճառագայթների մասին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ