Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ստելը մեզանում հավատամք է դարձել

Ստելը մեզանում հավատամք է դարձել
26.01.2016 | 01:21

Որ սուտն ու ստելը համամարդկային երևույթներ են, կասկածից վեր է։ Բայց չգիտես ինչու տողերիս հեղինակն այն համոզման է, որ սուտն ու ստելը, ինչպես ասեմ, որ այլոց չվիրավորեմ, հայեցի չեն, չգիտես որտեղից և ում կողմից մեզ պարտադրվել են։ Հենց թեկուզ մեր՝ «մեռնեմ, թե սուտ ասեմ» արտահայտության առումով։ Դրանից անդին էլ ի՞նչ խոստովանություն սուտն ու ստելը կյանքից վտանգավոր համարելու մասին։ Երևույթի շուրջ ընդհանրական մտքերով զրույց կարելի է օրերով շարունակել, այն դիտարկել տնտեսական, քաղաքական այլևայլ ուղղություններով, որպիսիք իրականացվում են նաև գեղարվեստական գործերի, կինոյի ու թատրոնի միջոցով։ Սակայն երևույթը ոչ աշխարհի չորս կողմերում է նվազում, ոչ էլ, մասամբ, թե մասնակիորեն, մեր հայաստանյան ու հայկական միջավայրում։ Երբ շարքային քաղաքացիներս ունկնդրում էինք ՀՀ կառավարության անդամների տարեմուտի հաշվետվությունները, այն տպավորությունն էր ստեղծվում, որ շարքայիններս ապրում ենք մի երկրում, իսկ մեր աղքատիկ միջոցներով մեզ կառավարելու նպատակով վարձված պաշտոնյաները՝ մի այլ երկրում։ Որտե՞ղ են այդ կայունացնող ու աննախադեպ աճ ապահովող ցուցանիշները, որոնք շարքայիններս չենք տեսնում ու զգում, երբ ամենափոքր արդյունքի պարագայում պատրաստ ենք երախտապարտ գտնվելու։ Գնաճի ու արժեզրկման պայմաններում աշխատավարձերի ու կենսաթոշակների սառեցումը այլ բան չէ, եթե ոչ կյանքի որակի անկում, մարդկանց հուսալքում, ահավոր արտագաղթ։ Ստի ու կեղծիքի դրսևորումները կարելի է անշուշտ չնկատելու տալ, երբ պապիկը մերժում է թոռան՝ պաղպաղակ գնելու պահանջը, պատճառաբանելով կոկորդացավ ստանալու վտանգը, երբ իրական պատճառն այդ մի քանի դրամը խնայելն է, քանզի էլհոսանքի վարձավճարը փակելն ավելի կարևոր է։ Դե քանի որ խոսեցինք էլեկտրականությունից, այդ ոլորտի շուրջ ասելիքով էլ սկսենք ինչ-որ առումով նրբություն պահանջող այսօրվա զրույցը։
Մեր ընթերցողը հիշում է, որ 1996-ի աշնանը Մեծամորի ԱԷԿ-ի 2-րդ բլոկի վերագործարկումից անմիջապես հետո հայտարարվեց, որ այն կաշխատի մինչև 2016 թվականը, էլեկտրաարտադրության գործընթացը հանձնելով այդ ընթացքում կառուցված նոր ատոմակայանին, որը կոնկրետ նշվում էր, որ մոտ 200 ՄգՎտ-ով ավելի հզոր է լինելու, քան Մեծամորինը։ Հանրությունը, որտեղ կան նաև միջուկային ռեակտորներին դեմ արտահայտվողներ, մասամբ համակերպվեց, քանզի պաշտոնյաները բազմիցս էին նշում, որ ԱԷԿ-ներ կան անգամ Փարիզի վարչական տարածքում, չնշելով, սակայն, որ շրջանում։ Հետո էլ թվում էր, թե 20 տարին մի այնպիսի ժամանակահատված է, որ այդ ընթացքում ոչ թե 1, այլ մի քանի ատոմակայան կարելի էր կառուցել։ Միայն թե չգիտես որ մարզում, ուր ապահովված կլինեին գերժամանակակից այդ մոնստրի կառուցմանն ու շահագործմանն անհրաժեշտ բոլոր պայմանները։ Մեր էլեկտրաէներգետիկ քաղաքականության պատասխանատու կառույցը՝ հարկատուներիս միջոցներով պահվող ՀՀ էներգետիկայի նախարարությունը, իր բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերով, գրեթե յուրաքանչյուր ամիս էր հայ հանրությանը տեղեկացնում, թե այս ու այն միջազգային ընկերություններ ու նրանց թիկունք հանդիսացող կառավարություններ հետաքրքրված ու շահագրգռված են Հայաստանում նոր ԱԷԿ կառուցելու խնդրով, բանակցություններ են տարվում, և ուր որ է պայմանագրեր կկնքվեն։ Այսպես տարիները տասնամյակ դարձան, տասնամյակը՝ տասնամյակներ, իսկ նոր ատոմակայան ունենալու ոչ մի նշույլ չի նկատվում։ Ի՞նչ անուն տալ այս տխուր իրողությանը, երբ մասնագիտական համարվող կառույցն ու միտքը, որքանով որ դրանք կան, տասնամյակներ շարունակ հայ հանրությանն իրենց անմիջական պարտավորության շրջանակներում ինչ-որ բան են խոստանում և ի վերջո պետությանը կանգնեցնում փաստի առջև։ Այսօր, առավել ևս մոտ ապագայում, ՀՀ տնտեսությունն աշխատել ու զարգանալ չի կարող, քանզի էլեկտրաարտադրության նվազագույն հնարավորություններ ունի, կՎտժ-ի բարձր սակագնի պայմաններում։ Եթե երբեմնի խորհրդային 1,2 մլն բնակչությամբ Էստոնիայում 1 բնակչի հաշվով տարեկան էլեկտրաարտադրությունը մոտ 10000 կՎտժ է, ՀՀ-ում այն հազիվ 2000 կՎտժ է։ Այն հավաստիացումները, թե ոլորտն ի զորու է ավելին արտադրելու, արտահանումներ իրականացնելու, որն ակնկալվում էր նաև նոր ԱԷԿ-ի պարագայում, անհիմն են, քանզի ՀՀ տնտեսական զարգացման դեպքում, որը ոչ ոք չի մերժում ու քննարկում, պահանջվում է այդ ուղին անցած երկրում 1 բնակչի հաշվով ծախսված նվազագույնը տարեկան 4-5 հազար կՎտժ էլհոսանք, որի կեսն անգամ չի կարող տալ խոստացված գերհզոր ատոմակայանը։ Մեծամորի ԱԷԿ-ը տարեկան աշխատում է 5700-6000 ժամ, այն դեպքում, երբ շատ երկրներում միջուկային այդօրինակ հզորությունները մինչև 8000 ժամ են շահագործվում։ Զարգացող ու զարգացած երկրներում 1 բնակչի հաշվով տարեկան էլեկտրաարտադրությունն անցնում է 8000 կՎտժ-ը, կան երկրներ, որտեղ այս ցուցանիշը մինչ 15000 կՎտժ է։ Տարածաշրջանի մեր հարավային հարևանները՝ Իրանն ու Թուրքիան, ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում գրեթե կրկնապատկեցին իրենց էլեկտրաարտադրությունը։ Աշխարհը քայլեր է ձեռնարկում այլընտրանքային էներգիայի առումով, կառուցվում են արևային, հողմային, տաք ջրերի վրա հիմնված հզորություններ։ Ցավալիորեն Հայաստանն այս գործընթացի մեջ չէ, անգամ տեղի գիտնականների նորամուծությունները չեն քննարկվում, ուր մնաց կյանքի կոչվեն։ Եվ այս ամենն այն բացատրությամբ, թե էլեկտրաէներգետիկ առումով ինքնաբավ ենք։ Մեկ տասնամյակից ավելի խոսվում է Արաքս գետի վրա 75 ՄՎտ հզորությամբ հիդրոկայան կառուցելու մասին, որն արդեն պարզ է, կառուցելու է Իրանը, և 15 տարի շահագործելուց հետո հանձնելու է Հայաստանին։ Թե ինչո՞ւ չքննարկվեց ՀՀ ֆինանսական միջոցներով Մեղրու հէկը կառուցելու խնդիրը, այդպես էլ անհասկանալի է։ Բայց դա այլ թեմա է։
Սուտն ու ստելը լրջագույն վտանգ են երկրների համար հիմնարար, պարենապահովության ու պարենանվտանգության առումներով, նման դրսևորումները հուսալքում են մարդկանց ու բարոյազրկում հանրության ամբողջ հատվածներ։ ՀՀ-ում այն սկսվում է երկիրը սակավահող հռչակելով, այն քարաստան անվանելով, հողերը աղակալած ներկայացնելով, հազար ու մի պատճառաբանություններով երկիրն անարգելով, որը ոչ վաղ անցյալում դրախտավայր էր որակվում։ Տարօրինակից առավել վրդովեցնող է, որ նման վայ-ձևակերպումներ հնչեցնում են պետական բարձրաստիճան այրերն ու մասնագետները, որոնց խնդիրը հակառակը պետք է լինի՝ մարդկանց հույս ու հավատ ներշնչել, նրանց առօրյա սննդակարգը լուծել։ Թե ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվում նման մոտեցումներ ցուցաբերողները, հողերի ու դրանց տարատեսակների օգտագործման ո՞ր չափերն են նկատի առնվում, երբևէ չի ասվում՝ սակավահող ենք և վերջ։ Որ ՀՀ տարածքի կեսից ավելին գյուղնշանակության հողեր են, առավել արդյունավետ գյուղգործունեություն ծավալելու առումով վարելահողերը 1 բնակչի հաշվով 1700 քմ են, որպիսի ցուցանիշ ունի հայաստանցուս մի կարճ ժամանակով հյուրընկալած գրեթե ինքնաբավ Ավստրիան, շատ ավելի պակաս՝ աշխարհի տասնյակ առավել բարձր պարենապահովվածություն ունեցող երկրներ, գերադասում են չնշել։ Այդ ինչպե՞ս է 1 բնակչի հաշվով հազիվ 300 քմ վարելահող ունեցող Ճապոնիային հաջողվում յուրաքանչյուր տարի արտադրել իր 130 մլն բնակչությանն անհրաժեշտ 10-11 մլն տոննա բրինձը, երբ ՀՀ-ում չի հաջողվում ցորենով անգամ նվազագույն ինքնաբավության հասնել։ Ասել է՝ խնդիրը հողի սակավությունը չէ, այլ դրա նպատակային օգտագործումը, որը մեզանում փոխարինվում է առաջնահերթը վերամշակողների ու արտահանողների շահերը սպասարկող գործընթաց ծավալելով։ Երբ ՀՀ միլիոնավոր մարդիկ զրկված են անգամ գինի վայելելու հաճույքից, գյուղոլորտն ուղղորդվում է կոնյակագործությանը խաղող մատակարարելուն, երբ Երկիր մոլորակը պայքարում է ծխելու դեմ, հայոց հողում ծխախոտի հումքի մշակումն է ավելանում, իսկ հայ տանտիրուհիների խոհանոցներում անչափ անհրաժեշտ սոխն ու սխտորը, ստեպղինն ու սմբուկը հարկ է ներմուծել, բարձր գներով վաճառել, քանզի տանտիրուհին առանց դրանց կերակուր պատրաստել չի կարող, պարտադրված է գնելու։ Նայում եմ Գրացի սուպերմարկետներում վաճառվող մի խումբ գյուղմթերքների գներին, համեմատում հայաստանյանի որակների հետ և տխուր զգացումների եմ տրվում։ Եվ հանկարծ Հ-1-ով հեռարձակվող «Հայաստանի համը» ՀՀ գյուղնախարարության պատվերով ստեղծված հաղորդումն եմ դիտում, որտեղ նախարարը իր ֆրանսիացի հյուրին հավաստում է, թե հայաստանյան բոլոր մշակաբույսերն են բնապահպանական առումով անվտանգ, դրանք ամենուր մեծ պահանջարկ ունեն։ Ամենուրի մեջ, թերևս եվրոպական 600 մլն բնակչությամբ բարձր գնողունակ շուկան չի մտնում, քանզի մի շարք երկրներ այցելությանս ընթացքում Հայաստանում արտադրված որևէ գյուղմթերք չեմ տեսել։ Անգամ անժամկետ պահվող մեղր, որի կիլոգրամն այստեղ վաճառվում է 4-5 եվրոյով, ՀՀ արժույթով մոտ 2500 դրամ, երբ Հայաստանում գներն սկսվում են 3500 դրամից։ Տարօրինակ է նաև, որ մեղրի ծավալներն աճելու փոխարեն ոչ միայն դրա գներն են կայունորեն աճում, այլև մեղվաբուծությամբ զբաղվող կազմակերպությունների ցանկն է ավելանում, միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունն ու նվաճված պատվոգրերը։ Այսպես էլ ապրում ենք ստի պայմաններում ու ստելու միջավայրում, տրվում պահի ու արտահայտվելու, ցանկալին իրողություն ու իրականություն ներկայացնելու գայթակղությանը, նկատելով, թե չնկատելով, որ մարդ արարածի մեր տեսակին անպատվաբեր միջավայր ենք ստեղծում, որը ՀՀ թիվ 1 պաշտոնյան գաղջ բնութագրեց։ Թե երբ կգա դրանից ձերբազատվելու ժամանակը, ցավոք, չասաց, երբ ունի այն մաքրելու և առողջացնելու գրեթե բոլոր միջոցներն ու հնարավորությունները՝ քաղաքացիներիս կողմից հարկերի ու տուրքերի ձևով գոյացող ֆինանսներ, դրանցով պահվող պաշտոնյաների մի հսկայական բանակ, վերլուծաբաններ ու վիճակագիրներ, տնտեսագետներ ու տնտեսավարներ, ի վերջո՝ միջազգային աջակցություն՝ գրանտների ու վարկերի տեսքով։ Կլինի՞ արդյոք 2016-ը բեկումնային, քանզի առջևում ամբողջ 340 օր կա։ Քննարկվող երևույթի մասին կարելի է անվերջ գրել, օրինակներ ինչքան ուզես բերել։ Տարօրինակորեն կեղծում են նրանք, ովքեր կոչված են միայն ճիշտն ու ճշմարտությունն ասելու, ապահովելու հանրային բարերար միջավայր, առողջ հարաբերություններ։ Տարօրինակ այս պահվածքը դրսևորում են ինչպես բարձրաստիճան պաշտոնյաները, այնպես էլ նրանց երիտասարդ գործընկերները, կուսակցականներն ու կուսակցությունները, վիճակագիրներն ու իրավապահները, բոլոր կարգի սպասարկողներն ու սպասարկուները. ստելը մեզանում հավատամք է դարձել։ Անշուշտ, եկեղեցու շրջակայքում ապրողները բոլորը չէ, որ հավատացյալ են, որը չստելու առումով պարտադիր է հանրության բոլոր անդամների համար։
Հիշենք այս մասին, 2016-ի տարեմուտը սարերի հետևում չէ։

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Գրաց, Ավստրիա

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ