ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

ՈՒմբերտո Էկո. Ի՞նչ վերջ է մեզ սպասում

ՈՒմբերտո Էկո. Ի՞նչ վերջ է մեզ սպասում
23.02.2016 | 11:07

Առաջին միտքը: Չենք խոսի մայաների անեծքի մասին: Թերթերը, որ ավելի հաճախ են մեջբերում Կասանդրայի գուշակությունները, ամեն օր կանխատեսում են ավելի ու ավելի մռայլ ապագա՝ օվկիանոսները դուրս են գալիս ափերից, տարվա եղանակներն անհետանում են, վաղը դեֆոլտ է: Իմ ընկերների 10-ամյա տղան, լսելով ծնողներին, որ պատմում էին աշխարհի ճակատագրի մասին, լաց եղավ ու հարցրեց. «Հիմա ի՞նչ, իմ ապագան այդքան վա՞տն է»: Նրան հանգստացնելու համար կարող էի մեջբերել ապագայի բազմաթիվ մռայլ կանխատեսումներ, որ արվել են նախընթաց դարերում: Վինսենտը Բովեից (XIII դար) գրում էր. «ՀակաՔրիստոսի մահից հետո ու ահեղ դատաստանից առաջ շատ իրադարձություններ կլինեն, որ նշված են ավետարաններում: Առաջին օրը ծովի մակերևույթը սարերից կբարձրանա ու պատի պես կշարժվի: Երկրորդ օրն այնպես կտարածվի, որ դժվար կլինի տեսնել: Երրորդ օրը ծովային հրեշները դուրս կգան ծովի վրա ու նրանց մռնչյունը երկինք կհասնի: Չորրորդ օրը ծովն ու բոլոր ջրերը կրակի մեջ կլինեն: Հինգերորդ օրը խոտերն ու ծառերը կպատվեն արյունոտ ցողով: Վեցերորդ օրը կքանդվեն շենքերը: Յոթերորդ օրը քարերը կբախվեն իրար: ՈՒթերորդ օրը ամբողջ աշխարհում երկրաշարժ կլինի: Իններորդ օրը մակերևույթը կհարթվի: Տասներորդ օրը մարդիկ դուրս կգան քարանձավներից ու կթափառեն խելագարի նման՝ կորցնելով խոսելու ունակությունը: Տասնմեկերորդ օրը հարություն կառնեն մեռյալները: Տասներկուերորդ օրը ցած կթափվեն աստղերը: Տասներեքերորդ օրը կմեռնեն բոլոր ողջ մնացածները, որպեսզի մեռյալների հետ հարություն առնեն: Տասնչորսերորդ օրը երկինքն ու երկիրը կվառվեն: Տասնհինգերորդ օրը նոր երկինք ու նոր երկիր կլինեն և բոլորը հարություն կառնեն»: Տեսաք, չէ՞, կլիմայական բոլոր փոփոխություններն ու ցունամիները, որ մեզ դեռ սպառնում են:
Վեց դար բաց թողնենք իրենց չարագուշակ մարգարեություններով ու հասնենք Բալզակին, որ 1836-ին գրում էր. «Ժամանակակից ինդուստրիան, որ զբաղվում է մասսայական արտադրանքով, կործանում է հին վարպետների գործերը, որ ունեին իրենց ստեղծողի անհատականության կնիքը և յուրահատուկ էին: Այսօր մենք ունենք «արտադրանք», ոչ թե «արարում»»: Որևէ գեղարվեստական արժեքից զուրկ «արտադրանքներից» էր, որոնց մասին գրում էր Բալզակը, Լեոպարդիի նույն թվականին գրված «La ginestra», Մաձոնիի «Նշանվածների» երկրորդ տարբերակը: Երկու տարի հետո Ստենդալը կգրի «Պարմի մենաստանը», երեք տարի հետո Շոպենը կգրի Սի բեմոլ մինոր Սոնատը, օպուս 35, քսան տարի անց Ֆլոբերը կհրապարակի «Մադամ Բովարին», ևս երեսուն տարուց կհայտնվեն իմպրեսիոնիստները, իսկ քառասուն տարի հետո կգրվի «Կարամազով եղբայրները»: Տեսաք, չէ, որ անցյալում էլ ապագան մռայլ լույսի տակ էին տեսնում: Երկրորդ միտքը: Եթե մտածենք, գուցե ավանդաբար աշխարհի վերջի սպասումը՝ «mala tempora currunt»-ը (վատ ժամանակներ են գալիս) արդարացվում է այն փաստով, որ աշխարհում ամեն ինչ շուռ է եկել: Դուք դատեք՝ նախկինում հարուստներն ապրում էին Հռոմի կենտրոնում շքեղ դղյակներում, իսկ աղքատները՝ մռայլ ծայրամասերում, այսօր Կոլիզեյի դիմացի շենքերը խունացել են, զուգարանները պատշգամբներում են, գրոշներով վաճառում են, նվիրում են՝ չհասկանալով, թե ինչ են անում: Իսկ կոռումպացված չինովնիկները, պատկերացրեք, հիմա ապրում են մի ժամանակվա ամենաաղքատ ծայրամասում՝ Կուարտիչոլոյում: Երեկ աղքատները գնացքով էին տեղից տեղ գնում և միայն հարուստներն իրենց կարող էին թույլ տալ ինքնաթիռով ճանապարհորդել: Այսօր ինքնաթիռի տոմսերը էժանացել են, իսկ գնացքինը՝ թանկացել: Գնացքները դառնում են ավելի ու ավելի շքեղ՝ բարերով, հարմարավետ վագոններով՝ միայն իշխող դասի համար: Մի ժամանակ հարուստները Ռիչոնե, վատագույն դեպքում՝ Ռիմինի էին գնում իրենց ոտնաթաթերը ծովում թրջելու, իսկ Հնդկական օվկիանոսի կղզիներում ապրում էր աղքատ բնակչություն, հանցագործներին էին աքսորում: Այսօր Մալդիվյան կղզիներ մեկնում են միայն բարձրաստիճան քաղաքական գործիչները, իսկ Ռիմինի են գնում միայն ռուս մուժիկները, որ հենց նոր ազատվել են ստրկատիրական կախումից: ՈՒրեմն՝ ո՞ւր ենք մենք գնում:
L'Espresso


Հ.Գ. ՈՒմբերտո Էկոն այս տողերը գրել է 2012-ին, երբ աշխարհը տարված էր մայաների օրացույցի ավարտով ու սպասում էր ժամանակների վերջին: Աշխարհի վերջը, ինչպես տեսնում եք, չեկավ, գուցե պարզապես մայաներն ալարել էին այդքան հեռուն նայել՝ վստահ, որ եթե ամեն ինչ կրկնվում է որոշակի պարբերականությամբ, պետք չէ անվերջ նույնը կրկնել: Իսկ ՈՒմբերտո Էկոն վախճանվեց երեք օր առաջ, և հիմա նրա առաջ աշխարհը նոր միայն սկսվում է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ