«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Սողալու համար ծնվածը թռչել չի կարող»

«Սողալու համար ծնվածը թռչել չի կարող»
19.01.2016 | 02:00

Արդեն ապացուցելու կարիք չկա, որ երկրագունդը կենդանի օրգանիզմ է, կենդանի ֆունկցիոնալ համակարգ է: Օժտված է այդ համակարգերին բնորոշ բոլոր հատկանիշներով: Ֆունկցիոնալ համակարգերը բազմաթիվ բաղադրատարրերից կազմված հիերարխիկ (ենթակարգված) համակարգեր են, որտեղ բոլոր տարրերը փոխկապակցված են և փոխազդում են միմյանց: Այդ կենդանի հիերարխիկ կառույցում ամենափոքր կառուցվածքային ու ֆունկցիոնալ միավորը բջիջն է՝ իր փոխկապակցված բազմաթիվ տարրերով, որոնք գործում են որպես ամբողջական կենդանի միավոր: Ֆունկցիոնալ համակարգերի հիերարխիայում ստորին մակարդակի յուրաքանչյուր համակարգ ձգտում է հաջորդ՝ ավելի բարձր մակարդակի: Բջիջները միավորվելով առաջացնում են հյուսվածքներ և օրգաններ, իսկ վերջիններս՝ օրգան-համակարգեր (նյարդային, մարսողական, սրտանոթային և այլ): Այս համակարգերն էլ միավորվելով ստեղծում են «մարդ» ֆունկցիոնալ համակարգը: Մարդկանց խմբերն էլ, միավորվելով աշխարհագրական որոշակի տարածքում, ձևավորում են էթնոս կամ ազգ ֆունկցիոնալ համակարգը, որն էլ ունի իր ենթահամակարգերը՝ ընտանիք, աշխատանքային կոլեկտիվներ, համայնքներ և այլն: Ազգն իր աշխարհագրական տարածքի տարրերի՝ հողի, ջրի, բուսականության ու կենդանական աշխարհի հետ կազմում է «հայրենիք» ֆունկցիոնալ համակարգը:
Երկրագնդի բոլոր ազգերն ու ժողովուրդները միասին կազմում են ավելի բարձր մակարդակի ֆունկցիոնալ համակարգ՝ մարդկային հասարակություն, որտեղ բոլորը կապված են բոլորի հետ, անկախ նրանց միջև եղած տարածքային հեռավորությունից, որովհետև բոլոր ժողովուրդները իրենց ազգային հոգևոր ու մշակութային ոլորտով կազմում են մեկ ընդհանուր էներգա-ինֆորմացիոն տարածք, որը կոչվում է երկրագնդի բանականության ոլորտ կամ նոոսֆերա: Այդ գլոբալ ինֆորմացիոն «ուղեղում» յուրաքանչյուր ազգ-ֆունկցիոնալ համակարգ ունի իր տարածքը, որի կայունությամբ ու հզորությամբ էլ պայմանավորված է տվյալ ազգի ֆիզիկական-հոգևոր կայունությունը: Հ. Դավթյանը իր «Հիմնարար դաշտի տեսությունում» շեշտում է, որ երկրագնդի վրա տեղի ունեցող ցանկացած գործողություն, կամ մարդկանց ուղեղում ծագած միտք, կամ արտասանած խոսք ակնթարթային արագությամբ դառնում են այդ դաշտի սեփականությունը, որը, մտապահելով և վերլուծելով ստացածը, պատասխանում է համապատասխան ձևով՝ մեր օրերում հիմնականում տարերային աղետների ձևով, որովհետև երկրի վրա չար խոսքն ու չարությունն են գերակշռում: Այստեղից հետևում է, որ մարդկությունը, ազգերը և նրանց կառույցները՝ պետությունները, կենդանի օրգանիզմներ են, գործում են կենսաբանական մեխանիզմներով, հետևաբար կարելի է խոսել նրանց ֆիզիոլոգիայի մասին: Մեր օրերում ճիշտ կլինի խոսել ազգերի կամ պետությունների ախտաբանական ֆիզիոլոգիայի մասին:
Երբ մարդը հիվանդանում է ցրված սկլերոզով՝ կարծրախտով, մասամբ քայքայվում են նրա ուղեղի բջիջները, բջիջների միջև եղած կապերը, ինչի պատճառով մարդը կորցնում է հիշողությունը, մոռանում է իր ով լինելը, այսինքն` կորցնում է իր ինքնությունը: Ազգի գլոբալ ուղեղը, որը ժողովուրդն անվանում է ազգային ոգի, ներառում է տվյալ ազգի դարավոր մշակույթը, ավանդույթները, հավատը, լեզվամտածողությունը: Գլոբալացման նպատակն է, ազգերն ավելի հեշտ կառավարելի դարձնելու համար, նրանց զրկել ինքնությունից` վարակելով նրանց կարծրախտով, որը կքայքայի ազգային ոգին: Ինչպե՞ս: Որևէ ազգի պարտադրելով օտար մշակութային ու հոգևոր արժեքներ, որոնք տվյալ ազգի համար չարժեքներ են, քայքայվում են Ազգ-համակարգի տարրերը. մարդիկ, կտրվելով իրենց ազգային հոգևոր-մշակութային արմատներից, դառնում են արտահամակարգային տարրեր: Այդ առիթով խելոք մի մարդ (գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանը) շատ դիպուկ մի համեմատություն է անում. «Երբ ծառն իր արմատից կտրում են, նա՝ դադարելով ծառ՝ ծիրանենի, բալենի, բարդի, հացենի, կաղնի կամ ընկուզենի լինելուց, դառնում է ընդամենը գերան, որը հետագայում կամ որպես վառելափայտ է օգտագործվում, կամ շինանյութ, կամ որևէ փայտյա առարկա: Իր արմատներից կտրված մարդ-ազգ-գերանից սովորաբար աթոռ կամ բազկաթոռ են պատրաստում՝ վրան նստելու կամ բազմելու համար: Դրանք տան մեջ շատ պատվավոր տեղում կարող են դրվել, սակայն դրանից նրանց ֆունկցիան չի փոխվում»: Կարծում եմ` շատ դիպուկ է ասված:
Որպես կենդանի ֆունկցիոնալ համակարգ մարդկությունը ներկայումս տառապում է մեկ այլ հիվանդությամբ ևս, որի անունն է «ընչաքաղցություն». միայն սպառելու, ամեն գնով հարստանալու մոլուցքը համատարած հիվանդություն է: Մարդ բանականը դարձել է բնության մակաբույծ, որի մասին բարձրաձայնում են շատ հայտնի գիտնականներ: Մակաբուծությունը օրգանիզմների փոխհարաբերության ձև է, որի ժամանակ նրանցից մեկը՝ մակաբույծը, ապրում է մյուսի՝ տիրոջ օրգանիզմի հաշվին, իր կենսագործունեությամբ վնաս պատճառելով նրան, բայց, որպես կանոն, նրան չոչնչացնելով: Որովհետև տիրոջ մահը կհանգեցնի նաև իր վախճանին, քանի որ կզրկվի իր սննդի աղբյուրից: Մարդը ստեղծվել է Աստծո պատկերով ու նմանությամբ, այսինքն` որպես արարող էակ, այլ ոչ թե մակաբույծ, չունի տիրոջը չվնասելու` մակաբույծներին բնորոշ ինքնապաշտպանական բնազդը: Այդ պատճառով էլ անխնա ոչնչացնում է իրեն կերակրող բնությունը՝ չմտածելով հետևանքների մասին, առաջնորդվելով «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով:
Ինչպես արդեն ասվեց, ազգը և պետությունը որպես կենդանի ֆունկցիոնալ համակարգեր ընկալունակ են տարբեր հիվանդությունների նկատմամբ, որոնք ունեն առաջացման ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պատճառներ: Ինչպես քաղաքագետներն են նշում, պետությունները հնարավոր է վարակել անբուժելի հիվանդություններով, հատկապես քաղցկեղով (որն ընթանում է նույն ախտանիշներով՝ ինչ հիվանդ մարդու պարագայում), եթե թույլ է նրա բնական իմունային համակարգը: Սակայն կարելի է նախօրոք թուլացնել, բթացնել ազգի այդ ինքնապաշտպանական համակարգը, հետո վարակել այս կամ այն անբուժելի հիվանդությամբ: Դրա արդյունքում քայքայվում են տվյալ երկրի հիերարխիկ ֆունկցիոնալ համակարգերը՝ սկսած ընտանիքներից մինչև կառավարման համակարգեր: Այդ դեպքում ազգն ու իր պետությունը շատ ընկալունակ են դառնում արտաքին ախտաբանական գործոնների նկատմամբ: Դրսից հրահրված այս անխուսափելի հիվանդություններին դիմակայելու համար նախ պետք է բուժել ազգի ու երկրի ներքին հիվանդությունները` բարձրացնելով իմունային համակարգի ակտիվությունը:
Եթե արտաքին պատճառներին դիմակայելը ինչ-որ իմաստով մեր ուժերից վեր է, այնուամենայնիվ, ներքին պատճառների բացահայտումը հնարավորություն կտա ակտիվացնելու ազգի, հետևաբար և պետության իմունային համակարգը, խթանելու ինքնապաշտպանական բնազդը, որը հազարամյակներով մեզ պահել ու պահպանել է: Սակայն հիվանդ օրգանիզմը բուժելու համար նախ պետք է ախտորոշել հիվանդությունը:
Մեկ-երկու տարի առաջ հեռուստատեսային մի ծրագրի շրջանակներում, միտումնավոր, թե ոչ, կատարվեց մի սոցիոլոգիական հետազոտություն. փորձեցին պարզել, թե մեր ժողովուրդը իր ազգային բազում մեծերից ներկայումս ո՞ւմ կարիքն է զգում, ո՞ւմ է առաջնություն տալիս, ո՞ւմ կուզեր տեսնել որպես ազգի առաջնորդի: Ընտրյալների ցուցակում ընդգրկված էին Մաշտոցը, Կոմիտասը, Տիգրան Մեծը, Չարենցը, Վազգեն Վեհափառը և ազգի ևս մի քանի երևելիներ: Մի քանի ամիս տևած քննարկումներից հետո ժողովուրդը առցանց քվեարկեց, առաջին երեք տեղերում նշելով Տիգրան Մեծին, Վարդան Մամիկոնյանին և Գարեգին Նժդեհին: Իմ կարծիքով` սա անուղղակի կամ ուղղակի ախտորոշեց մեր ազգի հիվանդությունը. ազգը տառապում է «անտերության» համախտանիշով, ունի ուժեղ, հայրենասեր ու արդարամիտ առաջնորդի կարիք: Կարող եք չհամաձայնել և առաջարկել այլ ախտորոշումներ:
Ֆունկցիոնալ համակարգերը ինքնանպատակ կառույցներ չեն, գոյություն ունեն օբյեկտիվ հանգամանքներ, որոնք անհրաժեշտություն են դարձնում այս կամ այն ֆունկցիոնալ համակարգերի ստեղծումը: Այդ հանգամանքներից ամենակարևորը նպատակն է, որն իրականացնելու համար ստեղծվում է այդ կառույցը: Այսինքն՝ համակարգաստեղծ գլխավոր գործոնը նպատակն է: Օրինակ, արյունատար համակարգի նպատակը օրգանիզմի բջիջներին սննդարար նյութեր հասցնելը և հյուսվածքներից ոչ պիտանի նյութերը դուրս բերելն է: Եթե այս կամ այն, ներքին կամ արտաքին գործոնի ազդեցության պատճառով այդ գործառույթը խանգարվում է, ապա նկատվում են արյան ճնշման խիստ տատանումներ, օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունն ապահովելու համար: Այսինքն՝ ֆունկցիոնալ համակարգերի գործունեության արդյունավետության ցուցիչը նպատակի վերջնական արդյունքն է: Եթե արդյունքը բավարար չէ, ապա հետադարձ կապի մեխանիզմով, որը ֆունկցիոնալ համակարգերի հատկանիշներից մեկն է, տեղի են ունենում համակարգային վերադասավորումներ, համակարգի կայունությունն ապահովելու, նպատակին հասնելու, ինչպես նաև նրանից վերև և նրանից ներքև գտնվող համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու համար:
Ֆունկցիոնալ համակարգի նպատակն իրականացնելու համար նրա բաղադրատարրերն օժտված են գենետիկորեն ամրագրված համապատասխան մեխանիզմներով. հնարավոր չէ սրտին ստիպել երիկամի դեր կատարել, կամ հակառակը: Ազգ և պետություն ֆունկցիոնալ համակարգերի պարագայում ևս այդպես է: Նրանց նպատակը մտացածին չի կարող լինել: Հնարավոր չէ որևէ ազգի պարտադրել անելու մի բան, որն ինքը ֆիզիոլոգիապես անկարող է անելու: Ինչպես ասում են. «Սողալու համար ծնվածը թռչել չի կարող»:
Եթե ազգի կամ պետության նպատակը հարևան երկիրը զավթելն է, ուրեմն ազգի բոլոր ջանքերը պետք է գործի դնել այդ նպատակին հասնելու համար: Ժամանակի հետ կարող են փոխվել նպատակին հասնելու պետական մեթոդները, բայց ոչ ամենևին նպատակը, այլապես այդ ֆունկցիոնալ համակարգը այդ որակով կդադարի գոյություն ունենալուց: 1915 թվականին նույն նպատակն էր, բայց մեթոդը այդ ժամանակների ոգուն համապատասխան էր: Մեր հարևանները խորհրդային տարիներին, չնայած ապրում էին մեկ միասնական պետության` Խորհրդային Միության մեջ, իրենց զավթողական նպատակներն իրականացնելու համար այլ մեթոդաբանություն ունեին: Տեղյակ աղբյուրներն ասում են, որ նրանց ղեկավարները մեր երկրում` Հայաստանում, գաղտնի հավաքներ էին կազմակերպում, իրենց ցեղակիցներին հորդորելով զինվել ու շատ երեխաներ ունենալ, որ Հայաստանը ներսից գրավեն: Զինվելը չգիտեմ, բայց որ ամեն տարի, տասը երեխա ծնած, «հերոսուհի մայր» կոչման և ոսկե մեդալի արժանանացածները հիմնականում ադրբեջանցիներն էին, փաստ է: Թերթերում տպված այդ կանանց հսկայական ցուցակում լավագույն դեպքում մեկ հայ կին կարող էր լինել: Հիմա էլ նպատակը չի փոխվել՝ նույնն է, բայց մեթոդը այլ է. անսահման քանակի զենք ձեռք բերել ու հարևան ժողովրդի նկատմամբ ատելությամբ լցված սերունդ դաստիարակել: Սեփական ազգի հարգն էլ բարձրացնելու համար կեղծել պատմությունը՝ ավերելով հարևանների մշակութային արժեքները: Նեղանալ պետք չէ, դա է նրանց ազգային գաղափարախոսությունը, նրանց ազգի մտակեցվածքը՝ մենթալիտետը: Դա ֆիզիոլոգիա է: Աշխարհը դա գիտի: Փախչելու տեղ չունենք, ուղղակի պետք է հետևություններ անենք և զգուշանանք:
Եթե մի ազգի ու պետության նպատակը գիտությունահենք տնտեսություն ստեղծելն է, ուրեմն՝ ազգովին ամեն ջանք պետք է գործադրել գիտությունը զարգացնելու և գիտական կադրեր պատրաստելու, այդ կադրերին պահել ու պահպանելու համար: Այսինքն՝ համակարգը զարգացնելու համար նախ նպատակը պետք է հստակեցնել և առաջնորդող գաղափար ունենալ, հասկանալով, որ ազգային գաղափարը կեղծ կատեգորիա չէ, այլ համակարգաստեղծ հզոր և կարևոր ուժ է:
Խորհրդային տարիներին Իսրայելում աշխատող ռուս թղթակիցներից մեկը գրում էր, որ եթե ամբողջ աշխարհի բոլոր երեխաները, ի թիվս այլ խաղերի, նաև կռիվ-կռիվ են խաղում, ապա հրեա երեխաները միա՛յն կռիվ-կռիվ են խաղում: Այսինքն՝ կռվող սերունդ էին պատրաստում իրենց երկիրը թշնամական շրջապատից պաշտպանելու համար: Նրանց հեռահար նպատակը այս պահին դա է պարտադրում: Արևելյան իմաստությունն ասում է. «Եթե քո երկրի ապագայի մեկ տարվա ծրագիր ես կազմում, ապա ցորեն ցանիր, եթե տասը տարվա, ապա` ծառ տնկիր, իսկ եթե դարերի՝ ուրեմն սերունդ դաստիարակիր»: Բայց եթե նպատակ չկա, ուրեմն սերունդ դաստիարակելու ծրագիր էլ չի կարող լինել: Կարելի է միայն երեխաների գլուխը լցնել անսահման ինֆորմացիայով, որի տակ նպատակային, գաղափարական հիմք չկա, այդ ինֆորմացիան ի նպաստ ազգի օգտագործելու վերլուծական՝ անալիտիկ և, առավել ևս համադրող՝ սինթետիկ մտածողություն չկա:
Երբ խախտվում են ֆունկցիոնալ համակարգերի բաղադրատարրերի կառուցվածքային ամբողջականությունը և այդ տարրերի միջև եղած փոխադարձ կապերը, խանգարվում են նրա ներդաշնակ կառուցողական մեխանիզմները և համակարգը վերածվում է հակահամակարգի, որն սկսում է գործել միանգամայն այլ՝ ապակառուցողական սկզբունքով, ինչն ի վերջո բերում է այդ կառույցի փլուզման: Բայց փլուզվելուց առաջ քանդվում են նրանից ներքև և վերև գտնվող համակարգերը: Այդ պատճառով էլ մեծ համակարգերը, օրինակ` պետությունները, փլուզելու համար պետք է նախ քանդել նրա ենթահամակարգերը, օրինակ` ընտանիքը: Որպես ֆունկցիոնալ համակարգի, ընտանիքի նպատակն է միավորել երկու սեռի անհատներին, սերունդների ժառանգական շարունակականությունն ապահովելու համար: Ստացված արդյունքը՝ երեխաները, այդ համակարգը դարձնում են կայուն ու ներդաշնակ, կազմելով տվյալ ազգի ու պետության առողջ հիմքը: Ընտանիք համակարգն ավերելու համար անհրաժեշտ է այնտեղ ապակառուցողական տարր ներմուծել, ասենք՝ կնոջը հեռացնել ընտանիքի մոր դասական ընկալումներից, քարոզելով գենդերային հավասարություն: Այդ դեպքում ընտանիքը դադարում է ներդաշնակ համակարգ լինելուց և դառնում է հակահամակարգ, որի հիմքում այլևս սերը չէ: Այդ հակահամակարգի օրինակ են միասեռ ընտանիքները, որոնք ակտիվորեն լուսաբանվում և ներդրվում են տարբեր երկրներում: Մեր ազգի պարագայում գենդերային հավասարության մասին խոսելն ավելորդ է, որովհետև մեր ազգային մշակույթում կինը ոչ միայն տղամարդուն հավասար, այլև գերադասելի է եղել, եղել է գերդաստանի գլխավորը՝ դա ի ցույց չդնելով: Դեռևս նախաքրիստոնեական մշակույթի պաշտամունքային դաշտում առանձնանում են Անահիտը, Աստղիկն ու Նանեն: Քրիստոնեությունը ավելի բարձրացրեց կնոջը, նրան վերապահելով Աստվածամայր լինելու պատիվը:
Ինչպես արդեն նշվեց, ֆունկցիոնալ համակարգերի առաջացման գլխավոր պայմանը նպատակն է, իսկ ստացված արդյունքից կախված է այդ համակարգի հետագա գոյության խնդիրը: Ազգային պետություն ֆունկցիոնալ համակարգերի համար դա առավել, քան կարևոր է: Եթե չկա նպատակ և ապագայի տեսլական, ապա այդ համակարգի «առաջ մղող ուժը դառնում են» պատեհապաշտությունն ու այսրոպեական շահերը, ինչի արդյունքում համակարգը ենթադրվող ներդաշնակ կառույցից վերածվում է հակահամակարգի, որը հեշտությամբ դառնում է օտարների համար գործիք նրանց՝ «Հայաստան՝ առանց հայերի», մեզ համար կործանարար ծրագիրն իրականացնելու համար: Քանդվում են այդ համակարգի բաղադրատարրերը՝ արդյունաբերական կառույցները, կրթական ու մշակութային ծրագրերը և, որ ամենակարևորն է՝ մարդկանց փոխհարաբերությունները: Ստեղծվում է վախի ու անվստահության «գաղջ» միջավայր, որից մարդիկ փախչում են այլ օտար համակարգերի տարր դառնալու համար, որը, սակայն խիստ կասկածելի հեռանկար է: Քանզի, ինչպես նշվեց, ֆունկցիոնալ համակարգերը ոչ թե մեխանիկական, տեխնիկական կառույցներ են, այլ բնական, կենսաբանական, որոնց հիմքում ընկած են կենսաբանական մեխանիզմներ ու սկզբունքներ: Հնարավոր չէ մի օրգանիզմից վերցրած օրգանը անմիջապես ներդնել մեկ այլ օրգանիզմի մեջ, քանի որ անմիջապես սկսում է գործել վերջինիս իմունային համակարգը և պայքարել օտար տարրի դեմ: Նպատակից զուրկ և անտերության մատնված մարդիկ իրենց մտավոր ու ֆիզիկական կարողություններով նպաստում են այլ պետությունների զարգացմանը, մեծացնում հայոց սփյուռքը, որն այդպես էլ ֆունկցիոնալ համակարգ չի դառնում, քանզի կան դրան խանգարող ներքին ու արտաքին բազում պատճառներ:
Ի՞նչ անել: Այս հարցին թող պատասխանեն քաղաքագետներն ու պետական այրերը, բայց անպայման հաշվի առնելով մեր մեծերի՝ Գ. Նժդեհի ու Վ. Տերյանի կարծիքը:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ, դիմելով հայ երիտասարդին, հորդորում է. «Թող քո հաճույքները լինեն մաքուր, ողջապահիկ, բարոյական: Կրքերն ու կարիքները ծառաներ պիտի լինեն և ոչ թե տեր ու բռնակալ: …Սանձարձակ կյանքով ապրող երիտասարդներն ի վիճակի չեն պաշտպանելու իրենց հայրենիքը: Պարզակեցությամբ և մշտատև ջանասիրությամբ էին հզոր և անպարտելի Հին Հելլադան, Սպարտան, Հռոմը… Բայց երբ մի օր հույնի ու հռոմեացու մեջ տկարացավ պարզակեցության ոգին, երբ այդ առնական և խրոխտ ժողովուրդները մեղկացան, ճոխության ու քնքշանքի մեջ ընկան, կորան բարբարոսների կրունկի տակ: Ահա թե ինչու քո սերունդը, հա՛յ երիտասարդ, պիտի լինի պարզակյաց, ազատ կարիքների ու կրքերի լծից՝ ուժեղ լինելու համար: …Դո՛ւ պիտի սպանես կեղծիքի հրեշին, որ սպառնում է մեր ազգի նյութական ու բարոյական գոյությանը: Չկա ճշմարտություն մեր կյանքում, դրա համար էլ տգեղ են մեր բարքերը և խոպան՝ մեր հոգիները: Չկա ճշմարտություն, բայց կան փիլիսոփայող եսականություն, ատելություն, նախանձ, փոքրոգություն, քաղաքական շաղակրատանք: Կա այն ամենը, որը դժոխքն իսկապես դժոխք է դարձնում: Թագավորող կեղծիքից հալածական է ճշմարտությունը մեր իրականությունից: Այդ կեղծիքի պայմաններում, հուրախություն մեր թշնամիների, շարունակվում է ներքին իրարակերությունը»:
Ազգի փրկության ու ապագայի մտահոգությամբ են հնչում նաև ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ տողերը. «Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլև իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կերպով: Պետք է բացի արտաքին հնարավորություններից լինի և ներքին մի զորություն, մի հոգևոր մղում, որ մարդկանց համախմբումը ազգ է դարձնում:
Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան հիմնել «նյութական Հայաստան» գաղափարի վրա, այլ պիտի տենչանք ու աշխատենք «հոգևոր Հայաստանի» համար: Հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տևական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ և գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյան զոհաբերումը:
Քննեցե՛ք ձեր սիրտը և նայեցե՛ք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր հոգևոր Հայաստանը: Եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա, նա հոգով միայն կարող է կենդանի լինել: Ես հավատում եմ, կլինի հոգևոր Հայաստանը, կենդանի կլինի մեր Հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի և այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը այսօր թափում է իր արյունը»:
Այս խոսքը գրվել է հարյուր տարի առաջ, սակայն այսօր էլ հրատապ է և շարունակում է հուզել ազգի ներկայով ու ապագայով ապրող յուրաքանչյուր մտածող հայի: Ազգի փրկությունը տեսնելով երիտասարդության մեջ՝ մեր մեծերը համոզված են, որ եթե հայ երիտասարդությունը հոգեփոխվի և հոգեփոխի հայ ժողովրդին, նա տերը կդառնա իր Մեծ հայրենիքի, նա հոգեփոխվելով կստանա իր հոգեկան անհրաժեշտ կառուցվածքը: «Ճշմարտության արևը կը լուսավորի մեր հոգևոր կյանքը, փրկելով մեզ մտավոր կուրությունից: Ստեղծագործ ոգևորության մի հեղեղ կանցնի հայ աշխարհի վրայով, աճեցնելով հոգիներն ու կամքերը: Հայ մարդը՝ ծանոթ ինքնաճանաչման օրենքներին, կզարգացնի իր ներքին թաքուն ուժերը, իր ներքին մարդը, որի բաղդատմամբ ինքն այժմ թզուկ է միայն: Կը հրապարակախոսեն վսեմ ու խանդավառ շրթունքներ, և երեկի՝ հակասություններով այնքան հարուստ կյանքը կիմաստնանա բարոյական ճշմարտություններով» (Գ. Նժդեհ):
Կրթական համակարգի գլխավոր խնդիրը պետք է լինի մատաղ սերնդի մեջ զարգացնել ազգային արժանապատվության զգացումը, քանզի թերարժեքության բարդույթից ազատագրված սերունդը միայն կարող է դիմակայել ներկայիս մարտահրավերներին: Երիտասարդների սեփականությունը պետք է դարձնել մեր ազգի մեծերի հայրենանվեր գործերն ու գաղափարները, դրանով ամրապնդելով ու բարձրացնելով ազգային ոգին, քանի որ զորավոր ոգին ազգի իմունային համակարգի կենտրոնական ու գլխավոր կառույցն է և ունի ինքնապաշտպանական հզոր նշանակություն:


Մարիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կենսաբանական գիտությունների
թեկնածու, դոցենտ, ԵՊՀ

Դիտվել է՝ 3401

Մեկնաբանություններ